Թե՛ ՀՀ ՀՆԱ 10% աճի մասին ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը, թե՛ Գլազևի այս հայտարարությունը գուցե միտված են նրան, որ ցույց տան, որ ԵՏՄ-ն ունեցել է բարերար ազդեցություն Հայաստանի վրա, և նա չի կարող այսօր պատճառաբանություն բերել, որ անհաջողությոն է արձանագրում, հայտնվել է փակուղում և ստիպված է կատարել ընտրություն ու ստորագրել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Հայաստանի տնտեսական ցուցանիշներն ակնհայտ են, և դրա մասին փաստել է նաև վարչապետը՝ ասելով, որ մեր տնտեսությունը ծանր վիճակում է գտնվում։ Իսկ Եվրասիական ինտեգրացիայի կենտրոն դառնալը, անկեղծորեն, ես չեմ պատկերացնում, թե դա ինչ է նշանակում։ Այդ ձևակերպումն անհասկանալի է։ Հայաստանն ինչպե՞ս կարող է դառնալ ինտեգրացիայի կենտրոն։ Այսինքն՝ ենթադրվում է, որ Հայաստանն ամենազարգացածն է, տեխնոլոգիապես ամենադոմինանտն է, ուժեղ է՝ որպես տնտեսություն։ Դա կամ քարոզչական ինչ-որ նպատակ ունեցող հայտարարություն է, կամ էլ գուցե մենք ենք սխալ հասկացել, որովհետև իսկապես չգիտեմ՝ ի՞նչ է նշանակում՝ Հայաստանն ինտեգրացիայի կենտրոն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը՝ մեկնաբանելով Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի ժամանակ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությունը, թե Հայաստանի տնտեսությունը ԵՏՄ անդամակցությունից հետո արձանագրում է «տպավորիչ ցուցանիշներ» և կարող է դառնալ Եվրասիական ինտեգրացիայի կենտրոն։

Ըստ նրա՝ թե՛ ՀՀ ՀՆԱ 10% աճի մասին ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը, թե՛ Գլազևի այս հայտարարությունը գուցե միտված են նրան, որ ցույց տան, որ ԵՏՄ-ն ունեցել է բարերար ազդեցություն Հայաստանի վրա, և Հայաստանը չի կարող այսօր պատճառաբանություն բերել, որ անհաջողությոն է արձանագրում, հայտնվել է փակուղում և ստիպված է կատարել ընտրություն ու ստորագրել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը, ստիպված է ավելի պարզ, ազատ քաղաքականություն իրականացնել Իրանի հետ, և որպեսզի նման փաստարկներ, որ կարող են հայկական կողմից հնչեցվել, դրանց դեմն առնեն։

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ Հայաստանը դեֆոլտի վտանգի առջև է, Ա.Եղիազարյանը դժվարացավ նշել, թե այն ինչ նպատակ է հետապնդում. «Ինձ համար անհասկանալի է, որ նման կարծիք հնչեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանը, համենայն դեպս նա դեմ չէր, որ Հայաստանը դառնար ԵՏՄ անդամ։ Հիշում ենք նրա հայտնի ելույթը։ Այս համատեքստում ակնհայտ է, որ նույնիսկ դեֆոլտը կամ ծանր տնտեսական իրավիճակն արդյունք է այդ անդամակցության, որ Հայաստանն այդ անդամակցության արդյունքում մեկուսացվեց, զրկվեց զարգացման բոլոր հնարավորություններից։ Գուցե Տեր-Պետրոսյանն այդ հայտարարությամբ ուզում է ցույց տալ, որ երկրի վիճակը ծանր է, գուցե ներսում կամ դրսում ինչ-որ լսարանի է ուղղված, այս պահին չեմ կարող ասել։ Այնուամենայնիվ, հնարավոր է, որ որոշակի քաղաքական ենթատեքստ կա դրա տակ։ Բայց միաժամանակ դա իրականությունից այդքան հեռու չի, և պետական պարտքի սպասարկման առումով մեր վիճակը ծանր է, և անգամ պաշտոնյաները, իշխանությունները նույնպես դրա մասին բարձրաձայնում են։ Եվ պատահական չի, որ հաջորդ տարվա բյուջեում 100 մլրդ-ով ծախսերը կրճատվել են այն նպատակով, որ գոնե արտաքին պարտքի ներգրավման ծավալները կրճատվեն, որովհետև ֆինանսական ռեսուրսների բացը վերջին տարիներին լրացնում էինք պարտքի հաշվին»։

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

14.10.2016

Աղբյուրը՝ «168 Ժամ»