Թե՛ Վրաստանում և թե՛ Հայաստանում բողոքի միջոցառումները սկսեցին մի խումբ երիտասարդներ և երկրի ղեկավարի հրաժարականին հասան 20-օրյա բողոքի ցույցերի արդյունքում։ Նմանություններ կային նաև կարգախոսների ու խորհրդանիշների միջև։ Վրաստանի դեպքում հեղափոխության խորհրդանիշը վարդերն էին, իսկ Հայաստանի դեպքում, իմ համոզմամբ, ուսապարկը:

Լուսանկար:

Նարինե Մկրտչյան. Եթե հեղափոխությունը չհաղթի, երկրում կխորանա քաղաքական ճգնաժամը․ «1in.am»

«Հայաստանում և Վրաստանում տեղի են ունեցել մի շարք հեղափոխություններ: Հայաստանում ապստամբական մի քանի փորձերը անհաջողությամբ են մատնվել, սակայն երկու թավշյա հեղափոխությունները հաղթական ավարտ են ունեցել»,- ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկմանը նշեց ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը՝ զուգահեռներ տանելով երկու երկրներում տեղի ունեցած հեղափոխությունների միջև:

Նրա խոսքով՝ «Վարդերի հեղափոխությունը նույնպես երկիրը կանգնեցրել էր քաղաքական լուրջ փոփոխությունների առջև: «Ընդհանրապես հեղափոխությունները միշտ չէ, որ ավարտվում են հաղթանակով, և եթե հեղափոխությունը չի ավարտվում հաղթանակով, երկիրը անխուսափելիորեն կանգնում է քաղաքական ճգնաժամի առջև»,- նշեց նա:

ՄԱԱ նախագահը շատ հավանական է համարում նոր հեղափոխության կրկնությունը, եթե նոր իշխանությունները երկրի ներքաղաքական կյանքում չեն գնում բարեփոխումների:

«Հեղափոխության նախադրյալների սկիզբը անշուշտ դրվել է Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում, սակայն դրանք ավելի խորացան Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում»,- ասաց Նարինե Մկրտչյանը՝ թվարկելով այդ նախադրյալները:

Մանրամասները՝ տեսանյութում:

09.10.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»

 

Նարինե Մկրտչյան. Սահակաշվիլին նոր քաղաքական միտք ձևավորեց, իսկ Հայաստանում հեղափոխությունը չլուծեց այդ հարցը. «Առավոտ»

Հոկտեմբերի 9-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի գրասենյակում տեղի ունեցավ «Համադրելով վրացական «Վարդերի» և հայկական «Թավշյա» հեղափոխությունները» խորագրով փորձագիտական քննարկումը։

Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱՀՀԻ հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։ Նա նշեց, որ հանդիպման նպատակն է զուգահեռներ անցկացնել հարևան երկու երկրներում՝ Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունների և դրանց հաջորդած զարգացումների միջև։

Քննարկման գլխավոր բանախոս, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը մանրամասն ներկայացրեց երկու հեղափոխությունները, ինչպես նաև «Թավշյա» և «Վարդերի» հեղափոխությունների՝ իր կողմից առանձնացված նմանություններն ու տարբերությունները։

Ըստ Մկրտչյանի թե՛ Վրաստանում, և թե՛ Հայաստանում բողոքի միջոցառումները սկսեցին մի խումբ երիտասարդներ և երկրի ղեկավարի հրաժարականին հասան 20-օրյա բողոքի ցույցերի արդյունքում։ Նմանություններ կային նաև կարգախոսների ու խորհրդանիշների միջև։ «Վրաստանի դեպքում հեղափոխության խորհրդանիշը վարդերն էին, իսկ Հայաստանի դեպքում, իմ համոզմամբ՝ ուսապարկը»,-ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահը։

Անդրադառնալով տարբերություններին՝ նա նշեց, որ Վրաստանը որդեգրեց արևմտյան ուղղությունը վերանայելու արտաքին քաղաքական ուղեգիծը, իսկ Հայաստանը շարունակեց ՀՀԿ-ի քաղաքականությունը և Փաշինյանը վերանայեց ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության դադարեցման իր մոտեցումը։ Նրա խոսքով՝ Սահակաշվիլին նոր քաղաքական միտք ձևավորեց, իսկ Հայաստանում հեղափոխությունը չլուծեց այդ հարցը։ Իր հերթին քաղաքագետ Նարեկ Մինասյանը նշեց, որ Վրաստանի դեպքում կային ընդգծված երեք առաջնորդներ, նաև առկա էր արտաքին ուժերի միջամտությունը, ինչը չենք կարող ասել հայկական «Թավշյա» հեղափոխության դեպքում։

Սոնա Գևորգյան

09.10.2018

Աղբյուրը՝ «Առավոտ»

 

Վրացական հեղափոխության արդյունքներն արձանագրելի են, հայկականինը՝ դեռ շարունակելի. «ԱրմՌադիո»

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում հայաստանյան մի խումբ փորձագետներ այսօր քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի վարդերի եւ թավշյա հեղափոխությունների նմանություններն ու տարբերությունները: Դրանց համադրմամբ հիմնական զեկույց է ներկայացրել հրապարակախոս Նարինե Մկրտչյանը:

Ըստ փորձագետների՝ վրացական հեղափոխության արդյունքներն արձանագրելի են, մինչդեռ հայկականինը՝ դեռ շարունակելի, քանի որ հեղափոխական իշխանությունն ամբողջովին ձեւավորված չէ: «Թավշա հեղափոխությունը» դեռ պետք է ամբողջանա խորհրդարանական արտահերթ ընտրություններով, հետեւաբար արդյունքների մասին խոսելը վաղ է՝ նշել են քննարկման մասնակիցները:

Քննարկման մասնակիցները կարծում են, որ Հայաստանի եւ Վրաստանի հեղափոխությունների գործիքակազմերի ու նպատակների նմանությունն առկա է: Դրանց բավականին ծավալուն պատմական եւ ժամանակագրական էքսկուրսով անդրադարձավ հիմնական բանախոս, հրապարակախոս Նարինե Մկրտչյանը:

Վրաստանում վարդերի հեղափոխություն իրականացրած թիմը քաղաքական էլիտայից դուրս եկած անձիք էին՝ որպես էական տարբերություն նկատեց վրացագետ Ջոնի Մելիքյանը: 

Համադրելով վրացական «Վարդերի» եւ հայկական «Թավշյա» հեղափոխությունների նմանություններն ու տարբերությունները՝ Նարինե Մկրտչյանը եզրահանգեց.

«Թե՛ վրացական, թե՛ հայկական հեղափոխությունները ստեղծեցին երկրի զարգացման եւ առաջընթացի մեծ հնարավորություններ՝ ապահովելու երկրների արդիականացումը եւ մրցունակությունը, ժողովրդավարությունը եւ զարգացումը»:

Փորձագետ Նարեկ Մինասյանը, սակայն, արդյունքների մասով կարծիք հայտնեց, որ վարդերի հեղափոխությունը հանգեցրեց վրացական պետության մոդեռնիզացիայի, պետական համակարգի արդյունավետության բարձրացման, բայց ոչ ժողովրդավարացման:

Հայաստանի եւ Վրաստանի հեղափոխությունների տարբերություններն էլ առավելաբար հետհեղափոխական շրջանին են վերաբերում: Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ երկու հեղափոխությունների միջեւ նմանությունները ձեւի հետ են կապված, մինչդեռ, բովանդակային արդյունքների առումով կան էական տարբերություններ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական կուրսի առումով:

Քաղաքագետի դիտարկումն առնչվում էր Նարինե Մկրտչյանի այն արձանագրմանը, որ Վրաստանի դեպքում փոխվեց արտաքին քաղաքական ուղղվածությունը, Հայաստանի պարագայում, սակայն, Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարել եւ հետո վերահաստատել է, որ արտաքին քաղաքականության ուղղվածության մեջ փոփոխություններ չեն լինի:

Վրացական հեղափոխության արդյունքներն արձանագրելի են, մինչդեռ հայկականինը՝ դեռ շարունակելի, քանի որ հեղափոխական իշխանությունն ամբողջովին ձեւավորված չէ՝  ասաց փորձագետը Ռուբեն Մեհրաբյանը:

Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ արդյունքների մասին Հայաստանի դեպքում առայժմ դժվար է խոսելը: Ժամանակ է պետք, բացի այդ՝ «թավշա հեղափոխությունը» դեռ պետք է ամբողջանա խորհրդարանական արտահերթ ընտրություններով:

09.10.2018

Աղբյուրը՝ «ԱրմՌադիո»

 

Վրաստանում հեղափոխություն արեց էլիտան, իսկ Հայաստանում՝ սիստեմայից դուրս գտնվող Փաշինյանն ու թիմակիցները. «1in.am»

Վրաստանում «Վարդերի հեղափոխություն» արեցին էլիտայից դուրս եկած անձինք: ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկմանը այս մասին նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ հիշեցնելով, որ Միխեիլ Սաակաշվիլին ևս մինչ հեղափոխությունը նախարար էր եղել:

«Հայաստանի պարագայում մենք ունենք սիստեմայից դուրս գտնվող Նիկոլ Փաշինյան և թիմակիցներ, որոնց 90 տոկոսից ավելին նախկինում երևի չի էլ եղել պաշտոնյա»,- ասաց Մելիքյանը՝ այդ երկու տարբերությունները համարելով բավականին լուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

09.10.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»

 

Համադրելով վրացական «Վարդերի» և հայկական «Թավշյա» հեղափոխությունները․ Ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանում ավտորիտար ռեժիմ չէր. «1in.am»​

«Վրաստանում «Վարդերի հեղափոխությունը» տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, երբ Վրաստանում մեծ հաշվով բացակայում էր պետությունը, և այդ հեղափոխությունը կոչված էր նախևառաջ ձևավորելու պետություն: Իսկ Հայաստանում կար չկոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ»,- համեմատելով Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցած հեղափոխությունները՝ ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկմանը նշեց փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ այդ կոնսոլիդացիային մնում էր միայն մեկ քայլ. «Երբ երկու ժամկետներից ոչ ավելի կառավարելու տաբուն կոտրվեր, մենք կդառնայինք «Ենի Էրմենիստան»»: Ուստի փորձագետը կարծում է, որ հակակոռուպցիոն, հակակրիմինալ բնույթով մեր հեղափոխությունը նույնը լինելով վրացական հեղափոխության հետ, այն նաև հակաավտորիտար էր:

Ռուբեն Մեհրաբյանը համաձայն չէ այն թեզի հետ, թե Վրաստանը այդ հեղափոխությունից բան կորցրեց. «Վրաստանը այդ հեղափոխությունից ոչինչ չկորցրեց: Վրաստանը կորցրել էր Գամսախուրդիայի ժամանակ, իսկ Սաակաշվիլիի ժամանակ Ռուսաստանը ներխուժել է Վրաստան նրան պատժելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

09.10.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»

 

Նարինե Դիլբարյան. Աշխարհաքաղաքական առումով Հայաստանը պետք է իր տեղը ճշգրտի․ սխալվելու իրավունք չունենք․ «1in.am»​

«Սաակաշվիլիի հեռացումը այն ձևով, ինչպես կայացավ, ցույց է տալիս, որ գուցե սահմանված ժողովրդավարությանը նա չկարողացավ հասնել, բայց շատ բան արեց ժողովրդավարության ճանապարհին»,- հայկական և վրացական հեղափոխությունների համեմատությանը նվիրված՝ ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկմանը նշեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը:

Նրա խոսքով՝ այդ երկու հեղափոխությունները ավելի շատ նման էին իրենց ընդհանրական հատկանիշներով, քան ներքին պատճառաբանություններով. «Իմ համոզմամբ՝ մենք ավելի դժվար վիճակում ենք գտնվում, քան այն ժամանակ՝ Վրաստանը»:

Նարինե Դիլբարյանը ևս չի կարծում, որ Վրաստանը գին վճարեց իր հեղափոխության համար:

«Աշխարհաքաղաքական կողմնորոշումների առումով, ես կարծում եմ, կգա այդ ժամանակը: Ի վերջո՝ մենք իսկապես պետք է մեր տեղը ճշգրտենք՝ հատկապես հիմա, երբ Ռուսաստանը պատերազմ է հայտարարել մյուս աշխարհակարգին և ձևավորում է իրենը: Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև ամբողջ Հայաստանը պետք է ինչ-որ շրջան հետո կարողանա կողմնորոշվել և գտնել իր տեղը: Եվ կուզենայի, որ այդ շրջանում մենք սխալներ չկատարեինք»,- ասաց Նարինե Դիլբարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

09.10.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»

 

Վրաստանում հեղափոխությունից հետո եղել են քաղաքական սպանություններ, իսկ Հայաստանում այս 5 ամիսների ընթացքում չի արձանագրվել. «1in.am»​

«Վրաստանում ամենից մեծ սխալներից մեկն այն էր, որ Սաակաշվիլին փորձում էր ժողովրդավարություն հաստատել ավտորիտար մեթոդներով: Դա երկարաժամկետ կտրվածքով արդյունք չտվեց, և պարզվեց, որ մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվել էին բանտերում, որտեղ շատ էին կտտանքները: Դա ի վերջո դարձավ Սաակաշվիլու պարտության պատճառներից մեկը»,- հայկական և վրացական հեղափոխությունների համեմատությանը նվիրված՝ ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկմանը ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Սաակաշվիլիի իշխանության ժամանակ եղել են քաղաքական սպանություններ, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության այս 5 ամիսների ընթացքում դեռևս չի եղել որևէ քաղաքական սպանություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

09.10.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»