Մենք Ռուսաստանի թե՛ ռազմական, թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական տարածքի մաս ենք կազմում՝ բոլոր ռիսկերով հանդերձ:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման քաղաքականությունը չի կարող աշխուժություն մտցնել Հայաստանի տնտեսությունում, քանի որ մեր տնտեսության վիճակը պայմանավորված է այլ գործոններով: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը:

Սեպտեմբերի 27-ին Կենտրոնական բանկի խորհուրդը 0.5 տոկոսով իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Իսկ նոյեմբերի 15-ին ևս 0.25 տոկոսով իջեցվեց այն: ԿԲ կողմից այս գործիքի կիրառումը ենթադրում է, որ փողն էժանանում է, բանկերը պետք է էժան վարկեր հատկացնեն, ինչն էլ պետք է բերի տնտեսության աշխուժացմանը: Բայց, ինչպես ցույց է տալիս հենց թեկուզ պաշտոնական վիճակագրությունը, Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները գնալով նվազում են:

«Կենտրոնական բանկը, իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրուքը, փորձում է էժան փողի քաղաքականություն իրականացնել, այսինքն՝ վարկավորել տնտեսությունը, որպեսզի առաջանան նոր աշխատատեղեր, տարբեր ոլորտներունմ աճ լինի: Դասական իմաստով դրամավարկային քաղաքակության գործիքակազմի տեսանկունից դա այդպես է, բայց այն կարող է նաև չաշխատել: Իսկ Հայաստանում ստեղծված պայմաններում այդ գործիքի արդյունավետությունը շատ հարցական է, որովհետև ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բանկերը զգուշանում են վարկավորելուց, թեկուզ և ցածր տոկոսադրույքով, քանի որ վերադարձելիության խնդիր կա: Առանց այդ էլ բանկերի մոտ վերջին տարիներին անհուսալի պարտքեր են կուտակվել:

Մյուս կողմից, իսկապես սուբյեկտների կողմից վարկերի նկատմամբ պահանջարկ չկա: Գուցե մարդիկ ուզենան վարկեր վերցնել սպառելու համար, որովհետև գումար չունեն, բայց տնտեսությունում ներդնելու իմաստով վարկերի պահանջարկ չկա, քանի որ ներդրումներ անելու համապատասխան միջավայր չկա: Վիճակն այսպիսին է, հետևաբար, ես կարծում եմ, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը օգուտ չի տա»,- ասում է Աշոտ Եղիազարյանը:

Նա հիշեցրեց, որ դեռևս մեկ տարի առաջ էր կանխատեսում՝ կգա ժամանակ, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման գործիքն այլևս չի աշխատի Հայաստանի տնտեսության պայմաններում: Այսինքն՝ տնտեսությունում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ առանց հիմնական մարտահրավերները հաղթահարելու հնարավոր չէ այս վիճակից դուրս գալ:

«Մեր տնտեսությունը մեկուսացել է, մեր տնտեսությունը պարզապես չկա՝ որպես գլոբալ տնտեսության մաս: Մենք Ռուսաստանի թե ռազմական, թե քաղաքական և թե տնտեսական տարածքի մաս ենք կազմում՝ բոլոր ռիսկերով հանդերձ: Իսկ Ռուսաստանի նկատմամբ, գաղտնիք չէ, որ իրականացվում է մեկուսացման քաղաքականություն: Մենք այս պահին չենք դիտարկվում որպես սուվերեն պետություն, որպեսզի գլոբալ տնտեսության միտումները մեզ մոտ արտացոլում ունենան: Փաստացի այլ օրինաչափություններ են աշխատում»,- հավելեց տնտեսագետը:

Եղիազարյանի խոսքով՝ եթե մարդկանց թվում է, թե որպես առանձին պետություն Հայաստանն ի վիճակի է ինքնուրույն ներքին ռեսուրսների հաշվին աճ ապահովել ու զարգանալ, դա ինքնախաբեությամբ զբաղվել է նշանակում:

«Դա նշանակում է, որ վախենում են հիմնական խնդիրները բարձրաձայնելուց ու դրանց լուծումներ տալուց»,- ընդգծեց նա:

19.11.2016

Ռոզա Հովհաննիսյան

Աղբյուրը՝ «Լրագիր»