Ադրբեջանը մեծ, գլոբալ առումով շահագրգռված չէ պատերազմ սկսելու․ պատերազմ, որի արդյունքում ինքն ավելի շատ կկորցնի, քան կշահի, իսկ ոտնձգություններ մենք  պարբերաբար տեսնում ենք:

Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Գևորգ Մելիքյանը  Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ տոնական օրերին ղարաբաղաադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանում միշտ իրավիճակն ավելի վտանգավոր է լինում, քանի որ, ըստ նրա, ենթադրվում է, որ զինվորականները հանգիստ են, նշում են տոնական օրերը:

«Բայց հասկանալի, որ այդ օրերին բանակի պատրաստվածությունը շատ ավելի բարձր մակարդակի է բերվում: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը միշտ էլ պատրաստ են այս օրերին դիմակայել ցանկացած ոտնձգության: Այլ հարց է՝ արդյոք հնարավոր է, որ դրանք լինեն»,- նշեց Գևորգ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Ըստ պաշտպանության նախարարության տրամադրած տվյալների՝ հայկական կողմը ունեցել է 3 զոհ, ադրբեջանականը՝ 7:

Փորձագետը հիմա նախադրյալ չի տեսնում, որ ղարաբաղաարդրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն ստեղծվի: «Թեև ես միշտ հայտնել եմ կարծիքս, որ Ադրբեջանը մեծ, գլոբալ առումով շահագրգռված չէ պատերազմ սկսելու․ պատերազմ, որի արդյունքում ինքն ավելի շատ կկորցնի, քան կշահի, իսկ ոտնձգություններ մենք  պարբերաբար տեսնում ենք»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ սահմանի որոշ հատվածներում լարվածություն կնկատվի:

Գևորգ Մելիքյանի խոսքով՝ այստեղ պետք է շատ կարևոր համարել այն հարցը, թե արդյոք կողմերը պատրա՞ստ են գնալու խաղաղության ճանապարհով, գտնելու խաղաղությունը: «Սա պետք է դառնա 2017 թվականի մեր արտաքին քաղաքականության օրակարգի ամենակարևոր կետերից: Ոմանք այդ խաղաղության հասնելը մի փորք այլ կերպ են մեկնաբանում. խաղաղության հասնել չի նշանակում զիջումներ անել, գնալ խաղի այն կանոններով, որ քեզ կթելադրեն»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է ձգտել խաղաղության և՛ Հայաստանոում, և՛ Լեռնային Ղարաբաղում:

Փորձագետի խոսքով՝ խաղաղության հասնելու ճանապարհին պետք է անպայմանորեն ներգրավենք Լեռնային Ղարաբաղին․«Նրանք պետք է խոսեն իրենց իրավունքի, իրենց իրավունքի իրացման մասին, խոսեն իրենց անվտանգության խնդիրների մասին․ քաղաքականությունը լավ է, բայց քաղաքականության մեջ մարդիկ են տուժում, պետք է շատ կարևորություն տանք կոնկրետ մարդու անվտանգությանը: Դրա համար պետք է քաղաքականության մեջ հստակ շեշտադրում լինի խաղաղության պահպանման վրա, այսինքն՝ չհարձակվելու ակտ ստորագրելու, խաղաղության համաձայնագիր ստորագրելու վրա և այլն: Հակառակ դեպքում անընդհատ դոփում ենք նույն տեղում․ 20 տարուց ավելի է՝ բանակցային գործընթաց ավելի շատ քաղաքականացվել է, մենք էլ մնացել ենք խաղաղություն ակնկալող»:

Հռիփսիմե Հովհաննիսյան

29.12.2016

Աղբյուրը` «Թերթ»