Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում անցկացվեցին ժողովրդավարության ութերորդ դպրոցի երեկոյան դասընթացները, որոնք կազմակերպվում են Ինստիտուտի և ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) համատեղ ծրագրի շրջանակներում:

ՄԱՀՀԻ ժողովրդավարության ութերորդ երեկոյան դպրոցի ունկնդիրների խմբային նկար Լուսանկար: ՄԱՀՀԻ ժողովրդավարության ութերորդ երեկոյան դպրոցի ունկնդիրների խմբային նկար

2016թ. դեկտեմբերի 1-14-ը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում անցկացվեցին ժողովրդավարության ութերորդ դպրոցի երեկոյան դասընթացները, որոնք կազմակերպվում են Ինստիտուտի և ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) համատեղ ծրագրի շրջանակներում:

10-օրյա դպրոցին մասնակցեցին Հանրապետության տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, լրագրողներ, երիտասարդ գիտնականներ, հետազոտողներ, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստներ:

 

Օր 1. Դեկտեմբերի 1

Բացման խոսքով հանդես եկավ ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը՝ ունկնդիրներին ներկայացնելով Ինստիտուտի հետազոտական գործունեությունը, կազմը, ինչպես նաև 8-րդ ժողովրդավարության դպրոցի ծրագիրն ու բանախոսներին:

Այնուհետև ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանն ունկնդիրների առջև հանդես եկավ ժողովրդավարությունը և անվտանգությունը թեմայով դասախոսությամբ՝ համեմատական վերլուծության դիտանկյունից վերլուծելով ժողովրդավարության առանձնահատկությունները:

Քաղաքագետը խոսեց ժողովրդավարության և անվտանգության միջև կապի, մյուս քաղաքական համակարգերի նկատմամբ ժողովրդավարության առավելությունների մասին:

Անդրադառնալով Հայաստանի անվտանգության ու ժողովրդավարության տարբեր մարտահրավերների՝ ունկնդիրները դրանց արդյունավետ հակազդելու տեսանկյունից համակարծիք էին Հայաստանի լիակատար ժողովրդավարացման հարցում:

 

Օր 2. Դեկտեմբերի 2

Օրվա բանախոսը ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն էր, ով ներկայացրեց անվտանգության, ժողովրդավարության, ներքին ու արտաքին քաղաքականությունների փոխառնչությունները՝ ունկնդիրների հետ անդրադառնալով 20-րդ դարի ընթացքում անվտանգության հայեցակարգի էվոլյուցիային:

Հանգամանորեն ներկայացվեցին անվտանգության քաղաքականությունների մշակման 7 առանցքային հարցադրումները, անվտանգության օբյեկտիվ և սուբյեկտիվ գործառույթները, այդ ամենն իրականացնող անվտանգության համակարգի այլ ենթահամակարգեր:  

Գործնական պարապմունքը նվիրված էր Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի քաղաքական համակարգի վերլուծությանը:

Մտքերի փոխանակության ժամանակ դպրոցի մասնակիցները սեփական դիտարկումները ներկայացրեցին ժողովրդավարության և անվտանգության կապի մասին՝ բուռն քննարկում ծավալելով այն բացահայտող տարբեր խնդիրների շուրջ:

 

Օր 3. Դեկտեմբերի 5

Օրվա բանախոսն էր ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:

Քննարկման կիզակետում Մերձավոր Արևելքի զարգացումներն էին՝ այդ և հարակից տարածաշրջաններում Թուրքիայի հետապնդած քաղաքականությունները, դրանց ազդեցությունը Հայաստանի անվտանգության ու արտաքին քաղաքականությունների վրա:

Թուրքագետը մասնավորապես անդրադարձավ Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-ԱՄՆ փոխհարաբերություններին և տարածաշրջանային այլ զարգացումներին, որոնք տեսանելիորեն ազդում են թե՛ ղարաբաղյան հակամարտության գոտու զարգացումների, թե՛ նաև ողջ կովկասյան տարածաշրջանի վրա:

 

Օր 4. Դեկտեմբերի 6

4-րդ օրվա բանախոսը «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանն էր:

Բանախոսը կանգ առավ կովկասյան տարածաշրջանում ծավալվող վերջին զարգացումների, և, ընդհանրապես, միջազգային հարաբերությունների, Ղարաբաղյան հակամարտության ու Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վրա:

Որպես ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան՝ Շահնազարյանը մանրամասներ ներկայացրեց այդ շրջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարների շահերի ու քաղաքականությունների վերաբերյալ:

 


Օր 5. Դեկտեմբերի 7

Օրվա զեկուցաբերը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանն էր:

Նա ունկնդիրներին ներկայացրեց Եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների տնտեսական դիտանկյունը:

Դոկտոր Եղիազարյանը նաև խոսեց Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության դիմակայության, մրցակցության, Ռուսաստանի վարած տնտեսական քաղաքականության ու դրանց աշխարհաքաղաքական թիրախների, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական հետևանքների մասին:

 

Օր 6. Դեկտեմբերի 8

6-րդ օրվա բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, Յենայի համալսարանի ասպիրանտ, եվրոպագետ Անի Եղիազարյանն էր:

Նա հանգամանալից անդրադարձ կատարեց ԵՄ արևելյան քաղաքականության երկու առանցքային ծրագրերին՝ Եվրոպական հարևանության քաղաքականությանը (ԵՀՔ) և Արևելյան գործընկերությանը (ԱլԳ):

Եղիազարյանը մանրամասնեց անդամակցող երկրների համար այդ ծրագրերի ընձեռած հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաև դրանց իրականացման մարտահրավերները, որոնք ծագել են Ռուսաստան-ԵՄ դիմակայության, անդամ երկրների ներքին՝ ժողովրդավարացման ձախողումների արդյունքում:

Համեմատական վերլուծության տեսանկյունից քննարկվեցին Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի ու Հայաստանի օրինակները:

 

Օր 7. Դեկտեմբերի 9

Հերթական բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն էր:  

Բանախոսի դասախոսությունը նվիրված էր Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությանը, աշխարհաքաղաքական նկրտումներին ու հավակնություններին:

Այդ համատեքստում Մեհրաբյանն ունկնդիրներին ներկայացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության քաղաքական հետևանքները, ինչպես նաև բուռն քննարկում վարեց ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի վարած քաղաքականությունների վերաբերյալ:

 

Օր 8. Դեկտեմբերի 12

Օրվա բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ազգագրության և հնագիտության ինստիտուտի ասպիրանտ Սյուզաննա Բարսեղյանն էր:

ՄԱՀՀԻ հետազոտողն անդրադարձավ հասարակական գիտություններում կիրառական հետազոտական մեթոդներին, որի շրջանակներում ունկնդիրներին ներկայացվեցին մի շարք մեթոդներ` հարցումներից մինչև բովանդակային վերլուծություն:

Անցկացվեց նաև գործնական պարապմունք, որի շրջանակներում ունկնդիրները երկու խմբով ու իրենց ընտրած խնդրի համար կազմեցին հետազոտական ծրագրեր՝ սահմանելով հետազոտական հիմնահարցը, առաջ քաշելով հիպոթեզն ու ընտրելով կոնկրետ գործիք:

Խմբային աշխատանքների ներկայացմանը հաջորդեց խմբերի միջև բանավեճն ու դիտարկումների ներկայացումը միմյանց աշխատանքների վերաբերյալ:

 

Օր 9. Դեկտեմբերի 13

9-րդ օրվա բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքական մեկնաբան, Մոսկվայի դիվանագիտական ակադեմիայի ասպիրանտ Գևորգ Մելիքյանն էր:

Մելիքյանը նախ ունկնդիրներին ներկայացրեց միջազգային հարաբերությունների հիմնական դպրոցները` մանրամասնելով դրանց ելակետային դրույթների տարբերությունները:

Այնուհետև բանախոսը խոսեց եվրասիական տարածաշրջանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու այլ տարածաշրջանային դերակատարների վարած քաղաքականությունների մասին:

Դասախոսությունն ուղեկցվեց գործնական պարապմունքով, որի ընթացքում դերային խաղի միջոցով ունկնդիրներն ամրապնդեցին իրենց ստացած գիտելիքներն ու զարգացրեցին հմտություններ պետությունների շահերի վերլուծության, շահային համադրություններ կառուցելու առումով:

 

Օր 10. Դեկտեմբերի 14

ՄԱՀՀԻ Ժողովրդավարության դպրոցի վերջին դասախոսութունն անցկացրեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը:

Ունկնդիրների հետ նա քննարկեց Իրանի միջուկային համաձայնագիրը, ԱՄՆ-Իրան հարաբերությունները՝ թշնամանքից մինչև գործընկերություն, Իրան-Հայաստան շահային ընդհանրություններն ու համագործակցության խորացման հեռանկարները:

Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Ժողովրդավարության ութերորդ երեկոյան դպրոցի շրջանավարտների վկայականների հանձնման արարողությունը:

Վկայականները հանդիսավոր հանձնեցին ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը, Ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անահիտ Բախշյանը և անդամներից՝ Գագիկ Բաղդասարյանը:

Արարողությանը ներկա էին ՄԱՀՀԻ փորձագետներ՝ Ռուբեն Մեհրաբյանը, Գևորգ Մելիքյանը, Օֆելյա Ամիրխանյանը, Արմեն Վարդանյանը, ինչպես նաև՝ ՄԱՀՀԻ Ժողովրդավարության նախորդ դպրոցների շրջանավարտներ:

 

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի միջոցառումների թիմ