Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի տնտեսական նոր բլոկը կիսով չափ համաձայնեցված է: Սա ենթադրում է աջակցություն տնտեսության որոշակի ճյուղերին դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի տնտեսական նոր բլոկը կիսով չափ համաձայնեցված է: Սա ենթադրում է աջակցություն տնտեսության որոշակի ճյուղերին դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր ֆինանսական արժեքը 170 միլիոն եվրո է: Համաձայնագրի կարևորության և հեռանկարների մասին Vesti.am-ը զրուցել է տնտեսագետ Աշոր Եղիազարյանի հետ:

-Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնության ծրագրից ինչ ակնկալիքներ կարելի՞ է ունենալ և որքանո՞վ է Հայաստանի համար կարևոր այս համաձայնագրի կնքումը.

-Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը նորություն չէր, քանի որ նախկինում ևս Եվրամիությունն ու Հայաստանը  ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերող համաձայնագիր ունեին: Խնդիրն այն է որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը  նախատեսում է իրավական  հիմք, որն էլ հանդիսանում է հենց շրջանակային համաձայնագիրը: Առանց այդ փաստաթղթի ստորագրման, հետևաբար առանց իրավական հիմքի, ոչ մի ֆինանսավորում էլ չի կարող լինեն: Տնտեսության ոլորտում այս աջակցությունից էական փոփոխություններ չեն լինի, բայց համաձայնագրի կնքումը  կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը, ապագայում ընդհուպ մինչև ասոցացման համաձայնագիր ստորագրելուն:

-Կա՞ն ռիսկեր, որ համաձայնագիրը չի կնքվի, որոնք են դրանք և ինչ հետևանքներ կունենան Հայաստանի համար:

-Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը կարող է չկնքվել մի շարք քաղաքական խոչընդոտների պատճառով, որ Մոսկվան է առաջ քաշում: Այն, որ 2013-ից սկսած, երբ Հայաստանը չստորագրեց ԵՄ ասոցացման համաձայնագիրը և մտավ Եվրասիական տնտեսական միություն, արդեն իսկ մեծ հետընթաց էր. ԵԱՏՄ որոշ օրենքներ Եվրամիության երկրների հետ առևտրի հարցում մեծ խոչընդոտներ են ստեղծում: Եթե համաձայնագիրը չկնքվի, ապա կարելի է ասել որ կզրկվենք մինչ այս ԵՄ-ից ստացած դրամաշնորհային ծրագրերից:

՞ր ոլորտներում կարող են օգտագործվել դրամաշնորհային ծրագրից ստացված ֆինանսական աջակցությունները.

-Նմանատիպ նախագծերի ժամանակ հիմնականում գումարներն օգտագործվում  են պետական կառավարման, հանրային, ֆինանսների, դատաիրավական, կառավարման ոլորտներում բարեփոխումների, նաև ենթակառուցվածքների զարգացման համար՝ էներգետիկա, ջրային ռեսուրսներ, տրանսպորտ: Կարծում եմ, որ այս ոլորտներն առաջնային կլինեն, և այն, որ հկ-ները և փոքր ձեռնարկությունները կարող են օգտվել, շատ լավ է: Հենց այդ շրջանակներով էլ աջակցությունը կսահմանափակվի:

11.01.2017

Աղբյուրը՝ «Վեստի»