Հայաստանի սուվերենությունը կվերականգնվի օր առաջ ԵՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո:

ՀՀ հիմնական կորուստը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հնարավորությունը բաց թողնել էր, որը բացի այլ հնարավորություններից, Հայաստանը կդարձներ բարենպաստ երկիր ներդրումների համար եւ շատերի համար կամուրջ կլիներ դեպի եվրոպական շուկա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը եւ ներկայացնելով այն կորուստները, որոնք կրել է Հայաստանն այս Միությանն անդամակցելով։

«Ասոցացման համաձայնագրի ստորագրումն անուղղակիորեն անվտանգության երաշխիքներ էր տալիս Հայաստանին, նաեւ Ղարաբաղին, որից այժմ արդեն զրկվեցին: Մինչդեռ ԵՏՄ անդամակցությունից հետո մեզ մոտ ՀՆԱ-ն ոչ թե աճ է արձանագրել, այլ անկում, ինչպես նաեւ անկում է արձանագրվել արտաքին շրջանառության ոլորտում, ավելացել է պետական պարտքը՝ ավելի քան 700 միլիոն դոլարով: Մինչդեռ Հայաստանը կարող էր շատ ներդրողների համար իսկապես կամուրջ լինել»:

Ի դեպ, այսօր լրանում է ՀՀ ԵՏՄ-ին անդամագրվելու 3-րդ տարին: Պաշտոնապես  Հայաստանն այդ կառույցի անդամ է 2015թ. հունվարի 2-ից:

Ըստ նրա՝ անդամակցելով ԵՏՄ-ին ՀՀ-ն կորցրել է իր սուվերենությունը. «Այն, որ Հայաստանը պետք է կամուրջ լիներ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև, չի դիմանում ոչ մի քննադատության. ՌԴ-ն քանդում, այրում է Հայաստանի բոլոր կամուրջները մնացած երկրների հետ: Հայաստանի սուվերենությունը կվերականգնվի օր առաջ ԵՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո: Իսկ դոլարային արտահայտությամբ տնտեսական անկում ենք ունեցել`ավելի քան 9 տոկոս: Անկում ենք արձանագրել արտաքին առեւտրի`արտահանման ոլորտում`4 տոկոսով եւ այլն: Առանց մաքսատուրքերի շրջանառությունն  էլ չի ապահովել սպասելիքները: Անցյալ տարի 61 միլիոն մաքսատուրքեր ենք հավաքագրել ընդամենը»:

Նա համոզված է՝ ԵՏՄ-ը ձախողված ծրագիր է եւ ապագա չունի: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան վերջին հանդիման ժամանակ ՌԴ նախագահի այն հայտարարությունը, որ Հայաստանի ՀՆԱ-ի 10 տոկոս աճ է գրանցվել ԵՏՄ-ին անդամակցությունից հետո, Աշոտ Եղիազարյանին հիշեցրեց  ԵՏՄ փաստաթուղթը ստորագրելիս Վլադիմիր Պուտինի նույնատիպ հայտարարությունը. «Մինչդեռ փաստ է, որ նման աճ Հայաստանը չի ունեցել: Եթե որոշակի աճ եղել է, ապա դա ԵՏՄ-ի հաշվի չի եղել, այլ արտաքին պարտքի ավելացման, ներքին որոշակի կայունության եւ այլ գործոնների շնորհիվ»:

03.09.2016

Աղբյուրը՝ «Ա1+»