Եթե Ռուսաստանը շարունակելու է Ադրբեջանին զենք մատակարարել, ապա Հայաստանը պետք է վերանայի բոլոր հարաբերությունները նրա հետ: Սա գլխակեր քաղաքականություն է:

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Եթե Ղարաբաղյան հակամարտության պատճառը լուծված չէ, եթե Ադրբեջանը որեւէ պատրաստակամություն չի հայտնում այն կարգավորելու համար, ապա հայկական կողմի՝ փոխզիջումների մասին հայտարարությունները խիստ վտանգավոր են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշեր էր, թե հանուն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, հնարավոր է որոշ տարածքներ զիջել: Ի պատասխան սրա՝ քաղաքագետը նշեց.

«Այդ տարածքները հենց նրա համար են ձեւավորվել, որպեսզի մարդկանց  կյանքին այլեւս ոչինչ չսպառնա: Երբ կլինեն այդ տարածքներին համարժեք անվտանգության երաշխիքներ, այդ դեպքում նոր կարելի է  խոսել, իսկ այդ երաշխիքը միայն մեկը կլինի՝ երբ Ադրբեջանը կճանաչի ԼՂՀ անկախությունը: Եթե նման բան չկա, այդ խոսակցությունները անտեղի են եւ վտանգավոր»:

Ռուբեն Մեհրաբյանը խորհուրդ տվեց ոչ թե խոսել, այլ գործել.

«Գործ անելու փոխարեն զբաղված են աջուձախ նման հայտարարություններ շաղ տալով: Սա, նախեւառաջ ռուսական կողմին է պետք, որը փորձում է առանց կոնֆլիկտը կարգավորելու ստիպել, որ հայերը ինչ-որ բան զիջեն: Ռուսներին պետք է ուղարկել գրողի ծոցը: Եթե Ռուսաստանը շարունակելու է Ադրբեջանին զենք մատակարարել, ապա Հայաստանը պետք է վերանայի բոլոր հարաբերությունները նրա հետ: Սա գլխակեր քաղաքականություն է, եւ մարդկանց կյանքի մասին իբր մտահոգվածները հետո գլուխները պատով են խփելու»,-եզրափակեց նա:

14.07.2016

Աղբյուրը՝ «Ա1+»