Հայաստանը չի կարող անընդհատ կախվածություններից միայն խոսել և չխոսել ինքնուրույն քայլերի մասին:

Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Չնայած նրան, որ Հայաստանը ԵՏՄ անդամ երկիր է, փորձում է շարունակել « և-և»-ի քաղաքականությունը, սակայն այլևս հնարավոր չէ ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիր: Ի՞նչ պայմանագիր կարող է ստորագրվել ՀՀ-ԵՄ բանակցությունների արդյունքում: Այս հարցին ի պատասխան՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՄԱՀՀԻ-ի փորձագետ Գևորգ Մելիքյանը նշեց. «Դեռևս բանակցություններն ընթացքի մեջ են, մի քանի օրից կլինի բանակցային գործընքացի 7-րդ փուլը, որտեղ հիմնականում խոսելու են քաղաքական բաղադրիչի մասին: Տնտեսական բաղադրիչը, կարծում եմ, մեծապես տուժել է 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշումից հետո»:

«Բանակցության ամենակարևոր խնդիրն այն է, որ կարողանան ներդաշնակեցնել Հայաստանի այօրվա արտաքին քաղաքական իրողությունը, այն է՝ ԵՏՄ անդամ լինելը ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում, ինչը շատ դժվար է լինելու, մանավանդ որ, որքան մենք գիտենք, Հայաստանը առաջարկում է այդ փաստաթղթում ներառել մի կետ, որտեղ պետք է սևը սպիտակի վրա նշված լինի, որ որևէ փաստաթուղթ, որ ստորագրվում է ԵՄ-ի հետ, պետք է հակասության մեջ չլինի ԵՏՄ-ի հետ կնքված բոլոր փաստաթղթերի հետ, ինչը, ըստ էության, անընդունելի է եվրոպական կողմի համար: Բայց մյուս կողմից՝ եվրոպական կողմը շահագրգռված է, որպեսզի Հայաստանին պահի իր ծիրի մեջ, և միգուցե շատ լավ տեսնելով Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի օրինակները, այլևս չի փորձի կտրուկ քայլեր անել, ավելի ճկուն կլինի, ինչից կօգտվի հայկական կողմը: Այսինքն՝ ինչ-որ տեղ, կարելի է ասել, որ հայկական կողմը ռուսական կողմի առաջարկած ձևաչափի մեջ կարողանում է  «մարսել» այն, ինչ կատարվեց 3 տարի առաջ, ինչը, ըստ իս, լրջորեն պետք է վերանայվի, քանի որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չպետք է դառնա ռուսական քաղաքականության սպառողը կամ սպասարկողը»,- նշեց փորձագետը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ-ԵՄ հարաբերությունների բարելավման բանալին գտնվում է Հայաստանից դուրս, Գ. Մելիքյանը նշեց. «Մենք երկու խնդիր ունենք. առաջինը կապված է Ռուսաստանի հետ. Ռուսաստանը մեծ հավակնություններ ունի քաղաքական դաշտում, բայց ամենակարևոր բանալին, իհարկե, Հայաստանի ներսում է, և Հայաստանի քաղաքական իշխանության, որոշումներ կայացնողների և արտաքին քաղաքականությունը մշակողների տեսլականներն են կարևոր. Հայաստանը չի կարող անընդհատ կախվածություններից միայն խոսել և չխոսել ինքնուրույն քայլերի մասին, որքան էլ այդ կախվածությունը ունենա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներ»:

Գ. Մելիքյանի խոսքով՝ Հայաստանը մեծապես սխալված կլինի, եթե որևէ պատճառաբանությամբ իր ձեռքից բաց թողնի եվրոպական վեկտորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

10.12.2016

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»