Եթե ՀՆԱ աճ չկարողանանք ապահովել, իսկ դա արդեն փաստ է, որ հնարավոր չէ աճի ռեսուրսների սահմանափակվածության պայմաններում, դա կնշանակի, որ մենք մոտակա ժամանակներում նույնպես չենք տեսնի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ աճի բարելավում:

ՀՀԿ 16-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի՝ երկրի տնտեսական ոլորտին վերաբերող բարձրագոչ հայտարարությունները հասարակության լայն շերտերում քննարկման թեմա են դարձել: Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, ամփոփելով իր պաշտոնավարման տարիները, հայտարարեց, թե վերջին 9 տարիներին Հայաստանն արձանագրել է ավելի քան 29 տոկոսի աճ, այն դեպքում, երբ Եվրոպայում տնտեսական աճը չի հասել անգամ 9 տոկոսի, նվազագույն աշխատավարձը 20 հազարից հասել է 55 հազար դրամի, թոշակը 2007 թվականի 12 հազար դրամի փոխարեն այժմ 42 հազար է:

Եվ բացի այդ, ըստ Սարգսյանի, վերջին տարիներին էականորեն մեծացել է բնակչության բարեկեցությունը: «Բայց ինչպես ասում են, եթե նախկինում քչով բավարարվում էինք, այսօր ավելի մեծ կարիքներ ունենք: Մարդու էությունն է այդպիսին. շատ բաներ, որոնք արդեն կան, ասենք՝ շուրջօրյա էլեկտրամատակարարում կամ ջրամատակարարում, լուսավորված ու ծաղկազարդ փողոցներ և այլն, մարդիկ սկսում են չնկատել, բայց որևէ բանի բացակայությունը նկատում են միանգամից: Ու սա բնական է, ու սա լավ է: Կարևորը, որ շարունակելու ենք առաջանցիկ աճը՝ ապավինելով մեր ուժերին»,- հայտարարեց Սարգսյանը:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Ս. Սարգսյանի այս հայտարարություններին, նշեց, թե ինչ տնտեսական աճի մասին կարելի է խոսել, երբ Հայաստանն իր տնտեսական աճի ռեսուրսները վաղուց սպառել է: Օրինակ, եթե ժամանակին տնտեսական աճի ռեսուրսներ էին հանդիսանում միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանին ֆինանսավորումը՝ վարկերի տեսքով, որոշակի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներում ներդրումները, օտարերկրյա մասնավոր տրանսֆերտները կամ, ասենք, ներքին արտադրության որոշակի աճը գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում, ապա ժամանակի ընթացքում դրանց աճի ռեսուրսները սպառվեցին:

Աշոտ Եղիազարյան

«Իսկ վերջին տարիներին, ըստ էության, տրանսֆերտների ծավալի կտրուկ անկումը, ու բացի այդ, Հայաստանի պետական պարտքն այնքան է մեծացել, որ այսուհետ դրա հնարավորությունները նույնպես սպառված են: Միակ ճանապարհը, որ Հայաստանը կարող է տնտեսական աճ ապահովել, տնտեսության կառուցվածքի կատարելագործումն է՝ ճյուղային ու համապատասխանաբար նաեւ արտահանման դիվերսիֆիկացումն ու նոր շուկաների լրացումը, ինչը ենթադրում է նոր տեխնոլոգիաներ ու օտարերկրյա ներդրումներ, որոնք հնարավոր է միայն Արեւմուտքից ստանալ, այսինքն այդ ռեսուրսներն ու տեխնոլոգիաները, ինչպես նաեւ շուկաները Արեւմուտքում են, եւ միայն այդ ճանապարհով էր հնարավոր տնտեսական աճ ապահովել՝ ավելի շատ հարաբերություններ ունենալով ԵՄ հետ: Հիմա այս ամենը չկա, ՀՀ-ն ընտրել է այլ ճանապարհ. անդամակցելով ԵՏՄ-ին՝ դրել է իրեն սահմանափակումների ու մեկուսացման մեջ, ու սպասել, որ նման պայմաններում կարող է տնտեսությունում գրանցվել առաջընթաց, դա ուղղակի անհնար է»,- ասաց տնտեսագետը:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ բնակչության բարեկեցությունը բարելավվել է: Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, սակայն, հակառակն է պնդում. ինչպե՞ս կարող է աղքատության ցուցանիշի աճի պարագայում բնակչության բարեկեցությունը բարձրանալ.

«ՀՀ-ն այն տարիներին էլ աղքատության բավականաչափ մեծ մակարդակ ուներ, հիմա էլ ունի, ու ընդհանրապես եթե մենք վերցնում ենք տնտեսության վիճակի կամ բնակչության կենսամակարդակի մասին, ապա որպես ցուցանիշ վերցվում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշը, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշը վերջին տարիներին ոչ միայն չի բարելավվել, այլ նաեւ անկում է արձանագրում, իսկ եթե ՀՆԱ աճ չկարողանանք ապահովել, բարձր աճ, իսկ դա արդեն փաստ է, որ հնարավոր չէ աճի ռեսուրսների սահմանափակվածության պայմաններում, դա կնշանակի, որ մենք մոտակա ժամանակներում նույնպես չենք տեսնի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ աճի բարելավում»,- գտնում է մեր զրուցակիցը:

Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, արտաքին պարտքին էլ անդրադարձավ՝ ասելով, թե այն կատարել է իր հիմնական նպատակը՝ տնտեսությունը դիմագրավել է ֆինանսական անբարենպաստ վիճակին, գումարի հիմնական մասը ներդրվել է հեռանկարային ծրագրերում, օրինակ՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը, անվտանգությունը:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն ասում է՝ իհարկե որոշ ոլորտներում ներդրումներ կատարվել են, սակայն ամբողջությամբ իրենց նպատակին չեն ծառայել. «Արտաքին պարտքի մի մասն ուղղվել է էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացմանը, ընդ որում, դա շնորհիվ միջազգային կազմակերպությունների ու եվրոպական երկրների, կամ, ասենք, փոքր բիզնեսի վարկավորում: Բայց խնդիրը նրանում է, որ դա շատ սահմանափակ է, մենք այդ քայլին գնացել ենք՝ ելնելով ստեղծված անելանելի վիճակից, այլ աղբյուրներ չենք ունեցել, ու պարտքը, որ անընդհատ մեծացել է, հարկադրաբար է եղել, պարտքի նպատակներից մեկն էլ եղել է սոցիալական լարվածությունը, պարզապես ապահովել մինիմալ կենսագործունեությունն ամենօրյա, իսկ ասել, որ այնպիսի ներդրումներ են եղել, որ դրանք ապահովում են երկարաժամկետ կայուն զարգացում, չեմ կարծում, որ ճիշտ է, եթե խոսքը վերաբերում է «Հյուսիս-հարավին», այնտեղ շատ խնդիրներ ունենք, այդ մասին շատ խոսվել է ու շատ գրվել է, ու ընդհանրապես այդ աշխատանքներն ըստ գրաֆիկի չեն ընթանում, մենք այդտեղ չափազանց մեծ դանդաղում ենք արձանագրել, որն ինքնին վատ է»,- եզրափակեց տնտեսագետը:

Հերմինե Մկրտչյան

29.11.2016

Աղբյուրը՝ «Գալա»