Այսինքն՝ Իրանը վերջին տարիներին իր երկաթուղային ցանցը բավականաչափ զարգացրել է՝ միացնելով Պարսից ծոցը Կասպից ծովին և տարբեր ելքեր ստեղծելով դեպի Մերձավոր Արևելքի այլ երկրներ: Եվ հիմա իր համար առաջնահերթ ուղղություն է համարում նաև Հայաստանն ու Թուրքիան:

Իրանը պատրաստվում է Հայաստանի, Թուրքիայի և Իրանի քաղաքներն իրար կապող երկաթուղի կառուցել: Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ Հայաստանն այս ծրագրից միայն կարող է շահել։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Տարիներ շարունակ քննարկվող Իրան- Հայաստան երկաթուղին առաջիկայում կարող է իրականություն դառնալ, քանի որ Իրանը տարածաշրջանային երկաթուղային ցանցի ստեղծման լայնածավալ ծրագիր է նախաձեռնել:

Այս մասին նախօրեին հայտարարել էր Իրանի Ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Աբաս Ահնուդին՝ նշելով, որ ապագայում նախատեսվում է նաև երկաթուղային ցանցն ընդլայնել մինչև Իրաք, Սիրիա և Քրդստան:

«Նշանակում է, որ Իրանն ավելի մեծ ուշադրություն է դարձնում այդ ուղղությանը: Այսինքն՝ Իրանը վերջին տարիներին իր երկաթուղային ցանցը բավականաչափ զարգացրել է՝ միացնելով Պարսից ծոցը Կասպից ծովին և տարբեր ելքեր ստեղծելով դեպի Մերձավոր Արևելքի այլ երկրներ: Եվ հիմա իր համար առաջնահերթ ուղղություն է համարում նաև Հայաստանն ու Թուրքիան»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով իրանական կողմի հայտարարությունը՝ ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Տնտեսագետը հիշեցրեց, որ Թուրքիայի հետ Իրանն արդեն իսկ երկաթուղային հաղորդակցություն ունի, բայց այդ ուղին անցնում է Վանա լճի վրայով՝ լաստանավային փոխադրումների միջոցով, և թողունակությունը բարձր չէ: Բացի այդ, Թուրքիայում երկաթուղային ցանցը զարգացած չէ:

«Սա խոսում է այն մասին, որ Իրանն առաջնահերթ է համարում Ռեշթ, Զենջան և այդտեղից դեպի Հայաստան և Թուրքիա երկաթուղային ցանցի զարգացումը»,- ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, Աշոտ Եղիազարյանը հիշեցրեց, որ Թուրքիայի հետ մեր երկիրը ևս երկաթուղային ճանապարհ ունի, որն անցնում է Կարսով և արդեն 25 տարի չի գործում: Իսկ դուրս կգա արդյո՞ք կառուցվելիք նոր երկաթուղին դեպի Կարս, թե ոչ, դա, Եղիազարյանի խոսքով, արդեն Թուրքիայի քաղաքականության, այդ երկրի իշխանությունների որոշելիք հարցն է:

10.09.2016

Աղբյուրը` «Sputnik»