Այսինքն՝ արտահանման կողմնորոշում, դիվերսիֆիկացված տնտեսություն ունենալու համար անհրաժեշտ է նաև տնտեսական քաղաքականություն իրականացնելու հնարավորություն, որից Հայաստանը զրկված է:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Lragir.am-ի զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը

Պարոն Եղիազարյան, նոր կառավարությունն իր ծրագրում ամրագրել է այն սկզբունքը, որ ոչ ստանդարտ գործիքակազմով ու մեթոդներով է փորձելու վերակենդանացնել տնտեսությունը: Հայաստանում առկա տնտեսական իրավիճակի պայմաններում ի՞նչ ոչ ստանդարտ լուծումների մասին կարող է խոսք լինել ևորքանո՞վ դա արդյունք կապահովի:

Եկեք իրերն իրենց անուններով կոչենք: Խնդիրն այն է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո կառավարությունը կարող է առաջարկել ծրագիր, որը զրկված է առնվազն արտաքին տնտեսական քաղաքականություն իրականացնելու բաղադրիչից: Այսինքն՝ այդ մասով ծրագիրն արդեն թերի է և տարբերվում է կառավարության նախորդ բոլոր ծրագրերից: Փաստացի արտաքին տնտեսական ինքնուրույն քաղաքականություն իրականացնելու գործիքակազմը մենք արդեն չունենք: Դա արդեն իսկ մեր տնտեսության վիճակը խոցելի է դարձնում, տնտեսությունը հայտնվում է մեկուսացման մեջ՝ իր բոլոր բացասական հետևանքներով:

Եթե խոսքը ոչ ստանդարտ լուծումների մասին է, եթե դրա տակ նկատի ունեն կառավարման արդյունավետության բարձրացումը, բարեփոխումները, պետական ֆինանսների կառավարման բարելավումը, կոռուպցիայի դեմ պայքարը և այլն, այդ բոլորն ըստ էության նախորդ ժամանակներում Եվրամիության հետ համագործակցության ու պայմանավորվածությունների շրջանակներում է եղել: Ի տարբերություն ԵՏՄ շատ երկրների, Հայաստանն անցել է բարեփոխումների երկար ճանապարհ և այս իմաստով ավելի մոտ է եղել եվրոպական երկրներին: Հիմա, դա կա, արտացոլված է ծրագրում, բայց դա ի՞նչ կենսունակություն կունենա, եթե Հայաստանը չունի այն գործիքակազմը, որով կարող է իր հարաբերություններն այսուհետ շարունակել զարգացնել Եվրամիության հետ: Այսինքն՝ ստացվում է, որ դրանք ընդամենը հայտարարություններ են, կենսականորեն հնարավոր չի լինի դրանց իրագործումը, եթե ԵՏՄ շրջանակներում շարունակվեն գործընթացները, եթե ամբողջ տնտեսական ու քաղաքական տարածությունը լցվում է այն բովանդակությամբ, որը ոչ թե եվրոպական շնչով է, այլ՝ եվրասիական:

Եթե այս մասն ամփոփենք, ապա կառավարության ներկայացրած ծրագիրը չի կարող համարվել լիարժեք ինքնուրույն պետության ու կառավարության ծրագիր:

Մենք ականատես եղանք, որ հատկապես ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում ներդրումների ծավալների անկում եղավ: Կառավարությունն իր ծրագրով նախատեսում է աշխատել միջազգային ներդրողների հետ՝ ստեղծելով Ներդրումային հիմնադրամ: Որքանո՞վ հնարավոր կլինի արդյունք ապահովել:​

Խնդիրն այն է, որ այսպես չի կարելի օրենքներով, բարենպաստ պայմաններով, ցանկությամբ ներդրումներ ներգրավել: Այդ ամենը դեռևս չի նշանակում, թե ներդրումները հոսելու են տվյալ միջավայր: Ի վերջո, դա շատ կասկածելի է, որովհետև մենք հիմա տնտեսական մի տարածքի մաս ենք կազմում, որտեղ խաղի իր կանոններն են: Այսինքն՝ մենք այնպես չէ, որ այդ տարածքը պետք է հարմարեցնենք մեզ, սա աբսուրդ ու հակասական է հնչում: Հարմարեցնենք ինչը, որ ԵՏՄ-ն օգտագործենք մեր շահերի համա՞ր: Նման բան չի լինելու, մենք հարմարվելու ենք ԵՏՄ-ին, եթե պրոցեսներն այսպես շարունակվեն: Այսինքն՝ հնարավոր չէ ԵՏՄ տարածքում մի տեղ ավելի բարենպաստ դաշտ, մյուս վայրերում՝ ավելի անբարենպաստ: Հակառակը, դա ենթադրում է խաղի նույն կանոններն ու նույն դաշտը: Եվ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ տնտեսության մեջ գոյություն ունի երկու կարևոր օրինաչափություն, որ ներդրումների հոսքն իրականացվում է որոշակի գոտիներով: Եվ Հայաստանն այդ գոտու մաս չէ, որտեղ պետք է ներդրումների հոսք լինի: Եթե, օրինակ, Հայաստանը եվրոպական գոտու մաս կազմեր, այդ օրինաչափություններն ու կանոնները կաշխատեին նաև Հայաստանի համար, մենք կարող էինք ասել, որ այդ տարածքի մաս ենք և օգտվում ենք այդ տարածքի արտոնություններից: Բայց հիմա այդ տարածքի մաս չենք, հակառակը, ուրիշ տարածքի մաս ենք, որը միջազգային մեկուսացման մեջ է, որի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում: Այսինքն՝ դա չի կարող որևէ դրական ազդակ լինել ներդրողների համար:

Կառավարությունը նաև տնտեսության զարգացման հեռանկարը է դիտարկում արտահանման աճը, որքանո՞վ էսա իրատեսական:

Ինքնին հարցադրումը, որ Հայաստանի համար արտահանումը պետք է տնտեսության աճ ապահովի, ճիշտ է, որևէ մեկն այդ հարցադրումը հարցականի տակ չի դնում: Բայց դրանք ընդամենը խոսքեր են: Այսինքն՝ արտահանման կողմնորոշում, դիվերսիֆիկացված տնտեսություն ունենալու համար անհրաժեշտ է նաև տնտեսական քաղաքականություն իրականացնելու հնարավորություն, որից Հայաստանը զրկված է: Ի՞նչ է նշանակում, որ մի կողմից հայտարարություն է արվում, բայց մյուս կողմից դու զրկված ես այդ գործիքակազմից: Ինչի՞ համար է քո հայտարարությունն ընդհանրապես, երբ դու դրա հնարավորությունը չունես իրականացնելու: Ի վերջո, արտահանման կամ տնտեսության դիվերսիֆիկացումը բնորոշ է զարգացած տնտեսական տարածքներին: Իսկ եթե Հայաստանը մաս է կազմում չզարգացած տնտեսական տարածքի, ինչի՞ մասին է խոսքը:

Աշխարհում կան տարածքներ ու տնտեսություններ, որոնք ունեն դիվերսիֆիկացված տնտեսություն, և կան տարածքներ, որոնք ունեն հումքային մասնագիտացում: Այսինքն՝ զարգացած տնտեսական տարածքի մաս կազմող երկրներն էլ համապատասխան կարողանում են իրենց տնտեսությունները զարգացնել, շատերը զրկված են այդ հնարավորությունից: Այսօրվա դրությամբ Հայաստանը զրկված է այդ հնարավորությունից: Հայաստանին առաջարկվել է այդ հնարավորությունը, իսկ Հայաստանը հրաժարվել է: Աշխարհի բոլոր երկրներին Եվրամիությունը չի առաջարկում այդ հնարավորությունը, բայց մեզ առաջարկվել է, իսկ մենք ցավալիորեն հրաժարվել ենք:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

21.10.2016

Աղբյուրը՝ «Լրագիր»