Հայաստանի դիվանագիտությունը դրվում է ռուսական դիվանագիտության սպասարկման ռեժիմի մեջ:

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանով Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում: ՀՀ ԱԳՆ ղեկավարի վարած քաղաքականության և հայկական դիվանագիտության հետագա աշխատանքի մասին Vesti.am-ը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:

-Ինչպե՞ս կգնահատեք Էդվարդ նալբանդյանի վերանշանակման փաստը:

-Բացասական: Դա նշանակում է՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, ցավոք սրտի, որևէ դրական փոփոխություն սպասելն իմաստ չունի:

-Նալբանդյանի նախարարի պաշտոնում լինելու ընթացքում շրջանառվում է՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» թեզը: Այսինքն, Նալբանդյանի վերանշանակմամբ շարունակվո՞ւմ է այն:

-Գիտեք, ես խնդիրն այդպես չեմ տեսնում: Խնդիրը նրանում է, որ ներկայումս տարվող դիվանագիտության արդյունքում Հայաստանը կորցնում է իր սուվերենությունը: Բացի դրանից, Հայաստանի դիվանագիտությունը դրվում է ռուսական դիվանագիտության սպասարկման ռեժիմի մեջ: Դա է ամենաբարդ խնդիրը: Փաստորեն, Նալբանդյանի վերանշանակմամբ այդ խնդիրը ոչ միայն չի լուծվի, այլև կշարունակի «ավերածություններ» գործել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ:

-Մեկ ուրիշ դիվանագետ ինչպե՞ս պետք է գործի ՀՀ արտգործնախարարի պաշտոնում, որը կբխի Հայաստանի շահերից:

-Այն, ինչը որ Էդվարդ Նալբանդյանի ժամանակ արել է հայկական դիվանագիտությունը պետք է դրա տրամագծորեն հակառակն անի:

-Արտգործնախարարի պաշտոնում գտնվող անձը կարո՞ղ է ձեր ասած քաղաքականությունը վարել:

-Իհարկե, արտգործնախարարը, այնուամենայնիվ, մնում է քաղաքականություն իրականացնող, բայց նաև ԱԳՆ-ն է, որ արտաքին քաղաքական որոշումներին տալիս է իր, այսպես ասած, փորձագիտական եզրակացությունները՝ ինչը կարելի է, ինչը՝ ոչ: Եվ ոչ թե այդ բացասական միտումներում առաջամարտիկի դերում հանդես գա, ինչը մենք տեսել ենք մինչև հիմա:

03.10.2016

Աղբյուրը՝ «Վեստի»