Հեղինակ: Ashot Yeghiazaryan

Այսպիսով, ԱՄՆ-ը շարունակում է հետաքրքրված մնալ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներով՝ շահագրգռված լինելով տարածաշրջանի երկրների ինտեգրմամբ եվրոպական քաղաքական, տնտեսական և մշակութային տարածությանը:

Լուսանկար:

Աշոտ Եղիազարյան, Տնտեսագիտության դոկտոր, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր դեր է խաղում ամերիկյան գլոբալ ռազմավարությունում, քանի որ աշխարհագրական առումով մոտ է Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային, ինչպես նաև Կենտրոնական Ասիային, որտեղ աստիճանաբար ամրապնդվում և հզորանում է ԱՄՆ-ի գլոբալ մրցակից Չինաստանը:

Տնտեսա-քաղաքական առումով Հարավային Կովկասը նախորդ երկու տասնամյակում ԱՄՆ-ի համար կարևորվել է որպես կասպյան ածխաջրածինների արդյունահանման և արտահանման միջանցք: Կասպյան ածխաջրածնային պաշարների ծավալները, իհարկե, շատ մեծ չեն: Բացի այդ ածխաջրածինների արդյունահանումը և արտահանումը տարածաշրջանից դժվարություններ ունի աշխարհագրական տեսանկյունից: Սակայն ԱՄՆ-ի համար (աշխարհում որպես ամենաազդեցիկ և ապագայում նույնպես դրան հավակնող տերություն) կարևորագույն խնդիր է համաշխարհային էներգետիկ հաշվեկշռի վերահսկումը:

Այդ քաղաքականության շրջանակներում ԱՄՆ-ը կարողացավ վերջ դնել Ռուսաստանի խողովակաշարային մենաշնորհին տարածաշրջանում: ԱՄՆ-ի արտաքին գործերով սենատի կոմիտեի ներկայացուցիչ Ռիչարդ Լուգարի՝ Ղազախստան, Ադրբեջան և Վրաստան կատարած այցելության արդյունքում 2006թ. կազմված զեկույցում նշվում է, որ Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի շրջանցմամբ Ղազախստանից էներգառեսուրսների արտահանումն ԱՄՆ-ի «ռազմավարական» գերակայությունն է: «Նույնիսկ, եթե ընթանում է Ռուսաստանի միջոցով արտահանման գոյություն ունեցող ճանապարհների ընդլայնման տարբերակների որոնում, - գրում է Ռ. Լուգարը, - ԱՄՆ-ի համար ռազմավարական գերակայություն է Ղազախստանի կառավարության և մասնավոր ինդուստրիայի հետ աշխատանքը` Կասպից ծովով և Ադրբեջանով, Վրաստանով ու Թուրքիայով, Ռուսաստանի կամ Իրանի վերահսկման տակ գտնվող տարածքների շրջանցմամբ, Արևմուտք գնացող ճանապարհների բացման համար»[1]: Հենց այդ նպատակով կառուցվեցին օրական 1 մլն բարել թողունակությամբ Բաքու-Թբիլիսի-Ջեհյան՝ օրական 115 հազար բարել թողունակությամբ «Արևմտյան» (Բաքու-Սուպսա) նավթամուղերը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը:

Image result for Caspian oil and gas pipelines

Վերջին տարիներին շնորհիվ թերթաքարային գազի և նավթի արդյունահանման տեխնոլոգիաների զարգացման՝ ԱՄՆ-ը դարձել է բնական գազի աշխարհի խոշորագույն արտադրողը և այլևս հեղուկացված գազի ներմուծման կարիք չունի: ԱՄՆ-ը զգալիորեն նվազեցրել է իր կախվածությունը նավթի ներմուծումից: Այժմ Քատարի, Ալժիրի, Տրինիդադի և այլ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի գազի ավելցուկային ծավալները կարող են ուղղվել Եվրոպա: Եվրոպայում հեղուկացված գազի ընդունման մի շարք տերմինալների (LNG Receiving) կառուցումը նվազեցրել է հարաբերական կախվածությունը ռուսական գազից: Այս առումով Հարավային միջանցքի նախագիծը (հիմնված ադրբեջանական ծագման գազի վրա) նույնպես մնում է գազի ոլորտում որպես եվրոպական դիվերսիֆիկացման ռազմավարության առաջնահերթություն: Ռուսաստանի էներգետիկ ու տրանսպորտային գերիշխանությունը Հարավային Կովկասում փաստացի կչեզոքացվի Պարսից Ծոց – Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ և Եվրոպա իրանական գազի արտահանման համար հավանական նոր գազամուղի կառուցմամբ: Այս համատեքստում փոխվում է Հայաստանի տարածաշրջանային նշանակությունը և դերակատարությունը:

 

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈւՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ

Դեռևս 1992թ. ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրվել են առևտրի և ներդրումների խրախուսման վերաբերյալ համաձայնագրեր: 1995թ. ստորագրվեց արտոնյալ վաճառքի մասին համաձայնագիրը, ըստ որի՝ ԱՄՆ-ը վարկային միջոցներ էր տրամադրելու գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում արտադրված ապրանքների արտահանման և վաճառքի կազմակերպման համար: 1996թ. ստորագրվեց ներդրումների խրախուսմանն ու պաշտպանությանը վերաբերող պայմանագիր, այսինքն անցում կատարվեց զարգացման ուղղակի օգնության ժամանակաշրջանից ներդրումների միջոցով տնտեսության աշխուժացման ժամանակաշրջանին: Իհարկե, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը շարունակվում է նաև այսօր (տե՛ս աղյուսակ 1): ԱՄՆ-ի կողմից ընդունված Ազատության աջակցման բանաձևի շրջանակներում Հայաստանը ԱՄՆ-ի կառավարության կողմից միլիոնավոր դոլարներ է ստանում: ԱՄՆ-ը մարդասիրական օգնություն է տրամադրում նաև Լեռնային Ղարաբաղին:

Աղյուսակ 1. ԱՄՆ-ի կողմից տրամադրված մարդասիրական օգնությունն ըստ տարիների

Տարիներ

Ընդամենը

Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ, %

2016

9578.3

21.0

2015

10461.7

21.2

2014

8563.4

17.1

2013

11670.3

20.2

2012

11603.5

19.8

2011

21954.3

36.4

2010

19028.3

36.9

2009

27250.8

53.5

2008

40907.0

60.7

2007

52669.1

73.2

2006

36618.7

68.3

2005

23999.7

58.9

2004

24962.0

71.8

1997թ. Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև կնքվել է համաձայնագիր գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին: Գոյություն ունեն համաձայնագրեր՝ էներգետիկայի (միջուկային) անվտանգության, ավիացիայի անվտանգության, օդային տրանսպորտի վերաբերյալ: 2004թ. ԱՄՆ-ի կողմից Հայաստանին շնորհվել է Մշտական կանոնավոր առևտրային հարաբերությունների` Permanent Normal Trade Relations (PNTR) կարգավիճակ: Հայաստանի համար վերացվել է նաև բարձր տեխնոլոգիաների վաճառքն արգելակող Ջեքսոն-Վենիքի ուղղումը:

1999թ. ձևավորվել է Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը, որի ձևաչափում քննարկվում են երկկողմ տնտեսական կապերին, շուկայական հարաբերությունների խորացմանը, ԱՄՆ-ի կողմից Հայաստանի հեռանկարային տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը և երկու երկրների միջև առևտրի խթանմանն առնչվող հարցեր։

Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի շրջանակներում 2006թ. ԱՄՆ-ը Հայաստանին հատկացրեց 235.65 մլն դոլար, որն ուղղվեց գյուղական ճանապարհների վերականգնման, ոռոգման ենթակառուցվածքներում ռազմավարական ներդրումներ կատարելու, ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու, ֆերմերներին և ագրոբիզնեսին աջակցելու ծրագրերի իրականացմանը:

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2011թ. կազմել է շուրջ 250 մլն դոլար: Հայաստանից ԱՄՆ արտահանվող հիմնական ապրանքատեսակներից են ալկոհոլային խմիչքները, գորգերը, ադամանդյա և ոսկյա իրերը, բջջային հեռախոսները և կապի այլ սարքավորումները, համակարգիչները, հագուստը, միսը և մսամթերքը: Հետագա տարիներին նկատվել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների նվազում (տե՛ս աղյուսակ 2), ինչն իր բացատրությունն ունի Հայաստանի՝ Մոսկվայից կախվածության ուժեղացման համատեքստում: Սակայն հեռանկարում կասկած չկա, որ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները կաճեն: «ԱՄՆ-ը Հայաստանի առևտրային գործընկերների ցանկում 5-րդն է, ինչը լավ է, բայց մենք սիրում ենք ամեն ինչում լինել առաջինը, եթե կարող ենք դա անել, ես ցանկանում եմ, որ մենք դա անենք», - 2015թ. ապրիլին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը[2]:

ղյուսակ 2. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)

Տարիներ

Արտահանում

Ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)

Ներմուծում (ըստ առևտուր անող երկրի)

2011

100,727.6

147,372.1

153,562.8

2012

87,467.9

143,074.2

142,768.2

2013

89,029.7

137,445.2

132,733.2

2014

91,412.4

132,018.5

144,912.5

2015

52,959.7

109,154.1

107,333.0

2016

38,793.8

88,105.6

73,277.0

Հայաստանում գործում են ամերիկյան կապիտալով ավելի քան 400 ընկերություններ: 2015թ. երկրի կոմերցիոն ուղեցույցում որպես բիզնեսի հնարավորության պոտենցիալ ոլորտներ առանձնացված են էներգետիկայի և հանքարդյունաբերության (հետազոտություններ, շահագործում և օժանդակ ծառայություններ), այլընտրանքային էներգետիկայի, ագրոբիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև ծառայությունների (մանրածախ առևտուր, ճամփորդություն և տուրիզմ) ոլորտները: Հայաստանում գործունեություն են ծավալում ամերիկյան բազմաթիվ ընկերություններ՝ «Ֆեդեքս»-ը, «ՆԱՍԴԱՔ»-ը, «Մարիոթ»-ը, «Գրանդ Տորոնտո»-ն, «ԼևոնԹրևլը», «Թուֆենկյան» հիմնադրամի հյուրանոցները, «Յունիքոմփ»-ը և այլք: Հայաստանի տնտեսության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Ջեներալ Էլեկտրիկը, Հանիվելը, Կատերպիլարը, Դոուն, Օշկոշը, Օփեն Սիսթեմզ Ինթերնեյշնլը և այլ ընկերություններ:

Փոխըմբռնման հուշագրեր են կնքվել տեխնոլոգիական առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսին են՝ Microsoft-ը, IBM-ը, Orakle-ը, «Synopsys»-ը և այլն։ Ներկայումս հաջողությամբ գործում են IBM-ի Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: 2015թ. Մայքրոսոֆթի հետ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է Հայաստանում կիբերանվտանգության կենտրոնի ստեղծմանն աջակցություն, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքով ամպային և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում, կրթության ոլորտում համագործակցություն, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի և այլ նախաձեռնությունների իրականացում: Ամերիկյան ընկերությունները Հայաստանի ծրագրային ապահովման և ինտերնետ ծառայությունների ոլորտի առաջատարն ու քարշիչ ուժն են: Այդ ոլորտը մեր երկիրը կապում է արևմտյան տեխնոլոգիական տարածությանը և, ըստ էության, ազգային անվտանգության խնդիրներ է լուծում:

Image result for Microsoft in Armenia

Հայաստանը կարողանում է հաջողությամբ ներկայանալ Սիլիկոնյան հովտում: Նախատեսվում է Հայաստանում ունենալ Սիլիկոնյան հովիտ. 3 հա տարածության վրա ստեղծել ինժեներական քաղաք շուրջ 40 կազմակերպությունների մասնակցությամբ (Նեյշնլ ինսթրումենթս, Սինոփսիս, ԱյԲիԷմ և այլն): Այս ոլորտի օտարերկրյա ընկերությունների մեծ մասն ամերիկյան է: Ճյուղի արտահանման առյուծի բաժինը նույնպես բաժին է ընկնում ամերիկյան շուկային:

Ըստ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան գործերում ժամանակավոր հավատարմատար Կլարկ Փրայսի՝ ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ֆրանչայզինգային բիզնեսի ընդլայնման հարցում և պատրաստ են հայ ձեռնարկատերերին առաջարկել փոխշահավետ առաջարկություններ[3]: Ֆրանչայզերները նախընտրում են շուկաներ, որոնք ունեն մտավոր սեփականության պաշտպանվածության բարձր մակարդակ: Ամերիկյան հայտնի երկու կորպորացիաներ՝ Papa John's Pizza և Turri-Frutti Frozen Yogurts-ը, տարածաշրջանում գործունեության հաջող փորձ ունեն և մտադիր են ներդրումներ կատարել Հայաստանում ֆրանչայզինգի սխեմայով:

2017թ. փետրվարի 1-ին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատում ԱՄՆ դեսպան Միլզի ելույթում առանձնացված գերակայություններից էին բիզնեսը և առևտրային կապերի խորացումը երկու երկրների միջև՝ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների խթանման համատեքստում: Ըստ ԱՄՆ դեսպանի՝ այդ ոլորտում ցանած բազմաթիվ սերմերը ոչ հեռու ապագայում արդեն իսկ պտուղներ կտան: Գյուղատնտեսության ոլորտում ԱՄՆ-ը շարունակական օգնություն է տրամադրում Հայաստանին և քայլեր ձեռնարկում գյուղատնտեսական ու անասնաբուժական ծառայությունների կենտրոնների ստեղծման, գյուղատնտեսական ապրանքներով արտադրողներին ուղղակի աջակցության, գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնման և աշխատատեղերի ստեղծման ուղղություններով: Գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում համագործակցությունը նոր հորիզոններ է դուրս գալիս:

2016թ. «Կոնտուր Գլոբալ» ընկերությունն ավարտին հասցրեց Որոտանի հիդրոկասկադի ակտիվների ձեռքբերման գործընթացը, և այժմ այն ամերիկյան ամենախոշոր, եզակի մասնավոր ներդրումն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում և ամերիկյան առաջին ներդրումը՝ Հայաստանի էներգահամակարգում: Բացի այդ «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլար և նաև առաջիկայում ստեղծել մոտ 150 աշխատատեղ:

Image result for Contourglobal Vorotan

Մինչ այդ ԱՄՆ-ի հետ առնչվող մեկ այլ ընկերություն՝ «Լիդիան Ինթերնեյշնլը», 2016թ. սկսեց Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքները: 2018թ. Ամուլսարը, թերևս, կլինի բաժնետիրական կապիտալում կատարված ամենախոշոր ամերիկյան ներդրումը Հայաստանում, իսկ 2016-18թթ. շինարարական աշխատանքներին կուղղվի շուրջ 370 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ աշխատանքների եռուն շրջանում մինչև 1.300 աշխատատեղ կլինի, իսկ ուղղակիորեն «Լիդիան Հայաստան» ընկերությունում հանքավայրի շահագործման 10 տարիների ընթացքում կաշխատի 700 հոգի[4]:

 

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈւՄ

Ռուսական էքսպանսիան անհրաժեշտ է դարձնում ԱՄՆ-ի կողմից ուշադրության և ներկայացվածության մեծացումը տարածաշրջանում: Եթե Ռուսաստանը տնտեսական և էներգետիկ գերիշխանություն ունենա տարածաշրջանում, ապա Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանի կողմից վերահսկվող ռեսուրսներից ու ճանապարհներից կմեծանա, ինչը կսպառնա նաև ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: Որքան ԱՄՆ-ը մեծացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում, այնքան մեծանում է տարածաշրջանի երկրների անկախությունը Մոսկվայից։ Հարավային Կովկասի՝ որպես տրանսպորտային և էներգետիկ միջանցքի վերահսկումը նշանակում է, որ Կենտրոնական Ասիան Հարավային Կովկասի միջոցով կմիանա եվրաատլանտյան աշխարհին:

Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների չեղարկումը և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն աշխարհատնտեսական նոր կոնֆիգուրացիա են ստեղծում տարածաշրջանում, ինչը կանդրադառնա նաև Հայաստանի վրա: Ամերիկյան ընկերությունները նախկինում բավականաչափ ներդրումներ են կատարել Վրաստանում և Ադրբեջանում՝ կապված Հարավային Կովկասի էներգետիկ միջանցքի ձևավորման հետ: Հայաստանն այդ տարիներին փաստացի դուրս էր այդ նախագծերից: Էներգետիկ միջանցքն առանց Հայաստանի էլ գործում էր: Տարածաշրջանում կառուցված նավթագազային խողովակաշարերը նվազեցրեցին Ռուսաստանի գերիշխանությունը Վրաստանում և Ադրբեջանում: Բայց Հայաստանը դեռևս մնում է Ռուսաստանի հսկողության տակ:

Միաժամանակ Հայաստանն ամերիկյան քաղաքականությունում այսօր ավելի է կարևորվում: Որոտանի հիդրոկասկադի անցումն ամերիկյան կապիտալի վերահսկողության տակ կարևոր ազդանշան էր այդ ուղղությամբ: Այս առնչությամբ ԱՄՆ նախկին նախագահ Օբաման հայտարարեց, որ Հայաստանում ԱՄՆ-ի ներդրումների պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առևտրային ու ներդրումային կապի, որն առանցքային նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի համար[5]: ԱՄՆ-ի հետ առևտրի և ներդրումների ոլորտում պայմանագրա-իրավական բազան ամբողջացնելու դեպքում Հայաստանը որպես երկիր կունենա որոշակի պարտավորություններ, որոնք իրենց հերթին Հայաստանում ներդրումների համար շատ կարևոր ազդակ կհանդիսանան: Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև 2015թ. մայիսին կնքված Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը (TIFA) Հայաստանի համար ևս մեկ այլընտրանքի հնարավորություն է: Ըստ էության, Հայաստանը հետխորհրդային երկրներից երրորդն է (Ուկրաինայից և Վրաստանից հետո), ով երկկողմ ձևաչափով նման համաձայնագիր ունի ԱՄՆ-ի հետ:  Բազմակողմ ձևաչափով, որը ենթադրում է ավելի թույլ համագործակցություն, ԱՄՆ-ը TIFA համաձայնագիր է կնքել նաև հետխորհրդային 5 երկրների՝ Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ:

TIFA-ն տիպային բնույթի համաձայնագիր է, որը նախադրյալներ է ստեղծում հետագա որոշումների համար: Համաձայնագրի կողմերն ընտրում են համագործակցության ոլորտներ, ձևավորում հանձնաժողով, որը մշակում է հստակ առաջարկություններ և դրանց հիման վրա կայացնում որոշումներ: Շատերն իրավացիորեն այս իրադարձությունը որակում են որպես շրջափուլ հայ-ամերիկյան տնտեսական գործակցության ոլորտում: Այս փուլի առանձնահատկությունը ներդրումային քաղաքականության խթանումն է: TIFA-ն նախատեսում է ամերիկյան պետական երկու կառույցի՝ Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիայի (Overseas Private Investment Corporation – OPIC) և ԱՄՆ-ի Ներդրումների և արտահանման բանկի (Export-Import Bank of the United States) գործառույթների ընդլայնումը Հայաստանում: OPIC-ը Հայաստանում գործում է 1996թ.-ից: Այն երաշխավորում է ամերիկյան մեծ նախագծերի իրականացումը: Ex-Im Bank-ն իր հերթին ֆինանսավորում է ԱՄՆ-ի արտահանման նախագծերը: Այս առումով շատ կարևոր է ԱՄՆ-ից դեպի Հայաստան տեխնոլոգիաների արտահանման ֆինանսավորումը:

Image result for TIFA US Armenia

TIFA-ից հետո Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դեռևս պետք է կնքվեն մի քանի նոր համաձայնագրեր, այդ թվում՝ կրկնակի հարկման մասին պայմանագիրը: Կրկնակի հարկման մասին պայմանագիրը սկզբնական շրջանում կնքվել է ԱՄՆ-ի և Խորհրդային միության միջև 1974թ., սակայն մինչ այժմ ընկած է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների հիմքում և լրջորեն խոչընդոտում է գործարար կապերի զարգացմանը և նոր ներդրումների ներգրավմանը: Կարևորվում է նաև Սոցիալական անվտանգության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, որով կարգավորվելու են Հայաստանում ամերիկյան ձեռնարկությունների աշխատակիցների հետ կապված խնդիրները:

Հայաստանյան բիզնեսն այսօր օգտվում է ԱՄՆ-ի կողմից շնորհված GSP համակարգից, ինչը ենթադրում է արտոնություններ, այդ թվում՝ ցածր մաքսատուրքեր ամերիկյան շուկա արտահանում իրականացնող հայ գործարարների համար: Համաձայնագրի ստորագրման արդյունքում հայկական կողմն իրավունք կստանա ընդլայնել արտոնյալ պայմաններով արտահանվող ապրանքների ցանկը: Համաձայնագրի արդյունքում Հայաստանում ստեղծվող ամերիկյան IT ձեռնարկությունների արտադրանքն այլևս պաշտպանված կլինի ԱՄՆ-ում գործող մտավոր սեփականության համակարգով:

Ինչու՞ հենց այս փուլում նման համաձայնագիր կնքվեց Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև: Վաղ թե ուշ Ռուսաստանը չի կարող ազդեցիկ լինել Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում, որովհետև դրա համար Ռուսաստանին չեն բավարարում ո՛չ իր քաղաքական, ո՛չ տնտեսական ռեսուրսները: Հետևաբար, կարող է ստեղծվել վակուում, որը կարող է լցվել տարածաշրջանային այլ խաղացողների կողմից: Արդեն միտումներ կան, որ մասնավորապես Չինաստանի էքսպանսիան կարող է տեղափոխվել մեր տարածաշրջան՝ Ռուսաստանի նահանջի խորապատկերին: Հայտնի է, որ Չինաստանը Կենտրոնական Ասիայում արդեն ազդեցիկ լծակներ է ձեռք բերել, ըստ էության, նույնիսկ գերազանցել է Ռուսաստանի ազդեցությունն այդ տարածաշրջանում, և խոսակցությունները, թե Ռուսաստանը կարող է հեշտ մարսել Կենտրոնական Ասիան, ինտեգրելով իր Եվրասիական նախագծներին, արդեն իրական չեն թվում: Չինաստանի էքսպանսիան արդեն կարող է տարածվել նաև դեպի Արևմուտք, որտեղ նա կարող է նաև տարածաշրջանային այլ խաղացողների հետ միասին փորձել ազդեցության ոլորտների բաժանում կատարել:

Image result for anaklia port georgia

Այս իմաստով դա ԱՄՆ-ի համար Հայաստանի՝ կարևոր նշանակություն ունենալու ազդակ է, և այն, որ ԱՄՆ-ը ներդրումների, ֆինանսական ռեսուրսների ու շուկաների առումով Հայաստանի համար գործնականում անսահման հնարավորություններ է բացում: Խնդիրն այն է, թե Հայաստանն ինչպես կօգտվի դրանից: «Մանավանդ, եթե դա դիտարկենք Իրան-ԱՄՆ, Իրան-ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունների շրջանակներում, Հայաստանը լուրջ հնարավորություններ է ստանում: Հայաստանի համար դա անսահման հնարավորություն է: Հայաստանն այդ համաձայնագրից կարող է ստանալ այնքան, ինչքան կարող է մարսել ու իրականացնել»[6]:

Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը, դրա դինամիկան պայմանավորված է նաև վրաց-ամերիկյան հարաբերությունների զարգացմամբ: Վրաստանն ուրույն տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի տարանցիկ միջանցքում՝ ապահովելով ելք դեպի ծով: Վրաստանը տարանցիկ է ոչ միայն կասպյան ածխաջրածինների համար, այլև Կենտրոնական Ասիան և Իրանը կապում է Եվրոպայի հետ: ԱՄՆ-ը Վրաստանի ինքնիշխանության երաշխավորն է: 2009թ. հունվարի 9-ին երկու երկրների միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության խարտիա: ԱՄՆ-ի օգնությունը և աջակցությունը Վրաստանին շարունակաբար ավելացել է 2003թ. Վարդերի հեղափոխությունից հետո: Աճ են գրանցում առևտրաշրջանառությունը և ներդրումները, ԱՄՆ-ի կողմից Վրաստանին տրամադրված GSP ռեժիմը տարածվում է լայն անվանացանկի ապրանքների վրա:

Վրաստանը երկու անգամ ամերիկյան աջակցություն է ստացել Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի կողմից, 2005-2010թթ.՝ 395,3 մլն դոլար և 2013-2018թթ. համար՝ 140 մլն դոլար: Ընթացիկ ծրագրի նպատակը մարդկային կապիտալի որակի բարձրացումն է՝ գիտության և տեխնոլոգիական կրթության, ինչպես նաև աշխատուժի զարգացման ոլորտներում ներդրումների ճանապարհով[7]:

Էներգետիկ համագործակցությունն առանցքայիններից է Վրաստան-ԱՄՆ հարաբերություններում: 2010թ. Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված աջակցության համաձայնագրով խոստացված 1 մլրդ դոլարից 122,5 մլն դոլար նախատեսվել է Վրաստանի էներգետիկ սեկտորի և ենթակառուցվածքների զարգացման համար[8]: Ամերիկյան Headwall Pоwer International-ն ուսումնասիրում է արևային էներգիայի՝ Վրաստանի ներուժը: Արևելյան Վրաստանում շուտով կկառուցեն հզոր արևային էլեկտրակայան[9]: Էլեկտրակայանի հզորությունը կկազմի 50 մՎտ: Ներդրումների ծավալը գնահատվում է 120 մլն դոլար: Վառելիքի շուկայում գործում է ամերիկյան «Gulf» ընկերությունը: 2016թ. փետրվարին ամերիկյան Frontera Resources ընկերությունը հայտարարեց, որ Վրաստանում (Հարավային Կախեթիում) հայտնաբերել է 5 տրիլիոն խորանարդ մետր գազի պաշարներ[10], այսինքն գրեթե այնքան, որքան, օրինակ, Իրաքը կամ Եգիպտոսը: Դրա արդյունահանումը թույլ կտա ոչ միայն ծածկել Վրաստանի պահանջմունքը, այլև արտահանել: Ըստ ընկերության ղեկավարության՝ կպահանջվի հինգ տարի, որպեսզի Վրաստանը սկսի գազ արտահանել: Նախատեսվում է սեղմված գազ արտահանել Ուկրաինա:

Միաժամանակ մեծանում է Իրանի հետաքրքրությունը Վրաստանի էներգետիկ սեկտորի նկատմամբ: Վրացա-իրանական Geopars ընկերությունը պլանավորում է նավթավերամշակման գործարան կառուցել Վրաստանի Լանչխութի շրջանում[11]: Ներդրումների ծավալը գնահատվում է 1,5 մլրդ դոլար: Նախագիծը ներառում է մի քանի օբյեկտներ՝ նավթավերամշակման գործարան, նավթաքիմիական գործարան և լոգիստիկ կենտրոն:

Վրաստանը հանգուցային տեղ է զբաղեցնում Պարսից Ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքում: Վրաստանի սևծովյան Անակլիայում 2016թ. հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ խորջրյա նավահանգստի շինարարությունը սկսելու արարողությունը: Նավահանգստի շինարարության մրցույթը հայտարարվել էր 2014թ.: Դրա շինարարության թույլտվությունը ստացել են ամերիկյան Conti International-ը վրացական TBC Holding-ի հետ կոնսորցիումի կազմում: Նավահանգստի շինարարության նախագծի արժեքը գնահատվում է 3.7 մլրդ դոլար: Դրա կառուցումը պետք է ավարտվի 10 տարում: Թողունակությունը կկազմի 100 մլն տոննա:

Image result for Conti International TBC Holding Anaklia

Շինարարությունը տեղի կունենա մի քանի փուլերով: Առաջին փուլում կկատարվեն 586 մլն դոլարի ներդրումներ: Առաջին բեռները նավահանգիստը կսկսի սպասարկել 2019թ.-ից սկսած: Թվում է թե Վրաստանում ևս մեկ նավահանգստի կառուցումը նպատակահարմար չէ: Ներկայումս Փոթին ու Բաթումին թերբեռնված են աշխատում: Կարս-Թբիլիսի-Ախալքալաք երկաթգծի շահագործումից հետո այդ նավահանգիստներն ընդհանրապես նոր խնդիրների առաջ կկանգնեն: Առաջին հայացքից թվում է, թե նոր նավահանգստի կառուցումը տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չէ: Սակայն ենթադրվում էր, որ նախագիծը ծովային միջանցք կստեղծի Չինաստանի և Եվրոպայի միջև՝ Մետաքսի ճանապարհի շրջանակներում: Վրաստանի վարչապետն այն անվանել է ''դարի նախագիծ'': Ապագա նավահանգիստը նույն կերպ են անվանել նաև ԱՄՆ-ում[12]: Ի վերջո, դեպի Եվրոպա չինական և իրանական բեռնահոսքերը կանցնեն ամերիկյան ընկերության կողմից վերահսկվող նավահանգստով: Ընդ որում, այն կդառնա Ռուսաստանի շրջանցմամբ Ասիա-Եվրոպա երթուղու կարևորագույն հանգույց:

Այսպիսով, ԱՄՆ-ը շարունակում է հետաքրքրված մնալ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներով՝ շահագրգռված լինելով տարածաշրջանի երկրների ինտեգրմամբ եվրոպական քաղաքական, տնտեսական և մշակութային տարածությանը:

 

ՀՂՈւՄՆԵՐ ԵՎ ԾԱՆՈԹԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ


[12] Правительство Грузии подписало инвестиционное соглашение для строительства порта Анаклия, Новости Грузия

 

Հոդվածը տպագրվել է հետևյալ լրատվամիջոցներում. «Առավոտ», «Հետք», «A1.am»

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)