Իրանը շատ հաստատակամ է Թուրքիային և Ռուսաստանին այլընտրանքային ճանապարհներ ունենալու իր մտադրության մեջ և դա շահավետ է իր համար:

Վրաստանը պատրաստ է սկսել խոշորագույն բեռնափոխադրումների նավահանգստի շինարարությունը Սև ծովում, որը կտեղակայվի Չինաստանի և Եվրոպայի միջև ձգվող նոր «Մետաքսի ճանապարհին»: 2,5 մլրդ դոլար արժողությամբ նավահանգստից կարող է օգտվել նաև Հայաստանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը։

«Վրաց-ամերիկյան ընկերությունը շահել է նավահանգսիտը կառուցելու համար անցկացված մրցույթը: Այնտեղ կառուցվելու է նավահանգիստ, որը հնարավորություն ունի 120 000 տոննա տարողությամբ նավեր ընդունել, նավահանգստի   թողունակությունը տարեկան 100 մլն տոննա է: Նշեմ, որ ամբողջ Հարավային Կովկասում 25 մլն տոննա բեռնաշրջանառություն է կատարվում բոլոր տեղերով»,– ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ 100 մլն տոննա թողունակությամբ նավահանգստի կառուցումը նշանակում է, որ ապագայի մեծ ծրագրեր կան կապված տարածաշրջանի հետ:Եղիազարյանն ասաց, որ այդ բեռները Եվրոպայից հասցվելու են Իրան, Մերձավոր Արևելքի երկրներ և հակառակը, իսկ Հայաստանն այդ միջանցքում է:

«Իրանը շատ հաստատակամ է Թուրքիային և Ռուսաստանին այլընտրանքային ճանապարհներ ունենալու իր մտադրության մեջ և դա շահավետ է իր համար:  Այստեղ Իրանի գործընկերը Եվրամիություն է, որն իրանական շուկան դիտարկում է որպես ապագայի շատ կարևոր շուկա և միաժամանակ կարևորում է Հարավային Կովկասը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանն ու Վրաստանը դիտարկվում են եվրոպական տնտեսական տարածքի մաս»,- ասաց տնտեսագետը:

Հարցին, թե Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտվել այդ միջանցքից, Աշոտ Եղիազարյանն ասաց.«Իրանը Հայաստանին առաջարկել է, անգամ փորձագետների մակարդակով հանդիպումներ են եղել Թեհրանում, Սոֆիայում, մնացածն արդեն Հայաստանի անելիքն է: Հայաստանին ցանկանում են տեսնել այդ նախագծում: Երկրի շահերից ելնելով դա ճիշտ ճանապարհ է»:

Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ դա հնարավորություն է առավել սերտ  համագործացկելու Վրաստանի և Իրանի հետ տրանսպորտի, առևտրի և այլ ոլորտներում, այլապես՝ տարբեր տնտեսական կառույցներում գտնվելով զարգացում հնարավոր չէ:

Բեթղեհեմ Արաբյան

09.01.2017

Աղբյուրը՝ «Թերթ»