Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը
Հեղինակ: Ruben Mehrabyan

Թեմաներ: Էներգետիկա, պաշարներ և տեխնոլոգիաներ, Պետականաշինություն, կառավարում և քաղաքականություններ, Տարածաշրջանային և միջազգային անվտանգություն, Միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ, Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և օրինականություն, Պաշտպանություն և անվտանգություն, Զինված հակամարտություններ և միջէթնիկական լարվածություն,
Տարածաշրջաններ: Արևմտյան Եվրոպա, Արևելյան Եվրոպա, Կովկաս, Ռուսաստան և Եվրասիա, Միջին Արևելեք և Հյուսիսային Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա,
Programs: Առաջնորդություն, որոշումների ընդունում և անվտանգություն, Արտաքին քաղաքականություն, խաղաղաշինություն և անվտանգություն , Հանցավորություն, արդարադատություն և ներքին անվտանգություն , Սոցիալական/հումանիտար զարգացումներ և անվտանգություն, Քաղաքական զարգացումներ և կայունություն,
Տեսակներ: ՄԱՀՀԻ հետազոտություն և թեմատիկ զեկույց,

Սեփական քաղաքականությունների դիվերսիֆիկացման համար Հայաստանը հնարավորություններ ունի, և այդ առումով Եվրամիության հետ արդեն նախաստորագրված և վերջնական ստորագրմանը պատրաստ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (СЕРА) դրանք զգալիորեն ընդլայնում է:

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լուսանկար: Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հետխորհրդային պետությունների նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականությունն ամբողջությամբ տեղավորվում է մեկ միասնական տրամաբանության մեջ, անկախ նրանից, թե որքանով է դա  համակարգված ձևակերպված այն իրականացնող մարդկանց կողմից: Այդ քաղաքականության տրամաբանությունը, ալգորիթմներն ամենևին նոր չեն մշակվել և սկզբունքորեն ոչ մի նորարարական բան չեն պարունակում: Սակայն դրանց իրականացման գործիքներում ու մեթոդաբանության մեջ ներմուծվել են հեղափոխական բնույթի նորարարություններ, որոնք կապված են համաշխարհային տեղեկատվական հեղափոխության հետ, և իր նպատակներին հասնելու համար Ռուսաստանն ու նրա ղեկավարությունը դրա նվաճումների կիրառման գործում զբաղեցրել են առաջադեմ դիրքեր, իսկ որոշ բաղադրիչներում նրանց կարելի է առաջամարտիկներ համարել:

«Պուտինի դոկտրինը», որպես այդպիսին, ձևակերպված չենք գտնի Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնարար փաստաթղթերում: Ինչպես և խորհրդային ժամանակաշրջանի «Բրեժնևի դոկտրինը»[1], դրա բաղադրիչները կազմված են 2000-ականների սկզբից ի վեր Վլադիմիր Պուտինի մի քանի կարևոր հրապարակային ելույթներից, ըստ առանձին ոլորտների ընդունված հայեցակարգերից և դոկտրիններից[2], ռուս որոշ քաղաքական գործիչների կարևոր մեկնաբանություններից ու հայտարարություններից՝ հետխորհրդային ժամանակաշրջանում ՌԴ գործնական քաղաքականության հետ համակցության մեջ:

«Բրեժնևի դոկտրինը», որպես այդպիսին, ձևակերպել են արևմտյան քաղաքական գործիչները և քաղաքագետերը 1968թ. տեղի ունեցած լեհ կոմունիստների համագումարում նրա ունեցած ելույթից հետո՝ դրանում տեսնելով «սոցիալիստական ճամբարի» երկրների ներքին գործերին միջամտելու արդեն այն ժամանակ իրականացվող քաղաքականության արդարացումը և քաղաքական-գաղափարական հիմնավորումը, որի իմաստը Խորհրդային Միության հետ առավել սերտ համագործակցությանն ուղղված այդ սուբյեկտների քաղաքական կուրսի կայունության ապահովումն էր, կոմունիստական գաղափարախոսությամբ միավորված այդ «ճամբարում» նրա գերիշխման ճանաչումը: Այդ դոկտրինն անվանում էին նաև խորհրդային «ճամբարի» մեջ մտնող երկրների «սահմանափակ ինքնիշխանության դոկտրին»:

Related image

 

«ՊՈՒՏԻՆԻ ԴՈԿՏՐԻՆԻ» ԷՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1968թ. Խորհրդային առաջնորդը Վարշավայում հայտարարեց. «Եվ երբ սոցիալիզմի թշնամի ներքին և արտաքին ուժերը փորձում են որևէ սոցիալիստական ​​երկրի զարգացումը հետ շրջել կապիտալիստական ​​կարգերի վերականգնման ուղղությամբ, երբ այդ երկրում սոցիալիզմի գործին կամ սոցիալիստական համայնքին, ընդհանրապես, սպառնալիք է առաջանում, դա արդեն դառնում է ոչ միայն այդ երկրի ժողովրդի խնդիրը, այլև բոլոր սոցիալիստական ​​երկրների ընդհանուր խնդիրը, մտահոգությունը»:

«Պուտինի դոկտրինը», որն արմատավորվում է Բրեժնևի դոկտրինից, ի տարբերություն իր «նախորդի», զուրկ է որևէ գաղափարախոսությունից և, բնականաբար, իրականացվում է բոլորովին այլ ներքին ու արտաքին պայմաններում, իսկ «եվրասիականության», «ռուսական աշխարհի» նկատմամբ գաղափարախոսություն տերմինը կիրառելի է միայն «կեղծ» նախածանցով՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք նույնպես հավասարապես մերժում են ազատական ​​արժեքները և ուղղված են Արևմուտքի համակարգային թուլացմանը:

Սակայն ուժերի և ռեսուրսների հարաբերակցության արմատական փոփոխության պատճառով, եթե սահմանափակ ինքնիշխանության դոկտրինը Բրեժնևի օրոք իրականացվում էր ամբողջ աշխարհում, ապա Պուտինի օրոք` միայն հետխորհրդային տարածության մեջ, որտեղ ըստ 12.02.2013թ. ընդունված «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգի»` «Ռուսաստանն առաջնահերթ խնդիր է համարում Եվրասիական տնտեսական միության ձևավորումը, որը կոչված է ոչ միայն առավելագույնս նպաստել ԱՊՀ տարածքում փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, այլև Համագործակցության (ԱՊՀ-հեղ.) երկրների ապագան որոշող ու այլ պետությունների անդամակցության համար բաց միության մոդել դառնալ»[3]:

Related image

Վլադիմիր Պուտինի կողմից Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ԶԼՄ-ների քաղաքական բառապաշարում գործածության մեջ մտավ «պուտինիզմ» հասկացությունը[4], որը միավորում էր նրա կառավարման բնորոշ հատկանիշները, իսկ «Պուտինի դոկտրին»[5] եզրույթն ի հայտ եկավ արդեն 2013թ. մարտին:

Մասնավորապես, համանուն վերնագրով հոդվածում Ռուսաստանի և նախկին Խորհրդային Միության հարցերով ամերիկացի փորձագետ Լեոն Արոնը նշում է, որ ռուսական քաղաքական ընտրանում արտաքին քաղաքական կոնսենսուսի կարևորագույն բաղադրիչներից մեկը տարածաշրջանային գերիշխանությունն է:

 
«Այդ նպատակին հասնելու համար Մոսկվան ձգտում է Ռուսաստանի գլխավորությամբ նախկին խորհրդային բլոկի քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային նոր ինտեգրմանը»[6]՝ հավելելով, որ խոսքը վերաբերվում է հետխորհրդային պետությունների «ֆինլանդացման» փորձին, ինչը հիշեցնում է խորհրդային ժամանակները, երբ «Մոսկվան Սառը պատերազմի ժամանակ վերահսկում էր Ֆինլանդիայի արտաքին քաղաքականությունը»:

Այդ սխեմայի շրջանակներում նա իր հարևաններին թույլ է տալիս ինքնուրույն ընտրել իրենց ներքաղաքական և տնտեսական համակարգերը, սակայն իրեն իրավունք է վերապահում վերջին խոսքն ասել նրանց արտաքին կողմնորոշման հարցերում:

«Համապատասխանաբար, Կրեմլը շատ կոշտ դիրքորոշում է զբաղեցնում նախկին խորհրդային այն հանրապետությունների նկատմամբ, որոնք ձգտում են վերակողմնորոշել իրենց արտաքին քաղաքականությունը», - ասում է փորձագետը:

Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ը, «Պուտինի դոկտրինի» իրականացման[7] գործիքների դեր են խաղում, և այդ կազմակերպություններում հետխորհրդային տարածության առանձին երկրների անդամակցության հարցը ճգնաժամի կամ դրամատիկ իրադարձությունների պատճառ դարձավ, ինչպես սեպտեմբերի 3-ը Հայաստանում, երբ երկրի նախագահը Մոսկվայում հայտարարեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու և Եվրասիական միությանն անդամակցելու իր մտադրության մասին, ինչպես որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել ԵՄ երկրների հետ արդեն նախաստորագրված համաձայնագիրը, ինչը հանգեցրեց Կիևի Մայդանում զանգվածային բողոքի ցույցերին, նրա իշխանության տապալմանը, որին էլ հաջորդեց Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումը և Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների օկուպացումն ու ևս մեկ «սառեցված հակամարտության» ձևավորումը:

Image result for майдан

Ռուսաստանի քաղաքականության համար հետխորհրդային երկրների ներառումն իր նախաձեռնած միություններում, տվյալ պահին՝ հատկապես ԵԱՏՄ-ում, սկզբունքորեն կարևոր է դառնում, և Մոսկվան «սառեցված հակամարտությունների» լծակները լայնորեն օգտագործում է իր արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար` դրանց հնարավոր լուծման պայմանները կապելով ԵԱՏՄ-ին այդ երկրների անդամակցության հետ:

 
 
«Եթե մենք խաղաղություն ենք ուզում Կովկասում, ապա անհրաժեշտ է ամբողջ Կովկասն ինտեգրել ԵԱՏՄ-ին»,- Երևանում հայտարարեց[8] տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հարցերով Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը:

Սակայն դա ընդամենը գլոբալ աշխարհակարգի այն տեսլականի տարածաշրջանային արտացոլումն է, որը հնչեցնում է ռազմա-քաղաքական ղեկավարությունը Մոսկվայում:

«Ապագայի աշխարհակարգը» վերնագրով ուշագրավ հոդվածում[9] մերձկրեմլյան` միջազգային հարաբերությունների փորձագետ Սերգեյ Կարագանովը, «Ի՞նչ է լինելու ազատական աշխարհակարգից հետո» թեմայով իր ելույթում շարադրելով գլխավոր թեզերը, ընդգծում է, որ

 
 
«ավելի լավ է նոր աշխարհակարգի մոդելը սկսել Ռուսաստանի առաջարկած և Չինաստանի աջակցությունը ստացած Մեծ Եվրասիայի (ներառյալ Եվրոպան) գործընկերության կառուցումից և դրա հետ համընկնող չինական «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծի կյանքի կոչումից, որն էլ ստացել է Ռուսաստանի աջակցությունը: Թվում է, թե հին Ատլանտիկայում նոր նախագիծ չի ծնվի»:

Նրա պատկերացմամբ՝ նոր աշխարհակարգի հաստատման համար ճանապարհը վտանգավոր և երկարատև կլինի՝ 15 տարի, «և այդ աշխարհակարգը կլինի շատ ավելի ազատ, քան ներկայինս, էլ ավելի ազատ, քան նախկին շատ աշխարհակարգեր: Ներկայումս քաղաքական համակարգերի, մշակութային և մարդկային արժեքների պարտադրումն առավել դժվար է դառնում, ինչի պատճառով Արևմուտքում շատերը հուսահատությունից ձեռքերն են թափահարում»[10]:

Image result for Multi polar world of Putin

Օրեր անց Կարագանովը հայտարարեց, որ Ռուսաստանի և Արևմուտքի, ինչպես նաև Չինաստանի ու Արևմուտքի միջև նոր Սառը պատերազմ է սկսվել, քանի որ «Արևմուտքում որոշել են ագահաբար ճանկել ռուսական և խորհրդային նախկին ակտիվները», ինչպես նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ն ավելի կոշտ ձևով է զսպում Չինաստանին` փորձելով թույլ չտալ նրա ազդեցության գոտու ընդլայնումը Խաղաղ օվկիանոսում», և «փլուզվում է ազատական տնտեսական կարգը, որն Արևմուտքում հաստատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ու հետագայում տարածվել ամբողջ աշխարհում»[11]:

«Պուտինի դոկտրինը» սկզբնավորած քաղաքական մոտեցումները ձևավորվել են դեռևս Բորիս Ելցինի նախագահության ընթացքում և հնչեցվել ամենաբարձր մակարդակով: Ուշադրության է արժանի Անատոլի Գրոմիկոյի` 1957-85թթ. ԽՍՀՄ-ի հայտնի Արտգործնախարարի որդու, 1996թ. դեկտեմբերի 19-ին Լեոնիդ Բրեժնևի 90-ամյակին նվիրված աշխարհաքաղաքականության հարցերով ՌԴ Պետդումայի հանձնաժողովի նիստի ժամանակ ունեցած զեկույցը[12]:

Խոսելով «բրեժնևյան դոկտրինի» մասին՝ նա խոստովանում է, որ այն պաշտոնապես գոյություն չի ունեցել, բայց, ըստ էության, եղել է: Նա կոչ արեց հետխորհրդային Ռուսաստանի արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացում վերականգնել այդ մոտեցումը»:

«Այժմ բոլորին տեսանելի է, որ նախկին Խորհրդային միության աշխարհաքաղաքական տարածությունից Ռուսաստանի դուրս մղման առումով իրական պայքար է գնում: Այս պայքարում շատ բան կախված է նրանից, թե Ռուսաստանի ղեկավարությունը որքան սթափորեն կգնահատի ստեղծված իրավիճակը: Եթե ​​նա դեն չնետի այդպիսի մոլորությունները, ինչպիսիք են` համաշխարհային քաղաքականությունը հաճոյախոսությունների փոխանակման մի սրահ է, Ռուսաստանը Սառը պատերազմում հաղթանակ է տարել, այսինքն «նուրբ վարդագույն տրամադրությունները», ապա մեր երկրին նոր համաղետ վրա կհասնի` Ռուսաստանը կփլուզվի, Սիբիրը կգնա, կմնա Մոսկովիա պետությունը»[13]:

Related image

«Այդ պետությունը կորսվեց Գորբաչովի ժամանակ: Այն ամբողջովին կորսված է: Երկրի ներկայիս ղեկավարությունը խճճվում է աշխարհաքաղաքական իրողություններում: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ղրիմը, նույնիսկ Սևաստոպոլը չի պատկանում Ռուսաստանին: Ուկրաինան դանդաղորեն ընթանում է դեպի Արևմուտք: Սև և Միջերկրական ծովերը, նրանց նեղուցները վերահսկվում են Թուրքիայի կողմից: Հսկայական նավթային պաշարներով Կասպից ծովին վերահսկելու համար հավակնում է տեղից վեր կացողը: Կալինինգրադի մարզը կտրված է պետության մյուս տարածքից: Կորսված է կարևորագույն ռազմավարական մարտահենադաշտը` Մերձբալթիկան, Ռուսաստանի կողմից որպես սեփականություն, կամ էլ վարձակալությամբ ձևակերպված չէ ոչ մի ռազմածովային բազա», - գանգատվում էր Գրոմիկոն և կոչ անում. «Ռուսաստանը չպետք է ինչ-որ մեկին զոռով ընկեր դառնա, անհրաժեշտ է ազգային շահերի պաշտպանության կոշտ քաղաքականություն վարել: Դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը պետք է կոշտ դիմադրություն ցուցաբերվի: Այժմ ասում են «կոշտ», բայց ես կասեի՝ «Արևմուտքի համար զգալի դիմադրություն»: Թե ինչպես անել դա, թող մտածեն պաշտոնյաները: Եթե այդ հարցում այժմ թուլություն ցուցաբերվի, ապա մոտ ապագայում կլինեն ավելացող դժվարություններ: Ռուսաստանը պետք է հստակ դիրքորոշում ցուցաբերի` նրա սահմաններն անձեռնմխելի են, ԱՊՀ-ը նրա կենսական շահերի գոտին է»[14]:

Ռուսաստանը կարծում է, որ Սառը պատերազմում պարտվել է, որի հետևանքով փլուզվեցին ԽՍՀՄ-ը և կոմունիստական ​​ճամբարը, բացառապես այն պատճառով, որ Գորբաչովը, Ելցինը և նրանց թիմերը սխալ հաշվարկներ էին կատարել և իրականացնում էին ապաշնորհ կառավարում:

Image result for cold war end

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը պնդում է[15], որ Ռուսաստանի և նրա նախագահի շուրջ տեղի ունեցողը համակարգային բնույթ ունի: Նրա կարծիքով՝ դրանք երևույթներ են, որոնք սկսվել են քառորդ դար առաջ` Սառը պատերազմի ավարտից հետո:

 
«Արևմուտքն այդ պատերազմում իրեն հաղթող զգաց: Նա համարեց, որ ամբողջ աշխարհն արդեն իր ոտքերի տակ է, և որ այն արդեն վերջնականապես դարձել է միաբևեռ: Փաստացիորեն միակ ուժը, որը հանդես էր գալիս միաբևեռ աշխարհի հայեցակարգի դեմ, Ռուսաստանն է: Եվ այն, որ այժմ աշխարհը բազմաբևեռ է, այն, որ Արևմուտքը բացառապես իր շահերի օգտին գլոբալ հիմնախնդիրները լուծելու մենաշնորհ չունի, անկասկած, Ռուսաստանի արժանիքն է»:

ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը դեռևս 2013թ. փետրվարին իր «Գիտության ​​արժեքը կանխատեսման մեջ»[16] հայեցակարգային հոդվածում ընդգծում է, որ 

 
 
«քաղաքական և ռազմավարական նպատակներին հասնելու համար ավելացել է ոչ ռազմական միջոցների դերը, որոնք որոշ դեպքերում իրենց արդյունավետությամբ զգալիորեն գերազանցել են զենքի ուժին»՝ հավելելով, որ «հեռավորության վրա հակառակորդի վրա առանց շփման ազդեցությունը դառնում է մարտում և օպերացիայում նպատակներին հասնելու գլխավոր միջոցը»:

Փաստացիորեն գեներալ Գերասիմովի ձևակերպած հայեցակարգը տեղավորվում է Սուն Ցզիի այն կանխադրույթի մեջ, ըստ որի՝ «լավագույններից լավագույնը թշնամու բանակը նվաճելն է առանց պայքարելու» և լիարժեքորեն ու համակարգված արտացոլում է ռուսական քաղաքականության առաջխաղացման նոր մեթոդաբանությունը և պլանավորումը Կարագանովի նշած 15 տարվա ժամանակահատվածում՝ այն պայմաններում, երբ աշխարհը մտավ «Առաջին համաշխարհային հիբրիդային պատերազմի փուլ»[17],[18]:

 
«Համացանցի և սոցիալական ցանցերի շնորհիվ հնարավոր են դարձել այնպիսի օպերացիաներ, որոնց մասին հոգեբանական պատերազմի խորհրդային մասնագետները կարող էին միայն երազել: Այժմ հնարավոր է թշնամու երկրում ամեն ինչ գլխիվայր շրջել բացառապես տեղեկատվության միջոցով», - ընդգծում է[19]  տեղեկատվական պատերազմների մասնագետ Մոլի Մաքյուն:

 

ՀԱՅԿԱԿԱՆ «ՃԱԿԱՏԸ» ՊՈՒՏԻՆԻ ԴՈԿՏՐԻՆՈՒՄ. ՄՈՍԿՎԱՅԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Հայաստանը, որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի միակ երկիր, որը սահման չունի Ռուսաստանի հետ և աշխարհաքաղաքական առումով ամենախոցելին է, առանցքային դեր է խաղում տարածաշրջանում Ռուսաստանի ռազմա-քաղաքական ներկայության հարցում:

1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Հայաստանում տնտեսական, ռազմական և քաղաքական լծակներ ձեռք բերելու համար Ռուսաստանի առջև լայն շրջանակ բացվեց, ինչը թույլ տվեց նրան հետագայում ճակատագրական ազդեցություն գործել Հայաստանի քաղաքականության վրա: Իգոր Էյդմանը նշում է.

«Ռուսական առևտրային ռեյդերության մեջ հաճախ այսպիսի մարտավարություն է կիրառվում: Սկզբում ռեյդերները կաշառում են ձեռնարկության բարձրագույն ղեկավարությանը, ապա վերջինս օտարին օգնում է նվաճելու այդ ակտիվը: Իսկ եթե առաջնորդին չի հաջողվում կաշառել, սովորաբար ռեյդերները փորձում են վերացնել նրան պատվիրված քրեական գործի միջոցով: Պուտինն ու նրա մարդիկ անցել են 90-ականների առևտրային պատերազմների անողոք դպրոցը, ակտիվորեն մասնակցել են Սանկտ Պետերբուրգում և շրջակա տարածքում սեփականության վերաբաժանմանը: Նրանք սովոր են արդյունքի հասնել հենց այդ մեթոդներով: Ըստ երևույթին պուտինյան օլիգարխիայի այդ փորձն է հուշել արտերկրի, հիմնականում արևմտյան երկրների դեմ հիբրիդային պատերազմի գաղափարի մասին: Կրեմլը փորձում է իր համար կարևոր երկրներում «փոխել կառավարումը», օգնել իր դրածոներին իշխանության գալ, իսկ հետո նրանց  օգնությամբ սեփականաշնորհել ակտիվը», այսինքն իրեն ենթարկել երկրի քաղաքականությունը: Միայն թե պուտինյան ծախու մենթերի ասպատակությունների փոխարեն ռեյդերներն օգտագործում են տեղեկատվական պատերազմը, հաքերային հարձակումները, կոմպրոմատի տարածումը, ընտրություններում սև PR-ը և այլն», և ավելացնում է, որ ներկայումս Ռուսաստանը ռեյդերային հարձակում է գործել ամբողջ աշխարհի վրա[20]:

Դեռևս 1991-94թթ. ղարաբաղյան պատերազմում Ռուսաստանը հակամարտության գոտում քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու նպատակով: 1992թ. Լեռնային Ղարաբաղի հյուսիսում ադրբեջանական զորքերի ամառային հարձակումը, որի հետևանքով նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքների 58%-ը հայտնվեց Բաքվի վերահսկողության ներքո, տեղի է ունեցել ռուսական զորքերի`ՌԴ Զինված ուժերի ապագա գլխավոր հրամանատար Վլադիմիր Շամանովի[21] հրամանատարությամբ գործող 104-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի վճռորոշ դերակատարությամբ[22]:

Հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանն անցավ ազդեցության զուտ ոչ ռազմական մեթոդներին, որոնցում տեղեկատվական բաղադրիչը սկսեց խաղալ ավելի կարևոր, իսկ այժմ` առաջատար դեր:

2000-2008թթ. ժամանակահատվածում, երբ Հայաստանի տնտեսությունում ոլորտ առ ոլորտ անցավ Ռուսաստանի ենթակայության ներքո, այդ անցման «անցավության» ապահովման գործում հիմնական տեղը վերապահվում էր «ավանդական» դիցաբանության վրա հիմնված մանիպուլյացիային, երբ Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից ակնհայտորեն ոչ շահավետ գործարքները ներկայացվում էին որպես ձեռնտու գործարքներ[23]: Ի հավելումն դրա՝ իշխանության ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում տարբեր առիթներով պնդում էին, որ այդ գործարքն «ամրապնդում է հայ-ռուսական ավանդական հարաբերությունները», «ռազմավարական դաշինքը» և այլն:

2008թ. Վրաստանի դեմ իրականացված օգոստոսյան պատերազմից սկսած հետխորհրդային տարածքում ռուսական քաղաքականության մեջ ռազմական և ռազմատեխնիկական բաղադրիչների տեսակարար կշիռը կրկին աճում է: Ընդ որում, Մոսկվան սկսում է առաջնահերթ դեր հատկացնել արդիականացված տեղեկատվական բաղադրիչին:

Image result for Igor Eidman

Մասնավորապես, Վրաստանի դեմ հնգօրյա պատերազմը տեղի է ունեցել ուղիղ եթերի ակտիվ ուղեկցությամբ, ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից իրականացվող ուղիղ միացումներով, ԶԼՄ-ների կողմից պատերազմի «արդար բնույթի» վերաբերյալ ինտենսիվ քարոզչությամբ: Ակնհայտ էր, որ Մոսկվան դասեր է քաղել Չեչենական հանրապետության դեմ առաջին պատերազմից, երբ Մ. Ուդուգովի գլխավորությամբ չեչենական մամուլի կենտրոնի աշխատակիցների փոքր խումբը, փաստացիորեն, բարոյալքեց Մոսկվային` ստիպելով զինադադար կնքել և ճանաչել դե ֆակտո գոյություն ունեցող իրողությունները:

2010թ.-ից սկսած Մոսկվան սկսեց զինամթերքի, ներառյալ հարձակողական զենքերի լայնածավալ մատակարարումներն Ադրբեջանին, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժերի համեմատական հավասարակշռության վրա հիմնված ռազմաքաղաքական իրավիճակը վտանգի ենթարկվեց, ինչը դարձավ Հայաստանի համար ամենալուրջ արտաքին մարտահրավերն անկախության ժամանակաշրջանից ի վեր:

Կարելի է համարել, որ այդ ժամանակից Մոսկվան ստեղծեց և զինվեց Հայաստանի համար շանտաժի նոր գործիքով` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման սպառնալիքի գործոնով: Այս գործոնն ամենածանրակշիռը դարձավ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու սեպտեմբերի 3-ի որոշման կայացմանը Հայաստանին հարկադրելու հարցում, ինչպես նաև նոր տարածություն բացեց ու հարմար խորապատկեր դարձավ տեղեկատվական մանիպուլյացիաների հարմար, որոնք ուղղված էին քաղաքական դաշտին և, ընդհանրապես, Հայաստանի քաղաքացիներին ահաբեկելուն, Հայաստանի հարաբերությունները Եվրամիության և Արևմուտքի հետ` ընդհանրապես, հենց Արևմուտքը` որպես այդպիսին, պետության եվրոպական մոդելը և եվրոպական արժեքները վարկաբեկելուն:

Image result for April war in karabakh

Այդ ժամանակ հետխորհրդային տարածության մեջ Ռուսաստանի քաղաքականությունը և միջազգային ասպարեզում նրա դիրքավորումը սկսեցին ավելի ագրեսիվ գծեր ձեռք բերել: 1945թ. նացիստական ​​Գերմանիայի կործանումից հետո առաջին անգամ Եվրոպայում ի հայտ եկավ ագրեսոր` ի դեմս Մոսկվայի, որը, խախտելով իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, ռազմական ճանապարհով ոտնձգություն կատարեց հարևան երկրի` Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ և բռնազավթեց նրա մի մասը` Ղրիմը: Դրան զուգահեռ՝ Ռուսաստանը տեղեկատվական պատերազմ սանձազերծեց ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Արևմուտքի դեմ, և հաշվի առնելով դրա կործանիչ արդյունքը՝ այդ արշավը ստացավ «հիբրիդային պատերազմ» անունը: Ինչպես իր՝ «Ռուսաստանի հիբրիդային ագրեսիան. դասեր Եվրոպայի համար» գրքում նշում է ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Եվգենի Մագդան՝ առաջին անգամ «հիբրիդային համալիր պատերազմ» տերմինը 2009թ. հրապարակայնորեն  օգտագործել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսը.

 
 
«Մենք պետք է նայենք այլ տարրերի (ապագա զինված ուժերի) և որոշենք, թե ինչն ամենահարմարը կլինի պաշտպանվելիս մի հակամարտության ժամանակ, որը ես կկոչեմ հիբրիդային համալիր պատերազմ... »[24]:

Ժամանակակից հիբրիդային ագրեսիան անհնար է պատկերացնել առանց հետևյալ յոթ բաղադրիչների՝

1. Տեղեկատվական-քարոզչական

2. Քաղաքական-դիվանագիտական

3. Առևտրա-տնտեսական` լոբբիստական-կոռուպցիոն տարրերով

4. Էներգետիկ և ենթակառուցվածքային

5. Հետախուզական-դիվերսիոն-պարտիզանական

6. Կանոնավոր ռազմական գործողություններ

7. Տակտիկական միջուկային զենքի սահմանափակ կիրառման հնարավորությունը[25]:

Image result for Hybrid warfare russia

Ըստ ուկրաինացի փորձագետի` հիբրիդային պատերազմն ընդհանուր գծերով կարելի է սահմանել որպես

 
 
«ռազմավարական նպատակներին հասնելու համար նախապես մշակված և օպերատիվ իրականացվող ռազմական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական գործողությունների ամբողջություն: Դրա հիմնական նպատակը մեկ երկրի շահերի ենթարկումն է մեկ այլ երկրին` զոհ-երկրի քաղաքական կառուցվածքի ձևական պահպանման պայմաններում»[26]:

Այսպիսով, Հայաստանի շահերը սեփական շահերին ենթարկելու իր գործողություններում Ռուսաստանը վերոնշյալ յոթ բաղադրիչներից ամբողջությամբ կիրառում է առաջին չորսը, հինգերորդը` մասամբ, չնայած այն ամբողջությամբ օգտագործելու համար Հայաստանի տարածքում տնօրինում է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, իսկ վեցերորդը` Ադրբեջանի հետ միասին, ինչի նպատակով էլ ավելացնում է նրա ռազմական ներուժը:

Տեղեկատվական-քարոզչական բաղադրիչի կիրառմամբ զբաղվում է պրոֆեսիոնալների ​​և մոտիվացված մարդկանց մի մեծ խումբ, ովքեր դարձել են «ռուսական քարոզչության դեմքերը»` Դմիտրի Կիսիլյովը, Մարգարիտա Սիմոնյանը և ուրիշներ, որոնց տրամադրության ներքո կան տպավորիչ բյուջեներ և ուղղահայաց-ինտեգրված, արդյունավետ տեղեկատվական կառույցներ, որոնք գործում են միասնական ծրագրով և գրեթե զինվորական կարգապահությամբ: Այն դեպքում, երբ դրանց հակազդող ինստիտուտներն Արևմուտքում և հետխորհրդային երկրներում, առավել ևս Հայաստանում, գտնվում են սաղմնային վիճակում՝ նոր ձևավորման փուլում, խնդիրները ձևակերպված չեն, ապա իրականացվելիք աշխատանքի շրջանակները, ուղղությունները և մեթոդաբանությունը մնում են չգիտակցված:

Եվ այդ խորապատկերին Դ. Կիսելյովը հայտարարում է, որ Ամերիկան​​ «տեղեկատվական պատերազմում պարտվում է Ռուսաստանին»[27]: Փաստն այն է, որ դա արձանագրել է նաև միջազգային հեռարձակման ամերիկյան դաշնային գործակալությունն այդ հայտարարությունից երկուսուկես տարի առաջ[28], ինչը վկայում է ռուսական քարոզչության մեծ հնարավորությունների մասին: Ընդ որում, եթե արևմտյան ԶԼՄ-ները, այդ թվում և պետության կողմից ֆինանսավորվող օտարալեզու հեռարձակվող ընկերությունները, հիմնվում են հավասարակշռության և վստահելիության սկզբունքի վրա, ապա ռուսական քարոզչությունը լայնորեն օգտագործում է ֆեյքերի տիրաժավորումը կամ պարզապես սուտը[29]:

Ի տարբերություն Վրաստանի, որտեղ ԶԼՄ-ները և պետությունը հաջողությամբ համագործակցում են[30] ռուսական քարոզչությանը հակազդելու նպատակով ստեղծված Եվրամիության ռազմավարական հաղորդակցության խմբի հետ[31], Հայաստանում ռուսաստանյան քարոզչական ստորաբաժանումների համար հարմարավետ պայմաններ են ստեղծվել, և Ռուսաստանի հիբրիդային պատերազմն իր տեղեկատվական բաղադրիչով ու մյուսների հետ համակցված գործում է փաստացիորեն «մեկ դարպասի ուղղությամբ»` չհաշված քաղաքացիական հասարակության` մի շարք հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների կողմից գործադրվող ջանքերը:

Related image

Վերջին մի քանի ամիսների ընթացքում «Սպուտնիկ-Արմենիա» լրատվական գործակալությունը, որը ռուսական պետական​​ «Սպուտնիկ» գործակալության հայկական ստորաբաժանումն է, զբաղվում է ապատեղեկատվության, դավադրության տեսությունների, հայաստանյան իրողությունների տիրաժավորմամբ` հայկական իրողություններին հարմարեցված օրակարգով` ԵՄ-Հայաստան, Հայաստան-Արևմուտք հարաբերություններ, համընդհանուր եվրոպական արժեքները վարկաբեկելով, ներկայացնելով դրանց  «անբարոյականությունն»  ու հակադրությունն «ավանդական» արժեքներին և այլն, հակասեմիտիզմի մասին նարատիվներ նետելով դաշտ, ինչպես նաև «ապագա աղետների» մասին ահաբեկմամբ:

Հրապարակումների «աչք ծակող» վերնագրերը խիստ պերճախոս են և մանրամասնելու կարիք չունեն: Մասնավորապես`

- «Նրանք ցանկանում են երեխաներին վերցնել ընտանիքից, կամ էլ` Հայաստա՞նը քաղաքացիական պատերազմի շեմին»[32],

-  «Պենտագոնը ռումբեր է նախապատրաստում Երևանի համար. ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաները սպառնո՞ւմ են հայերին»[33],

- «Հայաստանին սպասում են «ինցեստ-շքերթները, կամ էլ որտե՞ղ կտանի մեզ LGBT-ի քարոզչությունը»[34],

-  «Երուսաղեմի հայերը. մեզ տեսնելիս ուղղափառ հրեաները թքում են»[35],

- «Եվրամիության հետ համաձայնագիրը որպես Հայաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիք. Երևանին կզրկե՞ն ատոմակայանից»[36],

- «Ինչո՞ւ Հայաստանը ԵՄ-ից զիջումներ չի տեսնի. մերկացնում ենք «գործընկերության» մասին առասպելները[37],

- «Արևմուտքի լեհական դրածոն. Վարշավան սեթևեթում է Երևանին, որպեսզի գերազանցի՞ Մոսկվային»[38]:

Վերոնշյալ վերնագրերը միայն նմանատիպ ուղղվածությամբ, ոճով և բովանդակությամբ կտրուկ աճող ագրեսիվ հրատարակությունների մի մասն են և տեղավորվում են ռուսական քարոզչության «գլոբալ» օրակարգի մեջ[39]:

Image result for информационно-пропагандистская войн

Կարելի է նաև եզրակացնել, որ չնայած Մոսկվան որևէ առարկություն չի արտահայտել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ, սակայն հենց ստորագրության փաստին նա անթաքույց թշնամությամբ է վերաբերվում:

Հիբրիդային պատերազմի քաղաքական-դիվանագիտական, առևտրա-տնտեսական, լոբբիստական-կոռուպցիոն բաղադրիչները ևս արդյունավետորեն են աշխատում Հայաստանում, և դրանով էլ Հայաստանն իր իսկ համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով բարձրաձայնում է դիրքորոշումներ, որոնք բխում են ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Ռուսաստանի շահերից:

Մասնավորապես, խոսքը ոչ միայն 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշման, այլև Գազպրոմի և Ռոսնեֆտի հետ հարաբերությունների մասին է, Իրանի հետ ռազմավարական մակարդակում տնտեսական հարաբերությունների զարգացումից հրաժարվելն է՝ խոչընդոտներ ստեղծելով Վրաստանի, նույնիսկ Չինաստանի[40] հետ հարաբերություններում, Հայաստանի դիրքորոշումն իր շահերին ենթարկելն ուկրաինական Ղրիմի հարցում քվեարկության ժամանակ:

Պետք է ընդգծել, որ Երևանի կողմից Ռուսաստանի հետ համատեղ զորախմբի մասին համաձայնագրի[41] վավերացմամբ[42] և «Պաշտպանական համակարգեր» ռուս-բելառուսական միջկառավարական ֆինանսա-արդյունաբերական խմբի («IFPG»)  համաձայնագրին Հանրապետության միացմամբ Ռուսաստանը հետախուզության և վերահսկողության ոչ միայն լայն հնարավորություններ է ստանում, այլև դրանք ամրապնդում է իրավաբանորեն:

 

ՍՏԵՂԾՎՈՂ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Ազատական ​​ժողովրդավարության ճգնաժամի մասին պնդում է ոչ միայն ռուսական քարոզչությունը, այլև դա չեն հերքում նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում: Անցյալ դարի 30-ականների և 70-ականների ճգնաժամից հետո սա նրա համաշխարհային բնույթի երրորդ ճգնաժամն է[43], և Արևմուտքի կողմից չափազանց թույլ դիմադրության խորապատկերին Ռուսաստանը բոլոր ուղղություններով հարձակման է անցնում այնքանով, որքան թույլ են տալիս իր ռեսուրսները` քաղաքական, ռազմական, ֆինանսական, մտավոր և այլն` Սառը պատերազմում պարտվելուց հետո ռևանշի հասնելու և նոր աշխարհակարգ ստեղծելու նպատակով, որտեղ առնվազն հետխորհրդային տարածությունը կճանաչվի որպես նրա բացառիկ ազդեցության գոտի:

Image result for Putin

ԱՄՆ-ում և Եվրոպայում ներքին համակարգային ու ինստիտուցիոնալ խնդիրների պատճառով ու տարածաշրջանում վճռական մտադրությունների բացակայության[44] խորապատկերին, ինչպես նաև Հայաստանում ներքին համակարգային մի շարք թերությունների հետևանքով Ռուսաստանն իր հիբրիդային գործողություններով վերջին տարիներին հասցրել է իրեն ենթարկել Հայաստանի ամբողջ քաղաքականությունը, իսկ Երևանին գործողությունների ազատություն տրված է միայն այնքանով, որքանով դա չի հակասում Մոսկվայի շահերին:

Հայաստանը ռուսական համակարգին ինտեգրված և նրանից կախված լինելու պատճառներով կլանել է վերջինիս համակարգային բոլոր թերությունները` կոռումպացված-օլիգարխիկ, մենաշնորհային-օլիգոպոլ տնտեսությունը, բիզնեսի և քաղաքականության սերտաճումը, հասարակական անտարբերությունը: Ռուսաստանում ապաինստիտուցիոնալացման գործընթացը և Պուտինի անձնակենտրոն ավտորիտար վարչակարգի հաստատումը նույնպես ամենաբացասական ազդեցությունն են թողնում Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա:

Այս ամենը սահմանափակում է մարտահրավերներին, և առաջին հերթին, անվտանգության մարտահրավերներին պատասխանելու Հայաստանի հնարավորությունները, որոնց հիմնական գեներատորը ներկայիս Ռուսաստանն է և հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա որակը:

Սակայն չնայած այդ ամենին՝ դեռևս մնացել են այնպիսի գործոններ և նախադրյալներ, որոնց վրա հենվելով՝ հնարավոր է թվում համաշխարհային պատմության այս չափազանց բարդ և անորոշություններով լի ժամանակաշրջանում աղետալի զարգացումներից խուսափելը և անկախ պետականության ընթացքի շարունակականությունը երաշխավորող համեմատաբար «անցավ» ուղիների ապահովումը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Սեփական քաղաքականությունների դիվերսիֆիկացման համար Հայաստանը հնարավորություններ ունի, և այդ առումով Եվրամիության հետ արդեն նախաստորագրված և վերջնական ստորագրմանը պատրաստ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը[45] (СЕРА) դրանք զգալիորեն ընդլայնում է:

Դա Հայաստանին թույլ կտա ծածկել ռազմավարական այն թերությունը, որի էությունն այն է, որ ռուսական միություններում (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) Հայաստանն իրականում չունի գործընկերներ, իսկ անդամակցությունն այդ միություններին ընդամենը սահմանափակվում է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների բաղկացուցիչով, բայց ոչ այլ անդամ երկրների հետ, որոնց հետ Հայաստանը չունի ո՛չ ընդհանուր սահմաններ, ո՛չ հարաբերությունների պատշաճ մակարդակ և ծավալ, ո՛չ էլ Հայաստանի համար առանցքային հարցերում[46] շահերի ընդհանրություն:

Image result for Евразийский Союз Путина

Չնայած 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից հանկարծակիորեն հրաժարվելուն և դրա ծայրահեղ բացասական քաղաքական հետևանքներին[47]` Երևանը և Բրյուսելը չեն դադարեցրել Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր հիմք դնելու փորձերը. Երևանը նախաստորագրեց СЕРА-ն: Հարկ է նշել, որ համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի[48] հարցով ձևակերպումն այն մասին, որով ճանաչվում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանը Հայաստանի Հանրապետության հավատարիմ լինելու կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում անցկացվող բանակցությունների միջոցով այդպիսի կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ճանաչելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքների և նպատակների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես այնպիսի սկզբունքների հիման վրա, որոնք մասնավորապես կապված են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից ձեռնպահ մնալու, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման հետ, և արտացոլված են 2008թ. ԵԱՀԿ նախարարների խորհրդի 16-րդ նիստից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընդունված բոլոր հռչակագրերում` նշելով նաև կարգավորման այդ գործընթացին աջակցելու Եվրոպական միության պարտավորությունը». այս ամենը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության ծանրակշիռ գործոն է:

Այդպիսի պնդման հիմք է այն փաստը, որ ներկայումս եվրոպական քաղաքականության մեջ Խորհրդային միության հակամարտությունների հարցում կոնսենսուս կա. Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տարածքներում գոյություն ունեցող  հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես այդ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա՝ այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար նշվում են Հելսինկյան երեք սկզբունքները` տարածքային ամբողջականության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները: Բացի այդ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» սահմանումը բազմիցս օգտագործվել է ԱՄՆ-ի Պետ​​դեպարտամենտի արտաքին քաղաքական հայտարարություններում և փաստաթղթերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հետխորհրդային տարածքում միակն է, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի շնորհիվ, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը սոսկ համանախագահող երկրներից մեկն է, Ռուսաստանը չի կարողացել լիարժեքորեն իրականացնել[49] իր մտադրություններն ու այնտեղ տեղակայել իր խաղաղապահներին, և ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ առումով լուրջ սահմանափակող գործոն է, ինչով էլ պայմանավորված է Մոսկվայի, Բաքվի և Անկարայի դժգոհությունն ու այդ ձևաչափի աշխատանքներին նրանց հակադրվելու պատճառը:

Այդ համաձայնագրում ձեռքբերում է նաև այն, որ փաստացիորեն պահպանված է ոչ միայն 2013թ. խմբագրությամբ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի մերժված քաղաքական մասը, այլև այն ընդլայնված է մի շարք նոր դրույթներով: Սակայն զգալիորեն կրճատված է տնտեսական հատվածը, քանի որ չի նախատեսվում ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի, և այն համապատասխանեցված է ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի՝ իրավաբանորեն ամրագրված պարտավորությունների հետ:

Серж Саргсян

Համաձայնագրում Մեծամորի ԱԷԿ-ի հարցը նույնպես վերապահված է Հայաստանի համար ընդունելի տեսանկյունից: Հետագայում մշակվելիք ճանապարհային քարտեզը կամ գործողությունների ծրագիրը ենթադրում է «Մեծամորի ատոմակայանի փակում և շահագործումից անվտանգ հանում»` նկատի առնելով «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններ ապահովելու նպատակով այն նոր կարողությամբ փոխարինելու անհրաժեշտությանը»[50]: Քաղաքական կամքի առկայության դեպքում սա թույլ է տալիս դիվերսիֆիկացման հույսեր փայփայել ոչ միայն էներգետիկ համակարգում և ամբողջությամբ վերցրած էներգետիկ քաղաքականության մեջ, այլ նաև միջուկային էներգետիկայի բնագավառում, որի կատարելագործման համար անհրաժեշտ են ավելի զարգացած արևմտյան տեխնոլոգիաներ:

Հետազոտության հրապարակման պահին Մոսկվան պաշտոնապես որևէ առարկություն չի հայտնել ստորագրվելիք Համաձայնագրի առումով, սակայն չի էլ հայտարարել առարկությունների բացակայության մասին: Եվ այն հարցը, թե ինչպիսին կլինի նրա արձագանքը ստորագրման պահին, բաց է մնում, հատկապես այս հարցում ԱՄՆ-ի պասիվության խորապատկերին: Ինչպես արդեն նշվեց, Հայաստանում ռուսական քարոզչության ստորաբաժանումները տեղեկատվական հարձակում են ձեռնարկել Համաձայնագրի վրա:

Մյուս կողմից` բաց է մնում նաև Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում եզրափակիչ համատեղ հռչակագրի հարցը: Եվրոպական մի շարք երկրներ Ադրբեջանի ազդեցության ներքո փորձում են փոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ռիգայի հռչակագրի (2015թ. մայիսի 21-22) ձևակերպումները, որտեղ նշվում է, որ ևս մեկ անգամ վերահաստատվում է «2009թ.-ից ի վեր նախագահների մակարդակով և նրանց հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին նրանց լիակատար աջակցության մասին»:

Related image

Ձևակերպման փոփոխման կողմնակիցների համար լրացուցիչ գործոն է Կատալոնիայի հարցը, որի վերաբերյալ ԵՄ-ում կոնսենսուս կա` հօգուտ Իսպանիայի միասնության: Սակայն, հարկ է նշել, որ կատալոնական հարցը չի կարող Լեռնային Ղարաբաղի հետ նույն հարթության վրա դրվել, քանի որ Կատալոնիայի դեպքում իրավական հիմքերն ուղղակիորեն հակասության մեջ են Իսպանիայի Սահմանադրության հետ, և բնակչության միայն 43%-ն է մասնակցել հանրաքվեին: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղը հանրաքվե է անցկացրել այդ պահին գործող օրենքներին համապատասխան և Ադրբեջանի Հանրապետության հռչակման պահին չի գտնվել նրա վերահսկողության տակ: Բացի այդ անհնար է հաշվի չառնել Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի գործոնն ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը սպառնացող վտանգը:

Պետք է ընդգծել նաև, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը «պայթեցնելու» Ադրբեջանի ջանքերը լիովին տեղավորվում են Ռուսաստանի ռազմավարության հունի մեջ, քանի որ նրանց հաջողությունը տարածաշրջանում ռուսական կանոններով խաղը դյուրին կդարձնի:

Ուստի, կարծես թե, Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումն ունի նաև տարածաշրջանային նշանակություն ու չափում և ունակ է դառնալ տարածաշրջանային անվտանգության նոր գործոն[51]:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՉԱՓՈՒՄ

Ներկայումս աշխարհն ազատական ժողովրդավարության երրորդ ճգնաժամի մեջ է, որի դրսևորումներից մեկը, ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության որոշակի ապաֆունկցիոնալությունն է և Ռուսաստանի ու Արևելյան գործընկերության անդամ հետխորհրդային երկրների նկատմամբ ու Հարավային Կովկասում տարածաշրջանային ռազմավարության բացակայությունը: Դրա արդյունքում կա իրավիճակի այլասերում, ճգնաժամի նկատմամբ անբավարար արձագանք, ինչը դրսևորվում է հետևյալում`

-Եվրոպայում շարունակում է էական մնալ Ռուսաստանի հետ գործարար հարաբերությունները շարունակելու միտումը, ինչը, փաստացիորեն, կնշանակի Պուտինի քաղաքականության լեգիտիմացում: Չնայած պետք է նաև նշել, որ «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ Եվրահանձնաժողովի դիրքորոշումը[52] կարող է հարվածել «Գազպրոմի» և Ռուսաստանի կողմից Եվրոպայի քաղաքական էլիտայի հետագա կոռումպացման ջանքերին:

- Արևմուտքի` որպես եվրոպական և գլոբալ անվտանգության համակարգի ինստիտուցիոնալ թուլացումը շարունակվում է, և դրա հետ կապված Կարագանովի խոստովանությունն[53] այն մասին, որ «այդ կարգը Ռուսաստանն իսկապես իր գործողություններով գիտակցաբար ոչնչացնում է», Եվրոպայում Հիտլերից հետո նոր ագրեսորի ի հայտ գալը, ով  բռնազավթում է իր հարևան պետության մի մասը, մյուս հարևաններից կառուցում է «արտոնյալ շահերի գոտի»,  այս ամենը, կարծես թե, մնում է առանց պատշաճ ուշադրության և համարժեք գնահատականի, առաջին հերթին բարոյական ճգնաժամի խորապատկերին: Իսկ մերձկրեմլյան գործչի հայտարարությունը, ըստ էության, այն ամենի խոստովանությունն ու արձանագրումն է, որ Ռուսաստանն «Առաջին համաշխարհային հիբրիդային պատերազմի» գլխավոր հրահրողն է, որն իր լղոզվածության և դրա վարման ոչ ռազմական ձևերի գերակշռման պատճառով դեռևս մնում է նույնիսկ չգիտակցված: Թեև ամերիկյան քաղաքական ընտրանում՝ մասնավորապես, Միացյալ Նահանգների ընտրություններին Ռուսաստանի միջամտությունն արդեն գնահատվում է որպես ռազմական գործողություններ[54]:

Image result for Russia Today and hybrid warfare

- Ազատական ​​ժողովրդավարության խորացող ճգնաժամի խորապատկերին քիչ ուշադրություն է դարձվում հիբրիդային պատերազմի կարևոր բաղադրիչներից մեկին` միջազգային կոռուպցիային, որն իր մասշտաբներով համադրելի է միջազգային ահաբեկչության սպառնալիքին: ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված Պատժամիջոցների մասին օրենքի միջոցով ամերիկյան հակառակորդներին հակազդելու ակտը[55] կարող է միջազգային կոռուպցիայի չեզոքացման առանցքային գործոն դառնալ, սակայն կոնգրեսականների երկկուսակցական խումբը հարց է բարձրացրել այն մասին, որ Սպիտակ տունն այդ ակտին համապատասխան չի գործում և հետաձգում է Ռուսաստանի վրա ճնշման գործադրումը[56]:

- Ռուսաստանի կողմից սանձազերծված տեղեկատվական պատերազմում, որպես հիբրիդային պատերազմի կարևոր տարր, դրան հակազդող ենթակառուցվածքը չափազանց թույլ է և սպառնալիքի մասշտաբին անհամարժեք: Փաստն այն է, որ չկա մի ինստիտուտ, որը կարող է արդյունավետ պայքարել տեղեկատվական դիվերսիաների, կեղծիքների, դրանց գեներացման գործընթացի և աղբյուրների դեմ, որոնք, ինչպես արդեն ապացուցվել է, համակարգված և արդյունավետ աշխատում են Ռուսաստանի պետության հովանու ներքո` ծառայելով նրա շահերին:

- ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացումը, Թեհրանի միջուկային ծրագրի համաձայնագրի դադարեցման վերաբերյալ սպառնալիքը, այդ հարցում ամերիկյան ինստիտուտների միջև շարունակվող հակասությունները կարող են ամրապնդել Մոսկվա-Թեհրան-Անկարա եռանկյունին: Ձևակերպման փուլում գտնվող ԱՄՆ մոտեցումը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ, որպես այդ եռանկյունու ներսում գտնվող «ինչ-որ բան», Արևմուտքի որոշակի քաղաքական շրջանակներում առկա զուտ «ռեալպոլիտիկի» տեսանկյունից ունակ է իրավիճակի հետագա դեգրադացում և էկզիստենցիալ բնույթի սպառնալիքներ գեներացնել մի տարածաշրջանում վերջինս մասնատվածության և տարբեր հակամարտություններով հագեցած լինելու պատճառով: Բացի այդ այն խարխլում է Սևծովյան անվտանգության անբաժանելի համակարգի ստեղծման ջանքերը, որտեղ Հարավային Կովկասի, Ուկրաինայի դերն այլ կերպ, քան առանցքային համարել հնարավոր չէ:

- Ուկրաինայի արևելքում իրավիճակի հանգուցալուծման ԱՄՆ-ի ռազմավարության բացակայության, այն միայն եվրոպական միջնորդներին վերապահելու խորապատկերին կտրուկ մեծանում է Դոնբասում հակամարտության կոբսերվացման հնարավորությունը, ինչից հետո Հարավային Կովկասում իրավիճակի այլասերման խորապատկերին Ռուսաստանը գործողությունների լիարժեք ազատություն կստանա: Ժողովրդավարական նորմերից հեռանալու՝ Վրաստանում նկատվող միտումը, Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը, «բորդերիզացիան», այսինքն շփման գծի պարբերական տեղաշարժը դեպի Վրաստանի հյուսիս, այդ ամենը սողացող ներխուժում են և օկուպացիա, դրանց էլ հավելած քաղաքական դասի և հասարակության մեջ թերահավատությունը երկրի եվրաատլանտյան ինտեգրացիայի հարցում: Սրանք այն հիմնական գործոններն են, որոնք պաշտոնական Երևանին զրկում են այլընտրանքից, իսկ Հայաստանին` մեր երկրի նկատմամբ «Պուտինի դոկտրինին» հակազդելու հնարավորություններից:

 

Հ.Գ. Հեղինակն իր երախտագիտությունն է հայտնում Դավիթ Շահնազարյանին` հետազոտության տեքստի կազմմանը ցուցաբերած աջակցության և Եվգենի Մագդային` տրամադրած տեղեկատվության համար:

 

ՀՂՈՒՄՆԵՐ


[1] Brezhnev Doctrine, Wikipedia

[3] Концепция внешней политики Российской Федерации, կետ 44, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայք, 12.02.2013

[4] Putinism Looms, William Safire, The New York Times, 31.01.2000

[6] Նույն տեղում:

[9] Будущий миропорядок, Сергей Караганов, Российская газета, 07.09.2017

[10] Նույն տեղում:

[12] Геополитическая доктрина Брежнева, Доклад Анатолий Громыко 19 декабря 1996 года к 90-летию со дня рождения Л.И.Брежнева на расширенном заседании Комитета Государственной Думы по вопросам геополитики

[13] Նույն տեղում:

[14] Նույն տեղում:

[16] Ценность науки в предвидении, Валерий Герасимов, Военно-промышленный курьер, 26.02.2013

[19] The Gerasimov Doctrine. By Molly K. McКew, Politico Magazine, September/October 2017, ռուսերեն թարգմանությամբ՝ Иносми.Ру, 07.09.2017

[24] «Гибридная агрессия России: уроки для Европы», Евгений Магда, էջ 28, Kalamar, Киев, 2017

[25] Նույն տեղում:

[26] «Гибридная агрессия России: уроки для Европы», Евгений Магда, էջ 31, Kalamar, Киев, 2017

[48] Comprehensive and Enhanced Partnership Agreement between the European Union and the Republic of Armenia, էջ 8,  Official website of Council of the European Union, 25.09.2017

[50] Տե՛ս հղում 48, էջ 46:

[53] Տե՛ս հղումներ 9 և 11:

[56] Сенаторы США возмущены тем, что Трамп еще не ввел новые санкции против РФ, KP.ru, 12.10.2017

 

Հետազոտությունը տպագրվել է հետևյալ լրատվամիջոցներում. «Առավոտ», «Ազդակ»«168 ժամ»«1in.am»«»

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)