Ի սկզբանե հասկանալի էր, որ ԵԱՏՄ-ը չունի ինտեգրող ներուժ և չի կարող նրա հետ կապի մեջ մտնող երկրների համար տնտեսական զարգացում ապահովել:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Որպես տնտեսական պրոյեկտ՝ ի սկզբանե հասկանալի էր, որ ԵԱՏՄ-ն չունի ինտեգրող ներուժ և չի կարող նրա հետ կապի մեջ մտնող երկրների համար տնտեսական զարգացում ապահովել. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, ում համոզմամբ՝ քարոզչության նպատակով են արվում ԵԱՏՄ-ի օգուտների մասին հայտարարությունները:

Նշենք, որ ԵՏՀ ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սաադաթ Ասսանսեիթովան հայտարարել էր, թե Հայաստանում նկատվում է ներդրումների իրական հոսք։ «Սկսած 2011–ից մինչև 2015 թվականը՝ ԵԱՏՄ երկրներից Հայաստանի տնտեսության  մեջ ներդրումները գրեթե 7 անգամ աճել են։ Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ ներդրումները կազմել են 3 մլրդ դոլար։ Գերակա ոլորտներն են սննդամթերքի, ալկոհոլի, թեթև, տեքստիլ արդյունաբերությունը, ենթակառուցվածքները»,– ասել է Սաադաթ Ասսանսեիթովան։ 

Աշոտ Եղիազարյանը պնդեց, թե 3 մլրդ դոլար չեն կարող ԵԱՏՄ-ից ներդրումներ լինել: «Եթե 3 մլրդի մասին է խոսք գնում, դրանք 20 տարիների ընթացքում գումարային ծավալներն են, որոնք, բնականաբար, ռուսական են, Բելառուսից, Ղրղըզստանից և այլ ԵԱՏՄ երկրներից, բնականաբար, գրեթե չի եղել: ԵԱՏՄ-ն գործում է 2013թ-ից, և այդ ընթացքում ներդրումները գնալով պակասել են, իսկ այս տարվա ընթացքում նույնիսկ ՀՀ-ից ավելի արտահոսք է եղել ՌԴ»,-ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ նշված թվերում իրականության պատառիկ չկա: «Երևի նկատի ունեն ՌԴ-ից ինչ-որ ներդրումները, գուցե ՌԴ-ից փոխանցվող տրանսֆերտներն էլ իրենք համարում են ներդրում, նաև 500 մլն վարկը, որ ՌԴ-ն տվեց և 300 մլն-ը արագ հետ ստացավ»,-ասաց նա և նշեց, թե ՌԴ-ի պատժամիջոցներով պայմանավորված և աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին ակնհայտ է, որ դա իսկապես քարոզչական գրոհ է հասարակության որոշ շերտերի համար: 

«Հասկանալի է, որ ՌԴ-ից տրանսֆերտներ են եղել և հասկանալի է, որ դրանք լծակներ են, որոնք պահվում են ՀՀ-ի դեմ օգտագործելու համար։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ՀՀ-ն կարիք ունի նոր օտարերկրյա ներդրումների, որպեսզի տնտեսության ոլորտում կարողանա բարեփոխումներ իրականացնել, որ արտադրության կառուցվածքը կատարելագործի: Իսկ  դրանք գտնվում են ոչ թե ՌԴ-ում, այլ Արևմուտքում, և ՀՀ-ն չի կարողանում օգտվել Արևմուտքի այդ հնարավորություններից, որովհետև ՌԴ-ն հենց նույն ԵԱՏՄ-ի միջոցով սահմանափակումներ է ստեղծում ՀՀ-ի համար, տվյալ դեպքում՝ հանդես է գալիս որպես տնտեսության զարգացման աճի արգելակող գործոն»,- ասաց նա:

Իսկ այն հայտարարությունը, թե արտահանման ծավալներն այս տարի 50 տոկոսով ավելացել են, տնտեսագետը բացատրեց հետևյալ կերպ. «Այդ մասով բավականաչափ հրապարակումներ են եղել, որ մեծ ցուցանիշեր են արձանագրվել այնպիսի արտադրատեսակների գծով, որ նախկինում ՀՀ-ից այդպիսի արտահանում չի եղել: Այսինքն՝ կասկածներ կան, որ այդ ամենը կապված է վերաարտահանման հետ, թուրքական ապրանքներն արտահանվել են ՀՀ-ի անվան տակ, որովհետև համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, երբ արգելք կար»,- ասաց տնտեսագետը։

24.11.2016

Աղբյուրը՝ «Թերթ»