Մենք կարող ենք ասել, որ զարգացում չենք ունենա, քանի դեռ ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում էական նշանակություն ունի ՌԴ-ը, տնտեսական համագործակցության հարցերում նույնպես վերահսկում է Մոսկվան։ 

Այս օրերին մամուլի եւ հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրության կիզակետում հայտնված ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որը հիշեցնում է 1997թ․ իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածում առաջ քաշած թեզերը, կարող է բանավեճ հրահրել նաեւ տնտեսագետների շրջանում։ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում, ինչպես 1997թ․, խոսել է տնտեսական շրջափակումներից դուրս գալու անհրաժեշտության մասին՝ հիշեցնելով 10 տարի արտգործնախարար աշխատած, իսկ այսօր «Համախմբում» հավակնոտ անվամբ քաղաքականություն մուտք գործած Վարդան Օսկանյանի՝ «100 տարի էլ շրջափակումների մեջ կապրենք» թեւավոր դարձած արտահայտությունը։ «Փաստն այն է, որ ժողովրդագրական, տնտեսական եւ ռազմական առումներով 1998 թվականին մենք ունեինք մի երկիր, իսկ այսօր ապրում ենք բոլորովին մի այլ երկրում»,- ահազանգում է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ 

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կարծում է, որ հիմնովին սխալ մոտեցում է Հայաստանի տնտեսության զարգացումը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով։ «Ընդհանրապես սխալ են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները, որոնք, մեծ մասամբ այսօրվա Հայաստանի մոտեցումներն են։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը միշտ, ըստ էության, ԼՂ հարցը պահել է որպես գործիք Հարավային Կովկասում։ Ես նկատի ունեմ Ռուսատանին, եւ կարող եմ երկու սկզբունքային պահ նշել, որից պարզվում է, որ մեզ անընդհատ պահում է պատերազմական իրավիճակում, այլ ոչ թե մոտեցնում է խաղաղությանը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցմամբ դա արդեն այլընտրանք է դառնում ոչ թե խաղաղության եւ պատերազմի միջեւ, այլ երկիրը պատերազմի հասցնել, որովհետեւ միակ երկիրը՝ ՌԴ-ն է, որ զենք վաճառեց Ադրբեջանին եւ առանց որի աջակցության Ադրբեջանը չէր կարող գնալ էսկալացիայի։ Այսինքն՝ Ադրբեջանի նման պետությունը չի պատերազմի, եթե նա չունենա քաղաքական աջակցություն ավելի ուժեղ պետության կողմից։ Իսկ այդ դեպքում, երբ համանախագահող երկրներից մեկը քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, այդ դեպքում ոչ թե խաղաղություն է առաջարկում, այլ պատերազմի մշտական սպառնալիքի մեջ է պահում Հայաստանին։ Այսպիսի պայմաններում մենք կարող ենք ասել, որ զարգացում չենք ունենա, քանի դեռ ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում էական նշանակություն ունի ՌԴ-ն, տնտեսական համագործակցության հարցերում նույնպես վերահսկում է Մոսկվան։ Ըստ էության, նա վերահսկել է նաեւ նախկինում, իսկ այսօր արդեն դե յուրե՝ ստեղծելով Եվրասիական տնտեսական միությունը։ Այսինքն՝ եւ՛ տնտեսական դաշտում, եւ՛ քաղաքական դաշտում, եւ՛ ԼՂ հարցում՝ ԼՂ ճանաչում, դաշնակիցների ձեռքբերում, բոլոր հարցերը պետք է դիտարկել միասին, ոչ թե անջատ-անջատ։ Խնդիրն այն է, որ մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը, եւ մենք պետք է կարողանանք դուրս գալ Մոսկվայից կախյալ վիճակից։ Եվ դա այնքան ցայտուն է դրսեւորվել 2016թ․, որ չեմ կարծում, թե առաջացրել է հարցականներ»,- ասաց Աշոտ Եղիազարյանը։

Տնտեսագետին հիշեցրինք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր, թե ԼՂ հիմնախնդրի լուծման բանալին գտնվում է ՌԴ-ի ձեռքում։ «Այդ բանալին մեզ պահելու է ռազմական սպառնալիքի տակ, պետք է դրանից ազատվել, որ առաջընթաց ունենանք թե՛ ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման, թե՛ տնտեսության հարցում»,- արձագանքեց Աշոտ Եղիազարյանը։

Թագուհի Հակոբյան

20.12.2016

Աղբյուրը՝ «Հրապարակ»