Հաշվի առնելով, որ գազատրանսպորտային համակարգը «Գազպրոմի» սեփականությունն է, ապա Իրանը մեծ ազդեցություն չի ունենա Հայաստանի գազային շուկայում:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Հայաստանը կարող է ազատվել Ռուսաստանի գազային կախվածությունից»

Վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն հայտարարեց, որ մոտ ապագայում հայ-իրանական գազային նոր համաձայնագիր է ստորագրվելու, ինչն հնարավորություն կընձեռի Իրանից գազ գնել եւ վաճառել, օրինակ, Վրաստանին:

Թեմայի վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ:

-Պարոն Եղիազարյան, հայտնի է, որ գոյություն ունի Իրան-Հայաստան գազատար: Արդյո՞ք մենք պատրաստվում ենք Իրանից Վրաստան ՀՀ տարածքով  նոր գազատար կառուցել` Իրանից գնած գազը Վրաստանին վաճառելու համար:

-Իհարկե, այս պահին այդպիսի պլան, նախագիծ գոյություն չունի, բայց Հայաստանի եւ Իրանի միջեւ գոյություն ունի պայմանագիր, որի համաձայն` սկսած 2007 թվականից Հայաստանն Իրանից պետք է ներմուծեր տարեկան 1.1 մլրդ խորանարդ մետր գազ, որպեսզի Հայաստանի էներգետիկ կայաններում արտադրվեր էլեկտրաէներգիա, եւ այն մատակարարվեր Իրանին, բայց Հայաստանը ներմուծել էր ավելի քիչ ծավալներով գազ` տարեկան  շուրջ 400 մլն խորանարդ մետր: Այսինքն, պայմանագրի այս դրույթը չէր կատարվել: Պայմանագրի այս դրույթն էլ նախատեսում էր, որ 2019 թվականից սկսած Հայաստանն էլ ավելի պետք է մեծացնի Իրանից ներկրվող գազի ծավալները` այն հասցնելով  տարեկան 2.3 միլիարդ խորանարդ մետրի: Այսինքն, 2007-ից մինչեւ 2027 թվականը Հայաստանն Իրանից պետք է ներկրեր 36 մլրդ խորանարդ մետր գազ: Բայց քանի որ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորությունները չեն եղել, եւ մեր երկրում էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունների պակաս է եղել, ապա Հայաստանն Իրանից նման ծավալի գազ չի ներմուծել:

-Հայ-իրանական գազային նոր համաձայնագրի կյանքի կոչվելու դեպքում Վրաստանը կհամաձայնի՞, որպեսզի Իրանից գնված գազը մենք այդ երկրին վաճառենք:

-Որոշակի սեզոնների Վրաստանն ունի գազի պահանջարկ: Առաջիկա տարիներին Վրաստանը կարիք կունենա գազի ծավալներն ավելացնել: Վրաստանն այսօր գազն 90 տոկոսով ներկրում է Ադրբեջանից եւ մնացած 10 տոկոսը ստանում է  Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազի դիմաց` որպես տարանցիկ վճար 10 տոկոսի չափով: Վրաստանը ցանկանում է գազային կախվածությունն Ադրբեջանից թուլացնել եւ պլանավորում է  հնարավորության դեպքում գազը ներկրել Իրանից:

-Ինչպիսի՞ հիմնախնդիրներ կան, որոնք անհրաժեշտ է լուծել այս ծրագիրը կյանքի կոչելու նպատակով, եւ Հայաստանն այստեղ ի՞նչ շահ ունի:

-Քանի որ տարանցումն Հայաստանի տարածքով է, ապա մեր երկիրը դրա դիմաց կարող է որոշակի գումարներ ստանալ: Այդ նպատակով էլ ստեղծվել է գազի ներկրման եւ Վրաստանին վաճառելու համապատասխան պետական ընկերությունը: Բայց մենք նաեւ գիտենք, որ գազատրանսպորտային համակարգը «Գազպրոմ» ռուսական ընկերության սեփականությունն է, եւ այստեղ կա նաեւ խոշոր խաղացող` հանձինս «Գազպրոմի», եւ գիտենք, որ այդ կառույցի եւ Իրանի գազային շահերը չեն համընկնում, նույնիսկ հակասում են միմյանց: Բայց նաեւ կա այլ խնդիր. «Գազպրոմին» ձեռնտու է գազը Ռուսաստանից Վրաստան մտնող խողովակաշարով վաճառել Վրաստանին եւ այդ երկրին խոստանալ, որ իր գազատրանսպորտային համակարգով կարող է ստանալ համապատասխան քանակի իրանական գազ: Հաշվի առնելով այն, որ գազատրանսպորտային համակարգը «Գազպրոմի» սեփականությունն է, ապա Իրանը մեծ ազդեցություն չի ունենա Հայաստանի գազային շուկայում:

-Իրանակա՞ն, թե՞ ռուսական գազն է էժան:

-Գազի շուկան գլոբալ չէ, գազի գները ձեւավորվում են երկկողմանի բանակցությունների միջոցով: Այնուամենայնիվ, Ռուսաստանի համար տնտեսապես ձեռնտու չէ գազ մատակարարել Հայաստանին եւ այդ գազի ծավալներից 10 տոկոսն էլ վճարել Վրաստանին:

-Ինչո՞վ կպայմանավորեք Ռուսաստանի գազային մոնոպոլիան Հայաստանում:

-Խնդիրն այն է, որ Հայաստանն այս տարիների ընթացքում մնաց նախկին ԽՍՀՄ էներգետիկ եւ գազային տարածքում: Վրաստանը եւ Ադրբեջանը դուրս եկան այդ էներգետիկ տարածքից: Ադրբեջանն ուներ իր գազային հանքերը եւ սկսեց գազը վաճառել: Հայաստանը եւս կարող է ազատվել Ռուսաստանի գազային կախվածությունից:

-Հնարավո՞ր է, որ Իրանի հետ նոր գազային համաձայնագրի կյանքի կոչվելու դեպքում, Իրանից ստացած գազը, բացի Վրաստանից, վաճառենք նաեւ եվրոպական երկրներին, թե՞ Ռուսաստանը կարող է խանգարել այդ ծրագրի իրականացմանը, քանի որ այդ դեպքում Ուկրաինան էլ կարող է ցանկանալ գազ գնել մեզանից:

-Խնդիրը նրանում է, որ մենք նման ենթակառուցվածք չունենք: Գազատարը, որն Իրանից մտնում է Հայաստան, դրա առավելագույն թողունակությունը տարեկան 2.3 մլրդ խորանարդ մետր է: Այսինքն` այդ ծավալները բավարարում են Հայաստանի նկատմամբ գազի պահանջարկը: Ենթակառուցվածքային առումով գազը Եվրոպա արտահանելու նպատակով հնարավորություններ չկան, դրա համար անհրաժեշտ է նոր խողովակաշար կառուցել:

 

Անահիտ Սիմոնյան

03.11.2016

Աղբյուրը՝ «Ասպարեզ»