Թերևս Հայաստանի քաղաքականությունների դիվերսիֆիկացման տեսանկյունից առանցքային նշանակություն է ձեռք բերում 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), որի պատշաճ իրականացումը թույլ կտա էապես բավարարել Հայաստանի անվտանգության ու զարգացման վերը նշված ու չնշված բազմաթիվ կարիքները, որոնք կմեղմեն երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունների մեջ առաջացած անհամաչափությունը (ասիմետրիան): 

Լուսանկար:

Վիկտորյա Մելքոնյան

Քաղաքագետ, ՄԱՀՀԻ ժողովրդավարության I դպրոցի շրջանավարտ

 

Անվիճելի է, որ Հայաստանի Հանրապետության զարգացման ու առաջընթացի հիմնական գրավականները մի կողմից երկրի տնտեսական կայուն աճն է, մյուս կողմից՝ ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին դիմակայումը  և տարածքային ամբողջականության պահպանությունը։

Ներքին և արտաքին ցանկացած պետականակերտ քաղաքականություն անխուսափելիորեն և անհրաժեշտորեն պետք է ուղղված լինի հենց դրանց։

Նամանավանդ, երբ խոսքն արտաքին քաղաքականության օրակարգի հաստատման մասին է: ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունները հենց այդ երկու ուղղություններով են սահմանում, միաժամանակ նաև արադարացնում իրենց քայլերը։

Գլոբալացվող աշխարհում հրամայական է  ձգտումը հետ չմնալ միջազգային հանրությանը, արժեքներին և ժամանակով թելադրվող չափանիշներին ինտեգրվելուց և դրանք երկրի բարօրության շահին ծառայեցնելուց։ Այնուամենայնիվ, որքանով է ճիշտ սեփական պետական ընթացիկ քաղաքականությունը մշակելիս կամ գերակա քաղաքական վեկտորներ ընտրելիս աշխարհին, երկրներին ու կազմակերպություներին ապավինելը. սա, թերևս, հարցի ամենակարևոր կողմն է։ Չէ որ, երբ խոսում ենք համագործակցության կամ որևէ կառույցին անդամակցության մասին, ինքնին արդեն խոսում ենք պարտավորությունների մասին, որոնք ստանձնում ենք երկու կամ երրորդ կողմի հանդեպ, որի հետ հաստատել ենք հարաբերություններ։ Եվ երբ դա ծառայեցվում է ազգային անվտանգության պահպանմանը, ապա պետք է միանշանակ նկատի ունենալ, որ մենք ինչ-որ մակարդակում թուլացնում ենք հենց այն անվտանգությունը, որին ձգտում ենք։

2014թ․ հոկտեմբեր ամսին Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրը (այսուհետ՝ ԵԱՏՄ)՝ հետևում թողնելով 2010թ․-ից ի վեր Եվրոպական միության (այսուհետ՝ ԵՄ) Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ տարվող բանակցությունները, որի անբաժանելի մաս էր կազմելու նաև Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը, սակայն իշխանությունները ցուցաբերեցին ոչ արդարացված արտաքին քաղաքականության վառ օրինակ։

Համաձայնագիրը, որը կարող էր կնքվել Հայաստանի և ԵՄ-ի միջև, մի կողմից կչեղարկեր մաքսային դրույքաչափերը և լայն հորիզոններ կբացեր Հայաստանի համար 500 միլիոնանոց եվրոպական շուկա դուրս գալու հարցում, մյուս կողմից կտար հստակ երաշխիքներ Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի վերացման ուղղությամբ։

Արդյունքում մենք չընտրեցինք այդ ճանապարհը, փոխարենն անդամակցեցինք ԵԱՏՄ-ին, որի շրջանակներում բոլոր ուղղություններով մեր համագործակցության առյուծի բաժինը շարունակում է հասնել Ռուսաստանի Դաշնությանը, մինչդեռ Հայաստանը, այսպես թե այնպես, սերտ սոցիալ-տնտեսական և ռազմական հարաբերությունների մեջ էր Ռուսաստանի հետ, և ԵԱՏՄ-ն բնավ այն օղակը չէր, որը պետք է հող նախապատրաստեր այդ համագործակցության համար։

Այս իրողության պայմաններում մենք շարունակում ենք կանգնած մնալ պետական, ներառյալ՝ արտաքին և իրավական, քաղաքական ու տնտեսական քաղաքականությունների դիվերսիֆիկացման դժվարության առջև։

- Սահմանափակված է երրորդ երկրի հետ տնտեսական համագործակցության հաստատման հնարավորությունը, ինչի ամենավառ օրինակներից է հարևան Իրանի հետ Մեղրու ազատ առևտրի գոտին լիարժեքորեն գործարկելու հնարավորության բացակայությունը և տարանցիկ երկրի դերը, որ Հայաստանը կարող է խաղալ իրանական գազը դեպի Վրաստան տեղափոխելու հարցում և ստանալ սեփական սահմաններում գազի սպառման առավել մատչելի այլընտրանք։ Ինչպես ցույց տվեց Վրաստանի հաջող փորձը, Հայաստանը նույն հաջողությամբ կարող էր հաստատել սերտ տնտեսական հարաբերություններ Չինաստանի հետ և դուրս գալ առավել քան 1 մլրդ-անոց շուկա։

- Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին շոշափելի դարձրեց Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի և նրա տնտեսության վրա ևս։ Հայաստանյան արտահանման ծավալները խիստ տուժեցին՝ լուրջ սոցիալական պառնալիք հանդիսանալով ոչ միայն արտահանողների, այլև վարձու աշխատուժի համար։

- ԵԱՏՄ-ն ինքնին Հայաստանի համար սահմանափակ և խոչընդոտներով լի շուկա է, քանի որ մենք սահմանափակվում ենք միայն որոշ պարենամթերքների և ոգելից խմիչքների (մեծամասամբ կոնյակ) փակ շրջանառությամբ, ինչը չի կարող զարգացնել արտաքին առևտուրը, համապատասխանաբար նաև տնտեսությունը։ Փաստացի, կան խոչընդոտներ մարդկային կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար։

- Ապրիլյան քառօրյա պատերազմի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք միայնակ ենք մեր ազգային անվտանգությանը սպառնացող տարածքային խնդրի հետ դեմ հանդիման, և ԵԱՏՄ ոչ մի անդամ երկիր, որը միաժամանակ անդամակցում է ՀԱՊԿ-ին, չդատապարտեց Ադրբեջանի կողմից սանձազերծած թշնամական գործողությունները, որոնք հանգեցրեցին լուրջ մարդկային և ակնհայտ տարածքային կորուստների։ Եվ այս ամենն այն դեպքում, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ մեր մուտքի առաջնային գործոնների շարքում շեշտադրեց ազգային անվտանգության հարցը։ Եվ դա հենց այն դեպքում, երբ մինչ օրս Ռուսաստանը շարունակում է զինել ադրբեջանական բանակը՝ ելնելով իր տնտեսական շահերից՝ աչքաթող անելով տարածաշրջանում առկա սուր կոնֆլիկտը։

- ԵԱՏՄ առանցքային երկիր համարվող Ռուսաստանի Դաշնության սահմաններում ապրող և աշխատող բազմահազար հայ աշխատանքային միգրանտներ շարունակում են բախվել Ռուսաստանի կողմից կիրառվող ներքին խիստ միգրացիոն կանոնակարգերին, որի արդյունքում սովորական երևույթ է դարձել ՀՀ քաղաքացիների դեպորտացիան և անարդյունավետ աշխատանքը։

Թե որքանով էր իրականում ճիշտ Հայաստանի զարգացման հեռանկարների համար կայացնել որոշում ի հօգուտ ԵԱՏՄ անդամակցության, կարող ենք դատել ինքներս` քննարկելով վերոնշյալ և դեռ շատ չնշված կետեր և միևնույն ժամանակ հայացք գցելով այն աչքի զարնող տնտեսական և քաղաքական կարիքներին, որոնք շարունակում են ծառացած մնալ մեր երկրի առջև, իսկ ԵԱՏՄ-ն շարունակում է չբավարարել դրանք․

  • անվտանգության ամրապնդում
  • պայքար կոռուպցիայի դեմ և մենաշնորհների վերացում
  • լավ և արդյունավետ կառավարում
  • ուժեղ ՔՀԿ սեկտոր
  • բարեփոխումներ քաղաքական համակարգում և այլն։

Իսկ վերը թվածը, որոնք հանդիսանում են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ու զարգացման ինդիկատորներ, ոչ մի կերպ չեն բավարարվում ու երաշխավորվում մեր կատարած ընտրության շնորհիվ, և փաստացի մենք զիջեցինք մեզ համար կենսական կարևորություն ներկայացնող արժեքների հաստատումն ու կիրառումը ԵԱՏՄ կոչվող տեսլականի համար։

Եվ որ ամենակարևորն է՝ մենք շարունակում ենք խոցելի մնալ մեր ինքնիշխանության և արտաքին ու ներքին քաղաքականությունների դիվերսիֆիկացման հարցում։

Թերևս Հայաստանի քաղաքականությունների դիվերսիֆիկացման տեսանկյունից առանցքային նշանակություն է ձեռք բերում 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), որի պատշաճ իրականացումը թույլ կտա էապես բավարարել Հայաստանի անվտանգության (լայն, այլ ոչ թե ռազմաքաղաքական առումով) ու զարգացման վերը նշված ու չնշված բազմաթիվ կարիքները, որոնք կմեղմեն երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունների մեջ առաջացած անհամաչափությունը (ասիմետրիան): 

 

Հոդվածը զեկույցի տեսքով ներկայացվել է 2017թ. հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած «Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» խորագրով ՄԱՀՀԻ I երիտասարդական ֆորումում: 

Հոդվածը տպագրվել է հետևյալ լրատվամիջոցներում. «Առավոտ»«»«»«»

«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)