«Առավոտ» օրաթերթ
Հեղինակ: Ruben Mehrabyan

Իսկ այսօր ուղղակի պետք է այդ վաղվա՝ «եղբայրության» վերջաբանին՝ նոր «օրհնված սհաթին» պատրաստ լինել եւ չմոռանալ բալկանյան դասերը: 

 

«Առավոտ» օրաթերթ Լուսանկար: «Առավոտ» օրաթերթ

Պարզվում է՝ ոչ միայն հետխորհրդային երկրներին «չի կարելի» ինտեգրվել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը, այլեւ Բալկանյան պետություններին: Եվ պարզվում է նաեւ, որ Մոսկվան հանուն այդ «չի կարելի»-ի պատրաստ է այնպիսի գործուն քայլերի, որոնք դուրս են օրինականության սահմաններից, իսկ Բալկանյան պետությունների որոշ պաշտոնյաների ֆիզիկական անվտանգությունը նույնիսկ կարող է դրվել ուղղակի սպառնալիքի տակ:

Սույն թվականի հոկտեմբերի 16-ին Չեռնոգորիայում տեղի ունեցան կարեւոր խորհրդարանական ընտրություններ, որոնք հաջորդեցին այդ երկրի` ՆԱՏՕ-ի անդամակցությանը: Ոչ մի անբնական բան չկա նրանում, որ եվրոպական նորանկախ երկիրը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին՝ պատմության մեջ ամենահաջողված եւ ամենահզոր դաշինքին, որը 1945-ից ի վեր պահպանեց Եվրոպայում խաղաղությունը եւ շարունակում է դա անել այնտեղ, որտեղ տարածվում է Պայմանագրի 5-րդ հոդվածը:

Եվ հենց նույն օրը Չեռնոգորիայի ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ երկրի մայրաքաղաք Պոդգորիցայում կանխվել է ահաբեկչական գործողություն, որում ներգրավված են եղել Սերբիայում նախապատրաստված եւ այնտեղից երկիր ներթափանցելուն պատրաստ ռուս, սերբ եւ չեռնոգորիացի ծայրահեղ ազգայնականներ: Նրանք մտադիր էին սպանել երկրի վարչապետ Միլո Ջուկանովիչին եւ հեղաշրջում իրականացնել՝ կանխելով երկրի հետագա ինտեգրումը ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին:

Այդ դիվերսիոն, ահաբեկչական գործողության մեջ ներգրավվածները ձերբակալվել են Սերբիայում. նրանց մոտ հայտնաբերվել են 125 հազար եվրո կանխիկ գումար, Չեռնոգորիայի ոստիկանական հատուկջոկատայինների համազգեստներ: Սերբիայում էլ հանգիստ չէ: Եվրոպական ուղու կողմնակից, երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի տան մոտ մի քանի օր անց հայտնաբերվել էր զինապահեստ, որի հետքերը նույնպես տանում են դեպի նույն շրջանակներ: Մամուլը գրում է նաեւ, որ էական ջանքեր են գործադրվում Մակեդոնիայում, Բուլղարիայում ապակայունացում, այդ թվում՝ ազգամիջյան բախումներ հրահրելու ուղղությամբ:

Այն, որ կայսերական Ռուսաստանն անթաքույց համակրանք է տածում դեպի Բալկանյան սլավոն «եղբայրները»՝ հայտնի է դեռ 19-րդ դարի կեսերից, երբ Բալկանյան ժողովուրդները եվրոպական ցինիկ «ռեալպոլիտիկի», անտարբերության, իսկ լավագույն դեպքում՝ կարեկցանքի պայմաններում պայքարում էին նվաստացուցիչ օսմանյան լծի դեմ: Եվ ռուսական օժանդակությունը՝ մանավանդ, երբ այն ուղեկցվում էր սլավոնական եւ ուղղափառ համերաշխության եւ միասնության մասին հռետորաբանությամբ, խիստ ոգեւորում էր նրանց: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում բազմաթիվ փողոցներ եւ հրապարակներ են կոչված ռուս գեներալների, գնդապետների, իշխանների եւ տարբեր պաշտոնյաների անուններով: Սակայն նույն Բուլղարիան առաջինն էր, որը նաեւ «ճանապարհ» դրեց իրենց՝ կայսերական բանտապահի վայրենի բարքերը նորանկախ երկրի վզին փաթաթող «եղբայրներին», հրավիրելով գահակալելու գերմանացի ազնվականին:

Բայց դա հին պատմություն է: Խոսքը ներկայիս Չեռնոգորիայի մասին է, որը, ինչպես եւ Սերբիան, մշտապես բարեկամաբար է վերաբերվել Ռուսաստանին. Սերբիայի դրոշի գույները նույնն են, ինչ ռուսականը, իսկ Չեռնոգորիայի զինանշանին նույն երկգլուխ արծիվն է: Բայց Մոսկվան երբեք էլ սենտիմենտալ չի եղել:

Նրան միշտ ավելի լուրջ հարցեր են հետաքրքրել, քան «եղբայրների» ապագան: Ի վերջո, Բալկաններից էլ սկսվել է Առաջին համաշխարհայինը, որի արդյունքում պատմության աղբանոցում հայտնվեցին թե՛ Ռուսական, թե՛ Օսմանյան կայսրությունները: Դա էլ է հին պատմություն… Իսկ հիմա՝ Եվրոպայի «փորատակը» պայթեցնել, Բալկանները կրկին բերել «վառոդի տակառի» ռեժիմի, փորձել հանդես գալ որպես «լեգիտիմ այլընտրանք» միասնական Եվրոպային. ահա այն ամենի ոչ ամբողջական ցանկը, ինչը հետաքրքրում է ռուսներին:

Իհարկե, խոսակցություններն ու հայտարարություններն անկախ պետությունների ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին՝ Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցածից հետո, Մոսկվայում կարող են միայն արհամարհական քմծիծաղ առաջացնել: Իսկ թե արդյո՞ք հետաքրքիր է Մոսկվային, թե ինչպիսի ապագա է դա խոստանում Բալկանյան ժողովուրդներին՝ այդ հարցից Մոսկվայում ուղղակի ծիծաղից կմեռնեն: Եթե հետաքրքրել եւ հետաքրքրում է, ապա միայն որպես թնդանոթի միս կամ «օգտակար ապուշ»:

Ի վերջո, ռուսական միջամտությունն անփառունակ վերջաբան ունեցավ. դիվերսիան խափանվեց, դիվերսանտների մի մասը ձերբակալվեց, մյուսները հետախուզման մեջ են, իսկ Չեռնոգորիայի դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել նաեւ ռուս ազգայնականներին, որոնց՝ ռուսական պետության հետ ուղղակի կապվածության մասին վարկածը դեռ պետք է հաստատվի կամ հերքվի:

Տեղի ունեցածը ցույց տվեց, որ Չեռնոգորիայում, ինչպես նաեւ Սերբիայում, կանխվեցին տեղական թե՛ «Հոկտեմբերի 27-ը», թե՛ «Սեպտեմբերի 3-ը», թե՛ Բալկանյան «Դոնբասը»: Այսինքն՝ երկրի բարձրագույն պաշտոնյաներն ուղղակի փրկվեցին ֆիզիկական հաշվեհարդարից, իսկ եվրոպական ինտեգրացիայի կուրսը պահպանվեց, ներքին ապակայունացումը խափանվեց հիմնովին: Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչը ընտրություններից մեկ օր առաջ հայտարարել էր, որ այն ցույց կտա՝ կդառնա՞ երկիրը ԵՄ անդամ, թե՞ ռուսական գաղութ: Այժմ արդեն հայտնի է, որ ռուսամետ ուժերը ջախջախիչ պարտություն են կրել…

Տեղի ունեցածը ցույց է տալիս նաեւ, որ Բալկանյան երկրների հասարակություններն այլեւս հասուն են եւ հիմնականում ձերբազատվել են 19-րդ դարի ազգայնական ռոմանտիզմի եւ 20-րդ դարի Բալկանյան պատերազմների գաղափարական ժառանգությունից, հայացքն ուղղել են դեպի ապագան:

Իսկ Հայաստանում այսօր Ռուսաստանը չափից դուրս շատ է: Հայաստանում էլ ռուսական համակրանքը օլիգարխիայի, կոռումպացված պաշտոնյաների, ամբոխավարների, ծայրահեղ ազգայնականների կամ այդպիսին ներկայացողների կողմն է, եւ այդ համակրանքը փոխադարձ է: Ռազմակայաններ, հսկողություն օդակայանում, սահմանապահներ, գազպրոմ-ռոսնեֆտներ, ագրեսիվ քարոզչություն՝ այս ամենը կա, շատ խորն է եւ հուսահատության աստիճանի շատ: Սակայն հայերը ոչ ուղղափառ են, ոչ էլ սլավոն: Իսկ ռուսական «եղբայրությունը» եթե «Կոլցո» օպերացիայից եւ հայերի զանգվածային տեղահանություններից հետո, Մարտակերտի ու Շահումյանի գրավումից ու Ադրբեջանին հանձնելուց հետո շատերը մոռացան (իսկ ոմանք էլ ջանք ու եռանդ չխնայեցին մոռացության մատնելու համար), ապա քառօրյա պատերազմը շատերին շատ բան հիշեցրեց եւ հասկացրեց:

Բայց այս ամենը մեկ օրում է չքվելու, եւ հայերի մեջ կգտնվեն միայն եզակի «օգտակար ապուշներ», որոնք կփորձեն դրա դեմն առնել: Իսկ այսօր ուղղակի պետք է այդ վաղվա՝ «եղբայրության» վերջաբանին, նո՛ր «օրհնված սհաթին» պատրաստ լինել եւ չմոռանալ Բալկանյան դասերը: Թող Աստված փրկի մեզ այդպիսի «եղբայրությունից», իսկ թշնամիներից մենք ինքներս կփրկվենք, ինչպես Բալկանյան ժողովուրդները եւ պետությունները: 

08.11.2016

Աղբյուրը՝ «Առավոտ»