Հեղինակ: Ruben Mehrabyan

Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, եւ Հայաստանում «պրոսկրիպցիոն ցուցակներ» չեն լինելու, մտքներիցդ հանե՛ք։ Սակայն հայկական քաղաքականությունը, քաղաքական դաշտն աղբանոց չէ, եւ անխուսափելիորեն ֆիլտրեր են աշխատելու, մարդիկ պարզապես հարցնելու են. «Բարեկամս, ի՞նչ էիր անում 2008-ին»։ Իսկ այդ ստորագրողներն իրենց ստորագրությամբ այդ հարցին արդեն իսկ պատասխանեցին։ Անձա՛մբ։ Էլ ինչպե՞ս է լինում լյուստրացիան։

Լուսանկար:

Տասը տարի առաջ տեղի ունեցած ողբերգության թիվ մեկ քաղաքական պատասխանատու, այդ օրերին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց, նրան մեղադրանք է ներկայացվել «սահմանադրական կարգի տապալում» հոդվածով։

Թեեւ տասը տարի Հայաստանի իշխանությունները, ինչպես ընդունված է ասել, քաղաքական կամք չէին դրսեւորում «Մարտի 1»-ի գործը բացահայտելու ուղղությամբ, իսկ գործը կոծկելու առումով, ինչպես կյանքը ցույց տվեց, քաղաքական կամքը կար եւ մի բան էլ այն կողմ, բայց իրադարձությունները, որոնք տեղի էին ունեցել հազարավոր մարդկանց աչքի առաջ՝ երկիմաստությունների տեղ չեն թողնում. առնվազն քաղաքական պատասխանատուն տեղի ունեցածի 2008-ի մարտի 1-ին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։

Տեղի է ունեցել մի բան, որն անհնարին կլիներ, եթե չլիներ այն քաղաքական համատեքստը, որը ձեւավորեց Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն այն պահից, երբ 2007թ. սեպտեմբերի 21-ին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ երկրի անկախության առթիվ կազմակերպված հավաքին եւ, ըստ էության, հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին։ Իր այդ ելույթում Տեր-Պետրոսյանը նաեւ տվեց կոշտ գնահատական Հայաստանում ձեւավորված վարչակարգին, որը հետագայում ոչ միայն չհերքվեց, այլեւ հաստատվեց իր ամենաողբերգական դրսեւորումներով․

«Վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգուկանոնով, լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի այսպիսի ռեժիմների շարքը, եւ այս իշխանության գոյատեւումը ոչինչ չի խոստանում, որ մենք երբեւէ կարող ենք դուրս գալ այս վիճակից։ Այսօր խնդիրն այս համակարգը կազմաքանդելու, այս համակարգից ազատվելու խնդիրն է»։

Ամբողջ Հայաստանը տեսավ հեռուստաալիքներից տեղացող տեղեկատվական տեռորը, որը սանձազերծվեց իշխանության կողմից ընդդեմ ծավալվող Համաժողովրդական շարժման, եւ այն եկավ հաստատելու, թե ինչ համակարգ էր ձեւավորվել Հայաստանում, եւ հանուն ինչի էր այն պայքարելու «մինչեւ վերջին փամփուշտը»։ Մի «Ա1+» կար, որը կարող էր դրա պատասխանը տալ՝ Քոչարյանը դա էլ փակեց, գործի դրվեց ամենակեղտոտ պրոպագանդայի զինանոցը, եւ Տեր-Պետրոսյանը դրան էլ անդրադարձավ.

«Այսօր նրանք թաքնված են 17 հեռուստաընկերությունների էկրանների հետեւում բարիկադավորված՝ ուզում են մեր ժողովրդին ցույց տալ բոլորովին մի ուրիշ աշխարհ։ Աշխարհ, որը մենք տեսել ենք, դա բրեժնեւյան Խորհրդային միությունն է, եւ ըստ էության այսօրվա վիճակն էլ շատ նման է բրեժնեւյան շրջանի՝ այսպես կոչված, «լճացման տարիներին», – ասաց այդ ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ տեսանելի ճգնաժամն այնքան վտանգավոր չէ, որքան անտեսանելի, «գոյություն չունեցող» ճգնաժամը. Խորհրդային միությունը կործանվեց ոչ թե 1991-ին, այլ բրեժնեւյան «լճացման» տարիներին։

Այդ պայմաններում սկսվեց ընտրարշավը, որն ուղեկցվում էր տոտալ բռնաճնշումներով ոչ միայն ընդդիմադիրների նկատմամբ, այլեւ բոլոր նրանց, ովքեր պարզապես համաձայն չէին իշխանության գործելակերպին՝ դիվանագետներ, իրավապահ մարմինների եւ այլ գերատեսչությունների եւ հիմնարկների տարբեր աստիճանի պաշտոնյաներ։ Հատուկ թիրախավորված էին ընդդիմադիր թեկնածուի շտաբների ղեկավարները։

Իսկ ընտրությունները եկան «ծնկի վրա կոտրելու» քաղաքացիական դիմադրությունը բոլոր հարթություններում, միջոցների մեջ որեւէ խտրականություն չդնելով՝ գեբելսյան ոճի ստից եւ պրոպագանդայից, մեկ կենտրոնից կառավարվող ծեծուջարդից մինչեւ մարդկանց գնդակահարում Երեւանի կենտրոնում, այնուհետեւ «հատուկ դրություն»՝ քսան օր տեւողությամբ, զինվորական համազգեստով մարդկանց մեքենայի «բագաժնիկից» ավտոմատների բաժանում առանց ստորագրության (տե՛ս գնդապետ Արսեն Դոստակովի խոստովանություններն Անդրանիկ Քոչարյանին)… Աղվան Հովսեփյանի կողմից թխված շինծու «գործեր», օրուելական մթնոլորտում դատավարություններ, մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, երկարաժամկետ ազատազրկումներ… Ահա՛ այն պատկերը, որով ավարտվեց Քոչարյանի «կառավարումը»։

Այս պարզ իրականությունը մերժելով՝ Հայաստանի եւ Արցախի որոշ պատգամավորներ խնդրագրեր են ստորագրել՝ ազատել բանտից Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։ Իսկ Քոչարյանի փաստաբանները «քաղաքական հետապնդումներից» եւ «37 թվից» բողոքելուց հետո Վերաքննիչ դատարան են դիմել նույն պահանջով։

…Տարիներ շարունակ բազմաթիվ քաղաքական եւ հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, ուղղակի ակտիվ քաղաքացիներ շեշտում էին. Հայաստանը լյուստրացիայի կարիք ունի։ «Մարտի 1»-ի գործի քննության վերսկսումը, Քոչարյանի կալանավորումը, Խաչատուրովին մեղադրանքի ներկայացումը, մեղադրյալների շրջանակի ընդլայնումը իրենց հետ բերեցին նաեւ մի գործընթաց, որը, հաշվի առնելով նաեւ ներկայիս քաղաքական համատեքստը, պարունակում է լյուստրացիայի մի շարք բաղադրիչներ։ Կալանավորումից մեկ օր առաջ Քոչարյանը հրապարակավ բոլորիս «սպառնաց», որ առաջիկա արտահերթ ընտրություններին այսքանից հետո մեզ «ասելու բան ունի»։ Այն էլ՝ «քաղաքական»։ Ցինիզմն, իհարկե, քննարկելու կարիք չունի, սակայն լյուստրացիա էիք ուզում՝ ստացե՛ք, ցուցակով, անուններով։

«Քաղաքական հետապնդումնե՞ր», ասում եք։ Ի սեր Աստծո, մեզ «քաղբանտարկյալ», «քաղհալածյալ» Քոչարյանը երեւի վերջի բանն է, որ պետք է։ Ուղղակի հետաքրքիր է՝ էլ ի՞նչ պետք է անի եւ ասի Քոչարյանն իր փաստաբանների շուրթերով կամ ինքն անձամբ, որպեսզի ջնջվեն վերջին կասկածներն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց անփոփոխ թողնելն ուղղակի այլընտրանք չունի։ Իսկ պատգամավորներին, որոնք իրենց հավերժացրեցին ստորագրությամբ հանուն Քոչարյանի ազատ արձակման, պետք է արժանին մատուցել. նրանք դարձան այս լյուստրացիայի գործընթացի «քաղաքական կամիկաձեները»՝ գետնին հավասարեցնելով իրենց քաղաքական արժանապատվությունը, այրելով նոր իրողությունների պայմաններում իրենց քաղաքական ապագա տանող վերջին կամուրջները։

Հայաստանում ժողովրավարությունն այլընտրանք չունի, եւ Հայաստանում «պրոսկրիպցիոն ցուցակներ» չեն լինելու, մտքներիցդ հանե՛ք։ Սակայն հայկական քաղաքականությունը, քաղաքական դաշտն աղբանոց չէ, եւ անխուսափելիորեն ֆիլտրեր են աշխատելու, մարդիկ պարզապես հարցնելու են. «Բարեկամս, ի՞նչ էիր անում 2008-ին»։ Իսկ այդ ստորագրողներն իրենց ստորագրությամբ այդ հարցին արդեն իսկ պատասխանեցին։ Անձա՛մբ։ Էլ ինչպե՞ս է լինում լյուստրացիան։

Հ․Գ․ Ի դեպ, լյուստրացիայի մասին. 2008-ի գարնանը «Հայկական ժամանակ» օրաթերթը մի ուշագրավ լուսանկար հրապարակեց հենց առաջին էջում, որում պատկերված էր մի ռուս սափրագլուխ գնդապետ՝ մի խումբ հայ բարձրաստիճան ոստիկաններով շրջապատված, Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում զբոսնելիս այդ քսանօրյա «արտակարգ դրության» օրերին։ Ո՞վ է նա, եւ ի՞նչ էր նա անում Երեւանում։

08.08.2018

Աղբյուրը՝ «Առավոտ»