Ռուսաստանը պատժամիջոցների տակ է գտնվում, գրավիչ երկիր չէ, այդ օղակն անընդհատ սեղմվում է, նոր պատժամիջոցների ալիք է սպասվում Ռուսաստանի նկատմամբ: Իսկ Հայաստանը Ռուսաստանին կցված տնտեսական տարածք է, և նույն ռիսկերն ըստ էության տարածվում են Հայաստանի վրա: Այս պայմաններում Հայաստանում ներդրում անել նշանակում է Ռուսաստանի ազդեցության տարածքում ներդրում անել:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Հայաստանի ներդրումային դաշտում ստեղծված իրավիճակի մասին Lragir.am-ը զրուցել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ

Պարոն Եղիազարյան, այս առաջին կիսամյակում Հայաստանի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է -16 մլրդ 919.1 մլն դրամ, այսինքն՝ ներդրողները սկսել են ավելի շատ գումարներ տանել Հայաստանից: Ի՞նչ է կատարվում այս ոլորտում:

Խնդիրն այն է, որ ներդրողները Հայաստանը չեն դիտարկում որպես ներդրումների առումով բարենպաստ երկիր: Փաստորեն ստացվում է, որ հիմնականում օֆշոր գրանցված ընկերությունների ներդրումների մասով է նկատելի այդ բացասական ցուցանիշը: Այսինքն՝ Հայաստանից կապիտալ է արտահոսում դուրս, դա կարելի է արդեն ֆիքսել: Նայելով ներդրումների մասին տվյալները՝ պարզ է դառնում, որ ռուսական այն ընկերությունները, որոնք մեր ենթակառուցվածքներում են ներկայացված՝ կապի, էներգետիկայի, հավանաբար նախընտրում են իրենց գումարները տանել: Հավանաբար մայր ընկերություններում վիճակը լավ չէ, այդ պատճառով նախընտրում են գումարներն ավելի շատ տանել, քան թե վերաներդրումներ կատարել:

Փաստացիայդ ընկերություններն իրենց շահութնե՞րն են տանում Հայաստանից:

Այո, շահութներն են տանում: Իրենք կարող էին դրանով վերաներդրումներ անել, այսինքն՝ ընդլայնել իրենց գործունեությունը Հայաստանում, ոչ թե դիվիդենտներ ստանալ ու տանել: Բայց հավանաբար Հայաստանն իրենց համար այդ իմաստով հեռանկարային չի դիտարկվում: Այդ պատճառով էլ վերաներդրումներ չկան, և փաստացվի ստացվում է, որ ոչ միայն նոր ներդրումներ չկան, այլ վերաներդրումների ծավալներն են պակասում: Չի բացառվում, որ իրենց մոտ ֆինանսական վիճակը բարվոք չէ, և իրենք ստիպված են սեղմել իրենց գործունեությունը, հետ քաշվել և գումարները տանել դեպի մայր ընկերություններ:

Սրան զուգահեռ, նաև ուղղակի ներդրումների ծավալներնեն կիսով չափ նվազել: Ինչո՞ւ է այս իրավիճակը, որ Հայաստանը գրավիչ չէ ներդրողների համար:

Ռիսկային իրավիճակ է ստեղծվել: Ռուսաստանը պատժամիջոցների տակ է գտնվում, գրավիչ երկիր չէ, այդ օղակն անընդհատ սեղմվում է, նոր պատժամիջոցների ալիք է սպասվում Ռուսաստանի նկատմամբ: Իսկ Հայաստանը Ռուսաստանին կցված տնտեսական տարածք է, և նույն ռիսկերն ըստ էության տարածվում են Հայաստանի վրա: Այս պայմաններում Հայաստանում ներդրում անել նշանակում է Ռուսաստանի ազդեցության տարածքում ներդրում անել: Եթե մի տնտեսական տարածքում անգամ մարդկանց ազատ տեղաշարժ չկա, դա նույնն է, որ բիզնես գործունեության համար էլ չկա աշխատուժի ազատ տեղաշարժ: Ես ուզում եմ հիշեցնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի նկատմամբ տեղի ունեցածը, նույն այդ անձը կարող էր բիզնեսով զբաղվել, ի՞նչ կապ ունեն քաղաքական հայացքները: Առավել ևս, երբ խոսք է գնում օտարերկրյա ներդրումների մասին, այդ ներդրողներն իրենց գաղափարախոսությամբ կարող են ընդհանրապես Ռուսաստանի դուրը չգալ: Այսինքն՝ գան այստեղ, որ ի՞նչ անեն:

Հայաստանն իբր պետք է դառնար կամուրջ ներդրողների ու ԵՏՄ շուկայի միջև, բայց այդ ներդրողներն ի սկզբանե գալիս են քաղաքական առումով ռիսկային մի տարածք, որտեղ ընդհանրապես իրենց գործունեությունը կարող են արգելել: Բոլոր առումներով՝ որպես փոքր շուկա ունեցող, տրասնպորտային առումով խնդիրներ ունեցող երկիր, բազմաթիվ այլ խնդիրներ ներդրողների համար Հայաստանը պարզապես անհրապույր են դարձնում:

Հետագայի համար ի՞նչ կանխատեսումներ ունեք: Այսինքն՝ քանի դեռ Հայաստանը ԵՏՄ կազմում է, ներդրումային ճգնաժամը շարունակվելո՞ւ է:

Եթե Ռուսաստանում տնտեսական առումով կոլապս է սպասվում, Հայաստանում գուցե այդ աստիճանի կոլապս չի սպասվում, որովհետև Հայաստանը որոշակի առումով Արևմուտքից օգնություն ստանում է՝ վարկերի և այլնի տեսքով: Բայց դա գոյատևման համար է: Որակական առումով՝ տնտեսության կառուցվածքի, արտահանման շուկաների իմաստով որևէ դրական ազդակ պարզապես չկա ու չի կարող լինել: Կարծում եմ, այս բացասական ազդակները կշարունակվեն, եվրասիական այդ մղձավանջն ամեն օր ավելի անտանելի կդառնա: Դա ընդհանուր միտում է:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

03.09.2016

Աղբյուր` «Լրագիր»