Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները 2014թ. հունիսին Աստանայում ԵՏՄ հիմնադրման մասին պայմանագրի ստորագրումից հետո
Հեղինակ: Ashot Yeghiazaryan

Բայց Ուկրաինան ընտրել է ԵՄ հետ ինտեգրման ճանապարհը: Մոլդովան և Վրաստանը նույնպես ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր: Արդյունքում ԱՊՀ տարածքում նույնիսկ ազատ առևտրի ռեժիմն է կասկածի տակ դրվել: 

 

Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները 2014թ. հունիսին Աստանայում ԵՏՄ հիմնադրման մասին պայմանագրի ստորագրումից հետո Լուսանկար: Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները 2014թ. հունիսին Աստանայում ԵՏՄ հիմնադրման մասին պայմանագրի ստորագրումից հետո

Քաղաքական ռեալիզմի տեսանկյունից Եվրասիական միության ստեղծումը մի նախագիծ է, որի միջոցով Ռուսաստանը փորձում է մեծացնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում: Սակայն, դեռ չծնված այն արդեն մեռած նախագիծ է, ինչը վկայում է, որ Մոսկվայի կողմից հետխորհրդային տարածքի վերաինտեգրման բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության:

 

ԵՏՄ-Ի ՓԱՍՏԱՑԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ ԱՍՏԱՆԱՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՈՒՄ

Կասկած չկա, որ հետխորհրդային տարածքում քիչ թե շատ լուրջ ինտեգրված միավորման ստեղծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրանում Ռուսաստանի հետ միասին մասնակցի նաև Ուկրաինան: Բայց Ուկրաինան ընտրել է ԵՄ հետ ինտեգրման ճանապարհը: Մոլդովան և Վրաստանը նույնպես ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր: Արդյունքում ԱՊՀ տարածքում նույնիսկ ազատ առևտրի ռեժիմն է կասկածի տակ դրվել:

Ուկրաինական իրադարձությունները և դրան հետևած Արևմուտքի սուր արձագանքը ստիպեցին Մոսկվային ճշգրտումներ կատարել իր եվրասիական հավակնությունների իրականացման մարտավարությունում և պլաններում: Փոխվեցին նաև Աստանայի և Մինսկի պլանները: Վերջիններս, ըստ էության, դեմ արտահայտվեցին ինտեգրումն արագացնող գործընթացներին՝ որակելով դրանք չհիմնավորված և չարդարացված: Արդյունքում 2014թ. մայիսին Աստանայում Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև ԵՏՄ ստեղծման մասին ստորագրված պայմանագիրը լոկ ֆորմալ բնույթ կրեց: Իսկապես, իր ներկա տեսքով ԵՏՄ չի համապատասխանում այն նախագծին, որը Մոսկվայում մտահղացվել էր ավելի վաղ: Նավթի և գազի, ինչպես նաև ֆինանսական ոլորտում միասնական քաղաքականության խնդիրները ենթադրվում է լուծել մինչև 2025թ., ինչը գործնականում նշանակում է դրանց կարգավորումը հետաձգել անորոշ ժամանակով: Պայմանագրից հանված են նաև այնպիսի կարևոր հարցերի կարգավորման վերաբերյալ դրույթներ, ինչպիսիք են՝ ընդհանուր քաղաքացիությունը, արտաքին և ռազմատեխնիկական քաղաքականությունը, սահմանների ընդհանուր պահպանումը, ընդհանուր խորհրդարանի գաղափարը, ընդհանուր անձնագրային և վիզային ռեժիմը, արտահանման վերահսկումը, ինչպես նաև իր քաղաքացիների շահերը այլ երկրներում պաշտպանելու Ռուսաստանի իրավունքի մասին կետը: Հատկանշական է, որ վերջին կետը հանվել է Ղազախստանի առաջարկությամբ:

Բացի այդ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառման հետևանքով Եվրասիական եռյակի ներսում հարաբերությունները լարվեցին: Ղազախստանը սերտ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ և չի կարող դրանք փչացնել: Ռուսաստանի հետ միասին միջազգային մեկուսացման մեջ չհայտնվելու համար Արևմուտքի հետ մերձեցման ճանապարհ է ընտրել նաև Բելառուսը: Պատահական չէ, որ Մինսկը և Աստանան հրաժարվեցին միանալ Արևմուտքի հետ Ռուսաստանի առևտրային պատերազմին: Աստանան և Մինսկը նույնիսկ բացահայտ հանդես եկան Կրեմլի քաղաքականության դեմ: Ավելին, Ղազախստանը թափանցիկ և բաց հայտարարեց, որ դուրս կգա ԵՏՄ-ից, եթե անդամակցությունն սպառնա երկրի ինքնիշխանությանը: Այսպիսով, ընդհանուր դիրքորոշման բացակայությունը Եվրասիական եռյակում  կասկածի տակ է դնում ԵՏՄ ստեղծման նպատակը` ընդհանուր շուկայի ձևավորումը, որը կապահովի կապիտալի, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժը:

 

ԵՏՄ-Ի ԱՆՈՐՈՇ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ

ԵՏՄ-ի ապագան հնարավոր չէ պատկերացնել առանց Կենտրոնական Ասիայի երկրների ինտեգրման: Սակայն, Կենտրոնական Ասիայի ամենախոշոր երկիրը՝ Ուզբեկստանը` 30 մլն բնակչությամբ, հետխորհրդային այն պետություններից է, որը միշտ փորձել է խուսափել Ռուսաստանից ցանկացած ձևի կախվածություն ունենալուց: Եվրասիական ինտեգրման հարցում Ուզբեկստանը զբաղեցնում է ընդգծված “հակաինտեգրման” դիրքորոշում: Տաշքենդը ոչ միայն չի աջակցում եվրասիական նախագծերին, այլև քննադատում է դրանք: 2012թ. Տաշքենդը դադարեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում: Մինչ այդ՝ 2008թ., Ուզբեկստանը դուրս եկավ ԵվրԱզԵս-ից: Ուզբեկստանը լավ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ, իսկ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի առևտրատնտեսական ներթափանցումը կենտրոնաասիական այդ երկրում շարունակում է մեծանալ: Ուզբեկստանում եվրասիական նախագծերը բախվում են նաև մշակութային բնույթի արգելքների. նվազել է ռուսաց լեզվի՝ որպես գործարար շրջանառության միջոցի դերը, կրճատվել է ռուսերեն լեզվով խոսող փոքրամասնությունների թվաքանակը: Ընդհանուր առմամբ Ուզբեկստանի վրա ազդելու Ռուսաստանի լծակները մնում են սահմանափակ, իսկ առանց Ուզբեկստանի տարածաշրջանի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տարածությունը մնում է անլիարժեք:

Թուրքմենստանը նույնպես այն երկրներից է, որը դեմ է հանդես գալիս Ռուսաստանի գլխավորությամբ տարածաշրջանային միավորումներին անդամակցությանը: Վերջին տարիներին այս երկրի ղեկավարությունը վարում է աշխարհին արագացված ձևով բացվելու քաղաքականություն: Ռուսաստանը չունի Թուրքմենստանի վրա ճնշելու քաղաքական և սոցիալ-տնտեսական էական լծակներ: Երկրի բնակչության մեծ մասը կազմում են թուրքմենները: Թուրմենստանը ՀԱՊԿ անդամ չէ: Բացի այդ թուրքմեն աշխատանքային միգրանտների թվաքանակը Ռուսաստանում աննշան է, այսինքն` միգրանտներից ստացվող դրամական փոխանցումները էական ազդեցություն չունեն երկրի տնտեսության և սոցիալական կյանքի վրա: Ընդհանուր առմամբ Թուրքմենստանն աղքատ երկիր չէ: Վերջին տարիներին Թուրքմենստանին հաջողվեց չեզոքացնել Գազպրոմից կախվածությունը` վերակողմնորոշելով իր բնական գազի արտահանման հոսքերը դեպի Չինաստան և Իրան: Այդ պատճառով էլ երկրի ղեկավարությունը բավարար ռեսուրսներ ունի ԵՏՄ-ին միանալու հարցում Մոսկվային ընդդիմանալու համար:

Չնայած Բիշքեկը հայտարարել է ԵՏՄ-ին միանալու մասին՝ այնուամենայնիվ, Ղրղզստանում միանշանակ չեն վերաբերվում այդ քայլին: Բարձր մաքսատուրքերը կոչված են պաշտպանել ռուսական արտադրությունը չինական էժան ներմուծումից: Ղրղզստանը ԱՀԿ անդամ է 1998թ.-ից, ինչը նույնպես հիմնախնդիրներ է առաջացնելու ԵՏՄ-ին անդամակցության դեպքում: Այդ պատճառով Բիշքեկը ԵՏՄ-ին անդամակցության դիմաց առաջ է քաշում մի շարք պայմաններ, այդ թվում` ուղղակի ֆինանսական աջակցություն Մոսկվայից, ինչպես նաև նոր մաքսատուրքերի կիրառման ժամկետների հետաձգում: Բացի այդ պայմաններից կան նաև այլ հիմնախնդիրներ: Ղրղզստանն ունի երկաթգծի շինարարության պլաններ, ինչն աջակցություն է գտնում Պեկինի կողմից, սակայն դրան դեմ է Մոսկվան: Այսպիսով, շատ առումներով Ղրղզստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ավելի շատ աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորված որոշման արդյունք է, քան տնտեսական:

Տաջիկստանը, ինչպես Ղրղզստանը, ՀԱՊԿ անդամ է, նրա տարածքում նույնպես տեղակայված է ռուսական բազա: Սակայն Տաջիկստանն առ այսօր որոշակի հեռավորություն է պահում ԵՏՄ-ին անդամակցության հարցում: Դուշամբեն այն պայմանավորում է Ղրղզստանի անդամակցությամբ, քանի որ անմիջական սահման չունի ԵՏՄ-ի հետ: Վերջինիս հետ Տաջիկստանի տնտեսական կապերի վրա մեծ ազդեցություն ունեն աշխատանքային միգրանտները: Սակայն ռուսական ռուբլու արժեզրկումը և տնտեսության ծանր վիճակը հարյուր հազարավոր տաջիկների արդեն վերադարձրել է տուն: ԵՏՄ-ի նկատմամբ Տաջիկստանի վերաբերմունքի համար կարևոր հանգամանք է 2013թ. մարտի 2-ին վերջինիս անդամակցումը ԱՀԿ-ին:

ԵՏՄ հեռանկարները Կենտրոնական Ասիայում խամրում են, երբ այն բախվում է տարածաշրջանում չինական տնտեսական էքսպանսիային: Չինաստանի տարածաշրջանային էքսպանսիան ուղղված է իր շուրջը բարեկամաբար տրամադրված պետություններից կազմված բուֆերային գոտու ստեղծմանը, որտեղ ինքը կստանձնի հեգեմոն ուժի դերակատարումը:

Ռուսաստանը ԵՏՄ-ի միջոցով փորձում է իրականացնել հովանավորչական քաղաքականություն,  ինչը հակասում է Չինաստանի բաց և ազատ առևտրի քաղաքականությանը: Մետաքսի ճանապարհի նախագիծը Չինաստանը ցանկանում է ներառել Ասիա-Խաղաղօվկիանոսային ազատ առևտրի գոտում: Չինաստանը ձգտում է Ասիա-Խաղաղօվկիանոսային և դրան հարակից գոտում քանդել բոլոր արգելքները և հասնել առավելագույն ազատ առևտրի: Չինաստանը չի կարող հանդուրժել Ռուսաստանի հավակնությունները: Պեկինի համար Կենտրոնական Ասիան չափազանց մեծ գին ունի: Անցած տարվա նոյեմբերին Չինաստանը հայտարարեց “Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի” ստեղծելու նախաձեռնության մասին, որի շրջանակներում նա մտադիր է Կենտրոնական Ասիայի երկրներում ներդնել միլիարդավոր դոլարներ` տարածաշրջանային առևտրի զարգացման նպատակով: Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը հայտարարեց, որ Պեկինը 40 մլրդ դոլար է առանձնացրել Ասիայում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար[1]:

 

ԵՏՄ-Ի ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՓԼՈՒԶՈՒՄԸ

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արտաքին առևտրաշրջանառության ծավալները նորանկախ պետությունների միջև դրսևորել են անկման ընդհանուր միտում: Այսինքն, տեղի է ունեցել առևտրային ապաինտեգրում: Դրան զուգահեռ ավելացել են այլ արտաքին գործընկերների հետ (ԵՄ, Չինաստան, ԱՄՆ, Թուրքիա և Իրան) առևտրի ծավալները, ինչը, ըստ էության պատռում է ինտեգրման տարածությունը: Ռուսաստանի մասով տվյալ երևույթն առավել ակնհայտ է, ընդ որում, վերջին երկու տարիների, մասնավորապես, 2015թ. հունվար-փետրվար ամիսների տվյալներն առավել խոսուն են:

Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (ըստ Դաշնային մաքսային ծառայության տվյալների) 2014թ. կազմել է 782,9 մլրդ դոլար (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 95,6%): Արտահանումը կազմել է 496,9 մլրդ դոլար (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 94,2%), այդ թվում` հեռավոր արտասահմանի երկրներ` 453,3 մլրդ դոլար (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 91,9%), ԱՊՀ երկրներ` 63,6 մլրդ դոլար (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 86,0%): Ներմուծումը կազմել է 286,0 մլրդ դրամ (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 90,8%), այդ թվում՝ հեռավոր արտասահմանի երկրներից` 253,9 մլրդ դոլար (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 91,9%), ԱՊՀ երկրներից` 32,0 մլրդ դոլար (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 83,0%): Այս միտումը բնորոշ է եղել նաև 2013թ. համար:

Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (ըստ Դաշնային մաքսային ծառայության տվյալների) 2015թ. հունվար-փետրվար ամիսներին կազմել է 83,3 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 71,3%): Արտահանումը կազմել է 57,6 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 76,2%), այդ թվում՝ հեռավոր արտասահմանի երկրներ` 50,6 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 77,6%), ԱՊՀ երկրներ` 7,0 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 65,7%): Ներմուծումը կազմել է 25,7 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 62,4%), այդ թվում՝ հեռավոր արտասահմանի երկրներից` 23,1 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 63,3%),  ԱՊՀ երկրներից` 2,6 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 54,9%):

Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը (ըստ Դաշնային մաքսային ծառայության տվյալների) ԵՏՄ անդամ երկրների հետ 2015թ. հունվար-փետրվար ամիսներին  կազմել է  6,0 մլրդ դոլար (փաստացի գործող գներով), այդ թվում՝ արտահանումը` 3,9 մլրդ դոլար, ներմուծումը` 2,0 մլրդ դոլար: Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը Բելառուսի հետ 2015թ. հունվար-փետրվար ամիսներին ընթացիկ գներով կազմել է 3,4 մլրդ դոլար, այդ թվում՝ արտահանումը` 2,2 մլրդ դոլար, ներմուծումը` 1,2 մլրդ դոլար, Ղազախստանի հետ կազմել է 2,4 մլրդ դոլար, այդ թվում՝ արտահանումը`  1,5 մլրդ դոլար, ներմուծումը` 0,9 մլրդ դոլար, Հայաստանի հետ կազմել է 197,5 մլն դոլար, այդ թվում՝ արտահանումը` 186,8 մլն դոլար, ներմուծումը` 10,7 մլն դոլար:

Ուսումնասիրության ամբողջական տեքստն այստեղ`

Հոդվածը տպագրվել է հետևյալ լրատվամիջոցներում՝  «Առավոտ»«Լրագիր»«168 Ժամ»«Գալա»«Հետք»«Մեդիալաբ»

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)