Ինչպես Կազանի փաստաթուղթը, այնպես էլ Մադրիդյան սկզբունքների շուրջ ձևավորված ողջ բանակցային գործընթացը ենթադրում է տարածքների վերադարձ։ Այլ հարց է, թե ինչ պայմաններով, որ պահին, և թե Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը որքանով անվտանգ կլինեն, եթե այդ տարածքների հարցը լուծվի:

Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Տարածքների հանձնման հարց միշտ եղել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային սեղանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ Գևորգ Մելիքյանը՝ անդրադառնալով քննադատությունների այն հատվածին, որոնք վերաբերում են Տեր-Պետրոսյանի՝ ԼՂ հակամարտությունը փոխզիջումային տարբերակով կարգավորելու անհրաժեշտությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ համագումարում հայտնվել է քաղաքական դաշտի, փորձագիտական հանրության քննարկումների, մասնավորապես՝ քննադատությունների թիրախում։ ՀԱԿ ղեկավարի, ըստ էության, նախընտրական, ծրագրային ելույթի մեխը Ղարաբաղյան հակամարտությունն էր:

«Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցն ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղաադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ «փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը, ապացուցված պատմական անթիվ օրինակներով, վիճարկելի չէ։

Գևորգ Մելիքյանն ասաց, որ, ըստ էության, Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը չի տարբերվում այն դրույթներից, որոնք այսօր դրված են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային սեղանին, ինչպես առաջին նախագահն իր ելույթում նշեց։

«Շատ լավ հիշում ենք Սերժ Սարգսյանի՝ վերջերս տված հարցազրույցը, որտեղ նա խոսեց յոթ շրջանների հանձնման մասին։ Դրանից առաջ եղել է Կազանյան փաստաթղթի վերաբերյալ քննարկումը: Ինչպես Կազանի փաստաթուղթը, այնպես էլ Մադրիդյան սկզբունքների շուրջ ձևավորված ողջ բանակցային գործընթացը ենթադրում է տարածքների վերադարձ։ Այլ հարց է, թե ինչ պայմաններով, այլ հարց է՝ որ պահին, այլ հարց է, թե Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը որքանով անվտանգ կլինեն, եթե այդ տարածքների հարցը լուծվի, կամ արդյո՞ք պետք է սկզբում անվտանգության հարցը լուծել, հետո՝ տարածքների։

Որևէ մեկը չի ցանկանում տարածքներ զիջել, սակայն ի՞նչ են առաջարկում այն անձինք, որոնք դեմ են հողերը հանձնելուն։ Այսինքն՝ մենք կանգնած ենք փակուղու առջև, երբ ներքին լարվածությունը չափազանց մեծ է, այս պայմաններում հասկանալի է, որ փորձագիտական, քաղաքական դաշտը տարբեր պատճառաբանություններով դեմ է հողեր հանձնելուն, սակայն մյուս կողմից՝ դեմ դիրքորոշում հայտնողները չեն առաջարկում կոնկրետ քայլեր՝ եթե չեն վերադարձվում տարածքները, ապա Հայաստանը, ԼՂ-ն, որպես փոխզիջում, ի՞նչ կարող է առաջարկել՝ հողերի փոխարեն։

Եթե հայկական կողմը զիջումներ չի նախատեսում, ապա ինչպե՞ս է ընդհանրապես տեսնում ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով»,- նման հարցեր բարձրացրեց Գևորգ Մելիքյանը։ Նրա համոզմամբ, խնդիրն այն է, որ այսօր դաշտը բաժանված է երկու հատվածի՝ հողեր հանձնելուն կողմ և դեմ դիրքորոշումներ, մի հատվածը մյուսին քննադատում է հողեր հանձնելու, դավաճանության մեջ, մյուս հատվածը համարում է, որ հողերի հանձնումը կարգավորման միակ տարբերակն է, ստացվում է, որ դիսկուրսը հակասությունների վրա է հիմնված, քան համաձայնությունների։ Ըստ նրա, կարելի է բերել հազարավոր բացատրություններ, թե ինչու պետք չէ հողեր հանձնել, ինչը հասկանալի է, սակայն պետք է ներկայացնել նաև այն, թե ինչ քայլեր պետք է արվեն հողեր չհանձնելու դեպքում։

«Խնդիրը Լևոն Տեր-Պետրոսյանը չէ, խնդիրը ՀՀ արտաքին քաղաքականության խճճվածությունն է։ Եթե հայկական կողմը չի ցանկանում որևէ հող, տարածք հանձնել, դա իր իրավունքն է, պետք է հայտարարի դրա մասին, եթե ցանկանում է հանձնել, կրկին պետք է հայտարարի, որպեսզի հասարակության շրջանում ևս այդ դիսկուրսը բարձրանա։ Երբ Ռուսաստանը զենք է վաճառում և շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, այդ մասին բարձրաձայնվում է և ասվում, որ դա լավ չէ, իսկ այս դեպքում չկա դիսկուրս, որպեսզի քննարկենք։

Խոսվում է Մադրիդյան սկզբունքների անկատարության մասին, ԼՂ բանակցային գործընթացի փակուղային իրավիճակի մասին, խոսվում է այն մասին, որ հայկական կողմը չի կարողանում տարրական մեխանիզմների հարցում պայմանավորվածություն ստանալ Ադրբեջանից, բայց փորձում է հասնել ավելի գլոբալ հարցերի կարգավորման, որին փաստացի Ադրբեջանը չի համաձայնում։ ԼՂ հարցում հայկական կողմը հայեցակարգային մոտեցում պետք է ունենա և հայտարարի, թե ԼՂ հակամարտության կարգավորումը հայկական կողմի համար ինչպիսին պետք է լինի»,- ասաց Գ. Մելիքյանը։

Փորձագետը շեշտեց, որ տարածքների վերադարձի հարցը միշտ է եղել բանակցային գործընթացում։ Ըստ նրա, ժամանակ առ ժամանակ հայկական կողմը խոսել է տարածքների վերադարձի մասին, եթե լինեն այս կամ այն նախապայմանները՝ Ադրբեջանը ճանաչի ԼՂ անկախությունը, ԼՂ միջանկյալ կարգավիճակը հնարավորություն տա Ադրբեջանի, Հայաստանի և ԼՂ-ի միջև որոշակի անվտանգության հարցեր կարգավորել, որից հետո խոսել ճանաչման մասին։

«Բայց տարածքների հարց դրված է եղել ի սկզբանե, երբ սկսվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, երբ ԼՂ մարտերը ընթանում էին ԼՂ տարբեր հատվածներում, այն ժամանակ՝ ԼՂԻՄ-ի տարածքներից դուրս։ Այսինքն՝ տարածքային զիջմամբ կարգավորումն այս 25 տարիների բյուրեղացումն է եղել։ Բայց քաղաքական դիսկուրսում երբեք չեք լսի այդ մասին։ ԼՂ հակամարտության դեպքում հողերի հանձնման մասին չեն խոսում, երբ դա քննարկվել է բանակցային բոլոր փուլերում»,- հստակեցրեց Մելիքյանը։

Նրա որակմամբ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն աժիոտաժ առաջացնող քաղաքական գործիչ է։ «Ես չեմ ուզում քննարկել՝ դավաճան է, դավաճան չէ, ես ուզում եմ ավելի խորքային քննարկենք՝ եկեք հասկանանք ԼՂ հակամարտության լուծման տարբերակը։ Մոռանում ենք ամեն ինչ՝ ԵԱՀԿ ՄԽ, ադրբեջանական, հայկական կողմ, հայկական կողմն ի՞նչ է առաջարկում, ո՞րն է մեր ճանապարհը։ Նման դիսկուրսներ չպետք է լինեն, դավաճանների ու հերոսների խնդիր չպետք է դնենք, անընդհատ բաժանումներ չպետք է դնենք, պետք է քննարկենք՝ ո՞րն է ԼՂ հակամարտության հայանպաստ լուծումը։ Ես հարց եմ տալիս՝ ԼՂ հակամարտության կարգավորումն ինչպե՞ս է տեսնում հայկական կողմը։

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը հայտնվել է փակուղում և ճահճում, այդ թվում՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը, մնացել է 1990-ական թթ.-ում, առաջընթաց չի ապրել, իսկ Ադրբեջանը կատարելապես օգտագործում է այդ իրավիճակը, ՀՀ-ն, ԼՂ-ն գլոբալ առումով լեգիտիմացնում են Ադրբեջանի դիրքորոշումը, ցույց են տալիս, որ խնդիրը չունի լուծում խաղաղ ճանապարհով, եթե ոչ խաղաղ, ապա ռազմական ճանապարհով։ Եթե մենք պնդում ենք, որ հող չենք հանձնելու, դա ենթադրում է պատերազմ, Հայաստանը գնո՞ւմ է պատերազմի, ո՛չ։

Այսինքն՝ ուզում է ոչինչ չանի և ԼՂ հակամարտությունն ամբողջությամբ հայանպաստ լուծման հանգեցնի՝ դրա համար չանելով քայլեր։ Ամփոփելով՝ նշեմ, որ պետք է հստակեցնենք, թե ինչպես ենք տեսնում ԼՂ հակամարտության հայանպաստ կարգավորումը»,- ասաց Գևորգ Մելիքյանը։

Արաքս Մարտիրոսյան

20.12.2016

Աղբյուրը՝ «168 ժամ»