Վճարային քարտային համակարգի անխափան գործունեությունը կասկածելի է, չնայած որ ֆինանսական հսկայական ահռելի ծախսեր է նախատեսում կողմերի համար: Սա, իմ կարծիքով, ավելի շատ ցուցադրական, ձեւական եւ ոչ իրագործելի նախաձեռնություն է ԵՏՄ շրջանակներում, որովհետեւ դրա համար անհրաժեշտ հիմքերն ու նախադրյալները չկան:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը դժվար իրականանալի է համարում Բելառուսում,Ղազախստանում, Հայաստանում եւ Ղրղըզստանում միասնական վճարային քարտերի հնարավոր կիրառման նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ Եվրասիական միության երկրներում կարող է ի հայտ գալ կառուցվածք՝ կապված ընդհանուր վճարային ենթակառուցվածք ստեղծելու հետ, երբ ազգային քարտապանները չեն մտածի, թե կարո՞ղ են «պլաստիկից» օգտվել հարեւան երկրում՝ սկզբնական շրջանում, թեկուզ, բանկոմատում դրամ կանխիկացնել:

«Սա, իմ կարծիքով, ավելի շատ ցուցադրական, ձեւական եւ ոչ իրագործելի նախաձեռնություն է ԵՏՄ շրջանակներում, որովհետեւ դրա համար անհրաժեշտ հիմքերն ու նախադրյալները չկան:

Սա, ըստ էության, միասնական ֆինանսական շուկայի, ֆինանսական բանկային միության ստեղծման շրջանակներում է միայն դիտարկվում ու քննարկվում, բայց մենք գիտենք՝ դրանք շատ հեռու են իրականությունից: Տվյալ բոլոր երկրներն ունեն բանկային , միմյանցից հսկայական տարբերվող մոդելներ, այսինքն, հնարավոր չէ միասնականացնել ու ստեղծել այդ բանկային միությունը: Ի վերջո, այդ ամենի նպատակը միասնական արտարժույթի ստեղծումն է, միասնական արժեթղթերի ստեղծման խնդիրը նույնպես անիրագործելի խնդիր է ԵՏՄ-ում:

Եթե կոնկրետ վճարային քարտերին անդրադառնանք, կան բազում անլուծելի հարցեր, նախ այդ ամբողջ գործընթացը չի կարող երկու տարուց պակաս տեւել, երկրորդ՝ կան բազմաթիվ խնդիրներ, թե ինչու երկրները հենց նախընտրեն այդպիսի քարտեր, դրանք նախ եւ առաջ անմրցունակ են ազգային այն քարտերի նկատմամբ, որոնք կիրառվում են այդ երկրներում, հետո կա տարիֆների հարց, տեխնիկական խնդիրներ, ծրագրային ապահովման խնդիրներ, որոնք պարզապես անիրագործելի են դարձնում այս նախաձեռնությունը: Կան նաեւ սպառնալիքներ, օրինակ՝ այդպիսի սպառնալիք է անվտանգության ապահովումը, օրինակ վճարային քարտերի հետ կապված ժամանակակից աշխարհում կան խարդախությամբ մշակված սխեմաներ, այս համակարգն ապահովագրված չի լինի դրանից:

Վճարային քարտային համակարգի անխափան գործունեությունը կասկածելի է, չնայած որ ֆինանսական հսկայական ահռելի ծախսեր է նախատեսում կողմերի համար»,-Aravot.am-ին ասաց տնտեսագետը:

Ըստ նրա, մի որոշ ժամանակ առաջ էլ բարձրացվեց ազգային արժույթներով վճարումների իրականացումը. «Միջազգային վճարային համակարգեր եղել են Հայաստանում, Բելառուսում, բայց ՌԴ-ում չկային եւ միայն ուկրաինական իրադարձությունների հետ կապված, երբ Ռուսաստանի որոշ բանկերի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ սահմանվեցին, դրանից հետո ՌԴ-ն ձեռնամուխ եղավ ազգային վճարային քարտային համակարգի ստեղծմանը: Մինչեւ վերջերս այդպիսի համակարգ չէր ուզում ստեղծել Ղազախստանը, բայց հիմա ձեռնամուխ են եղել ազգային այդպիսի քարտային վճարային համակարգի ստեղծմանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

27.09.2016

Աղբյուրը` «Առավոտ»