Հայաստանը հայտնվել է մեկուսացման պայմաններում և շնչահեղձ է լինում: Մեր ճակատագիրը կապել միայն Ռուսաստանի հետ, դա փակուղի է:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Պորտալարը, որը Հայաստանին միացնում է Ռուսաստանի հետ, Հայաստանին շնչահեղձ է անում, այդ պորտալարը պետք է կտրվի, որպեսզի Հայաստանը շնչի: Հայաստանի առջև ծառացած խնդիրներն առաջին հերթին արտաքին բնույթի են, Հայաստանը կարող է շնչել՝ դուրս գալով այս մեկուսացված վիճակից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նրա դիտարկմամբ՝ հնարավոր չէ իրականացնել որևէ ծրագիր, հնարավոր չէ ապահովել տնտեսական աճ, եթե Հայաստանը չինտեգրվի գլոբալ շուկային. «Եթե մենք առավել ևս ԵՄ-ի և հարևան Իրանի հետ հարաբերություններում ավելի ազատ չլինենք, ինչը մեզ գրավիչ կդարձնի, չենք կարող առաջացած խնդիրները լուծել: Մենք ծով ելք չունեցող երկիր ենք, դա արդեն իսկ սահմանափակում է՝ գրավիչ դառնալու առումով, տվյալ դեպքում միակ ելքը հաղորդակցության ուղիներ՝ ծով ելք ունեցող հարևան երկրների հետ լավ հարաբերությունների կառուցումն է: Առաջին հերթին մեզ համար դրանք են՝ Վրաստանը և Իրանը, դեպի այդ երկրներ մենք պետք է ունենանք ճանապարհներ, փայլուն կոմունիկացիաներ:

Դա ենթադրում է տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակով ինտեգրացիա, օրենսդրության ներդաշնակեցում, համապատասխան պայմանագրերի կնքում, խոսքս թե՛ միջազգային կոնվենցիաներին է վերաբերում, թե՛ երկկողմ պայմանագրերին»:

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանը, փաստացի զրկված լինելով արտաքին քաղաքական իր հնարավորություններից, պատվիրակելով դրանք ԵՏՄ-ին, չի կարողանում օգտվել. «Հայաստանը հայտնվել է մեկուսացման պայմաններում և շնչահեղձ է լինում: Մեր ճակատագիրը կապել միայն Ռուսաստանի հետ, դա փակուղի է»:

Աշոտ Եղիազարյանը կարծում է, որ առաջիկա ամիսներին կարող են առկա խնդիրներն այնքան խճճվել, որ հնարավոր է ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի: «Մեր հասարակությունը որոշակի քաղաքական հասունություն է ապրել, և չեմ կարծում, որ կառավարության կողմից ձեռնարկված պոպուլյար քայլերը, որոնց «գոհարն» է գազի գնի և էլէներգիայի սակագնի իջեցումը, կարող են ի նպաստ իշխանությունների ազդել ընտրությունների վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

07.11.2016

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»