Ներկայումս հայկական դիվանագիտության խնդիրն է ԼՂՀ-ը վերադարձնել բանակցությունների սեղան: 

 

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի ձևակերպմամբ` ապրիլի սկզբին տեղի ունեցածը ոչ թե ադրբեջանական հարձակում էր Ղարաբաղի վրա, այլ ռուս- ադրբեջանական: «Հայելի» ակումբում պարոն Մեհրաբյանը այս առիթով մանրամասնեց. «Ռուսաստանի նպատակն էր այն, որ էապես փոխվի ստատուս քվոն: Բայց նա ձախողեց` շնորհիվ հայկական բանակի և հայ զինվորի: Հիմա արդեն ձախողված ռազմական դաշտից անցել է դիվանագիտական. բանակցությունները տանել Մինսկի խմբի ձևաչափից ռուսական դաշտ, ինչը ևս չստացվեց»:

Ուստի ըստ քաղաքագետի` «Վիեննայում ռուսները ստիպված էին խաղալ ամերիկյան խաղի կանոններով». «Եռակողմ հայտարարության մեջ մենք տեսանք, որ տեղ գտան բացառապես այն թեզերը, որոնք բարձրաձայնվել էին հայկական կողմից, և Ադրբեջանը ստիպված էր դրանք ընդունել»: Այս պարտավորությունների վերաբերյալ ադրբեջանական կողմից հնչող այն հայտարարությունները, թե իրենք ամենևին պարտավորություններ չեն ստանձնել, պարոն Մեհրաբյանը կապեց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի` Ադրբեջան այցի հետ:

Ըստ պարոն Մեհրաբյանի` ներկայումս հայկական դիվանագիտության խնդիրն է ԼՂՀ-ն վերադարձնել բանակցությունների սեղան: Սփյուռքահայ լրագրող եւ պատմաբան Գեւորգ Յազըչյանի կարծիքով `խնդիրն այս պահին ռազմական լուծում ունի: Նա նկատեց` թեև մեր դիվանագիտությունն իր թմբիրից սթափվեց, բայց կան մի շարք վերապահություններ հատկապես կապված համաձայնությունների հետ, քանի որ «ամեն դեպքում ուժն է թելադրում կամքը»:

Պարոն Յազըչյանը նշեց. «Ռուսաստանի նպատակն է ՀՀ-ում ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը, ինչին չհասավ, ուստի սահմանին կատարվածը նորից կրկնվելու է և հավանաբար մինչև տոները` սեպտեմբերին»:

Ռուբեն Մեհրաբյանը հստակեցրեց, թե Վիեննայում ձեռք բերված` հետաքննությունների մեխանիզմի ներդրման մասին համաձայնությունը որևէ կապ չունի ռուսական խաղաղապահ զորքերի ներդրման հետ ու նշեց. «Խոսքը նրա մասին է, որ այդ մոնիտորինգն իրականացվի մշտապես և դիտորդների ինստիտուտը, որ այդտեղ պիտի աշխատի, ունենա համապատասխան լիազորություններ վերահսկելու զինադադարի ռեժիմը այն առումով, որ խախտվելուն պես ի վիճակի լինեն ու իրավունք ունենան ցույց տալու, թե ով խախտեց այդ ռեժիմը: Իսկ ռուսական խաղաղապահ զորք կամ ռուս խաղաղապահներ դա նույնն է, ինչ ասես տապակած պաղպաղակ, այսինքն` աբսուրդ: Եվ թե ինչ է նշանակում ռուսական ներկայություն Ղարաբաղում, գոնե իմ սերունդը շատ լավ գիտի: Նրանք տեռորի էին ենթարկում հայերին և ստիպում էին հաշտվել այն բանի հետ, որ նրանք պիտի ապրեն Ադրբեջանի կազմում»: 

20.05.2016

Աղբյուրը՝ «Առավոտ»