Այս ծանր վիճակը պայմանավորված է նրանով, որ մենք դարձել ենք ԵՏՄ անդամ եւ մեկուսացել ենք ու կորցրել զարգացման մեր բոլոր հնարավորությունները թե՛ եվրոպական ուղղությամբ, թե՛ իրանական ուղղությամբ, թե՛ ընդհանրապես։ 

Նոր կառավարության ձեւավորումից գրեթե մեկ ամիս անց իշխանություններին իր «ուղերձը» հղեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ զգուշացնելով կանխահաս աղետի մասին։ «Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի եւ ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով՝ ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ՝ այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»,- հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Սրան էլ հաջորդեց Կենտրոնական բանկի արձագանքը։ «Դեֆոլտ, տվյալ դեպքում նշանակում է պետության կողմից պարտքային պարտավորությունների պատշաճ եւ ժամանակին կատարման բացակայություն եւ թերացում։ Հայաստանի Հանրապետությունը կատարել եւ շարունակում է կատարել իր պարտավորությունները առանց որեւէ խոչընդոտի եւ ապագայում չի նշմարվում որեւէ ռիսկ, որ ՀՀ-ն չի կարողանա կատարել իր պարտավորությունները։ Ավելին, ակնառու են մի շարք ցուցիչներ, որոնք վկայում են ապագայում ՀՀ բավարար վարկունակության մասին. պարտքի եւ արժութային շուկաների կայունությունը, վճարային հաշվեկշռի բարելավումը, միջազգային պահուստների բավարար մակարդակը, ինչպես նաեւ արտաքին եւ ներքին շուկաներում պետական պարտատոմսերի շրջանառության ծավալների աճը եւ տոկոսադրույքների էական նվազումը»,- ի մասնավորի նշված է Կենտրոնական բանկի հայտարարության մեջ։

ՀՀ առաջին նախագահի այս հայտարարության մեջ քաղաքական որոշ շրջանակներ ՀԱԿ-ի մասին հիշեցնելու եւ ապագա ԱԺ-ում Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցության համար մի քանի մանդատ ստանալու միտում տեսան։ Տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեֆոլտը տնտեսագիտության մեջ հարաբերական կատեգորիա է, իսկ այն ձեւաչափով, ահազանգի տեսքով, որ հնչեցնում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, այն իրականության հետ ոչ մի աղերս չունի։

«Դա նշանակում է երկրի սնանկացում, երբ երկիրն ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները։ ՀՀ-ն ո՛չ այս պահին, ո՛չ էլ տեսանելի ապագայում կանգնած չէ նման խնդրի առջեւ։ Իսկ նման կտրվածքով բարձրաձայնումը, իմ խորին համոզմամբ, ցանկալի չէ, քանի որ արտաքին գործընկերների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, այդ բոլոր սուբյեկտների մոտ առաջացնում է մտավախություն, որ ՀՀ-ն իր պարտավորությունները չի կատարի։ Իսկ դա իրականության հետ կապ չունի, քանի որ դեֆոլտի նախանշանն այն է, որ արտաքին պարտքի սպասարկման առումով կարող է, որ մենք հնարավորություն չունենանք։ Սակայն դեռ չի եղել դեպք, որ ՀՀ-ն արտաքին դոնորների նկատմամբ չցուցաբերի պատշաճ մոտեցում, իսկ ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, ապա ամենամեծ խնդիրը սոցիալական ծրագրերը չկատարելու անկարողականությունն է, որի պատճառով ՀՀ-ում այս պահին գոյություն չունի անհանգստություն։ Իհարկե, հասկանում ենք՝ կենսաթոշակների, նպաստների խնդիրներ կան, բայց այդ ամենը ցույց չեն տալիս, որ գոյություն ունեն դեֆոլտի նախանշաններ»,- ասաց Վարդան Բոստանջյանը։

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տնտեսական վիճակն իսկապես ծանր է, եւ դա փաստում են նույնիսկ պետական պաշտոնյաները։ «Պետական պարտքի ծավալները վերջին երկու տարիներին էապես ավելացել են, ինչը դժվարացնում է դրանց սպասարկումը։ Նկատի ունենանք, որ նվազել են տնտեսական աճի տեմպերը։ Բայց որ հայտարարությունը անում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, զարմանալի է, քանի որ ինքը դեմ չէր, որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ դառնա։ Իսկ այս ծանր վիճակը պայմանավորված է նրանով, որ մենք դարձել ենք ԵՏՄ անդամ եւ մեկուսացել ենք ու կորցրել զարգացման մեր բոլոր հնարավորությունները թե՛ եվրոպական ուղղությամբ, թե՛ իրանական ուղղությամբ, թե՛ ընդհանրապես։

Գործընթացներն ընթանում են այն ուղղությամբ, որ վիճակը վատանում է, եւ դա փաստ է։ Եվ դա պայմանավորված է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելով, պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ն չի կարողանում ԵՄ-ի հետ ազատ հարաբերություններ հաստատել, կնքել շրջանակային համաձայնագիր, ի վերջո, կնքել ասոցացման համաձայնագիր»,- կարծում է տնտեսագետը։

Թագուհի Հակոբյան

14.10.2016

Աղբյուրը՝ «Հրապարակ»