Իրանը շահագրգռվածություն ունի նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու հարցում, պետք է ներգրավել նաեւ այլ շահագրգիռ կողմերին։ 

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կարծում է, որ անկախ ձեւավորման ձեւաչափից՝ լինի կուսակցական, թե պրոֆեսիոնալ, ՀՀ-ի ցանկացած կառավարություն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Այս մասին նա հայտարարեց Hraparak.am-ի հետ զրույցում։  «Ցանկացած կառավարության գործունեության հաջողություն կախված է արտաքին գործոններից, որոնք այսօր ազդում են Հայաստանի տնտեսության զարգացման վրա։

Շատ կարեւոր է՝ Հայաստանն ի վիճակի՞ է իրականացնելու արտաքին տնտեսական քաղաքականություն, դուրս գալու այս մեկուսացված վիճակից։ Առանց դրա ընդհանրապես հնարավոր չէ պատկերացնել տնտեսական զարգացում եւ առաջընթաց»,- ասաց Աշոտ Եղիազարյանը։

Աշոտ Եղիազարյանը, որը մամուլում հաճախ հանդես է գալիս տնտեսությանը վերաբերող վերլուծություններով, հարցնում է. «Արդյոք Հայաստանն ի վիճակի՞ է լիարժեք, ազատ, ինքնուրույն քաղաքականություն իրականացնել Իրանի հետ։ Այն նախագծերը, որոնք առաջ է քաշում իրանական կողմը, ներկայացնում է ոչ թե հիմա, այլ՝ տարիներ շարունակ, սկսած՝ 2009, 2010 թվականներից։ 2010 թվականին էր նա առաջ քաշում «Ազատ առեւտրի համաձայնագիր» կնքելու նախաձեռնությունը, այդպես էլ մնացել է։

Հիմա Իրանը առաջարկում է նոր տրանսպորտային կապ՝ Պարսից ծոցին միացնող, Հյուսիս-հարավ մայրուղին։ Կարեւոր է նաեւ Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագրի կնքումը. պատրա՞ստ է, արդյոք, Հայաստանը կնքել այդ համաձայնագիրը։ Եթե այս կարգի հարցերը չլուծվեցին, արտաքին հարցերը Հայաստանի միջավայրը չդարձնեն բարենպաստ, ապա մեր ներքին ռեսուրսները բավարար չեն տնտեսության առջեւ կանգնած մարտահրավերները լուծելու համար։ Դրա մասին նույնիսկ չի կարող խոսք լինել»։

Աշոտ Եղիազարյանի համար էական չեն նաեւ այն խոսակցությունները, որ նոր վարչապետը նշանակվել է ՌԴ-ի կողմից։ Խնդիրն, ըստ նրա, այն է, թե կարողանալու՞ է նոր կառավարությունը լուծել առաջադրված խնդիրները, թե՞ ոչ։ «Իրանի հետ կան կոնկրետ հարցեր, պետք է Իրանի հետ կնքել «Ազատ առեւտրի համաձայնագիր»։ Իրանը շահագրգռվածություն ունի նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու հարցում, պետք է ներգրավվել նաեւ այլ շահագրգիռ կողմերին։ Նախկինում եղել են նաեւ այլ նախագծեր՝ էներգետիկ ոլորտի հետ կապված, նավթամուղի խնդիրը։ Այդ բոլոր նախագծերը, որոնք բխում են Հայաստանի շահերից, պետք է ներկայացնել հասարակությանը»,- կարծում է Աշոտ Եղիազարյանը։

Թագուհի Հակոբյան

25.09.2016

Աղբյուրը ` «Հրապարակ»