Դրամի կուրսի կայունության վրա ազդում է երկու գործոն՝ ներմուծման էական կրճատումը և երկրորդը՝ պետական պարտքի ծավալների ավելացումը վերջին երկու տարվա ընթացքում:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյան ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյան

2014 թվականին դրամի կտրուկ արժեզրկումից հետո առ այսօր դրամի կուրսը հարաբերականորեն կայուն է, ինչի վրա ազդում է երկու գործոն՝ ներմուծման  չափերի էական կրճատումն ու պետական պարտքի ծավալների ավելացումը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, անդրադառնալով հայկական դրամի կուրսի կայունությանը՝ ի տարբերություն հարևան երկրների ազգային արժույթների արժեզրկման:

«Դրամի կուրսի կայունության վրա ազդում է երկու գործոն՝ ներմուծման էական կրճատումը, ինչը նշանակում է, որ կրճատման չափին հավասար արտարժույթ երկրից դուրս չեն հանում և երկրորդը՝ պետական պարտքի ծավալների ավելացումը վերջին երկու տարվա ընթացքում, ինչը նշանակում է, որ Հայաստանը դրսից արտարժույթ է ներգրավում»,- ասաց Եղիազարյանը:

Հարցին, թե ինչը կարող է դրամի կուրսի կտրուկ արժեզրկման պատճառ դառնալ, և այսօր կա՞ն նման գործոններ, տնտեսագետը պատասխանեց, որ նման ազդեցություն թողնելու առաջին գործոնը կապիտալի արտահոսքն է. «Սա նշանակում է, որ երկրից ավելի շատ արտարժույթ է դուրս հոսում և, բնականաբար, այսուհետ կսկսի ազդել կուրսի վրա պետական պարտքի սպասարկումը, որն արվում է դոլարով:  Դրանք գործոններ են, որոնք կարող են նպաստել դրամի արժեզրկմանը»:

Տնտեսագետն ասաց, որ այս պահի դրությամբ Կենտրոնական բանկն իր գործիքների ու դրամավարկային քաղաքականության շնորհիվ կարգավորում է դրամի կուրսը, բայց պահուստները կարող են սպառվել:

Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ ԿԲ-ի արտաքին հատվածի վիճակագրության համաձայն՝ հոկտեմբեր ամսվա դրությամբ պետական պահուստները եղել են  սովորական մակարդակի վրա՝ մոտ 1 մլրդ  800 մլն դոլար, նոյեմբերի դրությամբ պահուստային ֆոնդը նվազել է 90 մլն դոլարով:

Հիշեցնենք, որ 2014-ին նավթի գների անկման, դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկման ու Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների հետևանքով դրամը դոլարի նկատմամբ մեկ ամսվա ընթացքում արժեզրկվեց 10,3%-ով:

Բեթղեհեմ Արաբյան

18.12.2016

Աղբյուրը՝ «Թերթ»