Ռուսաստանը վերջին տարիներին նվազեցնում է ներմուծվող ապրանքատեսակների ծավալը՝ փոխարենը մեծացնելով արտահանմանը, և մի քանի տարի անց Ռուսաստանը դիտարկել  որպես կայուն  արտահանում իրականացնելու երկիր՝ անիմաստ է լինելու: Ընդհանուր առմամբ, ես չեմ կարծում, որ այդ շուկան մեզ համար հեռանկարային է, որովհետև, ըստ էության, մենք այդ շուկային որևէ առաջարկելու բան չունենք:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Կկարողանա՞նք օգտվել ԵԱՏՄ շուկաների ընձեռած հնարավորություններից, թե ոչ, կախված է Հայաստանից: Նման կարծիք հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանը լրատվամիջոցների հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, սակայն, Հայաստանի տնտեսական կայունացման բանալին ԵԱՏՄ-ում չի տեսնում: Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետը մանրամասնեց, որ  Հայաստանից ԵԱՏՄ շուկաներ են արտահանվում հիմնականում խմիչք, սննդամթերքի որոշ տեսակներ, գյուղատնտեսական և պարենային ապրանքներ, սակայն բոլորի դեպքում արտահանողը բախվում է մի շարք խնդիրների:

«Խնդիրները բազմաթիվ են. Լարսի ճանապարհը, որ եղանակային պայմաններից կախված կարող է փակվել անորոշ ժամանակով, ռուբլու տատանում և ռուսական տնտեսության անկայունություն»,- մանրամասնեց Ա.Եղիազարյանը՝ ընդգծելով, որ բացի ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտներից, Հայաստանի հնարավորությունները ևս բավականին սահմանափակ են խոշոր ծավալներով արտահանում իրականացնելու համար:

Տնտեսագետը նաև ընդգծեց, որ Ռուսաստանը վերջին տարիներին նվազեցնում է ներմուծվող ապրանքատեսակների ծավալը՝ փոխարենը մեծացնելով արտահանմանը, և մի քանի տարի անց Ռուսաստանը դիտարկել  որպես կայուն  արտահանում իրականացնելու երկիր՝ անիմաստ է լինելու:

«Ընդհանուր առմամբ, ես չեմ կարծում, որ այդ շուկան մեզ համար հեռանկարային է, որովհետև, ըստ էության, մենք այդ շուկային որևէ առաջարկելու բան չունենք», - մանրամասնեց տնտեսագետը:

Խոսելով վարչապետի նման հայտարարության մասին՝ Եղիազարյանը նկատեց, որ թե՛ նախկին վարչապետը, թե՛ մի շարք պաշտոնյաներ պարբերաբար խոսում են ԵԱՏՄ շուկաների հեռանկարների մասին, սակայն, երբ վերլուծում ենք Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական կառուցվածքը, եզրակացությունը բոլորովին այլ է:

«Եթե նախկինում մենք հասել էինք դեպի Ռուսաստան արտահանման մաքսիմալ կետին, ապա հիմա մենք անգամ դա չենք կարողանում ապահովել»,- նկատեց տնտեսագետը:

Հայաստանի տնտեսության գլխավոր խնդիրը տնտեսական կառուցվածքի կատարելագործումն ու արտահանման դիվերսիֆիկացումն է, և, տնտեսագետի գնահատմամբ, միայն այս կերպ է հնարավոր ապահովել Հայաստանի տնտեսական աճն ու զարգացումը:

«Եթե խնդիրը դիտարկում ենք այս համատեքստում, տեսնում ենք, որ ԵԱՏՄ շուկաները մղվում են երկրորդական պլան»,- ընդգծում է Ա. Եղիազարյանը:

Տնտեսագետը նաև հավելեց, որ Հայաստանի տնտեսական հեռանկարները կապված են այլ տարածաշրջանների ու երկրների, մասնավորապես ԵՄ-ի, Մերձավոր Արևելքի շուկաների հետ:

Արթուր Հովհաննիսյան

25.10.2016

Աղբյուրը՝ «Թերթ»