Երբ երկիրը մեկուսացված է եւ հնարավորություն չունի ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել, խնդիրները դառնում են անլուծելի եւ դրանց լուծմանն ուղղված միջոցառումները վերածվում են իմիտացիոն գործընթացների:

Հայաստանի տնտեսական խնդիրները մեծ մասամաբ պայմանավորված են արտաքին միջավայրով եւ առանց այդ արտաքին խնդիրները լուծելու, ներքին խնդիրներն անլուծելի են: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

«Նախեւառաջ այն իմաստով, որ Հայաստանն այստեղ ունի լուրջ սահմանափակումներ եւ փաստացի զրկված է արտաքին տնտեսական քաղաքականություն իրականացնելու, գործընկերներ ընտրելու, տարածաշրջանային տարբեր ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունից: Հայաստանն այդ ինքնուրույնությունը չունի: Մեր երկիրը պարտավորություններ է ստանձնել ԵՏՄ շրջանակներում եւ, ըստ էության, մեկուսացրել իրեն թե համաշխարհային տնտեսությունից, թե տարածաշրջանային զարգացումներից: Հայաստանը լուրջ խնդիրներ ունի այդ զարգացումներից օգտվելու առումով»,-ընդգծեց տնտեսագետը:

Նրա խոսքով, Հայաստանի մեկուսացումն առաջացնում է անելանելի վիճակ նաեւ ներքին խնդիրները լուծելու առումով. «Ներքին խնդիրները, որոնք կան Հայաստանում՝ կոռուպցիա, մենաշնորհներ, այդ թվում ենթակառուցվածքներում, որոնք սահմանափակում են մեր զարգացումը, շատ բանով պայմանավորված են հենց այդ արտաքին պարտավորություններով: Այդ խնդիրները, երբ երկիրը մեկուսացված է եւ հնարավորություն չունի ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել, դառնում են անլուծելի եւ դրանց լուծմանն ուղղված միջոցառումները վերածվում են իմիտացիոն գործընթացների»:

Աշոտ Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է դուրս գա մեկուսացումից, պետք է ընդգրկվի ավելի մեծ տարածաշրջանի մեջ, որտեղ գործում են կոնկրետ  խաղի կանոններ, որոնք ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում արատավոր երեւույթների դեմ արդյունավետ պայքարի համար. «Այսինքն խնդիրները, որոնք ցանկացած ժամանակ կարող են առաջանալ, ըստ էության, հնարավոր է լուծել, իսկ մեր երկրում ստեղծված պայմաններում առաջ եկած խնդիրները գրեթե անհնար է լուծել:

Ասենք, հարկադրված փորձ արվի որոշակի լուծելու ստվերային տնտեսության հետ կապված խնդիրը, բայց ես չեմ կարծում, որ դրա մասշտաբներն այնպիսին են լինելու, որից կախված լինի երկրի ամբողջ ապագան: Դրանք անհրաժեշտ է լուծել, բայց չեմ կարծում, որ տնտեսության առջեւ ծառացած հիմնական շեշտադրումներն են: Հիմնական մասով ներքին խնդիրներն անլուծելի են»:

01.10.2016

Աղբյուրը՝ «Նյուզ»