Պատժամիջոցները նշանակում են, որ համապատասխան տեխնոլոգիական առաջընթացից «Գազպրոմը» դուրս է մղված, ժամանակի ընթացքում դա կարող է բացասաբար անդրադառնալ նաեւ գնի իմաստով, քանի որ նոր տեխնոլոգիաները ենթադրում են ե՛ւ որակ, ե՛ւ ինչ-որ տեղ նաեւ գնի նվազում, իսկ մենք կարող ենք այդ գործընթացից դուրս մնալ:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Բանկային համակարգում եւս բացասական դրսեւորումներ են սպասվում

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ռուսական այն ընկերությունների թարմացված ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված:

Ցուցակում ներառված է նաեւ Հայաստանում գործող «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ»-ը, որը ներկայացված է ոլորտային պատժամիջոցների բաժնում` «Գազպրոմբանկի» «մասով»: Պատժամիջոցների ցուցակում է նաեւ «Գազպրոմը», որը, ինչպես հայտնի է, Հայաստանի գազային համակարգի 100 տոկոսանոց սեփականատերն է:

Փաստորեն, պատժամիջոցները տարածվում են նաեւ ռուսական բանկային եւ էներգետիկ համակարգի այն կազմակերպությունների վրա, որոնք այս ոլորտում Հայաստանում եթե չասենք՝ մենաշնորհային, ապա գոնե խոշոր խաղացողներ են:

«Առավոտը» տնտեսագետ Աշոտ Եղիազարյանից հետաքրքրվեց` արդյոք օղակը չի՞ սեղմվում, եւ արդյոք այս պատժամիջոցները ուղղակի ազդեցություն չե՞ն ունենա ՀՀ տնտեսության վրա: Պարոն Եղիազարյանը շեշտեց, որ նշված պատժամիջոցները շարունակական խստացման եւ ընդլայնման միտում ունեն եւ կարող են ներառել նորանոր ընկերություններ եւ ֆիզիկական անձանց, ոլորտներն էլ կարող են բավականին ընդլայնվել ու փոխվել:

Դառնալով բանկային համակարգում պատժամիջոցներին` պարոն Եղիազարյանն ասաց. «Կարող եմ ասել, որ արդեն երկու ռուսական կապիտալով բանկ կա պատժամիջոցների ցանկում: Նշանակում է, որ այս բանկերն արտասահմանյան բանկերի հետ հարաբերություններում ֆինանսական ռեսուրսների ներգրավման հարցում խնդիրներ կունենան` չնայած առայժմ նրանք ֆինանսներ են ներգրավում Ռուսաստանից»:

Պարոն Եղիազարյանը մտահոգություններ ունի, որ պատժամիջոցների ընդլայնման ու խստացման այս տեմպերով ժամանակի ընթացքում բացասական ազդեցությունն ավելի առարկայական դրսեւորումներ կարող է ունենալ Հայաստանում: Այս պահին եթե դրսեւորումներն այնքան շոշափելի չեն, ապա այս տեմպերով զարգացման դեպքում դրանք կարող են շոշափելի դառնալ:

Մեր այն հարցին` հնարավո՞ր է, որ «Գազպրոմի» նկատմամբ պատժամիջոցների պատճառով Հայաստանում գազի գնի աճ նկատվի, պարոն Եղիազարյանը դա չբացառեց. «Չի բացառվում, որ կարող է գազի գինն աճել: Պատժամիջոցները նշանակում են, որ համապատասխան տեխնոլոգիական առաջընթացից «Գազպրոմը» դուրս է մղված, ժամանակի ընթացքում դա կարող է բացասաբար անդրադառնալ նաեւ գնի իմաստով, քանի որ նոր տեխնոլոգիաները ենթադրում են ե՛ւ որակ, ե՛ւ ինչ-որ տեղ նաեւ գնի նվազում, իսկ մենք կարող ենք այդ գործընթացից դուրս մնալ»:

Հարցին` ՀՀ բանկային համակարգո՞ւմ ինչպես կարտահայտվի պատժամիջոցների բացասական ազդեցությունը, տնտեսագետը պատասխանեց. «Ոչ ոք չգիտի, թե ընդհանուր ռուսական բանկային համակարգն ինչպիսի դրսեւորումներ կունենա, եւ մինչեւ ուր կհասնեն: Նախկինում խոսք կար սվիֆթ համակարգից դուրս թողնելու մասին: Բայց հստակ է այն, որ խոսք անգամ չի կարող լինել պատժամիջոցների մեղմացման կամ դրանք Ռուսաստանի վրայից հանելու մասին»:

Պարոն Եղիազարյանը չի բացառում, որ եթե ԱՄՆ-ը ռուսական այդ կազմակերպությունների վրա պատժամիջոցներ է կիրառում, ապա դրան կմիանան նաեւ այլ երկրներ. «Այստեղ պատժամիջոցների իրանական սցենարն է աշխատում»: Մեր հարցին` Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւս մեկ հարված չե՞ն նաեւ ԵԱՏՄ-ին, պարոն Եղիազարյանն արձագանքեց. «Ոչ միայն ուկրաինական իրադարձություններն էին պատժամիջոցների պատճառ, այլեւ դրանք սկսեցին նաեւ ԵՏՄ-ով, երբ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվեց Յանուկովիչը: Իհարկե, պատժամիջոցները խորացնելու են ԵՏՄ-ի ներսում առանց այդ էլ ոչ բարվոք իրավիճակը»:

Պարոն Եղիազարյանի դիտարկմամբ` ՀՀ-ի թերացումն այն էր, որ մենք չստորագրեցինք Եվրաասոցացման համաձայնագիրը:

Մեր այն հիշեցմանը, թե «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, որը ՀՀ վարչապետի հավանական թեկնածուն է, Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունում բարձր պաշտոն էր զբաղեցնում, դուրս է եկել զբաղեցրած պաշտոնից, դա կապ ունի՞ «Գազպրոմի» նկատմամբ պատժամիջոցների հետ, պարոն Եղիազարյանը ձեռնպահ մնաց այս պահին նման մեկնաբանություն անելուց:  

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10.09.2016 

Աղբյուրը` «Առավոտ»