Հեղինակ: Ruben Mehrabyan

Առկա ճգնաժամը, որը հանգեցրեց թավշյա հեղափոխության, որից բխեց այդ հեղափոխությունը, կհանգի իր վերջաբանին միայն արտահերթ ընտրություններով: Եվ արդեն քաղաքական «բնազդը» կթելադրի, թե որտեղ գործել մուրճով, որտեղ՝ նշտարով, բայց անվերապահորեն հավատարիմ մնալով արդարադատության տիկնոջը՝ Թեմիսին: 

Լուսանկար:

Արտահերթ ընտրությունները՝ ճգնաժամի վերջաբան

Հայաստանում դատական համակարգն, ըստ էության, հայտնվել է կաթվածահար վիճակում՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարզաբանելով, որ դատավորներն, ըստ ամենայնի, սովոր են աշխատել «վերեւների հետ ճշտվելով»: Իսկ երբ «վերեւները» սկզբունքորեն ոչ մի հրահանգ չեն իջեցնում, ապա դատավորներն իրոք որ չգիտեն ինչ անել:

Հասկանալի է, որ մարդիկ տարիներով զբաղեցնելով այդ պաշտոնները՝ հենց այդպես էլ աշխատել են, համակարգն է այդպես աշխատել, հենց դրա համար էլ աշխատել է, եղել է գործադիր իշխանության կցորդ, մարդիկ էլ հենց այդպիսի որակներով են ընտրվել եւ աշխատել՝ ըստ այդմ: Տարիներով գործել է ֆաշիստական Իտալիայի սկզբունքը, որը սահմանել է ինքը դուչեն՝ Բենիտո Մուսոլինին. «Ընկերներին՝ ամեն ինչ, թշնամիներին՝ օրենք»:

Եվ հանկարծ մի օր դատավորի խորհրդակցական սենյակի եւ «վերեւի» միջեւ կապը կտրվում է: Խե՜ղճ դատավոր: Ինչպե՞ս վարվել, երբ ոչինչ չեն ասում ո՛չ «վերեւից», ո՛չ դատախազությունից: Մնում են ինքը, իր խիղճը, իր կողմից քննվող գործը, իր գիտելիքը եւ ամենակարեւորը՝ օրենքը, որի հիման վրա նա պետք է ճակատագրական եւ պատասխանատու որոշում ընդունի: Եվ առայժմ մնում է անհայտ, թե ներկայիս դատական համակարգի ո՞ր մասն է պատրաստ ինքնուրույն դատավճիռ ընդունել: Իսկ դատախազական համակարգը, քննչական համակարգը մի՞թե շատ են տարբերվում: Թե՞ ոստիկանական համակարգն է տարբերվում կամ մնացած՝ «թույլտվություն տվող» կամ «մարդ բռնող» կառույցները:

Նորանշանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպմանը պատմեց, որ Պետական եկամուտների կոմիտեում ոմանք արդեն իսկ հոլովում են նրա անունը՝ փորձելով «առաջ տանել» ինչ-ինչ գործեր, եւ որ նա ստիպված է եղել զանգահարել նորանշանակ ՊԵԿ ղեկավարին եւ տեղեկացնել, որ դա բացառվում է:

Այսինքն՝ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ «վերեւները» փոխվել են հանրության ճնշմամբ՝ թավշյա հեղափոխության արդյունքում, սակայն նրանց ենթակա «ներքեւները» սովոր չեն իրենց ամենօրյա գործունեության մեջ որոշումներ ընդունել նայելով միայն օրենքին, առանց նայելու «վերեւին»: Եվ կաթվածահար կարող է լինել ոչ միայն դատական համակարգը, այլեւ շատ եւ շատ այլ համակարգեր: Իհարկե, ժամանակն իրենն անում է, եւ ինստիտուցիոնալ կայացածության մակարդակն անհամեմատելի է տասը կամ քսան տարվա վաղեմության իրավիճակների հետ, բայցեւայնպես Նիկոլ Փաշինյանի արձանագրած կաթվածը միանգամայն օրինաչափական է եւ ցույց է տալիս, թե ինչպես է անցած տարիների ընթացքում «ձուկը հենց գլխից հոտել», եւ հոտածությունը «գլխից» անցել «մարմնին»:

«Հոտած գլուխները» գործադիր իշխանությունից դուրս են բերվել, եւ այժմ ժամանակն է եկել սկսել «ձուկը» մաքրել «պոչից»: ԱԱԾ պետը հայտարարում է, որ «ավանդաբար կոռումպացված» համակարգերում եւ գերատեսչություններում ժամանակավոր դադար է վերցված՝ կապված քաղաքական իրավիճակի հայտնի փոփոխության հետ: Եվ առայժմ չկա որեւէ ինստիտուցիոնալ երաշխիք, որ այդ «կոռուպցիոն զինադադարը» չի վերսկսվի կարճ ժամանակ անց:

Այո՛, Հայաստանում խնամքով կառուցված կոռուպցիոն համակարգերը մնում են չապամոնտաժված, առայժմ ներդրված չեն պատշաճ թափանցիկության եւ հետադարձ կապի մեխանիզմները, որոնք կգան բացառելու կոռուպցիոն գործունեությունը, գանձագողությունը, վեր կհանեն շահերի բախումն այս կամ այն պաշտոնյայի պարագայում, պետպատվերը եւ մրցույթները զերծ կպահեն «ատկատներից», ի վերջո՝ կտարանջատեն բիզնեսը եւ քաղաքականությունը:

Նոր կառավարությունը կամք է դրսեւորում ժողովրդավարացման (Democratization) ուղղությամբ, ինչը դեռ ինստիտուցիոնալ ամրապնդման կարիք ունի: Սակայն, սրան զուգահեռ, ոչ պակաս անհրաժեշտ է հաջորդ երկու «De-»-ն՝ քաղաքական եւ տնտեսական ապամենաշնորհացումը (Demonopolization) եւ քրեազերծումը (Decriminalization): Ներկայիս փուլում Հայաստանի համար այս երեք «De-»-ն ազգային անվտանգության եւ ներքին կայունության հետագա ապահովման համար հրամայականներ են, իսկ նոր կառավարության համար՝ քաղաքական կենսունակության հիմնարար գրավական: Հայաստանի հանրությունն իր կամքով եւ էներգիայով շաբաթներ առաջ հրաժարական պարտադրեց, եւ պարտադրեց խաղաղ՝ դրսեւորելով գիտակցության զարմանալի մակարդակ: Հանրային վստահությունն առայժմ մնում է եւ դեռ որոշ ժամանակ կմնա նոր կառավարության միակ հենարանը: Եվ այդ երեք «De-»-ին անդառնալիություն հաղորդելու բացառիկ երաշխիքը կարող են ապահովել միայն արտահերթ ընտրությունները՝ թե Ազգային ժողովի, թե՛ Երեւանի ավագանու:

Վերջին օրերին մենք տեսանք, որ չկազմակերպված, հախուռն, փոքրաթիվ մասնակիցներով, մի քիչ էլ էպատաժային հանրային ճնշումը բավարար չէ, որպեսզի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տա, եւ այդ ճնշումը կարող է բախվել նրա կողմից տնօրինվող եւ մոբիլիզացված վարչական եւ կրիմինալ ռեսուրսին: Հետեւաբար այդպես հախուռն, «փողոցի ուժով» խնդիրներն այլեւս չեն լուծվում, եթե չկա համակարգված մոտեցում, եւ պարզ չէ, թե ինչ է մտադիր անել հանրության անվերապահ աջակցությունը վայելող կառավարությունը, պարզ չէ, թե որն է նրա՛ դիրքորոշումը: Մանավանդ, գաղտնիք չէ, որ Երեւանը Հայաստանի կեսն է, չափազանց կարեւոր կեսը քաղաքական առումով:

Ըստ ամենայնի, Կառավարության ծրագիրը, որը պետք է ներկայացվի Ազգային ժողովին, կպատասխանի շատ եւ շատ հարցերի, այդ թվում եւ առաջին հերթին՝ երբ եւ ինչպես հասնել Ազգային Ժողովի, Երեւանի, մնացած խոշոր քաղաքների ավագանիների վերընտրությանը: Աքսիոմա է, որ մինչեւ 2022 թվականը ներկայիս կառավարությունը չի՛ կարող շարունակել հենվել միայն հանրային աջակցության վրա՝ նստած մնալով հանրապետական մեծամասնության «ականի» վրա, երբ այդ երեք «De-»-ից եւ ոչ մեկը հաստատապես նրանց սրտով չէ, մեղմ ասած: Դա Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ, որպես պահեստային տարբերակ՝ Կարեն Կարապետյանի մեծամասնությունն է, որ կապ չունի հանրային տրամադրությունների եւ հանրային շահի հետ: Եվ առկա ճգնաժամը, որը հանգեցրեց թավշյա հեղափոխության, որից բխեց այդ հեղափոխությունը, կհանգի իր վերջաբանին միայն արտահերթ ընտրություններով: Եվ արդեն քաղաքական «բնազդը» կթելադրի, թե որտեղ գործել մուրճով, որտեղ՝ նշտարով, բայց անվերապահորեն հավատարիմ մնալով արդարադատության տիկնոջը՝ Թեմիսին: 

22.05.2018

Աղբյուրը՝ «Առավոտ»