Մոսկվան ուզում է կոշտացնել քաղաքականությունը ընդհանուր այդ մաքսային միության սահմաններում, թելադրել, որ իր գործընկերներն իրականացնեն միասնական առևտրային քաղաքականություն:

Դոկտոր Աշոտ եղիազարյան, ՄԱՀՀԻ փորձագետ Դոկտոր Աշոտ եղիազարյան, ՄԱՀՀԻ փորձագետ

ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: «Գուցեև Մոսկվայի տեսանկյունից այս փաստաթուղթը ծանր փաստաթուղթ է: Հետխորհրդային տարածքում մաքսային միություն ստեղծվել է դեռևս 1995թ-ին՝ Ռուսաստանի, Բելառուսի և Կենտրոնական Ասիայի 4 երկրների հետ: Բնականաբար այն ժամանակ Ռուսաստանը շատ թույլ էր, և այդ երկրներն իրականացնում էին բազմավեկտոր քաղաքականություն, և այդպես էլ հետխորհրդային տարածքում ընդհանուր մաքսային միություն չի ձևավորվել:

Նման փորձ արվել է նաև 2009-ին՝ ստեղծվել է միասնական մաքսային տարածք Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև, և արդեն կար խնդիր, թե նշված երեք երկրները ինչ հարաբերություններ պետք է վարեն Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, և առաջինը Ռուսաստանը խախտեց պայմանավորվածությունը՝ 2012-ին դառնալով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ»,- նշեց Ա. Եղիազարյանը:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ Մաքսային օրենսգիրքը կարող է Հայաստանի համար ունենալ ռիսկեր: «Մոսկվան ուզում է կոշտացնել քաղաքականությունը ընդհանուր այդ մաքսային միության սահմաններում, թելադրել, որ իր գործընկերներն իրականացնեն միասնական առևտրային քաղաքականություն»:

Հայաստանի մասով, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ընդունման դեպքում, ըստ տնտեսագետի, հնարավոր է սպառնալիքներ առաջանան՝ կապված Վրաստանի, Իրանի հետ առևտրային հարաբերությունների հետ: «Հնարավոր է նաև, որ սպառնալիքներ առաջանան Հայաստան-Ղարաբաղ սահմանին: Որոշակի մարտահրավեր է նաև ՀՀ-ԵՄ շրջանակային փաստաթղթի ստորագրման և կենսունակության համար»,- նշեց տնտեսագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

29.12.2016

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am»