«Առավոտ» օրաթերթ
Հեղինակ: Ruben Mehrabyan

Ակնհայտ է մի բան, որ ջրբաժանը երկրում ոչ միայն եւ ոչ այնքան քաղաքական է, որքան քաղաքակրթական: Սա վերաբերմունք է երկրում աշխարհիկ կարգերի, հաստատվող առաջնորդապաշտության, պետություն-անհատ հարաբերությունների նկատմամբ:

«Առավոտ» օրաթերթ Լուսանկար: «Առավոտ» օրաթերթ

Սահմանադրական հանրաքվե Թուրքիայում. կիսվեցին ոչ միայն ձայները, այլեւ կիսվեց եւ բեւեռացվեց երկիրը

Կիրակի օրը Թուրքիան քվեարկեց հօգուտ նախագահ Էրդողանի առաջարկած Սահմանադրության, բայց չնչին առավելությամբ՝ 51/49 հարաբերակցությամբ: Ոչ միայն ձայներն են փաստորեն կիսված, այլեւ այդ հստակ բաժանարար գծերն անցնում են երկրի քարտեզի վրայով:

Էրդողանին մերժեցին երկրի խոշորագույն քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Ադանան, Անթալիան, քրդաբնակ նահանգները՝ բացառությամբ երկուսի, Էգեյան եւ Միջերկրական ծովափնյա նահանգները, Հայաստանին եւ Վրաստանին սահմանակից նահանգները՝ բացառությամբ Կարսի, որտեղ «այո»-ն հավաքել է ընդամենը 50.99%:

Չնչին առավելությունը հօգուտ Էրդողանի ապահովեց «միջուկային» ընտրազանգվածն Անատոլիայում: Ուշագրավ է նաեւ, որ քիչ թվով նահանգներում եւ քաղաքներում է, որտեղ ձայները տեղում կիսվել են, ինչպես Ստամբուլում եւ Անկարայում, ավելի շատ են հստակ կողմնորոշված նահանգները, որտեղ «այո»-ն կամ «ոչ»-ը ստացել են ձայների մոտ երկու երրորդը: Այսպես, քրդաբնակ շրջաններում «ոչ» է ասել 60-65%-ը (Դիարբեքիր, Վան), Իզմիրի 68 տոկոսն է «ոչ» ասել: Նույնը՝ «այո»-ի պարագայում: Այսպես, Կոնյայի գրեթե 73 տոկոսն է կողմ քվեարկել, գրեթե մեկ միլիոն մարդ, կամ ազգայնական Էրզրումը՝ 74.5%: Ուշագրավ է պատկերը Ստամբուլում, որտեղ 9 մլն ընտրողների ձայները, ինչպես եւ ամբողջ երկրում, կիսվել են, «ոչ» է ասել 51.3%-ը: Այստեղ նույնպես շրջանները եւ թաղամասերը հստակ կողմնորոշված են: «Հին քաղաքում» Էրդողանի պարտությունն ուղղակի ջախջախիչ է: Այսպես, Շիշլիում «ոչ» է ասել 71.7%-ը, իսկ Բեշիկթաշում՝ 82.8%-ը, մինչդեռ Սուլթանղազի կամ Սուլթանբեյլի թաղամասերում հակառակ պատկերն է. «այո»-ի տոկոսն է գրեթե նույնքան:

Պետք է նշել, որ խոսք է գնում պաշտոնական տվյալների մասին, որոնց վիճարկելու մասին արդեն իսկ հայտարարել են Էրդողանի ընդդիմադիրները: Բացի դրանից, երկրում շարունակվում է ավելի վաղ հայտարարված արտակարգ դրությունը, եւ «ոչ»-ի քարոզչությանն իշխանությունը համակարգային խոչընդոտներ է ստեղծել քարոզարշավի ողջ ժամանակահատվածում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն Միխայել Լինքը «Դոյչե Վելլեին» տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե նախկինում ընտրախախտումները տեղի էին ունենում հիմնականում քրդաբնակ շրջաններում, ապա ներկայիս հանրաքվեն տեղի է ունենում արտակարգ իրավիճակի պայմաններում, եւ ընտրախախտումները տարածվելու են ամբողջ երկրով: Թուրքիան դարձել է աշխարհի ռեկորդակիրը ձերբակալված լրագրողների քանակով:

Ակնհայտ է մի բան, որ ջրբաժանը երկրում ոչ միայն եւ ոչ այնքան քաղաքական է, որքան քաղաքակրթական: Սա վերաբերմունք է երկրում աշխարհիկ կարգերի, հաստատվող առաջնորդապաշտության, պետություն-անհատ հարաբերությունների նկատմամբ:

Ակնհայտ է նաեւ, որ տրամագծորեն հակառակ աշխարհայացքները կանխորոշում են նաեւ արտաքին քաղաքական նախասիրությունները եւ վերաբերմունքն Արեւմուտքի նկատմամբ: Փաստ է, որ Աթաթուրքի Թուրքիայի ընթացքն ավարտված է, եւ պարզ չէ, թե մինչեւ 2029թ. գրեթե անսահմանափակ իշխանություն ստացած Էրդողանն ինչ է անելու իր այդ իշխանության հետ: Թուրքիա-Արեւմուտք հարաբերությունները կենսական կարեւորություն ունեն եւ կունենան Անկարայի համար, դրանք շոշափում են թե անվտանգության, թե տնտեսության ոլորտները: Եվ քանի տնտեսական աճն ապահովվում է, Անկարան ձգտելու է շարունակել առավելագույնը կորզել իր «բազմավեկտոր» խաղով: Սակայն Էրդողանի իշխանությանը չեն կարող չմտահոգել մի քանի միտումներ:

Տուրիզմը Թուրքիայում անկում է ապրում. 2014-ին եթե երկիր էր այցելել 42 մլն արտասահմանցի տուրիստ, ապա երկու տարի անց այդ թիվը նվազեց մինչեւ 25 մլն: Տարբեր սահմանափակումների պատճառով երկիրը լքում են մի շարք համաշխարհային բրենդներ, աճում է գործազրկությունը, վտանգի տակ է արեւմտյան ներդրումների շարունակականությունը, ինչը ոչ միայն փող է, այլեւ տեխնոլոգիա եւ արդիականացում է բերում երկիր:

Ի վերջո, դժվար է ակնկալել ներդրումներ նրանցից, ում դու «նացիստ» ես անվանում կամ հիշեցնում ես, թե ինչպես ես «ոմանց լցրել ծովը» 1922-ին՝ իրենց «պաշտպանողների հետ միասին»: Դժվար է նաեւ ակնկալել ներդրումներ մի երկրում, որտեղ տարիներով, ինչպես պուտինյան Ռուսաստանում, քարոզվում է «պաշարված բերդի» գաղափարը: Ու եթե ռուս «ավանդական» մտածողության համաձայն՝ Մոսկվան ունի «միայն երկու դաշնակից»՝ բանակը եւ նավատորմը, թուրք «ավանդական» մտածողությունը հուշում է, որ «թուրքն ունի միայն մեկ բարեկամ՝ ինքը թուրքը»: Եվ թուրքական պարադոքսն այն է, որ մի կողմից՝ տարած հաղթանակն էապես նվազեցնում է պոպուլիզմի իմաստը, այն պոպուլիզմի, որին փայլուն տիրապետելով՝ Էրդողանը «թամբեց» Թուրքիան, ինչն օբյեկտիվորեն մեծացնում է Անկարայի կանխատեսելիությունը: Սակայն քանի որ պարզ չէ՝ իսկ ինչ է անելու իր հաղթանակի հետ կիսված երկրում Էրդողանը, որպեսզի բոլորին գոհացնի, դա մեծացնում է ռիսկերը, որ այդ հաղթանակը որոշ ժամանակ անց կարող է դառնալ Պյուռոսյան՝ իր բոլոր էկզիստենցիալ հետեւանքներով, երբ ոչ միայն հաղթահարված չեն սիրիական եւ քրդական մարտահրավերները, այլեւ ահագնանալու հստակ միտում են դրսեւորում:

Հիմքեր չկան ակնկալելու, որ դրամատիկ իրադարձությունները Թուրքիայում ինչ-որ բան կփոխեն Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների հետ կապված՝ Անկարայի դիրքորոշման մեջ: Սակայն չափազանց դինամիկ զարգացումները հաստատապես պահանջում են Հայաստանի՝ թե պետությունից, թե հասարակությունից, նախ՝ մշտապես ուշադրության ներքո պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում հարեւան երկրում: Մեր հասարակության պետական մտածողություն ունեցող եւ քաղաքականությունը պատկերացնող հատվածի մոտ իրադարձությունները Թուրքիայում, դրանց հնարավոր զարգացումները եղել եւ մնում են ուշադրության կենտրոնում, եւ կարեւորվում է մի բան. Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների հարթության վրա Հայաստանի շահն ընկալելը եւ ձեւակերպելը պահանջում է հայացք Երեւանից եւ միմիայն Երեւանից: Բաց է մնում հարցը՝ արդյոք պաշտոնական Երեւանն ազգային անվտանգության «զինանոցում» ունի՞ գործիքներ, որոնք պատրաստ է գործադրել սեփական որոշմամբ, եթե դա թելադրվի իրավիճակի ինչ-ինչ փոփոխությամբ, եւ արդյո՞ք քաղվել են բոլոր անհրաժեշտ դասերը տապալված արձանագրությունների գործընթացից, երբ գաղափարը ճիշտ էր, սակայն իրագործումը՝ ի սկզբանե սխալ: Հայտնի է մի բան. հեշտ չի՛ լինելու: 

19.04.2017 

Աղբյուրը՝ «Առավոտ»