Ամեն մի երկիր յուրօրինակ է. Հայաստանը նույնպես ունի իր յուրօրինակությունները, առանձնահատկությունները, պարզապես դրանք պետք է ճիշտ օգտագործել: Հայաստանում ոչ գրավիչ պայմաններ են ներդրումների առումով, ինչն էլ իր պատճառներն ունի։
 

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը գտնում է, որ զարգացած զբոսաշրջություն ունենալու համար պետք է ունենալ զարգացած ենթակառուցվածքներ և պետք է լինեն ներդրումներ՝ թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա: 

Tert.am-ի հետ զրույցում համեմատական անցկացնելով Վրաստանում զբոսաշրջության աճի հետ՝ տնտեսագետն ասաց, որ Հայաստանը ենթակառուցվածքների զարգացվածության և ներդրումների իմաստով զիջում է Վրաստանին, չհաշված բնակլիմայական պայմանները, ծովի բացակայության խնդիրը:

Հիշեցնենք, որ «Կոմերսանտ»-ի հաղորդմամբ՝ Վրաստանում զբոսաշրջության աճի ռեկորդ է արձանագրվել, և Վրաստան է այցելել 6 միլիոնից ավելի զբոսաշրջիկ, ինչը 2 միլիարդ դոլարից ավելի եկամուտ է բերել։

«Զբոսաշրջությունն ունի տարբեր ուղղություններ, և ամեն մի երկիր ունի իր համեմատական առավելությունները: Զբոսաշրջությունը զարգացման արդյունքում կարող է ապահովել բավականաչափ եկամուտներ: Ամեն մի երկիր յուրօրինակ է՝ Հայաստանը նույնպես ունի իր յուրօրինակությունները, առանձնահատկությունները, պարզապես դրանք պետք է ճիշտ օգտագործել»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանում ոչ գրավիչ պայմաններ են ներդրումների առումով, ինչն էլ իր պատճառներն ունի։

Աշոտ Եղիազարյանը գտնում է, որ Հայաստանի տուրիզմի ենթակառուցվածքների և ներդրումների խնդիրը պայմանավորված է սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով, որոնք փոխկապակցված են: 

«Օբյեկտիվն այն է, որ Հայաստանը ծով չունի, չի կարող ծովային տուրիզմ զարգացնել, սակայն մյուս ուղղություններով, որտեղ Հայաստանն ունի համեմատական առավելություններ և դրանք չեն զարգանում, պատճառներն ավելի շատ սուբյեկտիվ են: Հայաստանն այնպիսի միության կազմում է, որն ինքնին արդեն վանող է ներդրողների համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Զբոսաշրջության կոմիտե ստեղծելուն, ապա Աշոտ Եղիազարյանն ասաց, որ կարծում է, թե զբոսաշրջությունը եկամուտ բերող ոլորտ կարող է լինել, բայց Հայաստանում ներկայումս չկան այդպիսի պայմաններ: 

«Կոմիտեի ստեղծումը ինստիտուցիոնալ միջոցառում էր, և ես դրա մեջ չեմ տեսնում դրական լուրջ քայլ, որը խթան կարող է հանդիսանալ ոլորտի զարգացման համար, սակայն դա որպես ողբերգություն էլ չեմ տեսնում»,-ասաց նա և նշեց, որ զբոսաշրջության հարցում կարևոր է նաև ընդհանրապես Հայաստանի իմիջի հարցը, աշխարհում Հայաստանի դերի նշանակությունը, հակամարտությունը, չլուծված խնդիրները, քանի որ այդ ռիսկերը ստեղծում են ոչ նպաստավոր պայմաններ:

Լիանա Առաքելյան

13.01.2017

Աղբյուրը՝ «Թերթ»