2 տոկոս տնտեսական աճը, իհարկե, լավ ցուցանիշ չէ, եւ ներկա բացասական միտումների պայմաններում 2 տոկոս աճը նույնպես կասկածելի է: Բացի այդ կարեւորը ՀՆԱ-ի աճը չէ, այլ Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը:

«Սպառել ենք աճի ռեսուրսները»

Որքան ցածր է լինում որեւէ երկրի տնտեսական աճը, այնքան տվյալ երկրում բարձր է  գործազրկության եւ ցածր կենսամակարդակը:

Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանն aysor.am-ի հետ զրույցում նշել է, որ ՀՀ տնտեսությունն անկում է ապրում եւ կան պաշտոնական տվյալներ, որ այս տարվա երրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանի տնտեսության անկումը կազմել է 2,8 %՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ:

Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետը նշել է նաեւ, որ այդ տեսանկյունից իրենք եւս վերանայում են իրենց կանխատեսումները:

«Դեռեւս հոկտեմբերին 2016 թվականի տնտեսական աճի վերաբերյալ մեր սպասելիքները դրական էին՝ 2,4 %: Այդ բազայի հիման վրա կանխատեսում էին 2,8 %` 2017 թվականի համար: Սակայն այս պահին ունենալով հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալները, որը ցույց է տալիս ընդամենը 0,4 տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ մեր վերանայված կանխատեսումները, որոնք դեռեւս հրապարակված չեն, ցույց են տալիս, որ լավագույնը 0 %-ն է կամ որեւէ դրական տնտեսական աճ չի նախատեսվում 2017 թվականի համար»,-ասել է ՀԲ ավագ տնտեսագետը:

Թեմայի վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է տնտեսագետ Զոյա Թադեւոսյանի հետ:

-2016 թվականի համար Համաշխարհային բանկը կանխատեսել էր 2.2% տնտեսական աճ, սակայն այն վերանայվել է, քանի որ հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով, ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված վիճակագրության, տնտեսական աճը կազմել է 1.6%, ինչը հիմք է տալիս պնդելու, որ տարին կփակվի տնտեսական աճի առավելագույնը 2.0% մակարդակով: Կանխատեսումները, որպես կանոն, արվում են հետաքրքրող ցուցանիշների պատմական շարքի հիման վրա, ուստի ընթացիկ տարվա պակաս ցուցանիշը փաստում է, որ հաջորդ տարվա վերաբերյալ ՀԲ կանխատեսումները պետք է վերանայվեին: 2017 թվականին 2% տնտեսական աճը, լավատեսական սցենարի շրջանակներում, ավելի իրատեսական է: ՀԲ հայաստանյան գրասենյակի փորձագետները նաեւ այն կարծիքն են հայտնել, որ այս տարի հնարավոր է նաեւ 0-ական աճ: Այնպես, որ հնարավոր է հաջորդ տարում կանխատեսված 2 տոկոսն էլ իրականություն չդառնա,-պարզաբանում է տիկին Թադեւոսյանը:

Նրա բնորոշմամբ` ամեն դեպքում, պաշտոնական վիճակագրությունը երբեք ստույգ չի եղել, ուստի հակված է հավատալու միջազգային փորձագետներին, քանի որ տնտեսական աճի գործոնների, այն է՝ աշխատանքային ռեսուրսների, հիմնական կապիտալի եւ տնտեսական շրջանառության մեջ ներգրավված ռեսուրսների քանակական եւ որակական աճ տեղի չի ունեցել:

«Ինչպե՞ս կարելի է տնտեսական աճ ակնկալել մի երկրում, որտեղ աղքատության մակարդակը հասնում է 80%-ի: Աղքատությունն արդեն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հիմնական ինդիկատորն է: Էլ չեմ խոսում միգրացիայի, կապիտալի փախուստի, ներդրումների եւ միակողմանի մասնավոր տրանսֆերտների կտրուկ կրճատման մասին:  2% տնտեսական աճը զարգացող երկրի համար հավասարազոր է ստագնացիային, այսինքն` մեզ սպասվում է կենսամակարդակի անկում, գործազրկության աճ եւ աշխատավարձի մակարդակի նվազում»:

Իսկ թե տնտեսական աճի ինչպիսի՞ ցուցանիշի առկայության պայմաններում կարող ենք ասել, որ այն դրական ազդեցություն է ունենում մեր երկրի զարգացման, կենսամակարդակի բարելավման վրա, զրուցակիցս պատասխանում է.

-Տնտեսական կայուն աճ ապահովելու համար անհրաժեշտ են ֆինանսական ռեսուրսներ, ներդրումներ, անկախ նրանից դրանք ներքի՞ն են, թե՞ օտարերկրյա: Որպես կանոն, ՀՆԱ-ի համեմատությամբ նույնածավալ ներդրումները զարգացող երկրներում աճի ավելի բարձր տեմպեր են ապահովում, քան զարգացածներում: Այդ իրավիճակը  հայտնի է «արագ ստարտի էֆեկտ» անվանումով, ըստ որի, այլ հավասար պայմաններում, զարգացման ցածր մակարդակ ունեցող երկրներում ձեւավորվում են տնտեսական աճի ավելի բարենպաստ պայմաններ, այսինքն կապիտալի յուրաքանչյուր միավորից ստացված հատույցն ավելի մեծ է լինում: Այդպիսի պատմական օրինակ կա: ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան 31 տարիների ընթացքում ներդրումների են վերածել ՀՆԱ-ի միեւնույն բաժինը, սակայն ԱՄՆ-ում միջինը գրանցվել է 2%, իսկ Հարավային Կորեայում` 6% աճ: Այստեղից հետեւություն. եթե ներդրումային բարենպաստ միջավայր լինի եւ ներդրումներն ակտիվանան, ապա 6 եւ ավել տոկոս տնտեսական աճ հնարավոր կլինի ապահովել: Միեւնույն ժամանակ, բնակչության կենսամակարդակի բարելավումն էլ հնարավոր կլինի, եթե նման տնտեսական աճ հնարավոր լինի պահպանել առնվազն 15-20 տարի: Հարավ-արեւելյան Ասիայի «վագրերը» տասնամյակներ շարունակ պահպանում էին 6-9% տնտեսական աճ:

Ըստ տիկին Թադեւոսյանի` այս ամենը հարցերի ակադեմիական պատասխանն է, բայց, ցավոք, մեր իրականությունում, տնտեսական հիմնախնդիրները քաղաքականից անկախ` պարզապես լուծում չունեն: Տնտեսական աճի քաղաքական հենարանը ժողովրդավարությունն է:

«Չկա ժողովրդավարություն, չկա տնտեսական աճ, կենսամակարդակ եւ բարեկեցիկ կյանք: Ժողովրդավարության հաստատումը բոլորիս պատասխանատվության շրջանակներում է»,-հավելում է Զ.Թադեւոսյանը:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն էլ «Ասպարեզի» հետ զրույցում տեսակետ է հայտնում` ասելով, որ 2 տոկոս տնտեսական աճը, իհարկե, լավ ցուցանիշ չէ, եւ ներկա բացասական միտումների պայմաններում (եթե իրավիճակի փոփոխություն տեղի չունենա) 2 տոկոս աճը նույնպես կասկածելի է: Բացի այդ, ըստ տնտեսագետի, կարեւորը ՀՆԱ-ի աճը չէ, այլ Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը:

-Գործնականում հնարավոր չէ ասել՝ որքան պետք է լինի աճը, որ զարգացում լինի: Բնական է, որքան բարձր, այնքան լավ: Ի դեպ, աճ կարող է լինել, բայց տնտեսական զարգացում՝ ոչ: Աճն ու զարգացումն այնքան էլ նույնական չեն: Հիմա խնդիրը նրանում է, որ մենք սպառել ենք աճի ռեսուրսները: Կարծում եմ, որ կարեւորը հիմա ինքնիշխանության վերականգնումն է: Դա է օրակարգի հիմնական հարցը: Այս իմաստով ավելորդ եմ համարում քննարկել, թե ինչքան պետք է լինի տնտեսական աճը: Հիմա Հայաստանը փաստացի վերածվել է Ռուսաստանի տնտեսական, քաղաքական եւ անվտանգության տարածքի մասի,-ասում է Ա.Եղիազարյանը:

Անահիտ Սիմոնյան

15.12.2016

Աղբյուրը՝ «Ասպարեզ»