Էրդողանը նախապես հաջող օր էր ընտրել Ռուսաստանի կողմից իր մասնակի ներողության բարձրաձայնման համար՝ գիտակցելով, որ այն այդպիսով կհամընկնի Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ներկայացման օրվան։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լուսանկար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը

Սկիզբը՝ այստեղ

 

Ա) Տնտեսական պատժամիջոցներ

Թուրքիայի կողմից ռուսական նախապայմանները կատարելուց հրաժարվելու պայմաններում Ռուսաստանը սկսեց տնտեսական, ռազմական և այլ  պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ։ Ինքնաթիռային միջադեպից արդեն 2 օր անց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարությանը հանձնարարեց մշակել համալիր միջոցներ՝ ի պատասխան Թուրքիայի կողմից Սիրիայում Ռուսաստանի ռմբակոծիչը խոցելու։ Մեդվեդևն ընդգծեց, որ սահմանափակիչ միջոցները պետք է լինեն անժամկետ, և դրանց վերացումը կախված է լինելու Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումից ու միջազգային իրավիճակից[1]։ Արդեն նոյեմբերի  28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Թուրքիայի դեմ տնտեսական հատուկ միջոցներ սահմանելու մասին հրամանը[2]։

Բուն պատժամիջոցներին անցնելուց առաջ հարկ ենք համարում անդրադառնալ 2015թ. դեկտեմբերի սկզբին Մեդվեդևի արած այն հայտարարությանը, որ Թուրքիան, հարձակվելով SU-24M-ի վրա, պատերազմի մեկնարկի հիմք է տվել, սակայն Ռուսաստանի ղեկավարությունը չի գնացել դրան. «Նրանք խախտել են միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ըստ էության, ագրեսիայի ակտ են իրականացրել մեր երկրի նկատմամբ։ Սակայն մենք պետք է ցույց տայինք նրանց, որ իրենք պետք է պատասխան տան դրա համար։ Այդ իսկ պատճառով ընդունվել են այդպիսի որոշումներ, որոնք պատժամիջոց չէին բառի ուղիղ իմաստով և, ըստ էության, մեր պետության պաշտոնական արձագանքն էին»[3]։

Ռուսական գազ, «Թուրքական հոսք» գազատար Թեև ինքնաթիռային միջադեպից հետո Ռուսաստանը, ինչպես և ակնկալվում էր, չդադարեցրեց Թուրքիային գազի մատակարարումները, այնուամենայնիվ, թուրքական մամուլում հրապարակվեցին նման մտավախություններ, և այդ խորապատկերին Թուրքիայի իշխանությունները ձեռնարկեցին մի շարք քայլեր՝ գազի այլընտրանքային մատակարարներ գտնելու ուղղությամբ։ Դա մասնավորապես վերաբերում է հետագայում Կատարից, Իսրայելից, Հյուսիսային Իրաքից, Թուրքմենստանից գազ ներկրելուն և «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցումն արագացնելուն, որով Թուրքիան կստանա հավելյալ 6 մլրդ մ3 ադրբեջանական գազ և կդառնա Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարարը՝ շրջանցելով Իրանին։ Անկասկած է, որ այլընտրանքային գազ փնտրելու Թուրքիայի փորձերը նրա համար կարող էին օգտակար լինել միայն մոտ հեռանկարում, քանի որ այլ երկրներից Թուրքիա գազ ներկրելու խնդիրների լուծումը պահանջում է տևական ժամանակ։ Այս խնդրին հանգամանալից արդեն անդրադարձել ենք հետազոտության առաջին մասում։

2015թ. դեկտեմբերի սկզբին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, մեկնաբանելով գազի մատակարարումների հնարավոր դադարեցումը, հույս հայտնեց, որ Ռուսաստանը չի գնա այդ քայլին. «Նույնիսկ, եթե Մոսկվան գնա այդ քայլին, ապա Թուրքիան ռուսական գազին այլընտրանք ունի, առաջին հերթին դա Ադրբեջանի և Իրանի գազն է»[4]: Դավութօղլուն «մոռանում» է, որ Իրանից ու Ադրբեջանից Թուրքիա եկող գազատարները գործում են գրեթե ողջ ծանրաբեռնվածությամբ և ոչ մի կերպ չեն կարող փոխհատուցել ռուսական գազի հնարավոր կորուստը՝ էլ չասած այն մասին, որ Իրանից ու Ադրբեջանից Թուրքիա եկող գազատարները պարբերաբար ենթարկվում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հարձակումներին, ինչը չես ասի Ռուսաստանից Թուրքիա եկող գազատարների համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարեց, որ Թուրքիան կարող է էներգակիրների այլ մատակարարներ փնտրել Ռուսաստանի փոխարեն՝ հիշատակելով Քաթարն ու Ադրբեջանը. «Թուրքիան Ռուսաստանի համար էներգետիկ կարևոր շուկա է։ Թուրքիան գազի կարիք ունի նույնքան, որքան Ռուսաստանը՝ իրացման շուկայի»[5]։ Թուրքիան իսկապես Ռուսաստանի համար էներգետիկ կարևոր շուկա է, և բնականաբար Ռուսաստանը չէր ցանկանա կորցնել այն՝ կասեցնելով գազի մատակարարումները։ 2014թ. Թուրքիան հանդիսացել է Եվրոպայում ռուսական գազի երկրորդ խոշորագույն գնորդը Գերմանիայից հետո. Անկարան «Գազպրոմից» ձեռք է բերել 27.3 մլրդ մ3 գազ (Գերմանիայի ցուցանիշը կազմել է 38.7 մլրդ մ3 գազ)։

2016թ. հունվարի վերջին ռուսական «Գազպրոմ» ընկերությունը որոշում ընդունեց թուրքական 6 մասնավոր ընկերությունների (Bosphorus Gaz, Enerco Enerji, Batı Hattı, Kibar Enerji, Avrasya Gaz, Shell Enerji ) համար 2015թ. տրված զեղչը չեղյալ հայտարարելու մասին, որոնք 2015թ. հունվարի 1-ից օգտվել են 10.25%-անոց զեղչից՝ դրա շնորհիվ տարեկան տնտեսելով 200 մլն դոլար[6]։ Ապա հաղորդվեց, որ թուրքական ընկերությունները մտադիր են «Գազպրոմի» դեմ դիմել դատարան՝ հայտարարելով, որ վերջինս իրենցից նախ պահանջել է ավելի շատ վճարել գազի համար, իսկ մերժում ստանալուց հետո կրճատել է (10%-ով) մատակարարումների ծավալը (հոկտեմբերին նույն պատճառաբանությամբ միջազգային դատարան էր դիմել թուրքական BOTAŞ պետական խողովակաշարային ընկերությունը)[7]։ Սակայն գործը չհասավ դատարան, քանի որ կողմերը կարողացան սկզբունքային պայմանավորվածություն ձեռք բերել[8]։ Հիշեցնենք, որ 2013թ. պայմանագրով թուրքական մասնավոր ընկերությունները տարեկան 10 մլրդ մ3ռուսական գազ են ներկրում «Անդրբալկանյան» գազատարով, որից 2011թ. աշնանը հրաժարվել էր BOTAŞ-ը։ Վերջինս, «Գազպրոմից» չստանալով էական գազային զեղչ, չէր երկարաձգել 1986թ. նրա հետ 25 տարով կնքած պայմանագիրը, որով այդ խողովակաշարով տարեկան ներկրել է 6 մլրդ մ3 ռուսական գազ։

Ինքնաթիռային միջադեպից մոտ 10 օր անց Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարեց, որ ռուսական գազի ընթացիկ մատակարարումները չեն ընկնում բեռնարգելքի գործունեության տակ և իրականացվում են պայմանագրերին համապատասխան, սակայն«Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ միջկառավարական բանակցություններ չեն տարվում թուրքական կողմի հետ[9]։ Դրա հետ կապված՝ Էրդողանը հայտարարեց, որ ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան է սառեցրել «Թուրքական հոսքի» իրագործումը, քանի որՌուսաստանը չի կատարել Թուրքիայի պահանջները[10]։ «Թուրքական հոսքի» կառուցման ձգձգումը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից Ռուսաստանի կրած թերևս խոշորագույն կորուստն է։ Ֆինանսական կողմից բացի հարցը որոշակիորեն կապված է Վլադիմիր Պուտինի իմիջի հետ, ով ԵՄ-ի կողմից «Հարավային հոսք» գազատարի կառուցման նախագիծը ձախողելուց հետո խստապես ցանկանում էր ԵՄ-ին ի ցույց դնել այլընտրանք ունենալը՝ հանձինս Թուրքիայի՝ փորձելով հնարավորինս արագ կյանքի կոչել «Թուրքական հոսքի» նախագիծը։ Սակայն արդյունքում Պուտինը հայտնվեց փակուղային իրավիճակում. Թուրքիայի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման պատճառով անհնար դարձավ նաև «Թուրքական հոսքի» կառուցումը։ Հենց «Թուրքական հոսքի» գործոնն էլ դարձավ գլխավոր պատճառներից մեկը, որպեսզի Ռուսաստանն իր հերթին ձգտի հնարավորինս շուտ կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները։

ԱտոմակայանԹուրքիայի առաջին՝ Աքքույուի ԱԷԿ-ի մասին Էրդողանի հայտարարությունն արդեն իսկ նշվել է հետազոտության նախորդ հատվածում։ 2015թ. դեկտեմբերի սկզբին ռուսական մամուլը գրեց, որ Ռուսաստանը կասեցրել է Աքքույուի ԱԷԿ-ի շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները, սակայն չի խզել ԱԷԿ-ի մասին պայմանագիրը, որն անելու դեպքում սահմանված են խոշոր տուգանքներ[11]։ Բնականաբար, խնդիրը միայն տուգանքների մեջ չէ. Ռուսաստանում քաջ գիտակցում են, որ Աքքույուի ԱԷԿ-ը երկկողմ հարաբերությունների առանցքային ոլորտներից մեկն է և ոչ մի կերպ պետք չէ կորցնել այն՝ առավել ևս, ինչպես արդեն նշվել է, Թուրքիան, ի տարբերություն ռուսական գազի, ԱԷԿ-ի կառուցման հարցում իսկապես ունի այլընտրանքներ։

Այլընտրանք ունենալու մասին է վկայում նաև Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի այն հայտարարությունը, որում նա Ռուսաստանին կոչ արեց պայքարել Աքքույուի ԱԷԿ-ի նախագծի համար. «Չեմ կարծում, որ ռուսներն այդքան հեշտությամբ կհրաժարվեն ԱԷԿ-ից։ Թուրքիան ԱԷԿ կառուցելու հարցում կախված չէ միայն մեկ երկրի տեխնոլոգիաներից։ Մենք գիտենք, որ աշխարհի շատ երկրներում կան մի շարք ընկերություններ, որոնք ունակ են բավարարել Թուրքիայի այդ պահանջը»[12]։

Ուշագրավ է դրանից օրեր անց Վլադիմիր Պուտինի այն հերքումը, որ Ռուսաստանն արդեն 3 մլրդ դոլար է ներդրել Աքքույուի ԱԷԿ-ի կառուցման գործընթացում. «Այդ նախագծի ապագայի մասին որոշումը պետք է ընդունվի կորպորատիվ մակարդակով։ Դա մաքուր կոմերցիոն հարց է, և մենք չենք ձեռնարկի որևէ քայլ, որը կվնասի մեր տնտեսական շահերին։ Սակայն դա «Ռոսատոմի» ու նրա գործընկերների գործն է։ Որքանով ինձ հայտնի է, թուրքական կողմը դեռ չի տվել համապատասխան թույլտվությունը, որպեսզի այդ նախագիծը համարվի առաջնահերթ և աշխատի»[13]։

Այստեղ Պուտինը մի կողմից ակնարկում է, որ ռուսական կողմը «հեշտությամբ» կարող է հրաժարվել նախագծից, քանի որ խոշոր ներդրումներ չի արել նախագծում, մյուս կողմից էլ Պուտինը փորձում է խնդրի լուծման պատասխանատվությունը ռուսական իշխանություններից հանել և դնել «Ռոսատոմի» վրա՝ դա ներկայացնելով որպես «մաքուր կոմերցիոն հարց»՝ բացառելով քաղաքական որոշման անհրաժեշտությունը։ Եվ, վերջապես, Պուտինը հասկացնել է տալիս, որ ցանկանում է, որպեսզի թուրքական կողմն է՛լ ավելի կարևորի ԱԷԿ-ի նախագծի իրագործումը։ Առաջ անցնելով իրադարձություններից՝ նշենք, որ 2016թ. օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպումից հետո հայտարարվեց, որ Թուրքիան պատրաստ է մոտ ժամանակներս Աքքույուի ԱԷԿ-ին շնորհել «ռազմավարական ներդրման»կարգավիճակ, ինչը կարագացնի նախագծի իրագործումը[14]։

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը (Թուրքիան էլ) շահագրգռված չէր Աքքույուի ԱԷԿ-ի նախագծից հրաժարվելով՝ հասկանալով, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը կրում է ժամանակավոր բնույթ, մինչդեռ Աքքույուի ԱԷԿ-ի հարցում կողմերը դեռ կհամագործակցեն տասնամյակներ։ Եվ, վերջապես, պետք է նշել թուրք հոդվածագիր Բարչըն Յինանչի այն նկատառումը, որ Թուրքիան Աքքույուի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման, միջուկային ենթակառուցվածքների պոտենցիալ սպառնալիքներին դիմակայելու համար հարկադրված կլինի Ռուսաստանի հետ կիսվել գաղտնի տեղեկատվությամբ, և քանի որ «Ռոսատոմը» պետական ընկերություն է, ուստիև դա կնմանվի Ռուսաստանի հետ պետական մակարդակով գաղտնի տեղեկատվության փոխանակման[15]։

Գյուղմթերք, Տրանսպորտ - 2015թ. դեկտեմբերի 1-ին Դմիտրի Մեդվեդևը հաստատեց թուրքական ծագման գյուղմթերքի, հումքի ու սննդամթերքի այն տեսակները, որոնց ներկրումը Ռուսաստան արգելվելու կամ սահմանափակվելու է 2016թ. հունվարի 1-ից։  Դա մասնավորապես վերաբերում է սոխի, վարունգի, լոլիկի, կաղամբի, նարնջի, մանդարինի, խնձորի, տանձի, ծիրանի, դեղձի, սալորի, ելակի, խաղողի, այլ հատապտուղների ու ցիտրուսների, աղի ներկրման արգելքին։ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2015թ. առաջին 10 ամիսներին Թուրքիայից Ռուսաստան գյուղմթերքի ու սննդամթերքի ներկրման ծավալը կազմել է 1 մլրդ 35.3 մլն դոլար, ինչը 21.2%-ով զիջել է 2014թ. հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշին՝ 1 մլրդ 313.1 մլն դոլար։ 2015թ. և 2014թ. առաջին 10 ամիսներին թուրքական գյուղմթերքի մատակարարումներն ունեցել են հետևյալ տեսքը[16].

 

 

2014թ. հունվար-հոկտեմբեր

2015թ. հունվար հոկտեմբեր

 

տոննա

դոլար

տոննա

դոլար

լոլիկ

311.000

380.300.000

300.500

287.900.000

ցիտրուսներ

213.100

202.400.000

255.200

172.300.000

թռչնամիս

9400

-

20.700

15.000.000

աղ

9900

1.400.000

36.700

3.500.000

սոխ

66.100

31.900.000

37.900

17.200.000

խնձոր, տանձ, այվա

6700

7.100.000

16.500

16.400.000

խաղող

140.600

158.400.000

101.300

100.800.000

ծիրան, դեղձ, բալ, սալոր

58.400

80.300.000

79.900

94.800.000

վարունգ

31.100

39.400.000

17.300

17.600.000

Թուրքական գյուղմթերքի ներկրման վրա Ռուսաստանի դրած բեռնարգելքը, ինչպես և հայտարարվել էր, ուժի մեջ մտավ 2016թ. հունվարի 1-ից[17]։ Ինչպես վկայում է աղյուսակը, խոսքն ազդեցիկ թվերի մասին է, և Ռուսաստանն իր այս քայլով առաջին հերթին հարվածեց թուրքական արտահանմանը, թուրք գործարարների, ֆերմերների, շարքային քաղաքացիների գրպանին, ինչը թերևս միտված էր Թուրքիայում իշխանությունների հանդեպ հասարակական դժգոհություն հարուցելուն և այդպիսով թուրքական իշխանությունների վրա ճնշում առաջացնելուն, որը գնալով պետք է ավելի ուժգնանար՝ իշխանություններին հարկադրելով ելքեր գտնել ստեղծված նոր իրավիճակում և գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։Թուրքիան պատասխան քայլեր չձեռնարկեց այս ոլորտում։

Նույն նպատակին էին ծառայում նաև Ռուսաստանի հովանու թուրքական մեծածավալ բեռնատարների կողմից իր ցամաքային սահմանը հատելու հարցում հարուցած խոչընդոտները։ Ինքնաթիռային միջադեպից անմիջապես անց հաղորդվեց, որ «Վերին Լարս»/«Կազբեկի» սահմանային անցակետում կուտակվել են թուրքական ավելի քան 150 մեծածավալ բեռնատարներ, որոնք Թուրքիայից ապրանքներ էին տեղափոխում դեպի Ղազախստան[18]։ Դեկտեմբերի սկզբին ռուսական մամուլը գրեց, որ Ռուսաստանի հետ սահմանին գոյացել է թուրքական բեռնատարների մի քանի կիլոմետրանոց խցանում, որոնց առանց որևէ պատճառաբանության թույլ չեն տալիս հատել Ռուսաստանի հետ սահմանը[19]։ Ի դեպ, հարյուրավոր թուրքական բեռնատարների կուտակումներ (նաև մաքսային ձևակերպման խնդիրներ) գրանցվեցին նաև Ակտաուի և Բաքվի նավահանգիստներում, քանի որ Ռուսաստանի կիրառած սահմանափակումների պատճառով թուրքական բեռնատարները սկսեցին այլընտրանքներ որոնել և նախընտրեցին Բաքվից Ակտաու ու հակառակ ուղղությամբ լաստանավային հաղորդակցության տարբերակը[20]։

Այս ամենը ցույց է տալիս, որ Ռուսաստանի կիրառած տրանսպորտային սահմանափակումները որոշակիորեն հարվածել են Կենտրոնական Ասիայում Թուրքիայի տնտեսական էքսպանսիային, և որ այդ հարցում Թուրքիայում սկսեցին էլ ավելի կարևորել Ադրբեջանի տարածքը։ Այդ հանգամանքը կարող է իր կնիքը թողած լինել նրանում, որ Թուրքիան փոքր-ինչ արագացնի «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու իր հատվածի կառուցումը (ԲԹԿ ադրբեջանական ու վրացական հատվածները պատրաստ են շահագործման)։ Թուրքիան Ռուսաստանին այս հարցում պատասխանեց միայն 2016թ. փետրվարին, երբ արգելեց իր տարածքով ռուսական ավտոտրանսպորտի բեռնափոխադրումները։ Դա պատճառաբանվեց նրանով, որ 2016թ. հունվարի 31-ին ավարտվել էր 2015թ. տրված թուրքական թույլտվության ժամկետը։ 2015թ. դեկտեմբերին Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել էր, որ Թուրքիա-Ռուսաստան ավտոփոխադրումների երկկողմ թույլտվությունների թիվը պետք է կրճատվի քառակի՝ մինչև 2000-ի, քանի որ նվազել է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև բեռնափոխադրումների ծավալը, սակայն Թուրքիան չէր համաձայնվել դրան, և կողմերը չէին կարողացել պայմանավորվել 2016թ. տրանսպորտային ընկերությունների համար թույլտվությունների ժամկետի երկարաձգման շուրջ[21]:

Վիզային ռեժիմ, զբոսաշրջություն – Ինքնաթիռային միջադեպից ընդամենը 2 օր անց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը որոշել է 2016թ. հունվարի 1-ից դադարեցնել Թուրքիայի հետ գործող ոչ վիզային ռեժիմը. «Ռուսաստանը խստագույնս մտահոգ է Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքների աճի համար՝ կապված մեր քաղաքացիների անվտանգության հետ։ Զինյալներն օգտագործում են Թուրքիայի տարածքը տարբեր երթուղիների համար։ Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի քաղաքացիների հարցում, մեղմ ասած, սերտորեն չեն համագործակցում մեզ հետ։ Այս տարի 17 անգամ պաշտոնական նոտաներով տեղեկատվություն ենք խնդրել մեր քաղաքացիների համար, սակայն դրանք մնացել են անարձագանք։ Բացի այդ այս տարի Թուրքիայի իշխանություններն արտաքսել են Ռուսաստանի ավելի քան 200 քաղաքացու, որոնք զբաղված են եղել հանցավոր գործունեությամբ։ Թուրքիայից բխող ահաբեկչական սպառնալիքները ոչ թե մտացածին, այլ իրական են»[22]։ Սրան ի պատասխան՝ դեկտեմբերի սկզբներին Չավուշօղլուն (օրեր առաջ Բելգրադում հանդիպել էր Լավրովի հետ) հայտարարեց, որ Թուրքիան անվտանգ երկիր է, ոչ վիզային ռեժիմի դադարեցման որոշումը սխալ է, և ռուսական կողմի նշած պատճառաբանությունը միայն պատրվակ է[23]։

Ռուսաստանը 2016թ. հունվարի 1-ից դադարեցրեց Թուրքիայի հետ գործող ոչ վիզային ռեժիմը: Թուրքիայի քաղաքացիները դրանից առաջ իրավունք ունեին առանց վիզայի 30 օր գտնվել Ռուսաստանի տարածքում (Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիների դեպքում այդ ժամկետը հասցվել էր մինչև 60 օրվա): Երկու երկրների միջև համապատասխան պայմանագիրը ստորագրվել է 2010թ. և ուժի մեջ է մտել 2011թ.-ից[24]։ Թուրքիան, սակայն, չգնաց պատասխան քայլի՝ գիտակցելով, որ դա խստապես կհարվածի իր զբոսաշրջային ոլորտին, մինչդեռ Ռուսաստանը գրեթե չուներ նման խնդիր («Ռոստուրիզմի» տվյալներով՝ 2015թ. առաջին կիսամյակին զբոսաշրջային նպատակով Ռուսաստան այցելել է Թուրքիայի՝ 69.000, իսկ 2014թ.՝ 134.700 քաղաքացի)։ Չնայած դրան՝ 2016թ. փետրվարին Թուրքիան ոչ վիզային ռեժիմը վերացրեց ռուս լրագրողների համար[25]։ Իսկ ապրիլի կեսին Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձաբար վիզային ռեժիմ սահմանեցին ծառայողական անձնագիր ունեցողների համար[26]։

Ռուսաստանի կողմից Թուրքիայի համար ոչ վիզային ռեժիմի վերացումը որոշակի խնդիրներ առաջացրեց թուրքական ավիաընկերությունների աշխատանքում։ Մասնավորապես 2016թ. հունվարի սկզբին թուրքական Pegasus Airlines և Onur Air ավիաընկերությունները ժամանակավորապես (մոտ 10 օրով) դադարեցրեցին իրենց չվերթները դեպի Ռուսաստան, քանի որ նրանց անձնակազմի մի շարք անդամներ չէին կարողացել ստանալ ռուսական վիզա։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը դա որակեց որպես Ռուսաստանի կողմից միջազգային ավիացիոն իրավունքի խախտում [27]։ ՌԴ ԱԳՆ-ը, սակայն, հերքեց Յըլդըրըմի մեղադրանքը՝ այն որակելով որպես անհիմն՝ հավելելով, որ Pegasus Airlines և Onur Air ավիաընկերություններն իրենք են մեղավոր ստեղծված իրադրության համար, քանի որ վիզաների հարցով ժամանակին չեն դիմել ռուսական կողմին՝ թեպետ գիտեին, որ Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ ոչ վիզային ռեժիմը։ ՌԴ ԱԳՆ-ը որպես օրինակ բերեց Turkish Airlines ավիաընկերությունը, որը նման խնդիր չէր ունեցել, քանի որ անհրաժեշտ խնդիրները լուծել է ժամանակին[28]։

Նոյեմբերի վերջին Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարեց, որ Ռուսաստանն արգելել է դեկտեմբերի 1-ից դեպի Թուրքիա զբոսաշրջային ուղեգրեր վաճառելը և չարտերային չվերթներ իրականացնելը, ինչը չի վերաբերելու Թուրքիայից Ռուսաստանի քաղաքացիներին դուրս բերող չվերթներին, իսկ կանոնավոր ավիահաղորդակցությունն ապահովվելու է հավելյալ վերահսկողությամբ՝ անվտանգության միջոցների մեծացման նպատակով[29]։

Ռուսական կողմի այս քայլը ծանր հարված էր Թուրքիայի զբոսաշրջային ոլորտին, որի եկամուտները կազմում են Թուրքիայի ՀՆԱ-ի 4.5%-ը։ Բացի այդ զբոսաշրջությունն արտարժույթի կարևոր աղբյուր է։ Պաշտոնական տվյալներով՝ 2015թ. Թուրքիա այցելել է 36.24 մլն օտարազգի զբոսաշրջիկ, ինչը 1.6%-ով զիջում է 2014թ. ցուցանիշին։ Առաջին տեղում Գերմանիայից ժամանածներն են՝ 5.6 մլն մարդ (15.4%, որոնցում, ի դեպ, քիչ թիվ չեն կազմում Գերմանիայի քաղաքացի թուրքերը, թուրքական ծագմամբ գերմանացիները), երկրորդ տեղում՝ Ռուսաստանից ժամանածները՝ 3.65 մլն մարդ (10.1%), իսկ առաջատար եռյակը եզրափակում են Մեծ Բրիտանիայից ժամանածները՝ 2.5 մլն մարդ (6.9%)։ 2015թ. Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը նվազել է 18.6%-ով, իսկ միայն դեկտեմբերին (պատժամիջոցների պայմաններում)՝ 47%-ով (դեկտեմբերին Թուրքիայում զբոսաշրջիկների թիվը նվազել է 7.3%-ով)[30]։

Այս թվերը վկայում են, որ զբոսաշրջային ոլորտում Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցներն անմիջապես սկսեցին արդյունքներ տալ, և որ դա միայն սկիզբն էր։ Մյուս կողմից էլ տարեկան կտրվածքով Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների հոսքի մոտ 20%-ոց անկումը չէր կարող ամբողջովին պայմանավորված լինել այդ պատժամիջոցներով։ Դրա պատճառների թվում կարելի է նշել Ռուսաստանում սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացումը, զբոսաշրջային պլանում Թուրքիային Ղրիմի որոշակի փոխարինումը, Թուրքիայում գրանցվող ահաբեկչությունները, երկրի արևելքում վերսկսված ռազմական գործողությունները, Թուրքիայի ներքին անկայուն վիճակը (նույն 2015թ. Իտալիայից, Ֆրանսիայից և Իսպանիայից Թուրքիա ժամանածների թիվը նվազել է 27, 18 և 17%-ով)։

Արդեն 2015թ. դեկտեմբերի վերջին Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան միջոցներ կձեռնարկի Ռուսաստանի պատժամիջոցներից հետո երկրի զբոսաշրջային ոլորտին աջակցելու ուղղությամբ. «Թուրքիան դեռևս 2015թ. փետրվարին սկսել է հարկային արտոնությունների ու վարկերը մատչելի դարձնելու եղանակով աջակցել զբոսաշրջային այն ընկերություններին, որոնք աշխատում են ԱՊՀ 8 երկրի հետ։ Այսօր մենք ընդլայնում ենք այդ միջոցները, որոնք այժմ տարածվում են 27 երկրի վրա։ Բացի այդ 2015թ. ապրիլ-մայիսին մենք հավելյալ 6000-ական դոլար ենք վճարել զբոսաշրջիկներով յուրաքանչյուր չարտերային չվերթի համար։ 2016թ. տվյալ միջոցները տարածվելու են բոլոր երկրների վրա»[31]։

Զբոսաշրջային ոլորտի պատժամիջոցների ողջ ծանրությունը Թուրքիայում զգացին 2016թ. և հատկապես նրա առաջին կիսամյակում։ 2016թ. հունիսի սկզբին թուրքական մամուլը գրեց, որ Անթալիայում ռուս զբոսաշրջիկների թիվը հունվար-մայիս ամիսներին նվազել է միանգամից 96%-ով՝ կազմելով 21.359 մարդ (ընդհանուր 1.473.744 զբոսաշրջիկից)։ Մինչդեռ 2015թ. առաջին հինգ ամիսներին Ռուսաստանից Անթալիա ժամանել է 542.160 զբոսաշրջիկ (իսկ 2014թ. առաջին հինգ ամիսներին՝ 802.364 զբոսաշրջիկ)[32]։ Նշենք, որ 2016թ. առաջին 10 ամիսներին Անթալիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազեց մոտ 4.5 մլն մարդով՝ 43%-ով։ Այդ ընթացքում Անթալիա այցելեց 5.934.673, իսկ 2015թ. հաշվետու ժամանակահատվածում՝ 10.499.158 զբոսաշրջիկ։ Այդպիսով, Անթալիայի զբոսաշրջային ոլորտի կորուստը կազմել է մոտ 5 մլրդ դոլար[33]։

Այս ամենին զուգահեռ՝ վերոնշյալ պատճառներով զբոսաշրջային ոլորտի անկումը շարունակվում էր ողջ Թուրքիայի մասշտաբով։ Հիշատակման արժանի է 2016թ. մայիսը, որը համարվում է զբոսաշրջային սեզոնի բացման ամիս։ Մայիսին Թուրքիա այցելած օտարազգի զբոսաշրջիկների թիվը նվազեց 34.7%-ով՝ կազմելով 2.49 մլն մարդ, ինչն ամենացածր ցուցանիշն էր վերջին 22 տարում[34]։ Թուրքիայի զբոսաշրջային ինդուստրիայի պատմության մեջ գրանցված ամենավատ ճգնաժամերից մեկի պատճառով Թուրքիայում հյուրանոցատերերը վաճառքի հանեցին Էգեյան ու Միջերկրական ծովերի ափերին գտնվող մոտ 1300 հյուրանոց, որոնց համարների թիվը հասնում է 153.000-ի, իսկ ընդհանուր արժեքը գնահատվել է մոտ 30 մլրդ թուրքական լիրա (ավելի քան 10 մլրդ դոլար)։ Հյուրանոցներն ամենից շատ վաճառքի են հանվել Անթալիայում՝ մոտ 410 հյուրանոց, որոնցից 120-ը հինգաստղանի են։ 908 հյուրանոց գտնվել է Էգեյան ծովի ափամերձ գոտում, որից 349-ը՝ նրա լոկոմոտիվ Մուղլային։ Նվազեցին նաև հյուրանոցային համարների գները, համարյա հավասարվեցին  ծովափնյա և ոչ ծովափնյա հյուրանոցային համարների գները[35]։

Այսպիսով, զբոսաշրջային ոլորտում Ռուսաստանի սահմանած պատժամիջոցները հասան իրենց նպատակին՝ խստապես հարվածելով թուրք հյուրանոցատերերի, զբոսաշրջային ոլորտի աշխատակիցների գրպանին, ինչը ռուսական կողմի հաշվարկներով պետք է դժգոհություն հարուցեր իշխանությունների հանդեպ և ճնշումների տեղիք տար։ Նույնը ռուսական վիզա ստանալու խնդրի մասին զգալի վերապահումով պետք է ասել Թուրքիայից Ռուսաստան այցելողների համար, քանի որ նրանց թիվն անհամեմատ քիչ է։ 2016թ. հոկտեմբերի վերջին Թուրքիայի հյուրանոցների ֆեդերացիայի (TÜROFED) փոխնախագահ Մեհմեթ Իշլերը հայտարարեց, որ 2016թ. կորսված տարի կարելի է համարել Թուրքիայի զբոսաշրջային ոլորտի համար (Թուրքիան տարվա առաջին 9 ամսում կորցրել է 8.6 մլն զբոսաշրջիկ), սակայն 2017թ. զբոսաշրջային ճգնաժամը կարող է էլ ավելի ծանր լինել Թուրքիայում (չնայած նրան, որ արդեն վերսկսվել են Ռուսաստանից չարտերային չվերթները)[36]։ 

Շինարարական ոլորտ, աշխատանքային սահմանափակումներ – Ինքնաթիռային միջադեպից անմիջապես անց Ռուսաստանում խնդիրների բախվեցին Թուրքիայի քաղաքացիները, այդ թվում նաև՝ գործարարները։ Մասնավորապես, 2015թ. նոյեմբերի 26-ին հաղորդվեց, որ ռուսական միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար Կրասնոդարի երկրամասից արտաքսում են 39 թուրք գործարարի, որոնք մասնակցում էին ագրոարդյունաբերական ցուցահանդեսի[37]։ Խնդիրների բախվեցին նաև  Ռուսաստան մուտք գործող թուրք գործարարները և շարքային քաղաքացիները։ Խստացվեցին նրանց ստուգումները։ Թուրքիայի մոտ 30 քաղաքացի հետ ուղարկվեց սահմանից, թուրք գործարարներն իրենց ռուս գործընկերների հետ հանդիպումները հարկադրված տեղափոխեցին Եվրոպա և այլուր[38]։

2015թ. դեկտեմբերի վերջերին Դմիտրի Մեդվեդևը հաստատեց 53 ընկերությունների ու կազմակերպությունների և Ռուսաստանի 13 տարածաշրջանների ցուցակը, որոնց վրա 2016թ. հունվարի 1-ից տարածվելու էր Թուրքիայի քաղաքացիներին աշխատանքի վերցնելու արգելքը, դրանց հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրեր ստորագրված չեն մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը։ Արգելքն առնչվելու էր նաև Թուրքիայի քաղաքացիների կողմից վերահսկվող կազմակերպությունների գործունեությանը։ Այդպիսով այդ շրջաններում գործող ընկերություններին արգելվեց հունվարի 1-ից աշխատանքի վերցնել Թուրքիայի քաղաքացիներին։ Խոսքը շինարարական, ավտոմոբիլաշինական, շինանյութերի, պլաստիկ խողովակների ու կցամասերի, սանտեխնիկական սարքավորումների, հատակի ծածկույթի արտադրության կազմակերպությունների մասին է[39]։

Թուրք շինարարների ասոցացիայի ղեկավար Միթհաան Ենիգանի գնահատականով՝ թուրք շինարարները 1998թ.-ից Ռուսաստանում իրականացրել են ավելի 2000 նախագիծ՝ 62 մլրդ դոլար արժողությամբ, ինչը կազմում է ընդհանուր գործարքների 19.5%-ը։ Դրա համար էլ Ռուսաստանը չէր կարող ամբողջովին հրաժարվել թուրքական շինարարական ընկերություններից, որոնք տարեկան Ռուսաստանում իրականացնում են 30-50 մլրդ ռուբլու նախագծեր, որոնցից 25-30%-ը բաժին են ընկնում Մոսկվային ու Մերձմոսկովյան մարզին, ևս 1/3-ը՝ մեկ միլիոն և ավելի բնակչությամբ քաղաքներին[40]։ Ռուսական այս պատժամիջոցները նույնպես հարվածեցին Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիների գրպանին։

Եվ բացի այդ անհրաժեշտ է հաշվի առնել 2018թ. Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու և մարզադաշտերի ու այլ ենթակառուցվածքների կառուցման գործընթացում թուրք շինարարների ներգրավվածության գործոնը։ Դրա համար էլ զարմանալի չէր, որ 2015թ. նոյեմբերի վերջին Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարեց, որ թուրքական ընկերություններն աշխատանքային պայմանագրերին համապատասխան կշարունակեն 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության մարզադաշտերի կառուցումը՝ չնայած պատժամիջոցներին[41]։ Ի դեպ, 2010թ. դեկտեմբերի սկզբին, երբ 2018թ. և 2022թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների իրավունքները տրվեցին Ռուսաստանին ու Կատարին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը գոհունակությամբ ընդունեց այդ որոշումը, քանի որ երկու երկրներն էլ լավ հարաբերությունների մեջ էին Թուրքիայի հետ։ Էրդողանը Կատարի էմիր Շեյխ Համադ բին Հալիֆե Էլ-Թանիի ու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցներում շնորհավորեց նրանց և հույս հայտնեց, որ թուրքական շինարարական սեկտորն ակտիվորեն կներգրավվի համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման գործընթացում[42]։

2015թ. դեկտեմբերի վերջին Պուտինը հաստատեց 1997թ. դեկտեմբերի 15-ին Թուրքիայի հետ ստորագրված քաղաքացիական, առևտրային ու քրեական հարցերով իրավական փոխադարձ օգնության մասին պայմանագրից Ռուսաստանի դուրս գալը։ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ պայմանագիրը «նպատակահարմար չէ», քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան 1959թ. ապրիլի 20-ին քրեական գործերով Փոխադարձ իրավական օգնության մասին եվրոպական կոնվենցիայի և 1978թ. մարտի 18-ին դրան կցված Հավելյալ արձանագրության մասնակիցներ են[43]։

Ուշագրավ է, որ Ռուսաստանի իշխանությունները 1997թ. պայմանագրի «ոչ նպատակահարմար լինելու», ինչպես նաև 1959թ. և 1978թ. այդ պայմանագրերի գոյության մասին «հիշեցին» հենց այդ ժամանակ։ Ըստ ամենայնի, ռուսական կողմի այդ քայլը կարող էր կապված լինել Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքի գործունեության հետ, ով ավելի վաղ հայտարարել էր, որ հենց ինքն է գետնից արձակած կրակոցով սպանել SU-24M-ի օդաչու Օլեգ Պեշկովին։ 2015թ. դեկտեմբերի 27-ին 33-ամյա Չելիքը թուրքական «Հյուրիյեթ» թերթի հետ հարցազրույցում վերստին խոստովանել էր Պեշկովի սպանության մասին՝ ընդգծելով, որ նա 5 րոպե առաջ ռմբակոծում էր իրենց և որ նրա նետած ռումբերից զոհվել ու վիրավորվել են իր «եղբայրները»։ Չելիքը նաև հայտարարել էր, որ պատերազմելու նպատակով Սիրիա մեկնել է 2 տարի առաջ[44]։ Բնականաբար, ռուսական կողմը չէր կարող դժգոհ չլինել, որ Պեշկովին սպանելու մասին բացահայտ հայտարարող Չելիքն ազատորեն շրջում է Թուրքիայում և անգամ հարցազրույցներ է տալիս։ Այդ մասին է վկայում դեկտեմբերի 30-ին ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, որում Թուրքիայից պահանջվում էր ձերբակալել և պատասխանատվության ենթարկել Պեշկովի սպանությանը մասնակիցԱլփարսլան Չելիքին ու նրա հանցակիցներին, և «Հյուրիյեթին» հիշեցվում էր Չելիքի տված հարցազրույցի մասին[45]։

Այսպիսով, մենք տեսանք, որ Ռուսաստանն ինքնաթիռային միջադեպից անմիջապես անց առանց ժամանակ կորցնելու սկսեց տնտեսական բնույթի տարատեսակ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ, որոնք դժվարին դրության մեջ գցեցին Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիների, թուրքական ընկերությունների՝ իշխանությունների գործողությունների նկատմամբ դժգոհություն հարուցելով։ Չնայած Թուրքիան ընդհանուր առմամբ գրեթե ոչ մի կերպ չպատասխանեց Ռուսաստանի պատժամիջոցներին, այնուամենայնիվ, Ռուսաստանում նույնպես որոշակի խնդիրներ ծագեցին իրենց իսկ պատժամիջոցներից։ Մասնավորապես, թուրքական գյուղմթերքի ներկրման բացակայության պայմաններում առաջացած վակուումը չէին կարող ամբողջովին լցնել ռուսական արտադրողները, ինչի համար էլ այդ գործին լծվեցին Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող երկրները, այդ թվում նաև՝ Հայաստանը՝ օգտվելով ստեղծված հնարավորությունից։ Ամեն դեպքում Ռուսաստանի իշխանությունները չգնացին տնտեսական առավել խոշոր պատժամիջոցների՝ գտնելով, որ ներկա փուլում արդեն իսկ բավարար քայլեր են արվել, և որքան Թուրքիան ձգձգի ռուսական նախապայմանների իրագործումը, այնքան ավելի զգալի կլինեն պատժամիջոցների հետևանքները։ Ռուսաստանում քաջ գիտակցում էին Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունը և չէին ցանկանում վաղաժամ առավել սրել հարաբերությունները։ Ռուսաստանը, սակայն, չսահմանափակվեց Թուրքիայի դեմ միայն տնտեսական պատժամիջոցներով։

 

Բ) Ռազմա-քաղաքական ոլորտի հակաքայլեր, վարկաբեկիչ քայլեր

Տնտեսական պատժամիջոցներին զուգահեռ Ռուսաստանը Թուրքիայի դեմ ձեռնարկեց ռազմաքաղաքական ոլորտի մի շարք հակաքայլեր, ինչպես նաև հանդես եկավ տարբեր մակարդակի հայտարարություններով, որոնք միտված էին Թուրքիային ի ցույց դնել նրա վճռականության աստիճանը, այն բազմաթիվ ոլորտները, որոնցում Ռուսաստանը կարող է զգալի վնաս պատճառել Թուրքիայի ազդեցությանը, հեղինակությանը, նկրտումներին և այդպիսով նրան ստիպել դիմելու հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը։ Ի տարբերություն տնտեսական ոլորտի՝ Թուրքիան այս ոլորտում չցուցաբերեց նմանատիպ պասիվություն և աչքի ընկավ պատասխան մի շարք քայլերով։

Ահաբեկչություն, իսլամականացում - Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման պայմաններում երկու երկրները միմյանց մեղադրեցին ահաբեկչությանն աջակցելու համար։ 2015թ. նոյեմբերի վերջին Պուտինը Փարիզում Կլիմայի փոփոխության հարցերով գագաթաժողովի ժամանակ (ուր նա հրաժարվեց հանդիպել Էրդողանի հետ) SU-24M-ի վրա կատարված հարձակումը որակեց որպես ԻՊ-ի կողմից դեպի Թուրքիա նավթի մատակարարումները պաշտպանելու փորձ. «Այժմ մենք հավելյալ տվյալներ ենք ստացել, որոնք հաստատում են, որ ԻՊ-ի վերահսկած տարածքից արդյունահանվող նավթն արդյունաբերական մասշտաբներով հասնում է Թուրքիա։ Մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու համար, որ մեր ինքնաթիռը կործանելու որոշումը թելադրված էր այդ նավթի մատակարարման ուղիների անվտանգությունն ապահովելու գործոնով։ Թուրքմենների պաշտպանությունը միայն պատրվակ է»[46]։

Էրդողանը, սակայն, հերքեց այդ ամենը՝ հայտարարելով, որ «պատրաստ» է հրաժարական տալ, եթե հաստատվեն ԻՊ-ից Թուրքիայի նավթ գնելու մասին պնդումները[47]։ Ի պատասխան՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը հայտարարեց, որ Էրդողանի հրաժարականը Ռուսաստանի նպատակը չէ. «Թուրքիայի ղեկավարության ցինիզմը չունի սահմաններ։ Նրանք մուտք են գործել օտար երկիր և անխղճաբար թալանում են այն։ Սիրիայում ու Իրաքում օրինական տերերից հափշտակված նավթի հիմնական սպառողը Թուրքիան է։ Այդ հանցավոր բիզնեսում ներգրավված է երկրի քաղաքական ղեկավարությունը, նախագահ Էրդողանն ու նրա ընտանիքը։ ԻՊ-ը նավթի ապօրինի վաճառքից տարեկան վաստակում է մոտ 2 մլրդ դոլար»[48]։

Արդեն դեկտեմբերի սկզբին ՌԴ ՊՆ-ն ապացույցներ ներկայացրեց Թուրքիայի կողմից ԻՊ-ի նավթը գնելու մասին։ Ռուսաստանի Գլխավոր շտաբի (ԳՇ) գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը ներկայացրեց Սիրիայում ու Իրաքում ԻՊ-ի վերահսկած տարածքներում արդյունահանվող նավթը Թուրքիա փոխադրելու 3 հիմնական երթուղիները՝ արևմտյան, հյուսիսային ու արևելյան. «Արևմտյան երթուղին սիրիական Ռաքքայի շրջանի նավթահանքերից Ազեզի (Սիրիա) ու Ռեյհանլըի (Թուրքիա) միջոցով դուրս է գալիս Միջերկրական ծովի ափին ընկած թուրքական Դորթյոլի ու Իսքենդերունի նավահանգիստներ։ Հյուսիսային երթուղին Սիրիայում Եփրատ գետի աջ ափին ընկած նավթահանքերի, այդ թվում նաև՝ Դեյր-էզ-Զորի շրջանի խոշոր նավթահանքի նավթը հասցնում է Բաթմանի նավթավերամշակման գործարան։ Արևելյան երթուղին Սիրիայի հյուսիս-արևելքի ու Իրաքի հյուսիս-արևմտյան շրջանների նավթը Կարա-Չոխ, Չամ-Խանիկ (Սիրիա) և Տավան, Զախո (Իրաք) բնակավայրերով հասցնում է Թուրքիայի Ջիզրե բնակավայրում գտնվող փոխադրման խոշոր բազա։ Ռուսական ավիացիայի հարվածների արդյունքում նավթի ապօրինի առևտրից ԻՊ-ի եկամուտները 2 ամսում նվազել են կրկնակի՝օրական 3 մլն դոլարից հասնելով մինչև 1.5 մլն դոլարի»[49]։

Էրդողանը վերստին հերքեց այդ մեղադրանքները և Ռուսաստանին մեղադրեց ԻՊ-ից նավթ գնելու համար՝ խոստանալով ներկայացնել ապացույցներ, ինչպես նաև առաջին անգամ անուններ տվեց. «Հայտնի է, թե Թուրքիան որտեղից է նավթ գնում։ Հայտնի է նաև, թե ով է նավթ գնում ԻՊ-ից։ Օրինակ, նշում են Ջորջ Հասվանիի անունը, ով Ռուսաստանի քաղաքացի է և միաժամանակ՝ սիրիացի։ Նա նավթը գնում է ԻՊ-ից և վաճառում է Ասադին։ ԻՊ-ից նավթ գնելու գործընթացում ներգրավվածների թվում է նաև ռուսների շախմատային հանրահայտ վարպետը (Կիրսան Իլյումժինով)»[50]։ Դեկտեմբերի երկրորդ կեսին Էրդողանը վերստին հայտարարեց, որ հրաժարական կտա, եթե ապացուցվի, որ Թուրքիան նավթ է գնում ԻՊ-ից։ Նա ընդգծեց, որ «կամաչեր» նախնիներից և սերունդներից, եթե Թուրքիան նավթ գներ ահաբեկիչներից[51]:

Դավութօղլուն էլ, դիմելով Ռուսաստանի ղեկավարությանը, հայտարարեց. «Ինչո՞ւ դուք սրանից 15 օր առաջ չէիք հայտարարում ԻՊ-ի հետ Թուրքիայի կապերի մասին, եթե ենթադրենք, որ դա այդպես է»[52]։ Բնականաբար, հասկանալի է, որ մինչև ինքնաթիռային միջադեպը Ռուսաստանը չի ցանկացել գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմանը և մեղադրել ահաբեկչություն ֆինանսավորելու, հովանավորելու համար։ Մյուս կողմից էլ, սակայն, նույնը պետք է ասել Թուրքիայի ղեկավարության մասին։

Օրեր անց Սերգեյ Լավրովը նոր մեղադրանքներ ներկայացրեց Թուրքիային. «Մենք, բնականաբար, երկար ժամանակ իմացել ենք, որ թուրքական տարածքն օգտագործվում է ԻՊ-ի հետ կոմերցիոն գործողությունների, Սիրիա զենք և ահաբեկիչներ տեղափոխելու, Թուրքիայում ծայրահեղականներին ու զինյալներին բուժվելու, հանգստանալու համար, որպեսզի նրանց ոչ միայն Սիրիայում, այլև Հյուսիսային Կովկասում վերստին ընձեռնվի ռազմական գործողություններ նախապատրաստելու հնարավորություն։ Մենք թուրք գործընկերներին վաղուց առաջարկել ենք ինչ-որ բան ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն ապարդյուն։ Ավելին, մեր ինքնաթիռը խոցելու որոշմամբ Թուրքիան ցույց տվեց, որ, ըստ էության, աջակցում է ահաբեկիչներին»[53]։ 2016թ. մայիսին էլ Լավրովը հայտարարեց, որ Թուրքիայի ղեկավարությունը ոչ միայն ոչինչ չի ձեռնարկել ահաբեկիչների հետ նավթային մաքսանենգ բիզնեսը կանխելու համար, այլև «ձեռքերն է տաքացրել» ահաբեկիչների հետ նավթային բիզնեսով[54]։

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ինքնաթիռային միջադեպից հետո Թուրքիային մեղադրեց ոչ միայն ԻՊ-ից նավթ գնելու, այլև Սիրիա զենք և ահաբեկիչներ տեղափոխելու, ծայրահեղականներին ու զինյալներին բուժվելու, հանգստանալու հնարավորություն ընձեռելու և ընդհանրապես երկրի տարածքը նրանց շահերին ծառայեցնելու համար։ Թուրքիան էլ միայն 1-2 անգամ հայտարարեց, որ Ռուսաստանն է ԻՊ-ից նավթ գնում։ Բացի այդ Թուրքիան Ռուսաստանին մեղադրեց PKK-ին զինելու համար, ինչը տեղի ունեցավ 2016թ. մայիսին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում PKK-ի զինյալների կողմից հրթիռային հարվածով Cobra տիպի մարտական ուղղաթիռ կործանելուց հետո, որի 2 օդաչուները զոհվեցին[55]։ Դրա հետ կապված՝ Էրդողանը հայտարարեց. «Այո՛, մենք գիտենք, որ Ռուսաստանն է զենք տվել ահաբեկչական կազմակերպությանը: Ներկայումս ահաբեկիչներն (PKK) օգտագործում են Ռուսաստանի տրամադրած ՀՕՊ զենքեր ու հրթիռներ: Այդ զենքերը հատկացվել են Սիրիայի ու Իրաքի միջոցով»։ Դա ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո առաջին դեպքն էր, երբ Թուրքիան Ռուսաստանին մեղադրեց PKK-ին զենք մատակարարելու համար[56]: ՌԴ ԱԳՆ-ը հերքեց այդ մեղադրանքը՝ Էրդողանից պահանջելով ներկայացնել ապացույցներ[57]։

SU-24M-ի խոցումից հետո Պուտինը հայտարարեց, որ Թուրքիայի իշխանությունները երկիրը տանում են իսլամականացման ճանապարհով, իսկ 2015թ. դեկտեմբերի կեսին էլ հայտարարեց, որ Թուրքիայում այսօր տեղի է ունենում սողոսկող իսլամականացման գործընթաց՝ ընդգծելով, որ Աթաթուրքը հավանաբար կշրջվեր դագաղում (Թուրքիայի աշխարհիկ բնույթը կանխորոշել է նրա հիմնադիր Քեմալ Աթաթուրքը)[58]։ Պուտինի այդ հայտարարությունն առաջացրեց Էրդողանի դժգոհությունն ու զարմանքը. «Թուրքիայի բնակչության 99%-ը մուսուլմաններ են, մինչդեռ Ռուսաստանում կան տասնյակ միլիոնավոր մուսուլմաններ։ Սակայն ես Պուտինին չեմ մեղադրում Ռուսաստանը քրիստոնեացնելու համար»[59]։

Որոշակի դրական զարգացումներ կարելի է համարել այն, որ 2016թ. մարտին Ռուսաստանը Թուրքիային ցավակցեց Ստամբուլի ահաբեկչության, իսկ Թուրքիան էլ Ռուսաստանին ցավակցեց Դոնի Ռոստովի օդանավակայանում ինքնաթիռի կործանման առիթով։ Եվ, այնուամենայնիվ, ցավակցական երկու ուղերձում էլ շեշտադրումն արվել էր «ժողովուրդ» բառի վրա. Մոսկվան ցավակցել էր Թուրքիայի, իսկ Անկարան՝ Ռուսաստանի ժողովրդին[60]։

Սիրիա, Իրաք - Թուրքիան Ռուսաստանի հետ վատթար հարաբերությունների պայմաններում բազմիցս դատապարտեց Սիրիայում նրա գործողությունները, որոնք առնչվում էին տարբեր ոլորտների։ 2015թ. դեկտեմբերի սկզբներին Դավութօղլուն Ռուսաստանին մեղադրեց Սիրիայի հյուսիսում էթնիկ զտումներ կատարելու մեջ. «Ռուսաստանը փորձում է թուրքմեններին ու սուննիներին հարկադրել լքել հյուսիսային Լաթաքիա նահանգը։ Դա Ռուսաստանին անհրաժեշտ է, որպեսզի ստեղծի անվտանգության գոտի ու պաշտպանի Լաթաքիայի ու Տարտուսի ռազմաբազաները»[61]։ Էրդողանն իր հերթին Ռուսաստանին մեղադրեց Սիրիայում «գաճաճ պետություն ստեղծելու» փորձի մեջ. «Ռուսաստանը չի պայքարում ԻՊ-ի դեմ, հող է նախապատրաստում Սիրիայում հյուսիսային Լաթաքիա նահանգի շուրջ «գաճաճ պետություն ստեղծելու»  ուղղությամբ, որպեսզի այնտեղից հարձակումներ իրականացնի թուրքմենների վրա»[62]։

Դեկտեմբերի երկրորդ կեսին Չավուշօղլուն, մեկնաբանելով ռուսական ավիացիայի կողմից սիրիական Իդլիբ քաղաքի ռմբակոծությունները, հայտարարեց, որ դրանց հետևանքով զոհվել է մոտ 200 խաղաղ բնակիչ. «Դա անմարդկային է։ Ռուսաստանն արդեն իսկ դարձել է հակամարտության կողմ և իրեն հակադրել է Սիրիայի ժողովրդին։ Սեպտեմբերի 30-ին Սիրիա մտնելուց հետո Ռուսաստանը թիրախ ընտրեց հիմնականում չափավոր ընդդիմությանը։ Ռուսաստանը Սիրիա է ներխուժել ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, սակայն 4000 ավիահարձակումների 91%-ն ուղղվել է ընդդիմության դեմ, ինչի արդյունքում ԻՊ-ն էլ ավելի է ուժեղացել։ Ռուսաստանի դարդը ԻՊ-ը չէ»[63]։Դավութօղլուն էլ հայտարարեց Սիրիան Ռուսաստանի իմպերիալիստական նպատակներից պաշտպանելու անհրաժեշտության մասին. «Սիրիական տարածքը ռուսական կայսերական թիրախների մաս չէ և չի լինելու այդպիսին»[64]։

2016թ. հունվարին Դավութօղլուն հայտարարեց. «Սիրիայում կեղտոտ խաղ է տարվում։ Մի շարք երկրներ Թուրքիային խանգարում են իրականացնել օդային գործողություն (Սիրիայում), մինչդեռ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը (ՕՏՈՒ) ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով ռմբակոծում են խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ ու դպրոցներ։ Ավելի լավ կլինի, եթե նրանք Սիրիայի օդային տիրույթում հարվածեն ԻՊ-ին կամ էլ թողնեն, որ մենք ինքներս պայքարենք (ԻՊ-ի դեմ)։ Սակայն թող ոչ ոք չփորձի ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով պայքարել խաղաղ բնակիչների ու չափավոր ընդդիմության դեմ, որպեսզի գործելու դաշտ բացի ԻՊ-ի համար»[65]։ Փաստորեն Չավուշօղլուն ու Դավութօղլուն Ռուսաստանին մեղադրում են նաև ԻՊ-ի դիրքերն ամրապնդելու մեջ։ Դավութօղլուն փաստացիորեն խոստովանում է, որ ինքնաթիռային միջադեպից հետո թուրքական ավիացիան դադարեցրել է իր չվերթները Սիրիայում։

Դրանից մոտ մեկ ամիս անց Դավութօղլուն Ռուսաստանին հիշեցրեց Աֆղանստան խորհրդային ներխուժման հետևանքները. «Թող ոչ ոք չմոռանա, որ Աֆղանստան մտած ԽՍՀՄ-ն Աֆղանստանը լքել է գլխիկոր։ Նույնը Ռուսաստանի համար կլինի Սիրիայի պարագայում։ Ռուսաստանը շարունակում է դաժանորեն ռմբակոծել քաղաքացիական օբյեկտներ, որոնք ընդհանուր որևէ բան չունեն ահաբեկչության հետ։ Մենք տեղյակենք Ռուսաստանի նետած յուրաքանչյուր ռումբի մասին։ Սիրիայում ռուսական ավիացիայի ավելի քան 6000 հարվածների 90%-ը հասցվել է չափավոր ընդդիմությանն ու քաղաքացիական թիրախներին և միայն 10%-ը՝ ԻՊ-ի դիրքերին։ Ռուսաստանն Իրանի ու Սիրիայի ավագ եղբայրն է»[66]։

Մայիսին ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին Թուրքիային հիշեցրեց Օսմանյան կայսրության ճակատագրի մասին. «Այնպիսի տպավորություն է, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրության երբեմնի հզորությունը: Համենայնդեպս, նրա ժամանակակից քաղաքականության բոլոր բաղադրիչները տեղավորվում են հենց այդ պատկերում: Մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի ավարտ ունեցավ Օսմանյան կայսրությունը»[67]:

Հունվարին Դավութօղլուն Միջերկրական ծովով Եվրոպա հասնել փորձող սիրիացի փախստականների մահվան պատասխանատվությունը դրեց Ռուսաստանի վրա. «Երեկ մեր ծովափ է նետվել 36 սիրիացի փախստականի դիակ՝ մեծ մասը երեխաներ։ Սիրիական վարչակարգն անխնա, բարբարոսաբար ռմբակոծում է խաղաղ բնակիչներին։ Ռուսաստանն էլ արդեն մաս է կազմել այդ զուլումի։ Ծովափ նետված դիակները խորհրդանշում են մարդկային աղետ, որի համար մեղավոր է միջազգային հանրությունը և հատկապես՝ ՄԱԿ ԱԽ-ը։ Դա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին, ով վետո է դրել Սիրիայի վերաբերյալ յուրաքանչյուր որոշման վրա»[68]։ Ի պատասխան՝ Մարիա Զախարովան հայտարարեց. «Դավութօղլուն ցինիկաբար փորձում է թուրքական ափերի մոտ սիրիացի փախստականների մահվան պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ-ի վրա։ Նման անհեթեթ մեղադրանքները ոչ այլ ինչ են, եթե ոչ այդ և շատ այլ սիրիացիների մահվան համար ուղիղ պատասխանատվությունն իր վրայից հանելու բուն Անկարայի ձգտում»[69]։ Արդեն ապրիլին ՌԴ ԱԳՆ-ը «վայրի» որակեց ԵՄ-ի հետ համաձայնագրի շրջանակներում սիրիացի փախստականների հանդեպ Թուրքիայի իշխանությունների կիրառած մեթոդները և Թուրքիայի իշխանություններին մեղադրեց թուրք-սիրիական սահմանին սեփական գործողություններով «կրակի վրա յուղ լցնելու համար»[70]:

2016թ. հունվարի երկրորդ կեսին Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան Ռուսաստանին թույլ չի տա Սիրիայի հյուսիսում կառուցել նոր ռազմաբազա։ Դրանից առաջ ամերիկյան Fox News հեռուստաալիքը հայտնել էր, որ մոտ 100 ռուս զինծառայողներ ու փորձագետներ հայտնվել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Քամըշլը քրդաբնակ քաղաքի շրջանում և հետաքրքրվել տեղի լքյալ օդանավակայանով[71]։ Մեկ ամիս անց Թուրքիայի ԱԳՆ-ը Ռուսաստանին մեղադրեց Սիրիայում «ռազմական հանցանքներ գործելու» մեջ՝ ընդգծելով, որ նրա ավիացիան Սիրիայի հյուսիսում հարվածել է հիվանդանոցի ու դպրոցների[72]։ Հարկ է նշել, որ Թուրքիան սիրիական հակամարտության սկզբնամասում ծրագրել էր «անվտանգության գոտի» ստեղծել հենց Քամըշլըի շրջանում, որը (աշխարհագրորեն) պետք է սեպի դեր խաղար Սիրիայի, Իրաքի ու Թուրքիայի քրդերի միջև՝ կանխելով նրանց միավորումը։ 

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Թուրքիան բավականին ակտիվորեն դատապարտում է Սիրիայում Ռուսաստանի գործողությունները՝ ակնհայտորեն ի ցույց է դնելով դժգոհության տեղիք տվող բոլոր ոլորտները։ Ինչ վերաբերում է Սիրիայի հարցում Ռուսաստանի՝ Թուրքիայի քայլերը դատապարտելուն, պետք է հիշատակել 2016թ. փետրվարին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի այն հայտարարությունը, որ ՌԴ ՊՆ-ն անհերքելի ապացույցներ ունի Թուրքիայի կողմից մեծ տրամաչափի ինքնագնաց հրանոթներով սիրիական սահմանային բնակավայրերին (Հալեպի նահանգ) հարվածելու մասին, որոնց թիրախում են Սիրիայի կառավարական զորքերն ու հայրենասեր ընդդիմությունը[73]։ ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքը հրետակոծելը որակեց որպես «բացարձակ բեսպրեդել»՝ ընդգծելով, որ Թուրքիայի կողմից ինքնիշխան երկիր Սիրիայի տարածք հնարավոր ներխուժումը գնահատում է որպես ապօրինի[74]։

Բացի այդ ինքնաթիռային միջադեպի արդեն հաջորդ օրը Լավրովը պաշտպանեց թուրք-սիրիական սահմանը փակելու մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկը[75], իսկ դեկտեմբերին հայտարարեց թուրք-սիրիական սահմանի անհապաղ փակման անհրաժեշտության մասին, քանի որ դեպի Սիրիա մարդկանց ապօրինի փոխադրման հիմնական երթուղին անցնում էր Թուրքիայի Քիլիս նահանգով[76]։ ՌԴ ՊՆ-ը մարտին հայտարարեց, որ զենքով բեռնված բեռնատարներն ամեն օր Թուրքիայից մեկնում են Սիրիա՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա» ու «Ահրար աշ-Շամ» խմբավորումների վերահսկած շրջաններ[77]։

Արդեն մարտի կեսին Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանն ապացույցներ ունի Սիրիայի տարածքում Թուրքիայի զինված ուժերի (ԹԶՈՒ) գտնվելու մասին, և որ թուրք զինվորականները փորձում են դիրքավորվել սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Սիրիայի տարածքում։ Լավրովը թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի գործողությունները որակեց «սողոսկող բռնակցում»[78]։ Մայիսի սկզբին էլ Լավրովը հայտարարեց, որ Թուրքիան հազիվ թե հանդգնի Սիրիայում իրականացնել ցամաքային գործողություն. «Չեմ կարծում, թե ինչոր մեկը կորոշի մտնել վտանգավոր խաղի մեջև կազմակերպել ինչ-ինչ սադրանքներ, քանի որ այնտեղ գտնվում է Ռուսաստանի ՕՏՈԻ-ն»[79]։ Լավրովն այդպես մեկնաբանեց Դավութօղլուի այն հայտարարությունը, որ Թուրքիան կարող է միայնակ ցամաքային ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ կապված Քիլիսի հրետակոծությունների հետ[80]:

Պետք է նկատել, որ Քիլիսը մի քանի տասնյակ անգամ հրետակոծվել ու հրթիռակոծվել էր Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի վերահսկած տարածքներից, որտեղ զոհվել էր մոտ 20 մարդ։ Դրանով պայմանավորված՝ Քիլիսում կազմակերպվեցին բողոքի ակցիաներ, որոնց հարյուրավոր մասնակիցներն իշխանություններից պահանջեցին ապահովել իրենց անվտանգությունը, ինչից հետո ԹԶՈՒ-ն Սիրիայի հետ սահմանի երկայնքով՝ Ազեզ-Ջերաբլուս գոտուն հարակից թուրքական շրջաններում, մեծացրեցտանկերի և հաուբիցների թիվը: Դժվար է պատկերացնել, թե ԻՊ-ն ինչ նպատակներ կարող էր հետապնդել Քիլիսը հրթիռակոծելով և հրետակոծելով, սակայն ակնհայտ է, որ դա Թուրքիայի համար միտված էր Սիրիայի հյուսիս ներխուժելու և այնտեղ «անվտանգության գոտի» ձևավորելու «օրինական հիմք» ստեղծելուն, որը պետք է սեպի դեր խաղարՍիրիայի քրդաբնակ Քոբանի և Աֆրին շրջանների միջև։ 

2015թ. դեկտեմբերի սկզբին ՌԴ ԱԳՆ-ը դատապարտեց Թուրքիայի կողմից Իրաքում՝ Մոսուլի մոտ գտնվող Բաշիքայի ճամբարում, տանկային մեկ գումարտակ տեղակայելը՝ դա որակելով որպես միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում. «Մոսկվան հակաիրավական է համարում առանց Բաղդադի հավանության Իրաքում թուրք զինվորականների գտնվելը։ Թուրք զինվորականները Մոսուլի մոտ ժամանել են առանց իրաքյան օրինական կառավարության համապատասխան դիմումի ու հավանության։ Նման ներկայությունը որակում ենք որպես անընդունելի»[81]։ Լավրովն իր հերթին հայտարարեց. «Ռուսական ինքնաթիռը խոցելիս իրենց գործողությունների ողջ օրինականության մասին խոսող Թուրքիայի իշխանությունները ռազմական ստորաբաժանումներ են մտցրել Իրաք՝ հայտարարելով, որ հարգում են Իրաքի տարածքային ամբողջականությունը, և որ իրենց այդ քայլն ուղղված է Իրաքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդմանն ու ապահովմանը։ Ահա և ողջ բացատրությունը։ Եվ դա ասում են այն մարդիկ, ովքեր հայտարարում էին, որ իրենց հաշվարկներով՝ 17 վայրկյանը, եթե անգամ դա ընդունենք որպես հիմք, բավական է, որպեսզի խոցեն ռուսական ինքնաթիռ։ Թուրքիան խախտում է Իրաքի ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը»[82]:Ռուսաստանը հետագա ամիսներին շարունակ հանդես եկավ նմանատիպ հայտարարություններով՝ Թուրքիայից պահանջելով զորքը դուրս բերել Իրաքի հյուսիսից և Իրաքում Թուրքիայի գործողությունները որակելով «բեսպրեդել»[83]։

Հարկ է նշել, որ տարածաշրջանային գերտերության դերին հավակնող Թուրքիան չէր կարող անմասն մնալ իր հարավ-արևելյան հարևան երկրներ Սիրիայում ու Իրաքում ստեղծված քաոսային իրավիճակից չօգտվելուց, այդ թվում նաև՝ այդ երկրներում ռազմական ներկայություն հաստատելու տեսքով։ Դա տեղավորվում էր Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականության շրջանակներում՝ հաշվի առնելով Մոսուլի ու Հալեպի նկատմամբ Թուրքիայի հավակնությունները, ինչպես նաև նրա «ռազմակայանային» քաղաքականության շրջանակներում (Թուրքիան պատրաստվում էր ռազմակայաններ հիմնել Սոմալիում, Կատարում և այլուր)։

Սիրիայի քրդեր, Թուրքիայի քրդեր – Ռուսաստանը Թուրքիայի դեմ սկսեց հմտորեն կիրառել հատկապես Սիրիայի քրդերի խաղաքարտը, ինչը շատ զգայուն թեմա էր քրդական հոծ բնակչություն ունեցող Թուրքիայի համար։ 2015թ. դեկտեմբերի սկզբին թուրքական մամուլը գրեց, որ Ռուսաստանի ռազմական-տրանսպորտային ինքնաթիռն օդապարիկների օգնությամբ Հալեպից հյուսիս ընկած Շեյխ Մաքսուդ շրջանում 5 տոննա զենք-զինամթերք է նետել Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ռազմական թև YPG-ի դեմ (Ժողովրդի ինքնապաշտպանության ուժեր), որն օրեր առաջ ռուսական ավիացիայի աջակցությամբ սկսել էր Ազեզ-Ջերաբլուս շրջանում հարվածել ԻՊ-ին[84]։

Դրա հետ կապված՝ Դավութօղլուն հայտարարեց, որ «PYD/YPG-ը ոչ թե Սիրիայի ներկայացուցիչներ են, այլ՝ Ռուսաստանի լեգեոներներ, վարձու զինվորներ, և որ Ռուսաստանն ու Ասադը, օգտագործելով PYD-ը, ցանկանում են Սիրիայի հյուսիսում փոխել էթնիկ պատկերը»[85]։ Մեկ այլ դեպքում էլ Դավութօղլուն հայտարարեց, որ PYD/YPG-ը Ռուսաստանի «տիկնիկն» է. «Մոսկվան, Ասադի ռեժիմը, PKK-ն ու YPG-ը գործում են համագործակցելով և մտադիր են Թուրքիայի հարավային սահմաններին ստեղծել ահաբեկչական կազմավորում»[86]։ Դավութօղլուի այս հայտարարությունից մոտ մեկ շաբաթ առաջ Մոսկվայում բացվել էր Սիրիական Քրդստանի ներկայացուցչությունը[87]։

Ռուսաստանը 2016թ. սկզբին՝ Սիրիայի վերաբերյալ Ժնևում բանակցությունների մեկնարկից առաջ, սկսեց պնդել, որ դրանց պետք է մասնակցեն նաև Սիրիայի քրդերը։ Լավրովը հայտարարեց, որ առանց նրանց մասնակցության անհնար կլինի հասնել ցանկալի արդյունքների՝ Սիրիայում իրավիճակի վերջնական քաղաքական կարգավորմանը[88]։ Չավուշօղլուն սակայն հայտարարեց, որ Անկարան կբոյկոտի ժնևյան բանակցությունները, եթե դրանց մասնակցի PYD-ը. «Ի՞նչ կարգավիճակով է PYD-ը մասնակցելու բանակցություններին։ Բանակցությունները պետք է լինեն վարչակարգի ու ընդդիմության միջև։ Այնտեղ չպետք է լինեն ահաբեկչական կազմակերպություններ»[89]։ Մարտին Լավրովը հայտարարեց, որ միջսիրիական հակամարտության ազդեցիկ կողմերից Սիրիայի քրդերը պետք է մասնակցեն ժնևյան բանակցություններին, քանի որ վերահսկում են երկրի տարածքի առնվազն 15%-ը, մինչդեռ բանակցություններին մասնակցող խմբավորումներից մեկը վերահսկում է Սիրիայի միայն 5%-ը։ Լավրովն ընդգծել է, որ միակ երկիրը, որը դեմ է ժնևյան բանակցություններին Սիրիայի քրդերի մասնակցությանը, Թուրքիան է[90]։ Մեկ այլ դեպքում Լավրովը հայտարարեց, որ Թուրքիան հրետանային հարվածներով խոչընդոտում է ԻՊ-ի դեմ Սիրիայի քրդերի պայքարը. «Երբ քրդերը փորձում են ԻՊ-ից վերանվաճել իրենց երկու անկլավների միջև ընկած տարածքը, թուրքական կողմից հրետանային կրակ է բացվում քրդերի դիրքերի վրա, որով և նա խանգարում է ահաբեկչական այդ կազմակերպության դեմ պայքարին»[91]։ PYD-ն արդյունքում չմասնակցեց բանակցություններին, քանի որ Թուրքիային պաշտպանեց Արևմուտքը, իսկ Ռուսաստանի համար էլ դա կենաց ու մահու հարց չէր։

Թուրքիան այդպիսով Ռուսաստանին մեղադրում էր PYD-ին ներգրավելու ջանքերի միջոցով ժնևյան բանակցությունները տապալելու փորձի մեջ, իսկ Ռուսաստանն էլ հայտարարում էր, որ Թուրքիայի ապակառուցողական գիծը հանգեցնում է Սիրիայում իրավիճակի էսկալացման, և թուրք-սիրիական սահմանին բռնությունների մակարդակը չի նվազում Անկարայի գործողությունների հետևանքով։ 2016թ. փետրվարին Էրդողանը հայտարարեց, որ Սիրիայում Ռուսաստանի հիմնական նպատակը Թուրքիայի հետ սահմանին միջանցք ձևավորելն է՝ ի դեմս PYD-ի[92]։

Ինչ վերաբերում է Թուրքիայի քրդերին, ապա հիշատակման արժանի է 2015թ. դեկտեմբերին քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի մոսկովյան այցը, ինչն ինքնաթիռային միջադեպից հետո Թուրքիայից բարձր մակարդակի քաղաքական ֆիգուրի առաջին այցն էր Ռուսաստան։ Դեմիրթաշը Լավրովի հետ հանդիպման ժամանակ դատապարտեց Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը և SU-24M-ի կործանումը. «Մենք մեծ կարևորություն ենք տալիս այս բարդ ժամանակում Ռուսաստանի հետ հարաբերություններին և որպես ընդդիմադիր կուսակցություն՝ անմիջապես հայտարարեցինք, որ չենք աջակցում հարևանների հետ հարաբերությունները վատթարացնելու դիրքորոշմանը՝ բացահայտ դատապարտելով ռուսական ինքնաթիռի խոցումը։ Թուրքիան չպետք է խոցեր ռուսական ռմբակոծիչը»։ Այցից առաջ էլ Դեմիրթաշը հայտարարել էր, որ քննարկելու է Մոսկվայում ԺԴԿ ներկայացուցչության բացման հարցը[93]:

Դավութօղլուն Դեմիրթաշի այդ պահվածքը որակեց «ամոթալի և դավաճանական»՝ ընդգծելով, որ Դեմիրթաշը Թուրքիային մեղադրանքներ է ներկայացրել նրան սպառնացած երկրի (Ռուսաստան) մայրաքաղաքում: Հայտարարելով, որ «ԺԴԿ-ը ղեկավարում են Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող ուժերը»՝ Դավութօղլուն նրան որակեց որպես «PKK-ի պաշտպան»[94]։ Դեմիրթաշը, սակայն, հայտարարեց, որ իր ռուսական այցը ծրագրված էր վաղուց. «Եթե դուք մատնանշեք մեկ օգուտ, որը Թուրքիան ստացել է ռուսական ինքնաթիռը կործանելուց հետո, ապա ես ներողություն կխնդրեմ։ Միլիոնավոր մարդիկ ներկայումս տուժածի վիճակում են։ Խոսքը Ռուսաստանում աշխատողների, առևտուր անողների, արտահանում-ներկրում իրականացնողների, ուսանողների, աշխատանքի մեկնողների մասին է»[95]։

Դեմիրթաշի մոսկովյան այցից մեկ շաբաթ անց ՌԴ ԱԳՆ-ը մտահոգություն հայտնեց Թուրքիայի հարավ-արևելքում բռնությունների աճի համար, կոչ արեց խնդիրը լուծել բացառապես քաղաքական մեթոդներով. «Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի գրանցման մասին։ Քրդական հարցի լուծումը գտնվում է քաղաքական հարթությունում։ Թուրքիայի կառավարությանը կոչ ենք անում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար բռնության դադարեցումը և 2015թ. հուլիսին դադարեցված խաղաղ կարգավորման վերսկսումը»[96]։

2016թ. մարտին ռուսական RT հեռուստաալիքի նկարահանող խմբին հաջողվեց բացառիկ կադրեր ստանալ Թուրքիայի հարավ-արևելքում Ջիզրե քրդաբնակ քաղաքից, որըզգալիորեն տուժել է ԹԶՈՒ հատուկ գործողություններից։ Տեսանյութում ներկայացվել էր մի շենք, որում այրվել է 100-150 մարդ, այդ թվում նաև՝ կանայք ու երեխաներ: Ի դեպ, տեսանյութում նշվում էր, որ սա ոչ թե Սիրիան է, այլ՝ Թուրքիան[97]։ Դրանից հետո ՌԴ ԱԳՆ-ը կոչ արեց մանրակրկիտ հետաքննել Թուրքիայի հարավ-արևելքում մարդու իրավունքների ու միջազգային հումանիտար իրավունքի խախտման դեպքերը՝ ընդգծելով, որ ներկայացված կադրերից ու ականատեսների վկայությունից ստացված պատկերն ապշեցնում է իր դաժանությամբ[98]։ Ապրիլին էլ Զախարովան հայտարարեց, որ Մոսկվայում մտահոգ են Թուրքիայի քրդաբնակ նահանգներում բռնությունների մակարդակի չնվազելու կապակցությամբ և կոչ արեց հրաժարվել ուժային սցենարից, փակուղային եղանակից, որն առկա է արդեն բազում տարիներ[99]։ Օրեր անց էլ Զախարովան հայտարարեց, որ Թուրքիայում, ըստ էության, ընթանում է քաղաքացիական պատերազմ[100]:

Մարդու իրավունքներ, ԶԼՄ-ներ – Հարաբերությունների վատթարացման պայմաններում Ռուսաստանն իր ուշադրության կենտրոնում սկսեց պահել նաև Թուրքիայում մարդու իրավունքների ու մեդիայի ազատության հարցերը։ 2016թ. մարտի սկզբին Զախարովան, մեկնաբանելով Թուրքիայում ընդդիմադիր Zaman և Cumhuriyet թերթերի վրա ճնշումները, հայտարարեց, որ Ռուսաստանն արևմտյան գործընկերներից պահանջում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա պահպանի խոսքի ազատության եվրոպական չափորոշիչները։ Զախարովան հույս հայտնեց, որ Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ-ն անկողմնակալորեն կքննարկեն Թուրքիայում մամուլի ազատութունների ճնշումների հարցը[101]։

2016թ. ապրիլին ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարեց, որ Թուրքիայում բռնություններ են իրականացվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ. «Այս տարեսկզբին Թուրքիայում մեկնարկել է ակադեմիական ու մտավորական շրջանակների ներկայացուցիչների ձերբակալությունների ալիք, որոնք ստորագրել էին «Մենք չենք դառնա հանցանքի համամասնակից» հանրագրի ներքո: Հետաքննություն է տարվում ավելի քան 1000 մարդու նկատմամբ: Բռնությունների սկսման համար փաստացի ազդանշան են Էրդողանի խոսքերը, ով գիտնականների գործողությունները հավասարեցրել է ահաբեկիչների գործողություններին»[102]: Նշենք, որ թուրք ակադեմիկոսներն իրենց անհամաձայնությունն էին հայտնել երկրի հարավ-արևելքում քրդերի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը։

Ապրիլին Զախարովան հայտարարեց, որ Մոսկվան մտահոգ է Թուրքիայում ԶԼՄ-ների ազատության դեգրադացվող իրավիճակի համար. «Հալածանքների են ենթարկվում ոչ միայն թուրք և ռուս լրագրողները, այլև եվրոպական երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Թուրքիայում Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովի մուտքն արգելելը ԶԼՄ-ների ճնշմանը միտված Անկարայի քաղաքականության ցուցիչ է»[103]: Մայիսի սկզբին էլ Զախարովան հայտարարեց, որ Թուրքիայում խոսքի ազատության շուրջ տիրող իրավիճակն անթույլատրելի է, ուր մարդկանց կալանավորում, ահաբեկում և արտաքսում են ամենափոքր իսկ քննադատության, հեգնանքի կամ երգիծանքի փորձի համար[104]:

Սևծովյան նեղուցներ, Սև և Էգեյան ծովեր – Ինքնաթիռային միջադեպից անմիջապես անց ռուսական մամուլում լուրեր հայտնվեցին, որ Թուրքիան սկսել է ձգձգել ռուսական դրոշով նավերի անցումը Բոսֆորի նեղուցով։ Բացի այդ թուրքական սուզանավերը սկսեցին ուղեկցել Բոսֆորով ու Դարդանելով անցնող ռուսական ռազմանավերը[105]։ Մի շարք դեպքերում ռուսական ու թուրքական ռազմանավերը Բոսֆորի նեղուցով անցնելիս հայտնվեցին դեմ հանդիման[106]: Ամեն դեպքում կողմերին հաջողվեց խուսափել լուրջ միջադեպերից։ Ամենաաղմկահարույց միջադեպի մասին արդեն իսկ նշվել է հետազոտության առաջին մասում, երբ 2015թ. դեկտեմբերի 4-ին Բոսֆորով ռուսական «Ցեզար Կունիկով» ռազմանավի անցման ժամանակ նրա զինծառայողներից մեկն ուսին պահել էր Strela-2 շարժական զենիթահրթիռային համալիր։ Երբ միջադեպից 10 օր անց ռազմանավը վերստին անցնում էր Սևծովյան նեղուցներով, նրան ցուցադրաբար ուղեկցեց թուրքական սուզանավը[107]։ Չավուշօղլուն «Ցեզար Կունիկով»-ի միջադեպը որակեց սադրանք և Ռուսաստանին կոչ արեց դադարեցնել նման բաները[108]։ Իսկ Բինալի Յըլդըրըմը դա որակեց որպես «տհաճ միջադեպ և բաց սպառնալիք»՝ Ռուսաստանին մեղադրելով Մոնթրեի կոնվենցիան խախտելու մեջ[109]։

Հիշատակման արժանի է նաև 2015թ. դեկտեմբերի կեսին Էգեյան ծովի հյուսիսային հատվածում գրանցված միջադեպը, երբ ռուսական «Սմետլիվի» պահականավը նախազգուշական կրակ բացեց իրեն վտանգավոր հեռավորության վրա (540 մետր) մոտեցած և կապի մեջ չմտնող թուրքական ձկնորսական նավի ուղղությամբ։ Դրա հետ կապված՝ ՌԴ ՊՆ կանչվեց Ռուսաստանում Թուրքիայի ռազմական կցորդը[110]։

Դրանից օրեր անց թուրքական մամուլը գրեց, որ  Թուրքիայի առափնյա անվտանգությունը երկրի նավահանգիստներում կալանել է 27 ռուսական նավ՝ կապված նրանց փաստաթղթային խնդիրների հետ։ Չնայած դրան՝ ընդգծվեց, որ դա եղել է Թուրքիայի պատասխանը SU-24M-ի միջադեպից հետո Ռուսաստանի կողմից թուրքական դրոշով 8 նավ կալանելու համար[111]: Երբ SU-24M-ի միջադեպից հետո Թուրքիայում ակտիվացան Սևծովյան նեղուցները ռուսական նավերի առջև փակելու մասին խոսակցությունները, Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ դա կլինի ապոկալիպտիկ սցենար, և Մոսկվան առաջարկում է զերծ մնալ այդ իրավիճակը քննարկելուց[112]։ Թուրքիայում լրջորեն ընդունեցին այդ զգուշացումը և չգնացին նման մեծ սրացման։

Մայիսին Էրդողանը հայտարարեց, որ Սև ծովը վերածվում է Ռուսաստանի ներքին լճի և ՆԱՏՕ-ին կոչ արեց ուժեղացնել Սևծովյան տարածաշրջանում համագործակցությունը. «Անհրաժեշտ է Սև ծովը դարձնել կայունության ծով: Ես խոսել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ասել եմ, որ դուք ներկայացված չեք Սև ծովում, ինչի համար էլ այն գրեթե վերածվել է ռուսական լճի: Մենք պետք է կատարենք մեր պարտքը՝ որպես Սև ծովում ափ ունեցող երկիր: Եթե մենք միջոցներ չձեռնարկենք, ապա պատմությունը չի ների մեզ»։ Էրդողանը հույս հայտնեց, որ կոնկրետ արդյունքներն ի հայտ կգան արդեն ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո, որը Վարշավայում անցկացվելու էր հուլիսի 8-9-ին[113]: Ի պատասխան՝ Զախարովան հայտարարեց, որ Անկարայի նման հայտարարությունները չեն նպաստում Ռուսաստանի ու Թուրքիայի երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը[114]:

Հարկ է նշել, որ 2008թ.՝ Աբխազիայի, 2014թ.՝ Ղրիմի հայտնի դեպքերից հետո զգալիորեն ընդլայնվել են Սև ծովում Ռուսաստանի  հնարավորությունները, Սև ծովն է՛լ ավելի է կարևորվել Ռուսաստանի համար, ինչի մասին վկայում է նաև Սևծովյան նավատորմի արդիականացման ուղղությամբ խոշոր քայլերի ձեռնարկումը: Դա չի կարող չհարուցել Սև ծովում ամենաերկար (1695 կմ) ափագիծն ունեցող Թուրքիայի մտահոգությունը, ինչի պատճառներից մեկն այն է, որ Ռուսաստանը 2013թ. գարնանից մշտական հենքով Միջերկրական ծովում պահում է նավատորմ, ինչպես նաև այն, որ սիրիական ռազմական կամպանիայի ժամանակ ռուսական նավերը Սև ծովից Միջերկրական ծով ու հակառակ ուղղությամբ մեկնում էին միջազգային ջրուղու կարգավիճակ ունեցող Սևծովյան նեղուցներով: Այդպիսով, երեք կողմից ծովերով շրջապատված Թուրքիան հայտնվել է Ռուսաստանի Սևծովյան ու Միջերկրածովյան ուժեղացող նավատորմերի արանքում (Թուրքիայի ցամաքային սահմանների երկարությունը կազմում է 2949 կմ, իսկ ծովային սահմանների երկարու­թյունը՝ 8333 կմ՝ մոտ 2.5 անգամ ավելի):

Կիպրոս – 2015թ. դեկտեմբերի սկզբին թուրքական մամուլը գրեց, որ  Ռուսաստանի ու Կիպրոսի արտգործնախարարությունները բանակցում են Կիպրոսում ռուսական ռազմաբազա ստեղծելու շուրջ։ Կիպրոսում Ռուսաստանի դեսպանը հանդիպել է Կիպրոսի ԱԳՆ ներկայացուցիչների հետ և քննարկել է Մերձավոր Արևելքի ու Արևելյան Միջերկրածովի վերջին զարգացումները, ԻՊ-ի դեմ պայքարի ու Կիպրոսում ռուսական ռազմական ներկայության ապահովման հարցերը։ Ռուս դիվանագետ Նիկոլայ Օսադչին հայտարարեց, որ Կիպրոսն աշխարհագրական առումով շատ կարևոր դեր ունի ԻՊ-ի դեմ պայքար մղելու համար[115]։ Բնականաբար, Կիպրոսում ռուսական մարտական ինքնաթիռների հայտնվելու հեռանկարը չէր կարող չմտահոգել կղզու հյուսիսում զորքեր ունեցող Թուրքիայի իշխանություններին։

Վրաստան, Ուկրաինա –Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում Թուրքիան զգալիորեն ամրապնդեց Ուկրաինայի հետ հարաբերությունները։ Ուկրաինա այցելեց Դավութօղլուն, իսկ Թուրքիա այցելեցին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը։ Այդ այցերի արդյունքներով՝ երկու երկրները ստորագրեցին ռազմական համագործակցության պլան (ինքնաթիռների, ռադիոտեղորոշիչ կայանների համատեղ արտադրություն), Սև ծովում անցկացրեցին զորավարժություններ, պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունը ռազմական և էներգետիկ (ատոմային) ոլորտներում, համատեղ ուժեղացնել անվտանգությունը Սև ծովում, քաղաքացիների համար մեծացնել առանց վիզայի մնալու ժամկետը, ստորագրել ազատ առևտրի ռեժիմ։

Բացի այդ Դավութօղլուն Ռուսաստանին մեղադրեց «Վրաստանի, Ուկրաինայի ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը խախտելու» և «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը սպառնալիքի տակ դնելու» համար՝ ընդգծելով, որ Թուրքիան Ղրիմն ընկալում է որպես Ուկրաինայի անքակտելի մաս[116]։ Էրդողանն էլ Ռուսաստանին մեղադրեց ավելի վաղ Վրաստան և Ուկրաինա ներխուժելու համար. «Ռուսաստանն ասում է, որ իրենց Սիրիա կանչել է նրա կառավարությունը։ Բայց չէ՞ որ Սիրիայի ներկայիս կառավարությունը լեգիտիմ չէ։ Նրանք ասում են, որ ՄԱԿ-ն իրենց համարում է լեգիտիմ։ Կարող է համարել, սակայն դուք պարտավոր չեք գնալ ամեն տեղ, որտեղ կկանչեն։ Ինչո՞ւ դուք ներխուժեցիք Վրաստան և Ուկրաինա, որովհետև այնտեղ կանչե՞լ էին ձեզ»[117]։

Մայիսին Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն տարածեց Ղրիմի թաթարների բռնագաղթի 72-րդ տարելիցի կապակցությամբ. «Ղրիմի թաթարների բռնագաղթը մարդկության պատմության մեջ դարձավ «սև էջ»։ Մենք դատապարտում ենք էթնիկ զտումների փաստը և գլուխ ենք խոնարհում մեր թանկագին հայրենակիցների հիշատակի առջև, որոնք զոհվել են բռնագաղթի տարիներին: Ղրիմի թաթարներն իրենց պատմական հողերից Իոսիֆ Ստալինի հրամանով բռնագաղթեցվեցին 1944թ. մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը, երբ հազարավոր մարդկանց, այդ թվում նաև՝ կանանց, երեխաների, ծերերի ու հիվանդների լցրեցին բեռնատար վագոններ և անմարդկային պայմաններում տեղափոխեցին Միջին Ասիա, Ուրալ ու Սիբիր: Դրա ժամանակ սովից, ծարավից, հիվանդություններից, թթվածնի պակասից մահացան տասնյակ հազարավոր մարդիկ: Ղրիմի թաթարներից շատերը բռնագաղթի վայրում մահացան բռնությունների, աղքատության ու ծանր աշխատանքի պատճառով: Ղրիմի ավելի քան 100.000 թաթարներ այսօր էլ բնակվում են հայրենի հողից հեռու: Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը բացել է ավելի քան 70-ամյա վաղեմության բռնագաղթի վերքերը: Թուրքիան մշտապես կգտնվի Ղրիմի թաթարների կողքին»[118]:

Թուրքիան միևնույն ժամանակ սկսեց ուշադրության կենտրոնում պահել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը։ 2016թ. փետրվարին Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան լիովին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը ու նրա եվրաատլանտյան ինտեգրմանը. «Մենք աջակցում ենք Աբխազիայի և, այսպես կոչված, Հարավային Օսիայի խնդիրները Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելուն: Թուրքիան Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ աջակցելու է Վրաստանի անդամակցությանը»[119]։ Զարգացնելով թեման՝ Չավուշօղլուն ապրիլին Ստրասբուրգում հայտարարեց, որ Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել՝ առանց դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագիր (MAP) ստանալու. «Տեխնիկապես դա լիովին իրագործելի է: Մենք լիովին աջակցում ենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, և քանիցս հայտարարել ենք այդ մասին Ուելսում դաշինքի գագաթաժողովի ժամանակ։ Վարշավայի գագաթաժողովը պետք է դառնա ՆԱՏՕ-ի ընդլայնման գագաթաժողով։ Իհարկե, Թուրքիան որևէ երաշխիք չի կարող տալ այդ հարցում, բայց մենք կարծում ենք, որ բոլոր պահանջներին բավարարող Վրաստանն արժանի է անդամակցել ՆԱՏՕ-ին»[120]:

2016թ. մայիսին Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն տարածեց չերքեզների զանգվածային արտաքսման հերթական տարելիցի կապակցությամբ. «Իրադարձությունները, որոնք պատմության մեջ մտել են որպես «Չերքեզների զանգվածային արտաքսում», խորապես մխրճվել են Կովկասի ժողովուրդների հիշողության մեջ և խորը հետք թողել նրանց սրտերում: 19-րդ դարում տեղի ունեցած մարտերի ժամանակ Ցարական Ռուսաստանը մուտք է գործել Կովկաս, ուր հետապնդումների ու հալածանքների հետևանքով սպանվել են այդ տարածաշրջանի հարյուր հազարավոր բնակիչներ: Իսկ նրանք, ովքեր ողջ են մնացել, վերաբնակեցվել են Անատոլիայում: Թուրքիան հարգում է մարդկության պատմության մեջ ամենազանգվածային հանցագործություններից մեկի զոհերի հիշատակը»[121]:

Բնականաբար, Ուկրաինայի ու Վրաստանի հետ հարաբերությունները սերտացնելու Թուրքիայի պլաններում քիչ դեր չէր խաղում Ռուսաստանին վնաս պատճառելու գործոնը՝ հաշվի առնելով Ռուսաստանի հանդեպ այդ երկու երկրների դիրքորոշումը։ Ամեն դեպքում ակնհայտ էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո Թուրքիան արդեն իսկ սկսելու էր զգուշություն պահպանել, աչքի չընկնել Վրաստանի ու Ուկրաինայի հարցում խիստ հակառուսական քայլերով, ինչը նշանակում է, որ Թուրքիան որոշակիորեն զոհաբերելու էր իր հակառուսական լծակներ Ուկրաինան ու Վրաստանը, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առավել կարևոր են։ Կարծում ենք, որ Թուրքիան, ի դեմս Վրաստանի ու Ուկրաինայի հետ հարաբերությունների սերտացման, ցանկանում էր իր (նաև Ուկրաինայի ու Վրաստանի) հետ լարված հարաբերություններ ունեցող Ռուսաստանին ի ցույց դնել իր «այլընտրանք ունենալը», և թուրքական կողմը հետագայում՝ Ռուսաստանի հետ հարաբերություննրի կարգավորումից հետո, սկսեց արդեն Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ Արևմուտքին (ԱՄՆ, ԵՄ), որի հետ նա, ինչպես նաև Ռուսաստանը լարված հարաբերությունների մեջ է, ի ցույց դնել իր «այլընտրանք ունենալը»՝ ի դեմս Ռուսաստանի։

Ղարաբաղ, Հայաստան – Հարաբերությունների վատթարացման պայմաններում Ռուսաստանը սկսեց դատապարտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները, ինչպես նաև աչքի ընկավ մի շարք «հայկական» նախաձեռնություններով, որոնք պետք է Թուրքիային ի ցույց դնեին, որ Ռուսաստանը կարող է Թուրքիային վնասել նաև այդ ոլորտներում։ Ինքնաթիռային միջադեպից անմիջապես անց ՌԴ Պետդումայի դիտարկմանը ներկայացվեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, որը նախաձեռնել էր «Սպռավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը։ Օրինագիծը նախատեսում էր Ռուսաստանի տարածքում Հայոց ցեղասպանության հերքման համար սահմանել 100.000-500.000 ռուբլի տուգանք կամ էլ 1-3 տարով դատապարտյալի աշխատավարձի կամ այլ եկամտի գանձում, կամ էլ մինչև 5 տարվա հարկադիր աշխատանքներ կամ էլ մինչև 3 տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեություն վարելու զրկում[122]։ Սակայն ամիսներ անց հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունն ու Գերագույն դատարանը (ինչպես և ակնկալվում էր)  հավանության չեն արժանացրել օրինագիծը[123]։

2016թ. հունիսին Ռուսաստանի Դաշնության խորհրդի` պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիային առաջարկեց ճանաչել այն. «Գերմանիան գնաց քաղաքակիրթ երկրների ճանապարհով՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Կարծում եմ, որ անարդյունավետ են մարդկության հիշողությունից նման ծանր հանցանքները ջնջելու փորձերը, որը շարունակում է ձեռնարկել Թուրքիայի ղեկավարությունը: Դրա փոխարեն ես Թուրքիայի ղեկավարությանը կառաջարկեի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը»[124]:

2016թ. փետրվարին Զախարովան հայտարարեց, որ ՌԴ ԱԳՆ-ը կուսումնասիրի Պետդումայի պատգամավորների առաջարկը, որն առնչվում է 1921թ. Թուրքիայի հետ ստորագրված Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարմանը. «ԱԳՆ-ի հասցեով իսկապես ստացվել է պայմանագիրը խզելու առաջարկի մասին Պետդումայի մի շարք պատգամավորների դիմումը։ Կարող եմ ասել, որ դիմումը պետք է ուսումնասիրվի, ինչն էլ առաջարկվում է։ Այդ ամենը կիրականացվի սահմանված կարգով»[125]։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակով դիմել են Վլադիմիր Պուտինին և Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ հայտարարել 1921թ. ռուս-թուրքական (Մոսկվայի) պայմանագիրը[126]։ Նախաձեռնությունը կապված էր նրա հետ, որ 2016թ. մարտի 16-ին լրանում էր Մոսկվայի պայմանագրի ստորագրման 95-ամյակը։

Թուրքիային մտահոգեց 2015թ. դեկտեմբերի 23-ին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների կողմից Մոսկվայում ՀՕՊ տարածաշրջանային միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրելը։ Թուրքական ԶԼՄ-ների պնդմամբ՝ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը, ում անունը չհաղորդվեց,հայտարարել էր, որ «Հայաստանն ու Ռուսաստանը պետք է հրաժարվեն այնպիսի գործողություններից, որոնք կխաթարեին խաղաղությունը Կովկասում»[127]։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրին, ապա 2015թ. դեկտեմբերին Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարեց, որ հակամարտող կողմերից մեկին պաշտպանելու Թուրքիայի փորձերն ապակառուցողական են, չեն ողջունվում ԵԱՀԿ-ի կողմից և չեն կարող շարունակություն ունենալ[128]:

Կողմերի միջև ղարաբաղյան թեմայով վեճերը թեժացան հատկապես ապրիլյան պատերազմի ժամանակաշրջանում։ Ապրիլի 3-ին  Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց. «Ինչո՞վ են զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԵՄԽ) համանախագահները: Եթե ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան ցանկանան, ապա Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի մեկ շաբաթվա ընթացքում։ Անհրաժեշտ է մոտ ժամանակներս կարգավորել հակամարտությունը: Թուրքիան կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Թուրքիան մշտապես եղբայրական Ադրբեջանի կողքին է»[129]

Չնայած ապրիլի 4-ին Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը Թուրքիային չի մեղադրում Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ հրահրելու համար[130]՝ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը հայտարարեց, որ Թուրքիան ԼՂ-ի հարցում իր միակողմանի դիրքորոշմամբ «կրակի վրա յուղ է լցնում» և  հակամարտող կողմերից մեկին խթանում է դրա շարունակման համար»[131]:

Դրանից հետո Էրդողանը հայտարարեց, որ Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության կողմ է. «Ռուսաստանն ասում է, որ Թուրքիան հակամարտության (ղարաբաղյան) կողմ է (աջակցում է Ադրբեջանին)։ Իրականում հակամարտող կողմը Ռուսաստանն է»[132]։ Ի պատասխան՝ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Թուրքիան բորբոքում է Ղարաբաղյան հակամարտությունը[133]։  Դավութօղլուն իր հերթին հայտարարեց, որ Թուրքիան ուշադիր հետևում է ԼՂ շփման գծում իրադարձությունների զարգացմանը. «Թուրքիան Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք ընկալում է որպես անձնական սպառնալիք։ Չնայած Թուրքիան ԵՄԽ անդամ է, մյուս համանախագահող երկրները, նաև Ռուսաստանը, դեմ են ԼՂ խնդրի կարգավորմանն Անկարայի մասնակցությանը։ ԵՄԽ-ի կազմի մեջ մտնող երկրները պետք է ավելի ակտիվորեն մասնակցեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»[134]։

Մեկ շաբաթ անց Էրդողանը Ստամբուլում Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) գագաթաժողովից հետո հայտարարեց, որ ԵՄԽ-ը մատնված է անգործության. «Մեր ադրբեջանցի եղբայրներն արդեն երկար տարիներ տարածքներ են կորցրել: ՄԱԿ-ը բանաձևեր է ընդունել այդ կապակցությամբ: Եվ ես չեմ հասկանում, թե 25 տարում ինչու չեն կարողանում լուծել այդ խնդիրը: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու ԵՄԽ-ը, որը ստեղծվել է այդ հարցի լուծման համար, քայլեր չի ձեռնարկում։ Դժբախտաբար, ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում ԵՄԽ-ի համանախագահող երկրների անգործությունը մեզ կանգնեցրեց ներկայիս պատկերի առջև։ Եթե ԵՄԽ-ը գործեր արդար ու կոնկրետ արդյունքներ ապահովելու նպատակով, ապա չէր լինի այս վիճակը»[135]:

2016թ. ապրիլի 22-ին Լավրովը ԼՂ հակամարտության մասին Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները որակեց բացարձակապես անընդունելի՝ ընդգծելով, որ դրանք ոչ թե դեպի խաղաղություն, այլ պատերազմ տանող, հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու կոչեր են, ինչն արմատականորեն հակասում է ԵՄԽ համանախագահների դիրքորոշմանը[136]։ 

Կարելի է կարծել, որ Թուրքիան, ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի թեժացման հարցում տալով իր համաձայնությունը, աջակցելով Ադրբեջանին, նպատակ էր հետապնդում առավելագույնս վարկաբեկել ԵՄԽ համանախագահող երկրներին, ի ցույց դնել խնդրի լուծման հարցում նրանց «անզորությունը» և այդպիսով հիմքեր, նախադրյալներ ստեղծել Ղարաբաղյան բանակցային գործընթացում իր իսկ ակտիվ ներգրավվածության համար։  Չպետք է մոռանալ, որ 2016թ. մարտի կեսին Անկարայում Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հինգերորդ նիստից քիչ անց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ընդունեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունթեր Բեհլերին և հայտարարեց «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ԵՄԽ բոլոր անդամների ներգրավման և ԵՄԽ ողջ կազմով հանդիպումներ անցկացնելու անհրաժեշտության» մասին[137]։ Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական կողմը ձգտում էր հասնել նրան, որ համանախագահող երկրների դերը նվազի կամ ընդհանրապես վերացվի, և այդպիսով ԵՄԽ անդամ բոլոր երկրներն էլ ստանան համանախագահող երկրի կարգավիճակ, ինչն էլ կապահովի Ղարաբաղյան բանակցային գործընթացում Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը։ Չպետք է բացառել, որ Էրդողանը ժամանակի ընթացքում կսկսի դժգոհել, որ ԵՄԽ համանախագահող երկրներում չկա մուսուլմանական որևէ երկիր (ինչպես որ հայտարարում է ՄԱԿ ԱԽ մշտական անդամների պարագայում), և քանի որ Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, ուստիև դա «արդար» չէ և անհրաժեշտ է կա՛մ Թուրքիան դարձնել ԵՄԽ համանախագահող երկիր, կա՛մ էլ ստեղծել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նոր ձևաչափ։

Հարկ է նշել, որ ձախողվելով Սիրիայում (Սիրիայի քրդերը գրանցել էին աննախադեպ հաջողություններ, Բաշար Ասադը շարունակում է Սիրիայում մնալ իշխանության ղեկին, Իրանը շարունակում է Իրաքի ու Սիրիայի միջոցով պահել կապը լիբանանյան Հզբոլլահ շարժման հետ՝ շիական առանցք, Թուրքիայի կողմից մեծ աջակցություն վայելող ԻՊ-ը սկսել էր պարտություններ կրել)՝ Թուրքիան որոշել էր քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում իր կշիռը մեծացնելու ուղղությամբ։ Դրան մղում էրէլ ավելի կարևոր գործոն՝ 2016թ. հունվարին Իրանի վրայից միջազգային պատժամիջոցների վերացումը, ինչը զգալիորեն արձակելու էր Իրանի ձեռքերը և նպաստելու էր տարածաշրջանում նրա կշռի բարձրացմանը։Եվ պատահական չէր, որ պատժամիջոցների վերացումից մոտ մեկ շաբաթ անց Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուսեին Ջաբեր Անսարին հայտարարեց, որ հակամարտող կողմերի ցանկության դեպքում Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ ԼՂ-ի հարցի կարգավորման գործընթացում[138], իսկ դրանից անմիջապես անց էլ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և նրա իրանցի գործընկեր Իբրահիմ Ռահիմպուրը Մոսկվայում քննարկեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը[139]։ Բնականաբար, տարածաշրջանում ու իսլամական աշխարհում գերակա դիրքերի հասնելու հարցում Թուրքիայի հիմնական մրցակից Իրանի այդ նախաձեռնությունները չէին կարող չհարուցել Թուրքիայի խանդը, նախանձը, զայրույթը և չմղել պատասխան գործողությունների։

Եվ վերջապես պետք է նկատել, որ Ղարաբաղյան հակամարտության ապրիլյան սրացումը տեղի էր ունենում ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության պայմաններում։ Ըստ ամենայնի՝ Էրդողանը ցանկանում էր, որ Ռուսաստանը սկսի Թուրքիայի հետ լրջորեն հաշվի նստել Հարավային Կովկասում, զգա Թուրքիայի հետ երկխոսելու, համագործակցելու կարիք, ինչն էլ կարող էր որոշակիորեն ջերմացնել տվյալ ժամանակվա սառը հարաբերությունները։ Դա որոշակիորեն հիշեցնում էր 2015թ. սեպտեմբերի 30-ին Սիրիայում ռուսական ռազմական կամպանիայի մեկնարկը, ինչից հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած արևմտյան երկրները Սիրիայի հարցում սկսեցին ավելի շատ հաշվի նստել, երկխոսել, քննարկել, համագործակցել Ռուսաստանի հետ, ինչն էլ որոշակի առումով դրսևորվեց նրա հետ շփումների սերտացմամբ, Արևմուտքի համար Ռուսաստանի պահանջարկի աճով (Սիրիայի խնդրի մասով)։ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցների տակ գտնվող Թուրքիան կարող էր ոգեշնչված լինել հենց այդ օրինակից։ 2016թ. մարտի 31-ին ելույթ ունենալով Բրուքինգսի ինստիտուտում (Վաշինգտոն)՝ Էրդողանը Ռուսաստանին կոչ արեց վերսկսել համագործակցությունը՝ տարածաշրջանային խնդիրները լուծելու համար և ընդգծեց, որ դրանք անհրաժեշտ են դարձնում Մոսկվայի ու Անկարայի միջև համագործակցությունը, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան աշխարհագրորեն կարևոր երկրներ են։ Եվ ահա Ղարաբաղյան հակամարտության ապրիլյան սրացումը կարծես թե գալիս է ապացուցելու Էրդողանի այս խոսքերի ճշմարտացիությունը։

Ռազմական - Ինքնաթիռային միջադեպից հետո Ռուսաստանը կասեցրեց Թուրքիայի հետ կապի ռազմական աղբյուրները։ Դրա հետ կապված՝ Դավութօղլուն Ռուսաստանին կոչ արեց վերականգնել կապի ռազմական խողովակները՝ հետագայում կանխելու համար նմանատիպ ավիամիջադեպերը[140]։ Սակայն Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Թուրքիան չի օգտվել կապի այդ խողովակներից, որոնք միտված էին նաև ավիամիջադեպերը կանխելուն և նախընտրել է խոցել ռուսական ռմբակոծիչը, ինչի համար էլ իրենք նպատակահարմար չեն համարում բաց պահել դրանք[141]։

Ինքնաթիռային միջադեպից մոտ մեկ ամիս անց Ռուսաստանի ՕՏՈՒ թռիչքների անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բայնետովը հայտարարեց, որ SU-24M-ի «սև արկղն» ունի ներքին լուրջ վնասվածքներ, և հնարավոր չէ վերծանել դրա միկրոսխեմաների տեղեկատվությունը[142]։ Էրդողանն այդ կապակցությամբհայտարարեց. «Ռուսաստանը «սև արկղերի» տեղեկատվության հարցը վերածել է քարոզչական շոուի՝ հայտարարելով, որ վնասվածքի պատճառով անհնար է կարդալ դրանց տեղեկատվությունը։ Մենք վստահ ենք մեզ վրա։ Նման շոուն դժվարին իրավիճակում է դնում նրանց, ովքեր ցանկանում են օգուտ քաղել դրանից»[143]։

2016թ. փետրվարին Ռուսաստանն ամբողջովին խզեց Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը՝ ներառյալ ծառայության պայմանագրերը։ Ռուսաստանի նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարեց, որ չկան ո՛չ շփումներ, ո՛չ բանակցություններ, և որ նման իրավիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի փոխվել այնպես, ինչպես որ նշել է Ռուսաստանի նախագահը[144]։

Դրանից օրեր առաջ չեղյալ էր հայտարարվել Թուրքիայի տարածքում ռուս ռազմական տեսուչների դիտորդական թռիչքը, որը An-30B ինքնաթիռով պետք է իրականացվեր Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակներում։ Դիտորդական թռիչքն իրականացվելու էր փետրվարի 1-5-ին Էսքիշեհրի օդանավակայանից (ռուս դիտորդների նախկին թռիչքն Էրզրումի օդանավակայանից կատարվել էր 2015թ. դեկտեմբերի 14-18-ին)։ Դրա հետ կապված՝ Իգոր Կոնաշենկովըհայտարարեց. «Մենք լուրջ հիմքեր ունենք կասկածելու, որ Թուրքիան մտադիր է ռազմական ներխուժում իրականացնել ինքնիշխան պետություն Սիրիայի տարածք։ Մենք գնալով ավելի շատ ենք արձանագրում Սիրիայում ակտիվ գործողությունների դիմելու ԹԶՈՒ-ի քողարկված պատրաստության ցուցիչներ, և դիտորդական թռիչքից Թուրքիայի հրաժարվելը Սիրիայի հետ սահմանին ռազմական ապօրինի գործունեությունը քողարկելու փորձ է»[145]։ Թուրքիայի ԱԳՆ-ը երկրի տարածքում ռուսական ավիացիայի դիտորդական թռիչքի չեղյալ հայտարարումը պայմանավորեց նրանով, որ կողմերը չեն կարողացել պայմանավորվել դրա երթուղու շուրջ[146]։ 2016թ. մարտի վերջին Ռուսաստանից ռազմական պատվիրակություն ժամանեց Իզմիրի նահանգ՝ գնահատական տալու համար անվտանգության ու վստահության ամրապնդման միջոցների մասին 2011թ. Վիեննայում ստորագրված ԵԱՀԿ փաստաթղթի դրույթների պահպանմանը։ Դա SU-24M-ի միջադեպից հետո Ռուսաստանից ռազմական պատվիրակության առաջին այցն էր Թուրքիա։ Դրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության էին հասել դիտորդական թռիչքի հարցում[147]։

Ուշագրավ է SU-24M-ի միջադեպից հետո Մևլյութ Չավուշօղլուի կողմից Սերգեյ Լավրովի հետ զրույցում հարավկորեական Boeing 747 ուղևորատար օդանավի միջադեպի մասին հիշեցնելը, որը Սախալինում խոցվել էր 1983թ. սեպտեմբերին. 32 տարի առաջ Նյու Յորք-Անկորիջ-Սեուլ ուղղությամբ թռչող քաղաքացիական օդանավը, անհայտ պատճառներով շեղվելով իր ուղղությունից, մուտք էր գործել ԽՍՀՄ-ի օդային տարածք և Սախալինի երկնքում խոցվել SU-15 կործանիչի կողմից, ինչի հետևանքով զոհվել էր 269 մարդ։ Լավրովն իր հերթին Չավուշօղլուին հիշեցրել էր Էգեյան ծովում Հունաստանի օդային տարածքում թուրքական ավիացիայի գործունեության մասին[148]։ Թուրքական մամուլն իր հերթին հիշեցրեց 1976թ. օգոստոսի 24-ին ԽՍՀՄ-ի կողմից հրթիռային հարվածով առանց զգուշացման Թուրքիայի ՌՕՈՒ-ին պատկանող RF-5A հետախուզական ինքնաթիռ կործանելու մասին, որն ընկել էր Իգդիրից 7 կմ հարավ[149]։

Կարգավորման նախանշաններ - Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նախանշաններն ի հայտ եկան արդեն 2016թ. մայիսի վերջին, երբ Չավուշօղլուն առաջարկեց երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով ստեղծել համատեղ աշխատանքային խումբ[150]։ Մեկնաբանելով դա՝ Դմիտրի Պեսկովը հայտարարեց. «Ոչ մի աշխատանքային խումբ ի զորու չէ լուծել Ռուսաստանի և Թուրքիայի միջև խնդիրները: Դա կարող է անել միայն Թուրքիայի ղեկավարությունը, որից ակնկալում ենք այնպիսի գործողություններ, որոնց մասին հայտարարել է նախագահ Պուտինը»[151]:

2016թ. հունիսի կեսին Էրդողանը նամակ գրեց Պուտինին, որում ռուսներին շնորհավորեց Ռուսաստանի օրվա կապակցությամբ և ցանկություն հայտնեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները դուրս գան իրենց համար արժանի մակարդակ։ Նույնատիպ նամակ Դմիտրի Մեդվեդևին գրեց նրա թուրք գործընկեր Բինալի Յըլդըրըմը[152]։ Հունիսի երկրորդ կեսին Ռուսաստանը Չավուշօղլուին հրավիրեց հուլիսի 1-ին Սոչիում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) արտգործնախարարների խորհրդի 34-րդ նիստին, ինչը Զախարովան որակեց Ռուսաստանի՝ որպես նախագահող կողմի պարտականություն[153]:

Բնականաբար, այդ ժամանակ կուտակվել էին մի շարք գործոններ, որոնք կողմերին մղում էին հարաբերությունների կարգավորման։ Ռուսաստանի համար դրանք էին «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրագործումը, Արևմուտքի սահմանած պատժամիջոցների որոշակի մեկուսացումից դուրս գալու մղումը, «այլընտրանք ունենալու» հանգամանքն ի ցույց դնելու մղումը, Թուրքիան Արևմտյան ուղեծրից (ՆԱՏՕ-ից) դուրս բերելու Ռուսաստանի որոշակի հույսերը, զբոսաշրջային, գյուղմթերքի, շինարարական ոլորտներում Թուրքիայի կարիքը և այլն։ Թուրքիայի պարագայում այդ գործոններն էին իրեն մեծ վնաս պատճառած ռուսական պատժամիջոցներից ձերբազատվելը, Արևմուտքին «այլընտրանք ունենալն» ի ցույց դնելու մղումը, Ռուսաստանի կողմից Իրանին առաջարկված Կասպից ծով-Պարսից Ծոց ջրանցքի նախագծի իրագործման կանխումը, քանի որ այն մեծ վնաս կպատճառեր Ստամբուլի ջրանցքի նախագծին։

Սակայն, ըստ ամենայնի,Թուրքիայի համար ամենածանրակշիռ գործոնը եղել են Սիրիայի քրդերը (գումարած նեոօսմանյան նկրտումները), որոնք արդեն պատրաստվում էին ԻՊ-ին դուրս մղել Ազեզ-Ջերաբլուս գոտուց, որով թուրք-սիրիական սահմանին կգոյանար մոտ 700 կմ-անոց քրդական պատնեշ։ Սիրիայի հյուսիսում ցամաքային և օդային ռազմական գործողություն իրականացնելու համար Թուրքիան խստապես կարիք ուներ Ռուսաստանի թույլտվության, առանց որի թուրք զինվորականներն ու մարտական ինքնաթիռները գործ կունենային Սիրիայում տեղակայված ռուսական մարտական ինքնաթիռների ու ՀՕՊ-ի նորագույն միջոցների հետ։ Եվ Թուրքիային հաջողվեց հասնել նպատակին ու 2016թ. օգոստոսի 24-ին Սիրիայի հյուսիսում սկսել «Եփրատի վահան» ռազմական գործողությունը (ուղիղ 500 տարի առաջ՝ 1516թ. օգոստոսի 24-ին, Մերջիդաբըքի ճակատամարտում (Սիրիայի հյուսիս) օսմանյան սուլթան Սելիմ Ահեղի բանակը պարտության մատնեց մամլուքների բանակին, և օսմանյան պետության կազմում ընդգրկվեցին ոչ միայն Սիրիան, այլև Պաղեստինը, Լիբանանը)։ Այդ ժամանակ Թուրքիայից հնչեցին հայտարարություններ, որ իրենք դեմ չեն Սիրիայում անցումային շրջանում Բաշար Ասադի նախագահությանը, որ Բաշար Ասադը կարող է զրուցակից դառնալ, ինչը կարող էր լինել «Եփրատի վահան» գործողությանը Ռուսաստանի համաձայնության համար Թուրքիայի կատարած զիջումը (թեպետ Թուրքիան կարող էր Ռուսաստանին փոխհատուցել նաև այլ ոլորտներում)։

Երկկողմ հարաբերությունների կարգավորմանը նպաստեցին նաև Ռուսաստանի ու Թուրքիայի (կարելի է ասել նաև Իրանի ու Ադրբեջանի) մի շարք ընդհանրություններ. երկու երկրներում ավտորիտար վարչակարգերի առկայություն, մարդու իրավունքների ոլորտին առնչվող Արևմուտքի շարունակական քննադատություններից դժգոհություն, Արևմուտքի կողմից որոշակի մեկուսացվածություն, անտեսվածություն, տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանի երկրներով լուծելու անհրաժեշտություն։

Կարգավորման գործընթաց – 2016թ. հունիսի 27-ին Կրեմլի կայքը հայտնեց, որ Պուտինն Էրդողանից ստացել է նամակ, որում թուրք առաջնորդը հայտնել է ռուսական մարտական ինքնաթիռի խոցման հետ կապված իրավիճակը կարգավորելու հարցում իր շահագրգռվածությունը և Ռուսաստանն անվանել է Թուրքիայի բարեկամ ու ռազմավարական գործընկեր։ Հիշեցնելով, որ Թուրքիան ժամանակին մեծ ջանքեր է գործադրել, բանակցել է սիրիական ընդդիմության հետ և կարողացել է ստանալ Օլեգ Պեշկովի դիակը՝ Էրդողանը նշել է. «Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ կարեկցանքն ու խորը վշտակցությունը հայտնել զոհված ռուս օդաչուի ընտանիքին և ասում եմ՝ ներեցեք։ Ողջ սրտով կիսում ենք նրանց ցավը։ Մենք ռուս օդաչուի ընտանիքն ընկալում ենք որպես թուրք ընտանիք։ Մենք հանուն պատճառված ցավի ու վնասի մեղմացման պատրաստ ենք ամեն նախաձեռնության»[154]։ Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընն էլ հայտարարեց, որ Էրդողանն իր նամակում կիրառել է ոչ թե özür (թարգմանաբար՝ ներողություն) բառը, այլ՝ դրա ավելի մեղմ տարբերակը՝ kusura bakmasınlar (թարգմանաբար՝ թող ներեն) արտահայտությունը[155]։ Նման բառախաղը տարատեսակ քննարկումների տեղիք տվեց Թուրքիայում և՝ընդհանրապես։

Այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրան, որ Էրդողանը, ինչպես և հայտարարել էր, ներողություն չի խնդրում ռուսական մարտական ինքնաթիռը ոչնչացնելու համար, ինչը գլխավոր խնդիրն էր, քանի որ մնացյալը, այդ թվում նաև նրա օդաչուի զոհվելն ածանցյալ են, բխում են դրանից։ Բացի այդ Էրդողանը չի խոսում ռուսական մարտական ինքնաթիռը խոցելու համար փոխհատուցում վճարելու մասին և միայն խոսում է զոհված ռուս օդաչուի ընտանիքի ցավը մեղմելու, այսինքն նրան փոխհատուցում վճարելու մասին։ Եվ վերջապես, Էրդողանը ոչինչ չի նշում միջադեպի համար մեղավորներին պատժելու մասին։ Քանի որ Դավութօղլուն ավելի վաղ խոստովանել էր, որ հենց ինքն է արձակել սահմանախախտ ինքնաթիռը ոչնչացնելու հրամանը, ուստիև տրամաբանությունը հուշում էր, որ առաջին հերթին պետք է պատժվեր հենց նա։ Սակայն հաշվի առնելով Դավութօղլուի «տրամաչափը» (անկախ նրանից, որ մայիսի վերջերին Դավութօղլուն Էրդողանի իրականացրած պալատական հեղաշրջման հետևանքով հեռացվել էր վարչապետի պաշտոնից, ինչը նույնպես կարելի է համարել նրան տրված պատիժ) և Ռուսաստանի հետևողական չլինելը՝ կողմերը, ըստ ամենայնի, կբավարարվեն զինյալ Ալփարսլան Չելիքին պատժելով, ով ավելի վաղ խոստովանել էր Օլեգ Պեշկովին սպանելու մասին։ Ամփոփելով այս ամենը՝ պետք է նշենք, որ Էրդողանը միայն ափսոսանք հայտնելով ու մասնակի կամ անորոշ ներողություն հայտնելով կարողացավ հասնել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման, պատժամիջոցների վերացման մեկնարկին («Եփրատի վահան» գործողության մասին արդեն նշվել է)։

Եվ, այնուամենայնիվ, անգամ այդ պայմաններում Թուրքիայում բարձրացավ որոշակի դժգոհության ալիք՝ կապված Էրդողանի մասնակի ներողության հետ։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ քննադատության ենթարկեց Էրդողանին. «Արտաքին քաղաքականությունը պետք է լինի ազգային: Սակայն նրանք արտաքին քաղաքականության հարցերն օգտագործում են սեփական նպատակների, ներքին քաղաքականության իրականացման համար: Էրդողանը նամակ է գրել Պուտինին, որտեղ ներողություն է խնդրել Թուրքիայի Հանրապետության անունից: Ո՞վ ես դու, որ Ռուսաստանից ներողություն խնդրես Թուրքիայի անունից: Դու չունես դրա իրավունքը: Ովքե՞ր են խախտել մեր սահմանը: Ռուսները: Էրդողանն ասում էր, որ, եթե ինչոր մեկը պետք է ներողություն խնդրի, ապա դա Ռուսաստանն է: Նրանք (Թուրքիայի իշխանությունները) սկզբում մռնչում էին ինչպես առյուծներ, մինչդեռ  հիմա մլավում են կատուների պես»[156]։ Թուրքական մամուլն իր հերթին սկսեց ընդգծել, որ սա առաջին դեպքն է, երբ Էրդողանը ներողություն է խնդրում[157]։ Այսպիսի պայմաններում Էրդողանին անհրաժեշտ էր այլ միջոցներով ցրել մարդկանց ուշադրությունն ու դժգոհությունն իր մասնակի ներողությունից, քանի որ մեծ հաշվով խելամտորեն չէր կարող հակադարձել այդ ամենին, չէր կարող ընդունել, որ (որոշակի) հետքայլ է կատարել։ Այստեղ հարկ է ուշադրություն հրավիրել երկու կարևոր գործոնի վրա, որոնք օգնության հասան Էրդողանին։

2016թ. հունիսի 27-ին (Կրեմլի կողմից Էրդողանի ներողության մասին բարձրաձայնելու օրը) Թուրքիայի ու Իսրայելի վարչապետներ Բինալի Յըլդըրըմն ու Բենիամին Նեթանյահուն ներկայացրեցին երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնության մանրամասները[158]։ Ընդ որում, հաղորդվել էր, որ Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դրա նախորդ օրը՝ հունիսի 26-ին՝ Հռոմում անցկացված բանակցությունների ժամանակ, ըստ որի՝ երկու երկրների վարչապետներն այդ համաձայնության մանրամասները պետք է ներկայացնեին հաջորդ օրը՝ հունիսի 27-ի ցերեկը[159]։

Ստացվում է, որ Էրդողանը նախապես հաջող օր էր ընտրել Ռուսաստանի կողմից իր մասնակի ներողության բարձրաձայնման համար՝ գիտակցելով, որ այն այդպիսով կհամընկնի Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ներկայացման օրվան։ Էրդողանն այդ կերպ փորձեց քաղաքացիների ուշադրությունը որոշակիորեն շեղել իր մասնակի ներողությունից ու այն բևեռել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման վրա և քիչ թե շատ հավասարակշռել  Իսրայելի նկատմամբ տարած «հաղթանակը» ու Ռուսաստանից կրած «պարտությունը»։

Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ներկայացումից հետո թուրքական կողմը տարբեր մակարդակներով սկսեց հայտարարել, որ Իսրայելը «կատարել» է Թուրքիայի բոլոր 3 նախապայմանները (ներողության խնդրում, փոխհատուցման վճարում, Գազայի հատվածի շրջափակման վերացում), որոնք ներկայացվել էին 2010թ. մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպից հետո։ Սակայն, բնականաբար, դա այդպես չէր (Իսրայելը մասնավորապես չվերացրեց Գազայի հատվածի ծովային շրջափակումը, քանի որ խնդիրն առնչվում է իր ազգային անվտանգությանը, և նա չէր կարող թույլատրել առանց ստուգման բեռների առաքումը Գազայի հատված)։ Այստեղ պետք է նշենք, որ Ռուսաստանից կրած «պարտությունը» Իսրայելի դեմ «հաղթանակով» փոխհատուցելու կամ հավասարակշռելու Էրդողանի այս պլանը որոշակիորեն գործեց նրա դեմ։ Քըլըչդարօղլուն զարմանք հայտնեց, որ Իսրայելը Թուրքիայից ներողություն խնդրել է միայն բանավոր, մինչդեռ Թուրքիան գրավոր ներողություն է խնդրել Ռուսաստանից (2013թ. մարտի 22-ին Նեթանյահուն զանգահարել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին և ներողություն էր խնդրել «Մավի Մարմարայի» միջադեպի համար)։

Ինչ վերաբերում է Էրդողանի մասնակի ներողությունից Թուրքիայի քաղաքացիների ուշադրությունը ցրելու, այլ բանի վրա բևեռելու երկրորդ գործոնին, ապա պետք է նշել հունիսի 28-ի ուշ երեկոյան (ժամը 21։22-ին) Ստամբուլում Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ուժգին պայթյունների գրանցումը, որոնց հետևանքով զոհվեց 45 և վիրավորվեց 236 մարդ, Թուրքիայում հայտարարվեց ազգային սուգ։ Հարձակումն իրականացրել էին երեք մահապարտ ահաբեկիչներ, հնչել էին նաև կրակոցներ[160]։ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ առաջին նշանները ցույց են տալիս, թե պայթյունի հետևում կանգնած է ԻՊ-ը[161]։ Էրդողանն էլ դատապարտեց այդ հարձակումը՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ այն կատարվել է Ռամադան ամսին, ինչը վկայում է, որ ահաբեկիչները չունեն որևէ սուրբ բան, այդ թվում նաև՝ կրոն[162]:

Չնայած նրան, որ Թուրքիայի իշխանությունները հրապարակավ հայտարարեցին, որ ահաբեկչության համար կասկածում են ԻՊ-ին, սակայն մի շարք գործոններ հուշում են, որ պայթյունները կարող էին կազմակերպած լինել հենց Թուրքիայի հատուկ ծառայությունները։ Նախևառաջ նշենք, որ Թուրքիայում տարածված չէ օդանավակայաններում ահաբեկչություններ իրականացնելը։ Թուրքական մամուլի պնդմամբ՝ Աթաթուրքի օդանավակայանի հարձակումը նմանատիպ 3-րդ դեպքն էր վերջին 34 տարում (առաջինը համարվում է  Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) «Խրիմյան Հայրիկ» մահապարտների ջոկատի կողմից Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում իրականացրած ռազմական գործողությունը)։ Երկրորդ հարձակումն իրականացվել էր 2015թ. դեկտեմբերի 23-ին Ստամբուլի մյուս՝ Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում, սակայն այն ժամանակ սպանվել մեկ և վիրավորվել էր ևս մեկ մարդ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Քրդստանի ազատագրման բազեներ» կազմակերպությունը (TAK)[163]։

Կասկածի տեղիք է տալիս նաև այն, որ պայթյունից հետո` հունիսի 29-ին, ընդդիմադիր ԺՀԿ, ԺԴԿ, ԱՇԿ կուսակցությունները հանդես եկան Աթաթուրքի օդանավակայանի, ինչպես նաև վերջին շրջանի ահաբեկչությունները հետազոտելու մասին առաջարկով, սակայն իշխող ԱԶԿ-ը քվեարկության ժամանակ մերժեց այդ առաջարկը: Ընդդիմությանը հետաքրքրել էր, թե ինչով են զբաղված երկրի անվտանգության մարմինները, հետախուզությունը, որ շարունակ գրանցվում են նման ահաբեկչություններ[164]:

Ի դեպ, վերջին շրջանում Թուրքիայում զարմանալի զուգադիպությամբ շատ հարմար պահերի գրանցվում են ահաբեկչություններ, որոնք ծառայում են այս կամ այն նպատակի։ Այդ շարքից են 2015թ. հունիսի 5-ին (խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ) Դիարբեքիրում ԺԴԿ նախընտրական հանրահավաքի ժամանակ գրանցված պայթյունը (զոհվեց 5, վիրավորվեց ավելի քան 400 մարդ), 2015թ. հոկտեմբերի 10-ին (կրկնական խորհրդարանական ընտրություններից մոտ 20 օր առաջ) Անկարայում խաղաղության հանրահավաքի ժամանակ կատարված ահաբեկչությունը (զոհվեց 109, վիրավորվեց ավելի քան 500 մարդ), ինչից հետո ԺԴԿ-ը չեղյալ հայտարարեց 10 ընտրական հանրահավաք՝ վախենալով դրանց ժամանակ նոր պայթյուններից[165], ինչն էլ բացասաբար անդրադարձավ նրա նախընտրական արշավի և ընտրական արդյունքների վրա։ Այս շարքին կարելի է դասել նաև 2016թ. օգոստոսի 20-ին Գազիանթեփում գրանցված ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվեց 59 և վիրավորվեց ավելի քան 90 մարդ. Թուրքիան դրանով շահեց միջազգային հանրության կարեկցանքն ու աջակցությունը, ահաբեկչության պատասխանատվությունը դրեց ԻՊ-ի վրա և արդեն 4 օր անց սկսեց «Եփրատի վահան» գործողությունը։

Ելնելով այս ամենից՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչության ժամկետին՝ հունիսի 28-ի ուշ երեկոյան, մինչդեռ հունիսի 29-ը շատ կարևոր օր էր թե՛ ԻՊ-ի, թե՛ Թուրքիայի քրդերի համար: ԻՊ-ի համար այդ օրը կարևոր է նրանով, որ երկու տարի առաջ՝ 2014թ. հունիսի 29-ին, նա հայտարարել էր իր խալիֆայության հռչակման մասին: Ինչ վերաբերում է Թուրքիայի քրդերին, ապա ուղիղ 17 տարի առաջ՝ 1999թ. հունիսի 29-ին, թուրքական դատարանը մահվան դատապարտեց PKK-ի հիմնադիր ու առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, որն ավելի ուշ փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Բացի այդ 1925թ. հունիսի 29-ին Թուրքիայում մահապատժի ենթարկվեց քուրդ առաջնորդ, ապստամբական շարժման ղեկավար շեյխ Սայիդը: Ելնելով այս ամենից՝ կարելի է եզրակացնել, որ Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչության կազմակերպիչներին նախապես հայտնի էր, որ ահաբեկչությունից հետո հիմնական սլաքներն անմիջապես կարելի կլինի ուղղել կա՛մ ԻՊ-ի, կա՛մ Թուրքիայի քրդերի վրա:

Ուշագրավ է, որ ոչ ոք այդպես էլ չստանձնեց ահաբեկչության պատասխանատվությունը: Հուլիսի 1-ին Էրդողանը հայտարարեց, որ պայթյունի ժամանակ երևում են ԻՊ-ի ձեռագիրը, նրա կիրառած մեթոդները և, ամենայն հավականությամբ, հենց ԻՊ-ն է իրականացրել ահաբեկչությունը[166]: Թուրքիայի նախագահն այստեղ, ըստ ամենայնի, նկատի ունի հենց օդանավակայանում պայթյուն կազմակերպելը, և հաշվի առնելով 2016թ. մարտի 22-ին ԻՊ-ի կողմից Բրյուսելի օդանավակայանում իրականացրած պայթյունը՝ կարելի է կարծել, որ այդ (օդանավակայանում պայթյուն կազմակերպելու) գործոնը նույնպես ծառայելու էր նրան, որ սլաքներն ուղղվեն դեպի ԻՊ-ը: Վերջինս, սակայն, ոչ միայն չստանձնեց Ստամբուլի օդանավակայանի պատասխանատվությունը, այլև նրան մոտ կանգնած ԶԼՄ-ները հերքեցին այդ մեղադրանքը: Ավելին, ԻՊ-ը մինչ այդ երբևէ չէր ստանձնել Թուրքիայում կատարված ահաբեկչությունների պատասխանատվությունը: Բացի այդ նա արագորեն ստանձնեց Ստամբուլից հետո մի շարք այլ երկրներում (Բանգլադեշ, Սաուդյան Արաբիա, Իրաք) կատարված ահաբեկչությունների պատասխանատվությունը (անգամ կարծիքներ կան, որ ԻՊ-ն իր հզորությունն ի ցույց դնելու համար երբեմն ստանձնում է այնպիսի ահաբեկչությունների պատասխանատվությունը, որոնց հետ նա իրականում առնչություն չունի): 

Իսկ ի՞նչ կարող էր տալ Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը Թուրքիայի իշխանություններին, որոնք կարող էին դիմել այնտեղ պայթեցում կազմակերպելուն. 1) Արդեն նշվեց, որ Ստամբուլի ահաբեկչությունը թուրք հասարակության ուշադրությունը մեծապես շեղեց Էրդողանի ներողության նամակից ու դրա արձագանքներից: 2) Պետք է հիշել, որ վերջին շրջանում Թուրքիան կարիք ուներ միջազգային հանրության աջակցության. նա շարունակ դժգոհում էր, որ միջազգային հանրությունը լայնորեն չի արձագանքում Թուրքիայում իրականացված ահաբեկչություններին, մինչդեռ Թուրքիան 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում և 2016թ. մարտի 22-ին Բրյուսելում կատարված ահաբեկչություններից հետո գտնվել է Արևմուտքի կողքին։ Ինչպես Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունից հետո հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, համայն աշխարհը պայթյունից հետո համախմբվեց Թուրքիայի շուրջ, կանգնեց նրա կողքին[167]: 3) Եվ, վերջապես, Ստամբուլի ահաբեկչությունը պարարտ հող ստեղծեց ռուս-թուրքական հարաբերությունների միջև սառույցի առավել հալչելու համար: Պայթյունից ժամեր անց՝ հունիսի 29-ին, Պուտինը, ինչպես և ակնկալվում էր, հեռախոսազրույց ունեցավ Էրդողանի հետ և խորը վշտակցություն հայտնեց օդանավակայանի ահաբեկչության կապակցությամբ[168] (Դմիտրի Մեդվեդևն իր հերթին ցավակցեց Բինալի Յըլդըրըմին[169])։ Ուշագրավ է, որ դրա հաջորդ օրը՝ հունիսի 30-ին, Պուտինը (Աթաթուրքի օդանավակայանի պայթյունի խորապատկերին) կառավարությանը կարգադրեց ձեռնարկել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև չարտերային չվերթների արգելքը վերացնել նախապատրաստող միջոցներ[170], և դա այն դեպքում, որ դեպի Թուրքիա զբոսաշրջային ուղեգրեր վաճառելու վրա արգելքը դրվել էր Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով։

 

ՀՂՈւՄՆԵՐ


[12] 'Ruslar Akkuyu'dan kolay vazgeçmez', Dünya Gazetesi, 09.12.2015

[42] Zafer Rusya Ve Katar'in, Haberler.com, 05.12.2010

[71] Rusya'dan Kamışlı'ya hava üssü, Hürriyet, 22.01.2016

[92] Erdoğan'dan YPG ve Suriye açıklaması!, Internet Haber, 16.02.2016

[111] 27 Rus gemisi 'tutuklandı', Habertürk, 16.12.2015

[146] Rusya'nın gözlem uçuşu iptal, Türkiye Gazetesi, 04.02.2016

[161] Atatürk Havalimanı'nda terör, CNN TÜRK, 28.06.2016

[165] HDP 10 mitingini iptal etti, Habertürk, 13.10.2015

[170] Путин отменил запрет на отправку российских туристов в Турцию, Интерфакс, 30.06.2016

 

Հետազոտությունը տպագրվել է հետևյալ լրատվամիջոցներում. «Առավոտ»«Նոյյան տապան» «Shafaqna.com»

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում»  ծրագիր   (NED)