Գործնականում իսկապես հնարավոր չէր ազատ տնտեսական գոտիներ ստեղծել, համապատասխան ներդրողներ գտնել ու դառնալ կամուրջ:

2017 թվականի հունվարից Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում արտադրված արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք մուտք կգործի մաքսազերծվելուց հետո միայն: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասել էր, թե ԵՏՄ անդամակցության սկզբում որոշակի ժամկետով հնարավորություն էր ընձեռնվել, որպեսզի ազատ տնտեսական գոտիների արտադրանքը առանց մաքազերծման մուտք գործեր ԵՏՄ, բայց այդ արտոնությունը վերանում  է:

Տնտեսագետ Աշոտ Եղիզարյանը կարծում է, որ սա մեկ բան է նշանակում՝ փուչիկը պայթում է: «Սա նշանակում է, որ այն հայտարարությունները, թե մենք ազատ տնտեսական գոտիներ կունենանք, որոնք գրավիչ կլինեն օտարերկրյա ներդրողների համար, կդառնանք կամուրջ դեպի ԵՏՄ շուկաներ, այդ փուչիկը տեսականորեն արդեն պայթում է: Գործնականում իսկապես հնարավոր չէր ազատ տնտեսական գոտիներ ստեղծել, համապատասխան ներդրողներ գտնել ու դառնալ կամուրջ, գործնականում դա անհնար էր, եթե նույնիսկ այս սահմանափակումը չդրվեր: Բայց սահմանափակումը ևս մեկ անգամ գալիս է ասելու, որ նույնիսկ մոտեցումների ու կարգավորումների առումով այդ ամբողջ հայտարարությունները պարզապես աբսուրդ էին»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Եղիազարյանը:

Ըստ նրա՝ ԵՏՄ-ն հենց նրան համար է, որպեսզի փակ սահմաններով շուկա ստեղծվի, որտեղ հիմնական դերակատարները պետք է լինեն ռուսական ընկերությունները: Եվ այդտեղ ամեն ինչ լինելու է ի շահ Ռուսաստանի ու ռուսական ընկերությունների, որոնք ազատ մրցակցության ու բաց շուկաների պայմաններում չէին կարող իրենց ինտեգրել ու կցել համաշխարհային ընդհանուր շուկաներին:

«Իրենք դա փորձում են անել՝ սահմանները փակելով, փակ սահմանների պայմաններում ճնշմամբ ու հարկադրանքով երկրներին պահել իրենց ազդեցության տակ: Եթե սահմանները բաց լինեն, այսինքն՝ ԵՏՄ սահմանափակումներ չլինեն, իրենք պարզապես ի վիճակի չեն այս երկրներին ազդեցության գոտում պահել, իրենք չունեն ինտեգրող ուժ», հավելեց նա:

03.12.2016

Աղբյուրը՝ «Լրագիր»