Նույնիսկ եթե նախորդ ծրագրում կար Իրան-Հայաստան երկաթգծի պահը, այս մեկում չկա: Եթե նախորդ ծրագրում նոր ատոմակայանի կառուցման մասին ասվում էր, որ 2018 թվականից սկսվում են շինաշխատանքները, ապա նորում ավելի լղոզված է եւ ասվում է, թե շարունակվում են ներդրումների մասին քննարկումները։

ՀՀ Կառավարության ծրագրի քննարկումները Ազգային ժողովում, 20 հոկտեմբերի, 2016թ. ՀՀ Կառավարության ծրագրի քննարկումները Ազգային ժողովում, 20 հոկտեմբերի, 2016թ.

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում կքննարկվի նոր կառավարության ծրագիրը, որը հրապարակվել է նախօրեին, երեկոյան։ Կյանքը ցույց կտա, թե ինչ կփոխի այդ ծրագիրը ժողովրդի կյանքում, սակայն վարչապետի պաշտոնը Կարեն Կարապետյանին հանձնելիս Սերժ Սարգսյանը նրան ներկայացրեց իբրեւ «փոփոխությունների սիմվոլ»՝ էլ ավելի մեծացնելով սպասելիքները նոր կառավարությունից ու նրա ծրագրից։ Հանրապետականները հավակնոտ, բայց իրատեսական են համարում Կարապետյանի ներկայացրած վեցամսյա ծրագիրը եւ մասնավոր զրույցներում ասում, որ այստեղ «ականջ շոյող» ձեւակերպումներ չկան։ 

«Ծրագիրը հավակնոտ է, քանի որ բարեփոխումներ են նախատեսված բոլոր ոլորտներում»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը եւ շարունակում. «Այս 6 ամսվա համար ծրագիրը բավականին հավակնոտ էր եւ բավականին պարտադրող է կառավարության համար, որովհետեւ հստակություններ կային, թե ինչ պետք է անեն եւ ինչպես պետք է անեն»։ Սահակյանն ընդգծում է, որ այս փոփոխությունները բխում են Սերժ Սարգսյանի վերջին երկու ծրագրային ելույթներից։

ՀՅԴ-ն էլ է դրական գնահատում կառավարության ծրագիրը, քանի որ ՀՀԿ-ի հետ իրենց համագործակցության բոլոր դրույթներն արտացոլված են դրանում։ «Կառավարության ծրագիրը նախապես մեզ էլ են տվել, ներկայացրել, մենք վարչապետի հետ էլ ենք հանդիպել, բայց ավելի մանրամասն՝ կգա Ազգային ժողով, կխոսենք: Մեր հիմնական ակնկալիքներն արդարացել են, որովհետև մենք ասում էինք, որ այս ծրագիրը պետք է լինի կոնկրետ ծրագիր՝ կոնկրետ ժամկետների համար: Ծրագիրը պետք է արտացոլեր մեր համագործակցության ծրագիրը Հանրապետականի հետ, որը ժամկետային չէր, գրեթե 90, եթե ոչ ավելի տոկոսով համաձայնագրի բոլոր դրույթներն արտացոլված են»,- ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Թե այս կառավարության ծրագիրն ինչով է տարբերվում մյուս ծրագրերից, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց. «Շատ բանով. նախ նրանով, որ արտացոլում է մեր հուշագրի դրույթները, հետո՝ շատ բաներ են կոնկրետացված, կան կոնկրետ նպատակներ, թիրախներ եւ կոնկրետ ժամկետներ»:

Անկախ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի բովանդակությունից, ՀԱԿ-ը «կոռումպացված համակարգից» լավ բան չի սպասում: Խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը թեպետ չի հասցրել ծանոթանալ փաստաթղթին, այնուամենայնիվ, մեծ սպասելիքներ չունի. «Ես չեմ կարծում, որ ինչ-որ ծրագրով, կամ ծրագրի տեքստով պետք է բարելավել երկրի իրավիճակը։ Ամենալավ ծրագրերը կարելի է ներկայացնել, իսկ հետո անել նույն չարագործությունը, ինչ-որ արվել է 18 տարի շարունակ»։ ԲՀԿ-ն չի հասցրել ուսումնասիրել փաստաթուղթը, անգամ տնտեսագետ Միքայել Մելքումյանը չի կարդացել։ «Համախմբումում» էլ նույն իրավիճակն էր։ Որ նոր ծրագիրն ակնհայտորեն տարբերվում է նախորդներից, չեն հերքում անկախ մասնագետները։ Փաստաթղթում ձեւականությունները մի կողմ են թողել ու հստակ ներկայացրել են տնտեսության ծանր վիճակը, մինչդեռ այդ իրավիճակից լուծումներ չեն մատնանշվում։

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ նոր ծրագրում, նախորդի հետ համեմատած, առաջընթաց հաստատ չի նկատվում, ծրագիրը չի լուծում այն մարտահրավերները, որոնք ներկայումս ծառացած են մեր երկրի ու տնտեսության առջեւ. «Նախորդում գոնե չոր ձեւակերպումներ էին դրված, ասենք, օգտագործել երկրի ներքին ռեսուրսները՝ ստեղծված իրավիճակից ելնելու համար, ինչին թեպետ ես որոշակի իմաստով դեմ եմ, ոչ թե որ չպետք է օգտագործվի, այլ որ չեմ կարծում, թե ներքին ռեսուրսները մեզ հնարավորություն կտան դուրս գալ ստեղծված իրավիճակից, նոր ծրագիրը հաստատ չի լուծում այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր երկրի առաջ, իսկ դրանք մեկուսացվածությունն է։ Ծրագրում ելքեր չկան, որոնցով հնարավորություն է ստեղծվելու դուրս գալ մեկուսացումից եւ զարգացում ապահովել։ Այս իմաստով ծրագիրը ոչ համահունչ է դառնում նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակին, մարտահրավերներին»։ Այդ փաստաթուղթը, տնտեսագետի խոսքով, ավելի շատ «ընթացիկ աշխատանքային գործունեության ուղեցույց է». «Ըստ էության, առանձին նախարարությունների ռազմավարություններում արտացոլված են, թե ինչպես են պատկերացնում տվյալ ոլորտի զարգացումը»։ Տնտեսագետը նկատում է, որ թմբկահարումները, թե «ոչ ստանդարտ» մոտեցումներ են նոր ծրագրում տեղ գտել, չեն համապատասխանում իրականությանը. «Օրինակ՝ Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերությունների խնդրի հարցում շատ հպանցիկ մոտեցում է ցուցաբերվել, թե պետք է շարունակվեն «բարիդրացիական» հարաբերությունները։ Ներողություն, իսկ ի՞նչ հարաբերություններ պետք է լինեին, չի ասվում, թե այդ ինչ ոչ ստանդարտ քայլեր են արվելու, Իրանն ու Վրաստանը, մինչդեռ, մեզ համար այսօր այնքան կարեւոր են ստեղծված մեկուսացած վիճակից դուրս գալու համար, որ ոչ թե պետք է «բարիդրացիական» հարաբերությունները շարունակել, այլ այդ երկրների հետ պետք է ստեղծել տրանսպորտային միջանցք, տնտեսական գոտի, իրենց հետ մոնտաժվի օրենսդրություն, ունենանք համապատասխան պայմանագրեր, Իրանը մեզ տարիներ շարունակ տարբեր նախագծեր է առաջարկել, այդ նախագծերը պետք է իրականացնենք, բայց ոչ մի նման հիշատակում չկա։ Նույնիսկ եթե նախորդ ծրագրում կար Իրան-Հայաստան երկաթգծի պահը, այս մեկում չկա»։ Իսկ գուցե դրանով էլ իրատեսակա՞ն է հռչակվել նոր կառավարության ծրագիրը։ Տնտեսագետն արձագանքեց. «Այսինքն՝ այն քայլերը, որոնք հնարավորություն կտան մեզ դուրս գալ մեկուսացումից, իրատեսակա՞ն չեն»։ «Եթե նախորդ ծրագրում նոր ատոմակայանի կառուցման մասին ասվում էր, որ 2018 թվականից սկսվում են շինաշխատանքները, ապա նորում ավելի լղոզված է եւ ասվում է, թե շարունակվում են ներդրումների մասին քննարկումները։ Իհարկե, չեմ ասում, թե նախորդ ծրագրում գրվածը պետք է լիներ, բայց հիմա անգամ նման նպատակադրում էլ չկա»,- նկատում է Եղիազարյանը։

ՀԳ. Մեր տեղեկություններով, նոր ծրագրում թիրախավորել են պետգնումների, էներգետիկայի, ռազմական ոլորտները։ Եվ հատկապես՝ ռազմական, քանի որ պատերազմող երկիր ենք, իսկ կոնֆլիկտի կարգավորման վերջը չի երեւում, հետեւաբար՝ խնդիր է դրվել ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման, որով նաեւ աշխատատեղերի ստեղծման խնդիր կլուծվի։ Ավելին՝ փորձելու են գոնե փոքր խմբաքանակներով սպառազինություն արտահանել՝ հաշվի առնելով, թե որքան բարդ է այդ շուկա մուտք գործելը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

20.10.2016

Աղբյուրը ` «Հրապարակ»