Տրանսֆերտները շարունակում են կրճատվել, կապիտալի արտահոսք կա, օտարերկրյա ներդրումները կրճատվել են, պետական պարտքի սպասարկումը՝ մեծացել: Սա գործոնների այն խումբն է, որը բերում է դրամի արժեզրկմանը: 

Այս փուլում Հայաստանում նկատելի է դրամի կուրսի վրա ճնշում, իսկ այդ ճնման պարագայում դրամը թուլանում է: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը:

«Տրանսֆերտները շարունակում են կրճատվել, կապիտալի արտահոսք կա, օտարերկրյա ներդրումները կրճատվել են, պետական պարտքի սպասարկումը՝ մեծացել: Սա գործոնների այն խումբն է, որը բերում է դրամի արժեզրկմանը: Իսկ անցած տարիներին դրամը համեմատաբար կայուն է մնացել՝ կապված նրա հետ, որ մենք ներմուծումն ենք կրճատել, արտաքին պարտքեր ենք վերցրել: Դրանք նպաստել են կայունությանը: Իսկ հիմա արտաքին պարտք սկսել ենք քիչ վերցնել, բայց սպասարկումը չի կրճատվում, ավելանում է, դա թուլացնում է դրամը, որովհետև դոլարով պարտքերն են մարում»,- ասաց տնտեսագետը:

Ըստ նրա՝ ենթադրվում է, որ առաջիկայում դրամի վրա ճնշումը կմեծանա: Իսկ արտաքին պարտքի սպասարկումն էլ ավելի կդժվարանա, եթե դրամն արժեզրկվի:

«Մենք 2014-ի դրամի արժեզրկումից հետո ի՞նչ արեցինք, աղքատացանք, մեր ներմուծումը կրճատվեց: Այսինքն՝ մենք քիչ ծախսեցինք, մեզ քիչ դոլար պետք եղավ ծախսելու, սահմանափակեցինք մեր դոլարային սպառումը, դրա համար դրամի կուրսը չշարունակեց արժեզրկվել: Միաժամանակ, որոշակի չափով տրանսֆերտների կրճատումը փոխհատուցվեց արտաքին պարտքի ներգրավման միջոցով, այսինքն՝ մենք դոլար ներգրավեցինք հանրապետություն, դա պահեց կուրսը: Իսկ հիմա, եթե պետք է երկրից դոլար դուրս գա, արդեն իսկ կապիտալի արտահոսք կա, տրասնֆերտները նորից շարունակում են կրճատվել, օտարերկրյա ներդրումները կրճատվում են, բնականաբար, դրամը պետք է արժեզրկվի: Դա կհանգեցնի մեկ ուրիշ ցիկլի՝ մեր ներմուծումը կարող է էլ ավելի պակասել, այսինքն՝ մենք նորից կաղքատանանք: Այդկերպ նորից դրամը կարող է հարաբերական կայունություն ունենալ: Բայց արդյոք վտանգավո՞ր չէ այդ աղքատության մակարդակի իջեցումը, արդյոք մենք կարո՞ղ ենք շարունակաբար նվազեցնել սպառումը”, նշեց նա:

Տնտեսագետի խոսքով՝ երբ ուսումնասիրում ենք Կենտրոնական բանկի միջազգային պահուստները, տեսնում ենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին ցածր մակարդակի վրա չեն եղել պահուստները՝ 1 մլրդ 830 մլն դոլար են կազմել: Սա, Եղիազարյանի խոսքով, վատ ցուցանիշ չէ, այսինքն՝ կարելի է նորմալ գնահատել պահուստների վիճակը: Բայց նոյեմբերին մոտ 80-90 մլն-ով արդեն պակասել է այդ ցուցանիշը: Այսինքն՝ ստացվում է, որ դրամի կայուն կուրսը հնարավոր է պահել միայն պահուստների հաշվին: Դա, ըստ տնտեսագետի, վտանգավոր միտում է:

«Եթե մի քանի ամիս շարունակ դա լինի և մեծ ծավալներով փորձ արվի պահուստների հաշվին պահպանել կուրսը, այդ ժամանակ պահուստներն են սկելու պակասել: Իսկ դրամավարկային կայունության համար շատ կարևոր է պահուստների մակարդակի պահպանումը», հավելեց նա:

Ռոզա Հովհաննիսյան

19.12.2016

Աղբյուրը՝ «Լրագիր»