Սակագնի  հետ կապված հարցերը շատ են, մի քանի դրամ իջեցնելով՝ հասարակությունը չի ոգևորվի, առանց այն էլ ռուսական գազի մենաշնորհի հետ կապված մեզ մոտ մեծ դժգոհություններ կան:

Գազի սակագնի նվազումը պոպուլիստական միջոցառում է, այն էական ազդեցություն չի կարող ունենալ։ Tert.am-ի հետ զրուցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը։ Ըստ նրա՝ բազմաթիվ հարցեր կան սակագնի հետ կապված, որոնց պատասխաններ չեն տրվում։

««Գազպրոմ»-ը բարեգործություն չի իրականացնում։ Տարիներ շարունակ բարձր գին եք վճարել, սակագնի նվազեցման գործընթացի հետ կապված թափանցիկություն ու հրապարակայնություն չկա։ Ես համոզված եմ, որ դա նախկինում էլ հնարավոր էր, համոզված եմ, որ «Գազպրոմի» ծախսերն ուռճացված են»,- մանրամասնեց տնտեսագետը։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր պաշտոնապես հաստատել է 2017թ-ի հունվարից սակագինը նվազում է։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար որոշվեց սահմանել 100 հազար դրամ վճար՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար տարեկան 139 հազար դրամ:

Աշոտ Եղիազարյանի դիտարկմամբ՝ ընկերությունը սակագնի իջեցումը կապում էր 4 գործոնների  հետ։ Վրաստանի հետ բանակցում էր, որպեսզի Հայաստան մտնող գազատարի համար վճարի ոչ թե Հայաստան մտնող գազի 10 տոկոսի չափով ֆիզիկական ծավալներով, այլ դրամական միջոցներով։ Երկրորդ գործոնը «Գազպրոմի» ֆինանսական պարտավորությունների և ներդրումների վերանայման, օպտիմալացմանն էր վերաբերում, երրորդը՝ ընկերությունը պետք է քննարկեր Հայաստանի գազի շուկայում իր գործունեության հեռանկարները և չորրորդ կետը, որտեղ նշված է՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից նախատեսվող ֆինանսավորում՝ Հայաստանի բնական գազի սպառման շուկայի կայունացման և աճի միտումների խթանման նպատակն ուներ։

«Պարզ չէ՝ այդ ամբողջը իրականացվե՞լ է, թե ոչ։ Սակագնի  հետ կապված հարցերը շատ են, մի քանի դրամ իջեցնելով  հասարակությունը չի ոգևորվի, առանց այն էլ ռուսական գազի մենաշնորհի հետ կապված մեզ մոտ մեծ դժգոհություններ կան»,- ընդգծեց Աշոտ Եղիազարյանը։

Ըստ տնտեսագետի՝ «Գազպրոմ»-ը տարածաշրջանում շատ անորոշ հեռանկարներ ունի, կարող են Իրանի կողմից գազի հետ կապված նոր նախագծեր ներկայացվել, ինչու չէ՝ նաև Վրաստանի գործոնն անտեսել պետք չէ։

Անի Գևորգյան

25.11.2016

Աղբյուրը՝ «Թերթ»