Դե, որ տնտեսական վիճակը մխիթարական չէ, դա ակնհայտ է, բայց այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է ահազանգում, ինձ համար արդեն զարմանալի է, որովհետեւ Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, այս կուրսի՝ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցությանը, կողմնակիցն էր:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քիչ առաջ հայտարարել է, որ ՀՀ-ին մոտ ժամանակներս իրական տնտեսական աղետ է սպասվում՝ այս անգամ թաքնված դեֆոլտ «բարեհունչ» անվան տակ»:

Այս մասին Armtimes.com-ը զրուցել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ.

«Դե, որ տնտեսական վիճակը մխիթարական չէ, դա ակնհայտ է, բայց այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է ահազանգում, ինձ համար արդեն զարմանալի է, որովհետեւ Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, այս կուրսի՝ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցությանը, կողմնակիցն էր: Մոռանում է ասել, որ երեւի թե, իրավիճակը պայմանավորված է այդ հանգամանքով»,- ասաց նա:

Մեր հարցին, այսինքն՝ դեֆոլտի վտանգն առաջին հերթին պայմանավորո՞ւմ եք ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությամբ, տնտեսագետն ասաց.

«Ես բազմիցս եմ այդ մասին ասել, այն մեզ զրկել է թե՛ ներդրումներից, թե՛ եվրոպական աջակցությունից, թե՛ տարբեր դրամաշնորհներից»:

Հարցին՝ դեֆոլտի վտանգը կանխելու համար ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը, տնտեսագետն ասաց, որ պետք է վերականգնի ՀՀ ինքնիշխանությունը:

«Ինքնիշխանությունը վերականգնելը ենթադրում է ԵՏՄ կազմից դուրս գալ, ինքնուրույն տնտեսական գիծ ունենալու եւ որոշումներ կայացնելու հնարավորություն, ԵՄ-ի հետ ներդրումներ, Իրանի հետ հարաբերությունների էլ ավելի սերտացում, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում, որը հնարավոր է միայն այդ պայմաններում, ԵՏՄ-ից ստացած պարտավորություններից ՀՀ-ն պետք է ձերբազատվի»,- մանրամասնեց տնտեսագետը:

Հետաքրքրվեցինք՝ այս պահին դեֆոլտի իրական վտանգ տեսնո՞ւմ է, Աշոտ Եղիազարյանն ասաց.

«Որ ընթացքը գնում է դրան, այո, բայց ժամանակային առումով չեմ կարող ասել, ամեն դեպքում, իհարկե, երկար չի լինի: Ես չգիտեմ ինչ է նկատի ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը մոտ ժամանակներս ասելով, չեմ էլ կարծում, որ այն սարերի հետեւում է»:

Հիշեցնենք, որ դեֆոլտի կամ անվճարունակության մասին պետությունը հայտարարում է փոխառու միջոցների վերադարձման, արժեթղթերի դիմաց տոկոսների վճարման անկարողության ժամանակ:

ՀՀ-ի պետական պարտքը կազմում է 5 միլիարդ 400 միլիոն դոլար, մինչեւ տարեվերջ նախատեսված է, որ այն կլինի 5 միլիարդ 800 միլիոն դոլար:

13.10.2016

Աղբյուրը՝ «Հայկական ժամանակ»