Իշխանությունը պետք է ավելի բաց լինի հանրության ու քաղաքացիական շարժումների հետ երկխոսության համար, ներգրավի քաղաքացիական հասարակությանն ու երիտասարդներին երկրի համար կարևոր խնդիրներ լուծելիս: Քաղաքացիական հասարակությունը պետք է այդ խնդիրների լուծման քաղաքականության մշակման և դրա իրագործման գործընթացի մասնակիցը դառնա, քանի որ համագործակցության միջոցով կարելի է հասնել խնդիրների ավելի ճիշտ լուծման:

 

Լուսանկար:

Մանվել Մելիքյան, Ժողովրդավարության IV դպրոցի շրջանավարտ

«Երիտասարդները հանուն ժողովրդավարության» նախաձեռնող խմբի անդամ

 

Երիտասարդական կամ քաղաքացիական տարբեր շարժումները, որոնց ընթացքին մենք պարբերաբար ականատես ենք լինում, որպես կանոն, արդյունք են այն բանի, որ իշխանություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը գտնվում է ցածր մակարդակի վրա, եթե չասենք, որ որոշ դեպքերում այն գրեթե բացակայում է. քաղաքացիական հասարակության ինստիտուտներին չի հաջողվում արդյունավետ շահապաշտպան գործունեություն ծավալել, իշխանությունն էլ չի կարողանում/չի ցանկանում հանրության համար ժամանակին ընդունելի լուծումներ տալ առկա խնդիրներին: Նման պայմաններում շարժումները հիմնականում ծագում են այն ժամանակ, երբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մասնակից չեն դառնում հասարակական, քաղաքական կարևորագույն որոշումների մշակմանը և իրագործմանը:

Այս առումով կարելի է վերհիշել Մաշտոցի պուրակի իրադարձությունները, երբ մի խումբ երիտասարդներ (ակտիվիստներ) թույլ չէին տալիս քաղաքային իշխանության ներկայացուցիչներին առևտրի տաղավարներ կառուցել Մաշտոցի պուրակում: Սակայն ի՞նչ կատարվեց. ոստիկանները որոշ երիտասարդների  բերման ենթարկեցին ոստիկանության բաժանմունքներ, որոշների դեմ ուժ կիրառեցին՝ փորձելով կառուցողապատողի համար ապահովել “քաղաքացիական խոչընդոտներից ու դիմադրությունից զերծ” աշխատանքային պայմաններ: Շարժման հանգուցալուծումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, տեսնելով երիտասարդական քաղաքացիական շարժման դիմադրությունը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ քաղաքում “պատահական” շրջայց կատարելիս անցավ նաև Մաշտոցի պուրակով, որտեղ էլ հնչեցրեց «Տարոն ջան, սիրուն չի» արդեն իսկ թևավոր դարձած խոսքերը: Դրանից անմիջապես հետո պուրակում դադարեցվեցին կառուցապատման աշխատանքները:

Եվս երկու օրինակ հիշենք: Խոսքն «Էլեկտրիկ Երևան»-ի և «100 դրամ»   քաղաքացիական շարժումների մասին է: Դրանցից հատկապես հասարակական մեծ աղմուկ բարձրացրեց «Էլեկտրիկ Երևան» շարժումը, որը պայքարում էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Շարժումը շատ արագ բախվեց իշխանության լուրջ և բիրտ դիմադրությանը, երբ իրավապահները և՛ ծեծում էին երիտասարդներին, և՛ ջրցան մեքենաների միջոցով փորձում ցրել Բաղրամյան պողոտայից, որը նրանք փակել էին, և նաև բերման էին ենթարկում ոստիկանական բաժանմունքներ: Թերևս, այս շարժումը, չնայած իր մասշտաբայնությանն ու ուժգնությանը, չհանգեցրեց իշխանության կողմից կայացված որոշման չեղարկմանը, ինչպես «100 դրամ» շարժման դեպքում. Հանրապետության նախագահը, ի պատասխան շարժման պահանջների, անդրդվելի մնաց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկելու հարցում, սակայն նրա երիտասարդ առաջնորդներին առաջարկեց ներգրավվել Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ (Փակ բաժնետիրական ընկերություն) աուդիտում՝ ստանալով մերժում: Արդյունքում, էլեկտրաէներգիան, միևնույն է, թանկացավ՝ թեպետ հետագայում պետության կողմից  որոշակի սուբսիդավորում նախատեսվեց որոշ խմբերի ու տարածաշրջանների համար, Հայաստանի խոշորագույն էներգետիկ ընկերության թափանցիկ աուդիտ այդպես էլ չիրականացվեց, իսկ ընկերությունն էլ վերավաճառվեց:

Ինչ վերաբերում է «100 դրամ» շարժմանը, որը պայքարում էր քաղաքային տրանսպորտի վճարի թանկացման դեմ, ապա պետք է արձանագրել, որ այն հասավ իր նպատակին, և տրանսպորտի գները մնացին անփոփոխ:

Հարկ է նկատել, որ իշխանությունը բոլոր քաղաքացիական շարժումների ժամանակ երբեմն ինքն է սրում իրավիճակը՝ դիմելով սադրիչ գործողությունների ու բիրտ ուժ կիրառելով ցուցարարների դեմ: Նման իրավիճակներում երիտասարդությունը որքան էլ խիզախություն ու դիմադրություն է ցուցաբերում, այդուհանդերձ, շատ հաճախ անզոր, անպատրաստ կամ հմուտ և ճկուն չէ իրավապահ մարմինների անօրինաչափ բռնությանը դիմակայելիս: Քաղաքացիական շարժումների ոգին ու ընթացքը կոտրելու տեսանկյունից այս գործոնը Հայաստանում եղել և մնում է չափազանց բախտորոշ, հատկապես, երբ 2008թ. նախագահական ընտրություններից հետո մարտի 1-ին 10 քաղաքացի սպանվեց իրավապահների գործողությունների արդյունքում, և ոչ ոք պատասխանատվություն չկրեց դրա համար: Այս հանգամանքն անուղղակիորեն ազդում է շարժման վրա, եթե նրա առաջնորդությունը չի կարողանում ճիշտ հարմարվել իրավիճակին, գրագետ որոշումներ կայացնել շարժման հետագա ուղղվածության վերաբերյալ:

«Էլեկտրիկ Երևանի» երիտասարդ առաջնորդները, օրինակ, լավագույնս օգտագործեցին ոստիկանության կողմից բռնություններ կիրառելու փաստը և շարժումն առավել մասշտաբային դարձրեցին: Մինչդեռ առաջնորդության խումբը չկարողացավ արագ կողմնորոշվել ՀՀ նախագահի վերոնշյալ առաջարկից հետո, և տարաձայնությունների արդյունքում շարժումը պառակտվեց՝ հանգեցնելով նրա աստիճանական մարմանը:   

Եթե այս երեք շարժումները վերլուծենք՝ հասկանալու համար, թե որ շարժումը որտեղ հաղթեց և որտեղ պարտվեց, ապա կեզրահանգենք, որ Մաշտոցի պուրակի շարժումը հաղթեց գրեթե բոլոր դաշտերում՝ խնդիրը լսելի դարձրեց թե՛ Երևանի լայն հանրությանը, թե՛ իշխանություններին, հասավ բավարար կուլմինացիայի, երբ ՀՀ նախագահը շրջայցից հետո հայտարարեց, որ տաղավարները չեն կառուցվի, քանզի «սիրուն չեն»: Որքան էլ այս շարժման վերաբերյալ կարծիքներ ու հակաքարոզչություն իրականացվեց, թե շարժման հրահրողն էլ, հանգուցալուծողն էլ նախագահական նստավայրն էր, և որպես դրա ապացույց էր բերվում Սերժ Սարգսյանի կողմից հաղթանակի դափնեպսակը իր գլխին դնելը, այդուհանդերձ, շարժումը միանգամայն հասավ իր առաջադրած նպատակին ու ցույց տվեց մյուս խոչընդոտը, որին բախվում են երիտասարդական կամ քաղաքացիական նախաձեռնությունները, այն է՝ հզոր հակաքարոզչությունը, կամ դրա միջոցով շարժման նպատակների, կամ ձեռքբերումների նսեմացումը, կամ էլ շարժման ուղղորդումը կամ դրա փորձերը:    

«Էլեկտրիկ Երևան»-ի պարագայում պատկերը փոքր-ինչ այլ էր. շարժումը չհասավ ցանկալի արդյունքի, քանի որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում ամեն դեպքում տեղի ունեցավ, սակայն մասնակիորեն հաղթեց այն առումով, որ հանրության ձայնը տեղ հասցնելուց և սուբսիդավորման որոշումից բացի հրապարակ բերեց տարիներ շարունակ ՀԷՑ-ում գործած հսկայական կոռուպցիոն բուրգ և սխեմաներ՝ ի դեմս նախկին սեփականատիրոջ կառավարման օրոք բազմաթիվ խայտառակ դրվագների բացահայտման: Թեպետ շարժումը ձախողվեց դրանց պատշաճ իրավական գնահատական տալու ուղղությամբ հետևողականություն դրսևորելու առումով, ինչի հնարավորություն կարող էր տալ աուդիտի գործընթացն ու նրանց մասնակցությունը:

Ամփոփելով ասվածը՝ նշենք, որ իշխանությունը պետք է ավելի բաց լինի հանրության ու քաղաքացիական շարժումների հետ երկխոսության համար, ներգրավի քաղաքացիական հասարակությանն ու երիտասարդներին երկրի համար կարևոր խնդիրներ լուծելիս: Քաղաքացիական հասարակությունը պետք է մասնակից դառնա այդ խնդիրների լուծման քաղաքականության մշակման և դրա իրագործման գործընթացին, քանի որ համագործակցության միջոցով կարելի է հասնել խնդիրների ավելի ճիշտ լուծման: Իշխանություն և քաղաքացիական հասարակություն երկխոսության կարևորությունն ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում:

Քաղաքացիական հասարակության քայլերը պետք է ավելի հիմնավորված, հաշվարկված և պրոֆեսիոնալ լինեն, պատրաստակամ՝ իշխանությունների հետ երկխոսության համար, համառություն և հետևողականություն ցուցաբերեն, որպեսզի հասնեն իրենց նպատակին: Եվ միայն այս հնարավորությունները սպառելուց հետո անհրաժեշտություն կլինի դիմել ավելի կտրուկ քայլերի, ինչպիսիք են՝ ցույցերը, պիկետները և հացադուլները: 

Եվ, վերջապես, քաղաքացիական շարժումների հաջողության, քաղաքացիական հասարակություն գործընկերության արդյունավետության մասին կարելի է բազում մեջբերումներ կատարել քաղաքագիտական ու հասարակագիտական հարուստ գրականությունից: Սակայն շարժումների համար վերը նկարագրվածը եզրափակեմ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի ելույթում առկա հետևյալ գնահատականով:

«Թեպետ [Հայաստանում] կան կառավարության ու քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության օրինակներ, սակայն անելիք ևս շատ կա: Ես ուզում եմ խրախուսել կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առավել լիարժեք ու կառուցողական մասնակցությունը: Շատ հաճախ Հայաստանի կառավարությունը թերանում է կապ հաստատել քաղաքացիական հասարակության հետ ընդհանուր հետաքրքրության հարցերի շուրջ խորհրդակցելու կամ նրանց փորձառությունից օգտվելու նպատակով: Իսկ առիթ լինելու դեպքում էլ երբեմն քաղաքացիական հասարակությունն է ցուցաբերում թերահավատություն ու վարանում է աշխատել կառավարության հետ: Քաղաքացիական հասարակության անդամները պետք է առաջնորդող դեր ստանձնեն՝ ցանկալի բարեփոխումները երկրում կառուցողականորեն առաջ մղելու հարցում: Բողոքի ակցիաները կարող են աշխուժացնել հասարակությանն ու փոփոխությունների մթնոլորտ ձևավորել, սակայն իրատեսական նպատակներ սահմանելը, կառավարության հետ աշխատելը և շահապաշտպան մոտեցումներ ձևավորելը հավասարապես կարևոր են ու պահանջում են համբերություն և նվիրված աշխատանք: Քաղաքացիական հասարակության համար մենք ունենք հետևյալ ուղերձը. կատարելագործեք ձեր կազմակերպական և շահապաշտպան կարողությունները, գտեք համակիրներ տեղերում: Դարձեք անկախ և ֆինանսապես կայուն: Հայ հասարակությանն անհրաժեշտ են ամուր, ըմբռնող և ֆինանսապես կայուն ՀԿ-ներ, որոնք կարող են ներկայացնել իրենց համակիրների կարիքներն ու մտահոգությունները»[1]:

 

ՀՂՈւՄ


[1] Դեսպան Ռիչարդ Միլսի ելույթը Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի առաջ, 10.11.2015

 

Հոդվածը տպագրվել է հետևյալ լրատվամիջոցներում. «SqanNews», «», 

«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)