Քաղաքացիական հասարակության ինստիտուտներին չի հաջողվում արդյունավետ շահապաշտպան գործունեություն ծավալել, իշխանությունն էլ չի կարողանում/չի ցանկանում հանրության համար ժամանակին ընդունելի լուծումներ տալ առկա խնդիրներին: Նման պայմաններում շարժումները հիմնականում ծագում են այն ժամանակ, երբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մասնակից չեն դառնում հասարակական, քաղաքական կարևորագույն որոշումների մշակման և իրագործման:

Լուսանկար:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Մանվել Մելիքյան, Ժողովրդավարության IV դպրոցի շրջանավարտ

«Երիտասարդները հանուն ժողովրդավարության» նախաձեռնող խմբի անդամ

 

Երիտասարդական կամ քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ, որոնց ընթացքին մենք պարբերաբար ականատես ենք լինում, որպես կանոն, արդյունք են այն բանի, որ իշխանություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը գտնվում է ցածր մակարդակի վրա, եթե չասենք, որ որոշ դեպքերում այն գրեթե բացակայում է. քաղաքացիական հասարակության ինստիտուտներին չի հաջողվում արդյունավետ շահապաշտպան գործունեություն ծավալել, իշխանությունն էլ չի կարողանում/չի ցանկանում հանրության համար ժամանակին ընդունելի լուծումներ տալ առկա խնդիրներին: Նման պայմաններում շարժումները հիմնականում ծագում են այն ժամանակ, երբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մասնակից չեն դառնում հասարակական, քաղաքական կարևորագույն որոշումների մշակմանը և իրագործմանը:

Այս առումով կարելի է վերհիշել Մաշտոցի պուրակի իրադարձությունները, երբ մի խումբ երիտասարդներ (ակտիվիստներ) թույլ չէին տալիս քաղաքային իշխանության ներկայացուցիչներին առևտրի տաղավարներ կառուցել Մաշտոցի պուրակում: Սակայն ի՞նչ կատարվեց. ոստիկանները որոշ երիտասարդների  բերման ենթարկեցին ոստիկանության բաժանմունքներ, որոշների դեմ ուժ կիրառեցին՝ փորձելով կառուցողապատողի համար ապահովել “քաղաքացիական խոչընդոտներից ու դիմադրությունից զերծ” աշխատանքային պայմաններ: Շարժման հանգուցալուծումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, տեսնելով երիտասարդական քաղաքացիական շարժման դիմադրությունը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ քաղաքում “պատահական” շրջայց կատարելիս անցավ նաև Մաշտոցի պուրակով, որտեղ էլ հնչեցրեց «Տարոն ջան, սիրուն չի» արդեն իսկ թևավոր դարձած խոսքերը: Դրանից անմիջապես հետո պուրակում դադարեցվեցին կառուցապատման աշխատանքները:

Image result for Մաշտոցի պուրակի իրադարձություններ

Եվս երկու օրինակ հիշենք: Խոսքն «Էլեկտրիկ Երևան»-ի և «100 դրամ»   քաղաքացիական շարժումների մասին է: Դրանցից հատկապես հասարակական մեծ աղմուկ բարձրացրեց «Էլեկտրիկ Երևան» շարժումը, որը պայքարում էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Շարժումը շատ արագ բախվեց իշխանության լուրջ և բիրտ դիմադրությանը, երբ իրավապահները և՛ ծեծում էին երիտասարդներին, և՛ ջրցան մեքենաների միջոցով փորձում ցրել Բաղրամյան պողոտայից, որը նրանք փակել էին, և նաև բերման էին ենթարկում ոստիկանական բաժանմունքներ: Թերևս, այս շարժումը, չնայած իր մասշտաբայնությանն ու ուժգնությանը, չհանգեցրեց իշխանության կողմից կայացված որոշման չեղարկմանը, ինչպես «100 դրամ» շարժման դեպքում. Հանրապետության նախագահը, ի պատասխան շարժման պահանջների, անդրդվելի մնաց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկելու հարցում, սակայն նրա երիտասարդ առաջնորդներին առաջարկեց ներգրավվել Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ (Փակ բաժնետիրական ընկերություն) աուդիտում՝ ստանալով մերժում: Արդյունքում, էլեկտրաէներգիան, միևնույն է, թանկացավ՝ թեպետ հետագայում պետության կողմից  որոշակի սուբսիդավորում նախատեսվեց որոշ խմբերի ու տարածաշրջանների համար, Հայաստանի խոշորագույն էներգետիկ ընկերության թափանցիկ աուդիտ այդպես էլ չիրականացվեց, իսկ ընկերությունն էլ վերավաճառվեց:

Ինչ վերաբերում է «100 դրամ» շարժմանը, որը պայքարում էր քաղաքային տրանսպորտի վճարի թանկացման դեմ, ապա պետք է արձանագրել, որ այն հասավ իր նպատակին, և տրանսպորտի գները մնացին անփոփոխ:

Հարկ է նկատել, որ իշխանությունը բոլոր քաղաքացիական շարժումների ժամանակ երբեմն ինքն է սրում իրավիճակը՝ դիմելով սադրիչ գործողությունների ու բիրտ ուժ կիրառելով ցուցարարների դեմ: Նման իրավիճակներում երիտասարդությունը որքան էլ խիզախություն ու դիմադրություն է ցուցաբերում, այդուհանդերձ, շատ հաճախ անզոր, անպատրաստ կամ հմուտ և ճկուն չէ իրավապահ մարմինների անօրինաչափ բռնությանը դիմակայելիս: Քաղաքացիական շարժումների ոգին ու ընթացքը կոտրելու տեսանկյունից այս գործոնը Հայաստանում եղել և մնում է չափազանց բախտորոշ, հատկապես, երբ 2008թ. նախագահական ընտրություններից հետո մարտի 1-ին 10 քաղաքացի սպանվեց իրավապահների գործողությունների արդյունքում, և ոչ ոք պատասխանատվություն չկրեց դրա համար: Այս հանգամանքն անուղղակիորեն ազդում է շարժման վրա, եթե նրա առաջնորդությունը չի կարողանում ճիշտ հարմարվել իրավիճակին, գրագետ որոշումներ կայացնել շարժման հետագա ուղղվածության վերաբերյալ:

«Էլեկտրիկ Երևանի» երիտասարդ առաջնորդները, օրինակ, լավագույնս օգտագործեցին ոստիկանության կողմից բռնություններ կիրառելու փաստը և շարժումն առավել մասշտաբային դարձրեցին: Մինչդեռ առաջնորդության խումբը չկարողացավ արագ կողմնորոշվել ՀՀ նախագահի վերոնշյալ առաջարկից հետո, և տարաձայնությունների արդյունքում շարժումը պառակտվեց՝ հանգեցնելով նրա աստիճանական մարմանը:   

Image result for «Էլեկտրիկ Երևան»

Եթե այս երեք շարժումները վերլուծենք՝ հասկանալու համար, թե որ շարժումը որտեղ հաղթեց և որտեղ պարտվեց, ապա կեզրահանգենք, որ Մաշտոցի պուրակի շարժումը հաղթեց գրեթե բոլոր դաշտերում՝ խնդիրը լսելի դարձրեց թե՛ Երևանի լայն հանրությանը, թե՛ իշխանություններին, հասավ բավարար կուլմինացիայի, երբ ՀՀ նախագահը շրջայցից հետո հայտարարեց, որ տաղավարները չեն կառուցվի, քանզի «սիրուն չեն»: Որքան էլ այս շարժման վերաբերյալ կարծիքներ ու հակաքարոզչություն իրականացվեց, թե շարժման հրահրողն էլ, հանգուցալուծողն էլ նախագահական նստավայրն էր, և որպես դրա ապացույց էր բերվում Սերժ Սարգսյանի կողմից հաղթանակի դափնեպսակը իր գլխին դնելը, այդուհանդերձ, շարժումը միանգամայն հասավ իր առաջադրած նպատակին ու ցույց տվեց մյուս խոչընդոտը, որին բախվում են երիտասարդական կամ քաղաքացիական նախաձեռնությունները, այն է՝ հզոր հակաքարոզչությունը, կամ դրա միջոցով շարժման նպատակների, կամ ձեռքբերումների նսեմացումը, կամ էլ շարժման ուղղորդումը կամ դրա փորձերը:    

«Էլեկտրիկ Երևան»-ի պարագայում պատկերը փոքր-ինչ այլ էր. շարժումը չհասավ ցանկալի արդյունքի, քանի որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում ամեն դեպքում տեղի ունեցավ, սակայն մասնակիորեն հաղթեց այն առումով, որ հանրության ձայնը տեղ հասցնելուց և սուբսիդավորման որոշումից բացի հրապարակ բերեց տարիներ շարունակ ՀԷՑ-ում գործած հսկայական կոռուպցիոն բուրգ և սխեմաներ՝ ի դեմս նախկին սեփականատիրոջ կառավարման օրոք բազմաթիվ խայտառակ դրվագների բացահայտման: Թեպետ շարժումը ձախողվեց դրանց պատշաճ իրավական գնահատական տալու ուղղությամբ հետևողականություն դրսևորելու առումով, ինչի հնարավորություն կարող էր տալ աուդիտի գործընթացն ու նրանց մասնակցությունը:

Ամփոփելով ասվածը՝ նշենք, որ իշխանությունը պետք է ավելի բաց լինի հանրության ու քաղաքացիական շարժումների հետ երկխոսության համար, ներգրավի քաղաքացիական հասարակությանն ու երիտասարդներին երկրի համար կարևոր խնդիրներ լուծելիս: Քաղաքացիական հասարակությունը պետք է մասնակից դառնա այդ խնդիրների լուծման քաղաքականության մշակման և դրա իրագործման գործընթացին, քանի որ համագործակցության միջոցով կարելի է հասնել խնդիրների ավելի ճիշտ լուծման: Իշխանություն և քաղաքացիական հասարակություն երկխոսության կարևորությունն ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում:

Քաղաքացիական հասարակության քայլերը պետք է ավելի հիմնավորված, հաշվարկված և պրոֆեսիոնալ լինեն, պատրաստակամ՝ իշխանությունների հետ երկխոսության համար, համառություն և հետևողականություն ցուցաբերեն, որպեսզի հասնեն իրենց նպատակին: Եվ միայն այս հնարավորությունները սպառելուց հետո անհրաժեշտություն կլինի դիմել ավելի կտրուկ քայլերի, ինչպիսիք են՝ ցույցերը, պիկետները և հացադուլները: 

Եվ, վերջապես, քաղաքացիական շարժումների հաջողության, քաղաքացիական հասարակություն գործընկերության արդյունավետության մասին կարելի է բազում մեջբերումներ կատարել քաղաքագիտական ու հասարակագիտական հարուստ գրականությունից: Սակայն շարժումների համար վերը նկարագրվածը եզրափակեմ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի ելույթում առկա հետևյալ գնահատականով:

Image result for ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի

«Թեպետ [Հայաստանում] կան կառավարության ու քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության օրինակներ, սակայն անելիք ևս շատ կա: Ես ուզում եմ խրախուսել կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առավել լիարժեք ու կառուցողական մասնակցությունը: Շատ հաճախ Հայաստանի կառավարությունը թերանում է կապ հաստատել քաղաքացիական հասարակության հետ ընդհանուր հետաքրքրության հարցերի շուրջ խորհրդակցելու կամ նրանց փորձառությունից օգտվելու նպատակով: Իսկ առիթ լինելու դեպքում էլ երբեմն քաղաքացիական հասարակությունն է ցուցաբերում թերահավատություն ու վարանում է աշխատել կառավարության հետ: Քաղաքացիական հասարակության անդամները պետք է առաջնորդող դեր ստանձնեն՝ ցանկալի բարեփոխումները երկրում կառուցողականորեն առաջ մղելու հարցում: Բողոքի ակցիաները կարող են աշխուժացնել հասարակությանն ու փոփոխությունների մթնոլորտ ձևավորել, սակայն իրատեսական նպատակներ սահմանելը, կառավարության հետ աշխատելը և շահապաշտպան մոտեցումներ ձևավորելը հավասարապես կարևոր են ու պահանջում են համբերություն և նվիրված աշխատանք: Քաղաքացիական հասարակության համար մենք ունենք հետևյալ ուղերձը. կատարելագործեք ձեր կազմակերպական և շահապաշտպան կարողությունները, գտեք համակիրներ տեղերում: Դարձեք անկախ և ֆինանսապես կայուն: Հայ հասարակությանն անհրաժեշտ են ամուր, ըմբռնող և ֆինանսապես կայուն ՀԿ-ներ, որոնք կարող են ներկայացնել իրենց համակիրների կարիքներն ու մտահոգությունները»[1]:

 

ՄԵԴԻԱՅԻ ԴԵՐՆ ՈՒ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Արման Ղազարյան, Ժողովրդավարության X դպրոցի շրջանավարտ

«Երիտասարդ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ

 

«Մի անգամ առնետը հարցնում է «խոմյակին».

-Լսիր, ինչու՞ են մարդիկ ինձ տեսնելիս ձեռքն ընկած իրերով փորձում սատկացնել, իսկ քեզ պահում են իրենց տանը, հերիք չէ, տակդ չոր խոտ են փռել ու ամեն օր կերակրում են շաքարով:

-Իմ PR-ն ավելի լավն է...»

Այս անեկդոտը բացահատում է մի պարզ իրողություն. իրերին ու երևույթներին մենք նայում ենք սեփական պարադիգմի տեսանկյունից, որը մեր օրերում, մեծ մասամբ, ձևավորվում է մասսմեդիայի միջոցով: Եթե փոքր-ինչ ձևափոխենք «Դու այն ես, ինչ ուտում ես» հայտնի արտահայտությունը, վստահաբար կարող ենք ասել, որ մենք այն ենք, ինչ կարդում, տեսնում ու լսում ենք ամեն օր:

Այս տեսանկյունից վերլուծելով վերջին տարիներին Հայաստանում իրականացված երիտասարդական-քաղաքացիական նախաձեռնությունների վերաբերյալ մասսմեդիայում հայտնված ինֆորմացիոն հոսքերը՝ կարող ենք նկատել, որ վերջիններս միշտ չէ, որ օբյեկտիվորեն են ներկայացրել այդ նախաձեռնությունների բնույթն ու նպատակները: Պատճառներից կառանձնացնեմ 2-ը.

  1. Ակնհայտ հակաքարոզչություն, որն իրականացվում է հիմնականում իշխանական ազդեցության ներքո գտնվող լրատվամիջոցների կողմից
  2. Քաղաքացիական նախաձեռնությունների կողմից իրականացված ոչ արդյունավետ տեղեկատվական արշավներ:

Բաց թողնելով առաջինը, որը մեր ազդեցության տիրույթից դուրս է գտնվում, ես կցանկանայի առանձնապես կենտրոնանալ հետևյալ հարցի վրա. ի՞նչ անել, որպեսզի քաղաքացիական նախաձեռնությունները Հայաստանում լայն արձագանք ստանան՝ կիրառելով ժամանակակից մեդիա գործիքները:

Image result for Քաղաքացիական նախաձեռնությունների կողմից իրականացված ոչ արդյունավետ տեղեկատվական արշավներ

Ներկայացվող խնդիրները նկատելի են եղել հայաստանյան տարբեր նախաձեռնությունների ժամանակ, սակայն ես դրանք կներկայացնեմ ոչ անձնավորված՝ նպատակ ունենալով ոչ թե քննադատել կամ գովաբանել որևէ մեկին, այլ բարձրացնել հարցեր, որոնց շուրջ արժե մտածել:

Առաջինը, որ կցանկանամ առանձնացնել, նախաձեռնության կողմից նպատակների, խնդիրների ճշգրիտ սահմանումն է, դրա շուրջ թիմում համաձայնության գալն ու դրանց ուղղված ինֆորմացիոն «մեսիջների» որոշումը: Եթե թիմում թեկուզև 2 հոգի միմյանցից տարբերվող մեսիջներ են հղում լրատվամիջոցների միջոցով, դա թուլացնում է ինֆորմացիայի ազդեցությունը լսարանի վրա:

Հստակ ասելիքի սահմանումից հետո պետք է որոշել լսարանը, որին հիմնականում ուղղված է ինֆորմացիան: Լսարանի սահմանումն օգնում է որոշել թիրախային լրատվամիջոցներին, որոնց միջոցով և պետք է իրականացվի ինֆորմացիայի փոխանցումը: Անհնար է սահմանափակ ռեսուրսներով համագործակցել բոլոր ԶԼՄ-ների հետ, պետք է ընտրություն կատարել:

Հաջորդ գործոնը, որը պետք է հաշվի առնել, ինֆորմացիայի վերջնական նպատակն է. ինչո՞ւ ենք մենք ցանկանում հասնել լսարանի մոտ գիտելիքի, կարծիքի, վերաբերմունքի, թե՞ վարքագծային փոփոխության ու կոնկրետ գործողությունների կատարման (մասնակցություն բողոքի ակցիաներին, երթ և այլն):

Անչափ կարևոր է, որ նախաձեռնության կազմում լինի առանձնացված մասնագիտական խումբ, ով, անմիջական կապ ունենալով նախաձեռնության լիդերների հետ, կհամակարգի ինֆորմացիայի տարածման գործընթացները և կապահովի քաղաքացիների հետ անմիջական կապը (feedback): Այս նույն խմբի կողմից պետք է իրականացվի լրատվամիջոցներում նախաձեռնության վերաբերյալ տեղ գտած ինֆորմացիայի պարբերական մոնիթորինգ և վերլուծություն, հայտնաբերված բացասական ինֆորմացիայի պարագայում, եթե դրանք արժեք ու կշիռ ունեն, անպայման պետք է լինի հակադարձում և «չեզոքացում»:

Խնդրահարույց գործոններից մեկն էլ, որը բնորոշ է հայաստանյան նախաձեռնություններին, սեփական լրատվության պատրաստման համար տեխնիկական միջոցների և հատկապես տեսալսողական բովանդակության պատրաստման համար համապատասխան մասնագետների բացակայությունն է: Այս նպատակով կարելի է համագործակցել մասնագիտական երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև որոշակիորեն համախոհ կամ պոտենցիալ գործընկեր լրատվամիջոցների հետ՝ ստեղծելով և տարածելով սեփական բովանդակությունը:

Որպես ամփոփում՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել հատկապես ժամանակակից սոցիալական մեդիային, քանի որ վերջինս, ի տարբերություն «ավանդական» մեդիայի, հնարավորություն է տալիս սահմանափակ ռեսուրսներով տեսանելի արդյունքների հասնել: Թեպետ Facebook սոցիալական ցանցն ամենաշատ կիրառվող մեդիահարթակներից է, սակայն պետք չէ միայն դրանով սահմանափակվել, բավականին ազդեցիկ գործիքներ են նաև Twitter-ը, YouTube-ը, Instagram-ը, կախված լսարանից, ինչու չէ նաև Odnoklassniki.ru-ն: Լրատվամիջոցների դիվերսիֆիկացիան միայն կավելացնի լսարանի ընդգրկումն ու ինֆորմացիայի ազդեցությունը:

Image result for սոցիալական մեդիա

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԵՐՆ ԱԿՏԻՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

  • Ի՞նչ գործոններ դրդեցին (մոտիվացիան) քաղաքացիական շարժում նախաձեռնելուն,
  • Ի՞նչ խոչընդոտների է բախվել քաղաքացիական նախաձեռնությունը (ռեսուրսներ, քարոզչություն, հակաքարոզչություն, ուղղորդում կամ դրա փորձ, իրավապահ կամ ղեկավար մարմինների բիրտ ճնշում և այլն),
  • Ի՞նչ տեխնոլոգիաներով ու եղանակներով է ապահովվել համախոհների ու համակիրների համախմբումը,
  • Ի՞նչ հարաբերություններ են եղել քաղաքական ուժերի հետ,
  • Որտե՞ղ է հաղթել և որտե՞ղ պարտվել քաղաքացիական շարժումը,
  • Ի՞նչ դասեր են քաղվել:

 

«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ԿԱՄ «ԷԼԵԿՏՐԻԿ ԵՐԵՎԱՆ». ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

Ռիմա Սարգսյան, Ժողովրդավարության V դպրոցի շրջանավարտ

«Էլեկտրիկ Երևան» շարժում

 

Հայաստանում մշտապես տիրող սոցիալական վատ պայմաններն ու անարդարությունը տեսնելով՝ ցանկացել եմ ինչ-որ կերպ շտկել, փոփոխել այդօրինակ երևույթները։ Ինձ համար առաջնային է բոլորի հավասարությունն օրենքի առջև։ Քանզի, երբ վերլուծում եմ նրանց՝ սոցիալական վատ պայմաններում գտնվելու հանգամանքները, ի վերջո հանգում եմ այն համոզմանը, որ նրանք մեծամասամբ պարզապես չեն կարողանում կամ զրկված են իրենց իրավունքներից լիիրավ օգտվելուց, որոնք թեև գրված են թղթի վրա, սակայն միշտ չէ, որ գործում են։ Բարեբախտաբար, կան մարդիկ, ովքեր ինձ նման նույն համոզմունքն ունեն և պատրաստ են իրավիճակի շտկմանն ընդառաջ գնալ։

Երբ քննարկվում էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը, խնդրով մտահոգ երիտասարդներով, որոնց մի մասը մինչ այդ տարբեր քաղաքացիական նախաձեռնություններում իր մասնակցությունն էր ունեցել, սկսեցինք ուսումնասիրություններ,քննարկումներանցկացնել հարցի շուրջ, նաև ուսումնասիրել այլ քաղաքացիական նախաձեռնությունների փորձը՝ հաջողություններն ու անհաջողությունները։ Այսպես ստեղծվեց «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը, որը նաև «Էլեկտրիկ Երևան» շարժման հայտն է։

Image result for Ոչ թալանին

Նախաձեռնության անդամներով մեկ տարի շարունակ քաղաքացիներին իրազեկել ենք խնդրի մասին, երթեր ենք կազմակերպել, անհնազանդությունների, այդ թվում՝ փողոց փակելու միջոցով կաթվածահար ենք արել երթևեկությունը, այդպիսով մարդիկ սկսում էին հետաքրքրվել, թե ինչ է պատահել։ Իրազեկումների ժամանակ հուշաթերթիկներ էինք բաժանում և գովազդային վահանակներին փակցնում հերթական հավաքի կամ երթի օրն ու ժամը, նաև տեղեկատվություն՝ բարձրաձայնվող խնդրի մասին։ Իրազեկումներն իրականացնում էինք խմբերով, քաղաքի տարբեր հատվածներում։ Մարդկանց փորձում էինք ներգրավել նաև հետաքրքիր փոքրիկ երաժշտական միջոցառումներ կազմակերպելով, որտեղ ներկայացնում էինք մեր կողմից բարձրաձայնվող խնդիրը։ Դա ևս իր դրական ազդեցությունն ուներ համախոհներ ձեռք բերելու հարցում։ Այդ ամենը մեր անձնական միջոցներով էր արվում։ Մարզերում ևս ունեինք աջակիցներ, ովքեր իրականացնում էին նույնանման իրազեկումներ իրենց քաղաքում։

Նախաձեռնության քայլերը հիմնականում համակարգվում էին ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով, դա նաև հարթակ էր հայտարարություններ տարածելու և արագ մոբիլիզացվելու համար։

Պետական կառույցների ներկայացուցիչները թերահավատ էին մեր քայլերի նկատմամբ, անգամ մեզ արկածախնդիր անվանեցին, սակայն ոչ, մենք ոչ թե արկածախնդիր էինք, այլ իրապես ցանկանում էինք, որպեսզի որոշումներն ընդունվեն՝ հաշվի առնելով հասարակության կարծիքն ու օրենքը։

Իրազեկումների հուշաթերթիկները փակցնելուց որոշ ժամանակ անց դրանք պոկում էին կամ վնասում, որպեսզի հնարավորինս քիչ մարդ տեղեկացված լիներ։ Երբեմն անհատների միջոցով փորձ էր արվում որևէ հարցում «աջակցություն» ցուցաբերել, այսպես ասած՝ կաշառել քաղաքացիական նախաձեռնության որոշ անդամների, նաև լինում էին աշխատանքից հեռացնելու սպառնալիքներ։ Սակայն այդ ամենն անտեսվում էր։ Այսինքն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ չէին գործում մշտապես գործող մեթոդները, որոնք տարիներով կիրառվել են քաղաքացիներին լռեցնելու համար։

Ցանկացած հարցի պարագայում կարևորվում է վստահության ձեռքբերումը։ Դրա համար հարկավոր է անկեղծ լինել, ներկայացնել իրականությունն այնպես, ինչպես որ կա։ Հավանաբար հենց այդ հանգամանքով էր պայմանավորված մեր նկատմամբ բազմաթիվ մարդկանց վստահությունը: Մենք անկեղծ էինք, ոչ ոք չէր ցանկանում իշխանություն ստանձնել, խնդիրը համընդհանուր էր, և յուրաքանչյուրս ունեինք մեր ձայնը բարձրացնելու, անհամաձայնություն արտահայտելու, Սահմանադրությամբ ամրագրված խաղաղ հավաքներ անցկացնելուիրավունքը։ Նախաձեռնությունն իր քայլերն իրականացնում էր օրենքի շրջանակներում և նմանատիպ վերաբերմունք էլ պահանջում էր պատկան կառույցներից։

Image result for ԵԷլեկտրիկ Երևան

Որպեսզի նախաձեռնությունը զերծ մնա այս կամ այն կառույցների կողմից ուղղորդվելուց, կուսակցություններին հայտնել էինք մեր դիրքորոշումը, այն է՝ շարժումը չպետք է օգտագործվի որևէ կուսակցության շահերի համար։ Դրանով փորձում էինք նաև պահել մեր սկզբունքը, ըստ որի՝ քաղաքականությամբ զբաղվողներն իրենց գործը պետք է անեն իրենց աշխատավայրերում, իսկ քաղաքացիական հասարակությունը պետք է օգտվի իր իրավունքից՝ ներկայացնի պահանջներ, հնարավորության դեպքում նաև լուծումներ, որոնք իրագործվելու են քաղաքական ուժերի կողմից, ովքեր ընտրվել են և զբաղեցնում են պաշտոններ։

Առաջին հայացքից ամեն ինչ հեշտ է թվում, սակայն, երբ հանպատրաստից բախվում ես չնախատեսված իրավիճակների հետ, ստիպված ես արագ որոշումներ կայացնել։ Մեր դեպքում որոշումը հետևյալն էր՝ ոչ մի դեպքում չպետք է բանակցենք, քանի որ բոլոր այն պահանջները, որոնք ներկայացվել էին, միանշանակ պետք է հաստատվեին իշխանությունների կողմից։ Դա ինքնանպատակ չէր, այլ կային համապատասխան մասնագիտական եզրակացություններ, ըստ որոնց հնարավոր էր ներկայացված պահանջների բավարարումը։

Քաղաքացիական նախաձեռնությունը ժամանակի ընթացքում վերածվեց շարժման,որտեղ մասնակիցները սկսեցին տարբեր պահանջներ առաջ քաշել, այդ ժամանակ շարժման մասնակիցներից յուրաքանչյուրի ձայնը պետք է հաշվի առնվեր: Նման պարագայում բարդ իրավիճակ է ստեղծվում, քանի որ ստացվում է՝ ի սկզբանե մարդիկ այլ խնդրի շուրջ էին համախմբվել, մշակել էին քայլեր, սակայն իրավիճակի փոփոխության դեպքում ժամանակ է հարկավոր նոր քայլեր մշակելու համար, որը, բնականաբար, նախաձեռնությունը չուներ։

Թեև ընդունելի էր, որ հարցը քաղաքական էր այնքանով, որ տվյալ հարցի լուծումը պետք է տրվեր քաղաքական կառույցի կողմից, սակայն շարժումը չէր կարող համարվել քաղաքական, քանի որ նախաձեռնողները պարզապես քաղաքացիներ էին, ովքեր, իրենց իրավունքից օգտվելով, ցանկանում էին հասնել խնդրի լուծման։

Քաղաքացիական շարժման ամենամեծ հաղթանակը եղավ վստահության ձեռքբերումն ու մեծաթիվ մարդկանց համախմբումը, անգամ բուն նպատակի լիարժեք իրագործումը չհաջողելու դեպքում վստահությունը չկորցրեց։ Այնուամենայնիվ, կարևորն այն է, որ երիտասարդները հավատացին իրենց ուժերին և կարող են օրինակ վերցնելով շարժման շարունակողն ու կատարելագործողը լինել։ Շարժման ոգին չի մարել, քանի որ երեք տարի շարունակ նրանք դեռևս շարունակում են տարբեր հարցրերով համախմբվել, քննարկումներ կազմակերպել, ուսումնասիրել նախորդ շարժումների անցած ճանապարհը և առաջ շարժվել։ Այս ամենից հետևություն անելով՝ վստահ եմ, որշարժումը հաղթել է։

 

«ՀԱՆՈՒՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԿԱՄ «ՏԱՐԿԵՏՈՒՄ ԼԻՆԵԼՈՒԱ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Դավիթ ՊետրոսյանԺողովրդավարության VII դպրոցի շրջանավարտ

«Տարկետում ԼինելուԱ» նախաձեռնություն

 

Անհամաձայնություն հայտնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում ակադեմիական տարկետման տրամադրման պայմանների վերաձևակերպման առաջարկի շուրջ՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հոկտեմբերի 16-ին բաց նամակ ուղարկեց ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին և ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանին:

Սույն օրենքի դեմ պայքարելու համար կային մի շարք կարևոր շարժառիթներ:

  1. Օրենքի արդարության և օգտակարության հիմնավորման համար հաճախ օգտագործվում էր այն թեզը, թե արական սեռի բոլոր քաղաքացիներին բանակ զորակոչելու միջոցով հնարավոր է հասնել սոցիալական արդարության ապահովման: Այս դրույթը, քննադատության չդիմանալով հանդերձ, առնվազն ծանրակշիռ և լուրջ համարվելու հավակնություն չի կարող ունենալ, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չեն առողջապահության համակարգում թույլ տրվող չարաշահումները և, այդպիսով, կրթության համակարգի կոռուպցիան առողջապահության համակարգ տեղափոխելու հնարավորությունը:
  2. Օրենքի հիմնավորման համար հաճախ օգտագործվում էր  «բոլորը պետք է ծառայեն»  սկզբունքը, բայց պարզ էր, որ սույն սկզբունքը չէր համապատասխանում տվյալ օրենքին, քանի որ, եթե նույնիսկ հաշվի չենք առնում առողջապահական համակարգում «վխտացող կոռուպցիան», պետք  է նշենք, որ համաձայն նոր օրենքի՝ չէին ծառայելու մարզիկները (որոշակի չափանիշներ բավարարելու պայմաններում), ինչպես նաև կառավարության հատուկ որոշմամբ նշանակալի նվաճումներ գրանցած, հանճարեղ կամ բացառիկ ուսանողները:
  3. Ասպիրանտուրան որպես զինծառայությունից ազատվելու գործիք օգտագործողներից գիտությունն ազատելու նպատակը դիտարկվում է որպես քննարկվող օրինագծի ընդունման կարևոր արդյունքներից մեկը, բայց չէր ասվում այն պարզ իրականությունը, որ ասպիրանատուրայում սովորում են մարդիկ, ովքեր իսկապես զբաղվում և ցանկանում են գիտությամբ զբաղվել: Անտրամաբանական էր, որ ՊՆ-ը ԿԳՆ որորտում արձանագրում է խնդիր, իր հերթին վերջինս ոչ մի արձագանք չի տալիս, բայց փորձ է արվում ոչ թե վերացնել ԿԳՆ ինստիտուտում առկա խնդիրը,  այլ ամբողջությամբ վերացվում է հենց ինստիտուտը, այլ կերպ ասած՝ «աչքը բուժելու փոխարեն աչքն ուղղակի հանվում է»:
  4. Կրթության անընդհատության սկզբունքի խախտումն ազդելու էր շատ ուսանողների կրթական մակարդակի և սովորելու հետագա մոտիվացիայի վրա: Ամեն անգամ, երբ ծառայություն անցած ընկերներով լսում էինք անհատական օրինակների վրա առաջ քաշված այն թեզը, որ ծառայելուց հետո ուսանողի կրթական գործունեությունում հնարավոր չէ, որ բացասական տեղաշարժեր լինեն, ուղղակի չէինք կարողանում մեր դժգոհությունը հայտնելու համար բառեր գտնել: Բացի այդ կան մասնագիտություններ, որոնց ընդհատման դեպքում ուղղակի բացառվում է այդ ոլորտում ուսումը շարունակելու հնարավորությունը: Սա իր հերթին լուրջ հարված կհասցներ Հայաստանի ողջ գիտական կյանքին, կնպաստեր երիտասարդ ուղեղների արտահոսքի ավելացմանը:
  5. Նշվում էր, որ բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներին բանակ տանելով՝ փորձ է կատարվում բանակում որակական փոփոխություն կատարել, և որ այդ ուսանողները դրական ազդեցություն կունենան բանակում առկա մթնոլորտի վրա, բայց ես որպես արդեն ծառայություն անցած երիտասարդ սկեպտիկորեն էի վերաբերվում այս թեզին, քանի որ ավելի հավանական էի համարում այն հանգամանքը, որ տղաներից շատերի համար բարդ է լինելու բանակային պայմաններին հարմարվելը, նույնիսկ կար մտավախություն, որ շատերը հիասթափված և ընկճված կվերադառնան զինվորական ծառայությունից: Բանակի մթնոլորտը փոխելու համար պետք էր սկսել սպայական կրթությունից, քանի որ հենց սպաներն են պատասխանատու այդ հարցի համար, իսկ լուծումը պետք է լինի համակարգային, այլ ոչ թե ձևական:

Image result for Հանուն գիտության զարգացման

Այս շարժառիթներն էլ մեզ ստիպեցին ստեղծել ՀԳԶ նախաձեռնությունը և պայքարել նման բովանդակությամբ օրենքի ընդունման դեմ: Նախաձեռնությունն իր առջև դրեց հետևյալ նպատակները.

  1. Պահպանել տարկետման ներկայիս կարգը՝ վերացնելով առկա կոռուպցիոն ռիսկերը
  2. Կրթության և գիտության ոլորտը չստորադասել պաշտպանական ոլորտին
  3. Չխախտել կրթության անընդհատության սկզբունքը
  4. Ներկայացնել ընդունվող օրենքի գիտական և փորձագիտական հիմնավորումները
  5. Խթանել հանրային քննարկումը և լսելի դարձնել քաղաքացիների ձայնն ընդունվող օրենքի հետ կապված:

Այստեղ հարկ ենք համարում նշել այն խոչընդոտները, որոնց մենք բախվեցինք շարժման 3 ամիսների ընթացքում:

  1. Պետական ապարատի կողմից օրենքը հիմնավորելու համար տարվել էր լավ պրոպագանդա, և թեման սկզբում դիտարկվում էր ծառայել-չծառայել հարթության վրա: Օրենքի քարոզչությամբ զբաղվում էր հենց ՊՆ-ը, ԿԳՆ-ը, որպես օրենքի առաջին շահառու, ուղղակիորեն ոչինչ չէր խոսում, իսկ հասարակությունում առկա վերաբերմունքը բանակի, զինվորի դերի նկատմամբ օբյեկտիվորեն հարցի քննարկումը ռացիոնալ դաշտից տեղափոխում էր զգացմունքային դաշտ: Սկզբնական հատվածում մեզ հետ բանավեճի էին գալիս Ապրիլյան պատերազմի մասնակից տղաները, իսկ նմանատիպ կոնֆրոնտացիայի ստեղծումն ուղղակի հակազգային և ստոր քայլ էր: Մենք լավ գիտակցում էինք, որ օրենքի դեմ հանդես եկողներին նախնական շրջանում կոչելու էին դասալիքներ, այն դեպքում, որ նախաձեռնող խմբի հիմնական թիմի 30 տոկոսն աղջիկ էր, իսկ տղաների մոտ 60 տոկոսը՝ արդեն ծառայած: Այս երևույթն ունի իր քաղաքագիտական հիմնավորումը. ավտորիտար ռեժիմներում ռազմահայրենասիրական քարոզչությունն իշխանության կողմից հաճախ օգտագործվող զենքերից է: Ամենաբարձր մակարդակով ասվեց, որ մեզ տրամադրեն սպառիչ պատասխան: ԱԺ ամբիոնից մեզ մեղադրեցին Սորոսից ֆինանսավորվելու մեջ, սկիզբ դրվեց Սորոսի հետ մեր առեղծվածային կապի պատմությանը, որի կուլմինացիան ապահովեց ԵՊՀ ռեկտորը՝ մեզ անվանելով Սորոսի լրտեսներ:
  2. Ապրիլյան ընտրություններից հետո հասարակությունում առկա քաղաքական ապատիան ավելի էր խորացել, նվազել էր իշխանությունների, պետական մարմինների և ինստիտուտների նկատմամբ վստահության մակարդակը, բայց ամենագլխավորը՝ քաղաքացիական հասարակության չկայացվածության հանգամանքը գերակա էր դարձնում հետևյալ խոսքերը՝ «եղունգ ունես, գլուխդ քորի», «մեկ ա բան չենք կարա անենք», «որ ուզում են անցկացեն էդ օրենքը, հաստատ կանցկացնեն», «մեկ ա բան չի փոխվելու», «իզուր գլուխներս ցավի տակ չդնենք», իսկ հասարակությունում միմյանց նկատմամբ վստահության ցածր մակարդակը խանգարում էր ավելի լայն մոբիլիզացիային:
  3. Նախաձեռնության ընթացքում ԶԼՄ-ների դերը շատ կարևոր էր:  Հեռուստատեսային ալիքներն իրենց լուծումը զգալիորեն ունեցան իշխանական պրոպագանդայի մեջ: Չեմ կարող չխոսել «Երկիր մեդիա»-ում ունեցած դառը փորձի մասին, երբ մեր խոսքն ամբողջովին կրճատվեց. հաղորդումն ուղղակի մեր խոսքի աղճատումն էր: Տեղեկատվությունը ներկայացվում էր ոչ ամբողջությամբ և մանիպուլյացիոն հնարքների կիրառումով: Համացանցի պարագայում իրավիճակն այլ էր, իհարկե նկատելի էր ուղղորդված ինֆորմացիայի արտահոսք. սկզբում նշվեց, որ մենք ուղղակի դասալիքներ ենք, բայց պարզվեց, որ  շատերս ծառայած ենք, ապա ասվեց, որ շատ վատ ենք սովորում, բայց պարզվեց նախաձեռնող խմբի 90 տոկոսը  գերազանցիկ է, ապա, որ հայրս ԲՀԿ կուսակցությունից  է, ապա ԵԼՔ դաշինքից ենք, իսկ վերջում էլ եկան այն եզրահանգման, որ մենք «ապագա շարմազանովներ»  և «աշոտյաններ» ենք, ովքեր ուղղակի պաշտոն են ակնկալում:
  4. ՈւԽ-ների, համալսարանների կուսակցականացվածությունը, դասախոսների մի մասի չեզոքությունը լրացուցիչ խոչընդոտներ էին ստեղծում մեզ համար: Շատ համալսարաններում ռեկտորների գլխավորությամբ այդպես էլ չթույլատրվեց, որ ունենանք հանդիպումներ, շատ դեկանատներ, դասախոսներ տարբեր մեթոդներ էին օգտագործում ուսանողների վրա ազդելու և նրանց մասնակցությունը կանխելու համար:
  5. Քաղաքականացվելու և կուսակցականացվելու ռիսկը: Ամբողջ շարժման ընթացքում մենք ամեն ինչ արեցինք, որ շարժումը մնա ուսանողական և չասոցացվի որևէ կուսակցության և քաղաքական ուժի  հետ: Դժբախտաբար, թե՛ քաղաքականության, թե՛ կուսակցությունների նկատմամբ հասարակական վստահության ցածր մակարդակը կարող էր սպանել շարժումը:
  6. Շարժման ընթացքում մենք բազմաթիվ առնչություններ ունեցանք տարբեր իշխանավորների հետ: Հասարակությունում գոյություն ունեցող այն կարծիքը, որ իշխանություններին հանդիպելն արդեն համագործակցություն է, ոչ մի հանդիպում իմաստ չունի և կարող է սպառել շարժումը, լրացուցիչ խոչընդոտներ էր ստեղծում նախաձեռնության համար:
  7. Գիտության, կրթության և գիտնականի նկատմամբ քամահրական վերաբերմունք:

Իրազեկում և մոբիլիզացիա իրականացնելու համար աշխատում էինք առավոտյան ժամը 09-ից մինչև գիշերվա 01:00-ն և 02:00-ն:

  • Հաճախ միայնակ կամ մի քանի հոգով սկսեցինք մտնել լսարաններ և տեղեկացնել դասախոսներին ու ուսանողներին օրենքի և դրա ռիսկերի մասին՝ հրավիրելով մեր միջոցառումներին: Նման ակցիաներ անում էինք նաև տարբեր միջոցառումների ժամանակ:
  • Տպվեցին մեծ բանեռ և հեռախոսի ստիկերներ «Տարկետում լինելուԱ» կարգախոսով:
  • Բացվեց Facebook-յան խումբ, էջ, սկսեցինք նկարել տարբեր տեսահոլովակներ:
  • Կազմակերպեցինք ֆորմալ և ոչ ֆորմալ հանրային քննարկումներ, որոնց արդյունքում իրենց կարծիքը հայտնեցին հարցով մտահոգ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գիտնականներ և դասախոսներ:
  • Կազմվեցին երկու առաջարկի փաթեթներ, որոնց տակ ստորագրեցին 300-ից ավելի գիտնականներ:
  • Իրականացվեցին մեկշաբաթյա դասադուլ, երթեր, այցեր տարբեր համալսարաններ:

Նախաձեռնությունն իր գործունեության ընթացքում հանդիպումներ ունեցավ ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանի, ԵԼՔ դաշինքի մի շարք պատգամավորների, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի, փոխնախարար Արտակ Զաքարյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Image result for Հանուն գիտության զարգացման հանդիպումն իշխանության հետ

Չնայած նրան, որ իշխանություններն ընդունում էին մեր բարձրացրած շատ խնդիրներ, բայց օրենքի շուրջ հանրային քննարկում խթանելու հետ կապված քայլեր չեղան, չեղան օրենքում փոփոխություններ անելու հետ կապված օրենսդրական նախաձեռնություններ նույնպես: Նախաձեռնության մարտավարության մեջ էր մտնում բարձրաստիճան պաշտոնյաներին քննարկումների և բանավեճերի մեջ ներգրավելու փորձը և դիալեկտիկական ճանապարհով մեր արգումենտները հիմնավորելը: Հանդիպումներից պարզ էր նաև, որ օրենքի շատ ռիսկերի և բացերի մասին նույնիսկ օրենք առաջադրողները տեղյակ չեն: Սրա վառ ապացույցն այն էր, որ ամեն ինչ արվեց օրենքն Ազգային ժողովում արագ ընդունելու համար. այն ԱԺ օրակարգ մտավ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի գաղտնի, գիշերային և արտահերթ նիստի արդյունքում: Օրենքի երկու ընթերցումներն անցան առանց որևէ քննարկման և հապճեպ ընթացակարգով: Եվս մեկ անգամ պարզ դարձավ, որ ժողովրդավարությունը Հայաստանում ցածր մակարդակի վրա է, բազմակուսակցական համակարգը կայացած չէ, և գործ ունենք միակուսակցական ռեժիմի հետ, իշխանավորները հաշվետու չեն քաղաքացիների առջև, իսկ ԱԺ-ը ներկայացնում է ոչ թե քաղաքացիների շահերը, այլ սպասարկում է իշխանությունների նեղ հետաքրքրությունները:

1 շաբաթ առաջ կառավարությունը տարկետման կարգը պահելու համար նոր որոշման նախագիծ է առաջ քաշել, որտեղ մի շարք առաջարկներ կատարվել են հենց ՀԳԶ-ի կողմից: Իհարկե, նախագիծը շատ մշուշոտ է, և այժմ գնահատական տալ հնարավոր չէ, բայց այն, որ եղել է զիջում ու կա գործընթաց, ուրախալի է:

Ցավոք մենք չկարողացանք ապահովել մեծ մոբիլիզացիա, շարժման հիմնական մասնակիցներն ուսանողներ էին, դասախոսների, ծնողերի աջակցությունն անձնական մակարդակի վրա էր և չվերածվեց քաղաքական մասնակցության: Իրազեկման և պայքարի ավելի լայն գործիքակազմ օգտագործելու, աշխատանքի և ժամանակի արդյունավետ բաժանում կատարելու անհրաժեշտություն կար: Իշխանությունների վրա ավելի մեծ ճնշում իրականացնելու անհրաժեշտություն կար, քանի որ հաղթանակի հավանականությունը պայմանավորված էր ոչ թե մեր փաստարկների ճշմարտացիությամբ, այլ քանակով և ազդեցության լծակներով: Միևնույն ժամանակ, իմ կարծիքով՝ կարողացանք ցույց տալ, որ ուսանողները սովորելուց և վարձ վճարելուց բացի կարող են նաև տեր կանգնել իրենց շահերին, մտածել ոչ թե անձնական շահերի մասին, այլ նաև ցուցաբերել քաղաքացուն հատուկ վարքագիծ և պետական մտածելակերպ: Մեզ հաջողվեց խթանել հանրային և փաստերի վրա հիմնված քննարկումը, փորձ արվեց պայքարել ռազմահայրենասիրական պաթոսի դեմ՝ թույլ չտալու համար, որ բանակը, հայ զինվորն օգտագործվեն ոմանց անարդյունավետ կառավարման հետևանքները վերացնելու համար:

Կարծում ենք՝ կարողացանք որոշակի առումով մեր ներդրումն ունենալ քաղաքացիական հասարակության զարգացման գործում:

 

ՀՂՈւՄ


[1] Դեսպան Ռիչարդ Միլսի ելույթը Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի առաջ, 10.11.2015

 

Հոդվածաշարը տպագրվել է հետևյալ լրատվամիջոցներում. «Առավոտ»«Առավոտ»​, «Shafaqna.com»«Shafaqna.com», «SqanNews»

«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)