Ստեղծված պայմաններում, երբ Հայաստանն իրեն կցել է Ռուսաստանին, որն իրականացնում է մեկուսացման քաղաքականություն, զիջել է իր ինքնիշխանության զգալի մասը, հնարավոր չէ ունենալ առաջընթաց կամ զարգացում։ 

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր գործունեության 100 օրն ամփոփեց ուրբաթ՝ հունվարի 13-ին, մամուլի ասուլիս հրավիրելով։ 100 օրում, պարզվում է, որ վարչապետն ու նրա թիմը մոտ 3000 մարդ են կրճատել կառավարման համակարգից՝ նախարարություններից, գերատեսչություններից, ՊՈԱԿ-ներից եւ ԾԻԳ-երից, մոտ 4 մլրդ դրամի տնտեսում են արել։ Այս ընթացքում, ըստ վարչապետի, հասցրել են թեթեւացնել ինքնազբաղված անձանց հարկերը, հարկային համաներում է եղել, հսկիչ գների օգտագործումն է սահմանափակվել, հոսանքի եւ գազի գների չնչին տոկոսով նվազեցում է եղել։

Ասուլիսի ուշագրավ դրվագներից մեկը, որը բուռն քննարկման արժանացավ սոցցանցերում, մեր թերթի լրագրողի հարցին վարչապետի տված պատասխանն էր․ «Օլիգարխների հետ զգում եմ ինձ շատ հանգիստ։ Ապահով, չգիտեմ, թե այդ բառի տակ Դուք ինչ եք դնում»։

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանից հետաքրքրվեցինք, թե Կարեն Կարապետյանն արդարացրե՞ց հանրության սպասելիքները 100-օրյա իր գործունեության ընթացքում։ «Դեռ մինչեւ իր նշանակվելը ես հայտնել եմ իմ տեսակետը, որ այս պայմաններում հնարավոր չէ հասնել ձեռքբերումների կամ գրանցել որոշակի հաջողություններ։ Եվ դա այդպես էլ եղավ։ Կարող ենք ասել, որ 100 օրը կարճ ժամկետ է, սպասենք եւս 100 օր, սակայն ոչինչ չի փոխվելու, ամեն ինչ ավելի կվատանա։ Ստեղծված պայմաններում, երբ Հայաստանն իրեն կցել է Ռուսաստանին, որն իրականացնում է մեկուսացման քաղաքականություն, զիջել է իր ինքնիշխանության զգալի մասը, հնարավոր չէ ունենալ առաջընթաց կամ զարգացում։ Մենք մեզ զրկել ենք զարգացման այլընտրանքներից, չունենք տնտեսական քաղաքականություն իրականացնելու հնարավորություն, չունենք արտաքին գործընկերներին ընտրելու հնարավորություն, կնքել պայմանագրեր, համաձայնագրեր, ներառվել տարածաշրջանային նախագծերում, որոնք օդ ու ջրի պես անհրաժեշտ են տնտեսության զարգացմանը։ Հայաստանը վերջին տարիներին կորցրել է աճի ռեսուրսները, իսկ այդ աճի ռեսուրսները միանշանակ արեւմուտքում են։ Հայաստանը ստեղծված իրավիճակից միանշանակ կարող է դուրս գալ արեւմտյան տեխնոլոգիաների, ֆինանսական աջակցությամբ ինտեգրվելով տարածաշրջանային նախագծերում, տրանսպորտային միջանցքներում։ Զրկելով մեզ այդ ամենից՝ մենք հայտնվել ենք դատապարտված վիճակում»,- ասաց տնտեսագետը։

Հետաքրքրվեցինք նաեւ, թե հնարավո՞ր չէ թեկուզ փոքր քայլեր անել տնտեսության զարգացման ուղղությամբ։ «Հնա՛-րա՛-վո՛ր չէ»,- արձագանքեց մեր զրուցակիցը։ 

14.01.2017

Աղբյուրը՝ «Հրապարակ»