Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում ԱՄՆ ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի գործընկերությամբ կազմակերպվեց «Ժողովրդավարության մարտահրավերները» խորագրով ժողովրդավարության առաջին 10-օրյա երեկոյան դպրոցը:

Ժողովրդավարության առաջին երեկոյան դպրոցի շրջանավարտները ՄԱՀՀԻ թիմի հետ Լուսանկար: Ժողովրդավարության առաջին երեկոյան դպրոցի շրջանավարտները ՄԱՀՀԻ թիմի հետ

15-29  սեպտեմբերի, 2015թ., Երևան: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում ԱՄՆ ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի գործընկերությամբ կազմակերպվեց «Ժողովրդավարության մարտահրավերները» խորագրով ժողովրդավարության առաջին 10-օրյա երեկոյան դպրոցը: Դպրոցին մասնակցելու համար դիմել էին Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ավելի քան 20 ուսանողներ և նորավարտներ, որոնցից ընտրվել էին 18-ը:

Օր 1

Առաջին օրը ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն ունկնդիրներին ներկա­յացրեց ժողովրդավարության երկշաբաթյա ծրագիրը, այնուհետև հանդես եկավ «Ներքին ու արտաքին քաղաքականությունների կապը ժողովրդա­վարության, ժողովրդավարաց­ման և անվտանգության հետ» դասախոսությամբ:

Ունկնդիրները գործնական պարապմունք­ների շրջանակներում  քաղաքագիտական հանրահայտ բացատրական մոդելների կիրառությամբ բացահայտեցին անվտանգության և ժողովրդավարության անխզելի կապը, ինչպես նաև ներքին ու արտաքին քաղաքականությունների անվտանգության ասպեկտը:

Օր 2

Երկրորդ օրվա բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հովսեփ Խուրշուդյանն էր, ով հանդես եկավ «Խաղարկային դիպաշարերը հասարակագիտության մեջ. Արցախյան բաժանարար գծում պատերազմի վերսկսման հնարավոր դիպաշարերը» դասախոսությամբ, որի նպատակը հակամարտության վերլուծությունն էր: Խուրշուդյանը մեկ այլ՝ հակամարտությունների տեսանկյունից ներկայացրեց ժողովրդավարության, ինքնիշխանության և անվտանգության կապը, ցուցադրելով այն  Հայաստանի ու Ադրբեջանի օրինակների վրա:

Գործնական պարապմունքը նվիրված էր Հայաստանի և ղարաբաղյան հակամարտության միջազգային շրջակայ­քի գործոնների գնահատմանը, հիմնական դերակատարների շահերի վերլուծությանը և ռիսկերի գնահատմանը: Երեք խմբերը ներկայացրեցին իրենց խմբային աշխատանքը և հանդես եկան քա­ղա­քականության հանձնարարականներով:

Օր 3

Երրորդ օրվա բանախոսը ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանն էր, ով հանդես եկավ «Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններն ու դրանց ազդեցությունը ՀՀ-ի վրա» դասախոսությամբ:

Բանախոսն ունկնդիրների հետ միասին անդրադարձավ Ռուսաստանի քաղաքականությանը, քաղաքական կառուցվածքին, Արևմուտք-Ռուսաստան արժեքային տարբերություններին ու հակադրություններին: Հատուկ անդրադարձ կատարվեց քարոզչական ու տեղեկատվական դաշտում ռուսական քաղաքականությանը, խաղարկվող միֆերին, ինչպես նաև ՀՀ կառավարող էլիտայի վրա Կրեմլի ազդեցությանը:

Օր 4

Ժողովրդավարության երեկոյան դպրոցի չորրորդ  օրվա բանախոսը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ, դեսպան Դավիթ Շահնազարյանն էր, ով ներկայացրեց Հայաստան-Թուրքիա հարաբերություն­ները, ԼՂ հակամարտու­թյունը և Ռուսաստանի քաղաքականությունն այդ խնդիրներով: Դ.  Շահնազարյանը երկու խնդիրներով էլ խոսեց թե′ իր պաշտոնավարման շրջանում գործնական դիվանագիտության, թե′ ներկայումս ընթացող զարգացումների մասին:

Օր 5

Հինգերորդ օրվա բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքական վերլուծաբան Գևորգ Մելիքյանն էր: Դասախոսության ընթացքում քննարկվեցին մեդիագրագիտության կարևորագույն հարցերը, անդրադարձ կատարվեց  տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում՝ Ռուսաստանում ու հետխորհրդային հանրապետություններում ազգայնակա­նության վերելքին, որը խոչընդոտում է ժողովրդավարացմանը: Մելիքյանն ունկնդիրներին բացատրեց, թե ինչպես ապատեղեկատվությունը տարբերակել տեղեկատվությունից և հետազոտության ընթացքում աշխատել աղբյուրների հետ:

Օր 6

Ժողովրդավարության դպրոցի վեցերորդ օրը դասախոսությամբ հանդես եկավ ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը: Քննարկման թեման ԵՏՄ-ի տնտեսական դիտանկյունն էր, Հայաստանի համար անդամակցու­թյունից խոստացված օգուտներն ու առկա հետևանքները: Նա ներկայացրեց Հայաստանի տնտեսական ցուցանիշները ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, որոնք լավատեսության հիմք չեն թողնում:

Եղիազարյանն անդրադարձավ տնտեսության տարբեր բնագավառնե­րում, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում Հայաստանին սպասվող մարտահրավերներին, մասնավորապես ապագայում Հայաստանի հնարավոր “էներգետիկ աղքատացման” ու էներգետիկ շրջափակման հարցերին, երբ ուրվագիծ կստանա ԵՏՄ միասնական էներգետիկ տարածությունը: 

Օր 7

Յոթերորդ օրվա բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էր, ով ներկայացրեց «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին. քաղաքական հետևանքներ»  թեման:

Ունկնդիրների ակտիվ ներգրավվածութ­յան պայմաններում Մեհրաբյանը խոսեց Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքա­կան համակարգերի նմանու­թյան, փոխ­կապվածության մասին, ինչն արգելա­փակում է Հայաստանի ժողովրդավարա­կան զարգացման հեռանկարը:

Օր 8

Ժողովրդավարության դպրոցի ութերորդ օրվա բանախոսն էր ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը, ով անդրադարձավ Իրանի միջուկային համաձայնությունից հետո Հայաստանի ու աշխարհի հետ վերջինիս հարաբերություններին, դրա հակառա­կորդ­ներին ու աջակիցներին, Հայաստանում ու Ադրբեջանում Իրանի ունեցած դերին: Դասախոսությունն առավել քան ակնհայտ դարձրեցին, թե Հայաստանն ի՞նչ ընդհանուր շահեր ունի Իրանի հետ և ինչո՞ւ պետք է աջակցի այդ գործընթացին, որից նոր հնարավորություններ են բացվում իր ինքնիշխանության ու ժողովրդավարացման հեռանկարները կյանքի կոչելու համար:

Օր 9

Իններորդ օրվա բանախոսը ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանն էր, ով շարունակեց Իրանի միջուկային համաձայնության թեման: Փորձագետն ունկնդիրների հետ միասին վերլուծեց համաձայնության կողմնակիցների ու հակառակորդների շահերը, ինչպես նաև` Հայաստանի տարածքով տարանցիկ գազա­մուղների, Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման, ավտոմոբիլային հաղորդ­ուղիների և այլ հարցեր: Միով բանիվ՝ բոլորը համակարծիք էին, որ Իրանի համաձայնությունը Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու հնարավորություն է ստեղծում:

Օր 10

Տասներորդ օրվա բանախոսը «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակար­գող Դանիել Իոաննիսյանն էր:

«Արտաքին ու ներքին քաղաքականությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության հիմնախնդիրները» թեմայով նա եզրափակեց ժողովրդավարության դպրոցի վերջին օրը՝ ունկնդիրներին ներկայացնելով խնդրո առնչությամբ իրենց կազմակերպության պատրաստած տեսանյութերը:

Բացի 10-օրյա դասախոսություններից ժողովրդավարության երեկոյան դպրոցի ունկնդիրները հնարավորություն ունեցան մասնակցելու նաև Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի երկու միջոցառումներին, որոնք տեղի ունեցան այդ ընթացքում:

Սեպտեմբերի 19-ին նրանք ներկա գտնվեցին ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ Նարինե Մկրտչյանի՝ «Հայաստանի ինքնիշխանու­թյան մարտահրավերները անկախության 24-րդ տարում» հետազոտության հանրային ներկայացմանն ու քննարկմանը՝ խնդրո առնչությամբ ներկայացնելով իրենց դիտարկումները:

Սեպտեմբերի 23-ին երիտասարդ հետազոտողները մասնակցեցին նաև ՄԱՀՀԻ-ում կազմակերպված «ՀՀ էներգետիկ անվտանգության արդի մարտահրավերները» քաղաքականության սեմինարին, որի բանախոսը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն էր:

Սեպտեմբերի 29-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցավ ժողովրդավարության առաջին երեկոյան դպրոցի շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ՄԱՀՀԻ   հոգաբարձուների խորհրդի անդամ Գագիկ Բաղդասարյանը և ՄԱՀՀԻ հիմնադիր ու հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ունկնդիրներին հանձնեցին վկայականները՝ հույս հայտնելով, որ Ինստիտուտի և շրջանավարտների համագործակցությունը ոչ թե ավարտվում, այլ սկսվում է:

Հաջորդ դպրոցների շրջանավարտների հետ միասին նրանք կմասնակցեն ՄԱՀՀԻ բոլոր միջոցառումներին, կլինեն ինստիտուտի կայքի առաջին բաժանորդները՝ մուտք ունենալով նրա ավելի լայն բովանդակությանը:

Գոհունակություն հայտնելով կազմակերպված դասընթացի վերաբերյալ` շրջանավարտները ցանկություն հայտնեցին ակտիվորեն մասնակցել ՄԱՀՀԻ աշխատանքներին, կատարել հետազոտություններ, ինչպես նաև՝ այլ դասախոսություններ լսել քաղաքացիական ակտիվիզմի ու քաղաքացիական շարժումների ռազմավարական պլանավորման, իրազեկման ու հանրային ներգրավվածության, բանակցություններ վարելու թեմաներով:

ՄԱՀՀԻ հետազոտական ծրագրերի ղեկավար Ս.Սաֆարյանը խոստացավ նման դասախոսություններ կազմակերպել առաջիկայում, ինչպես նաև հայտարարեց, որ երիտասարդների կողմից կատարված ու հանրության համար հետաքրքիր նյութերը կտեղադրվեն ՄԱՀՀԻ կայքէջում:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի միջոցառումների թիմ