Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) գործընկերությամբ կազմակերպվեց «Ժողովրդավարության մարտահրավերները» խորագրով ժողովրդավարության երկրորդ 11-օրյա երեկոյան դպրոցը:

Ժողովրդավարության երկրորդ երեկոյան դպրոցի շրջանավարտները ՄԱՀՀԻ թիմի հետ Լուսանկար: Ժողովրդավարության երկրորդ երեկոյան դպրոցի շրջանավարտները ՄԱՀՀԻ թիմի հետ

24 նոյեմբերի - 4 դեկտեմբերի, 2015թ., Երևան: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) գործընկերությամբ կազմակերպվեց «Ժողովրդավարության մարտահրավերները» խորագրով ժողովրդավարության երկրորդ 11-օրյա երեկոյան դպրոցը: Դպրոցին մասնակցելու համար դիմել էին Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ավելի քան 20 ուսանողներ և նորավարտներ, որոնցից ընտրվել էին 18-ը:

Օր 1

Դպրոցի բացմանը ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն ունկնդիրներին ներկայացրեց ժողովրդավարության դպրոցի երկշաբաթյա ծրագիրը, այնուհետև հանդես եկավ «Ներքին ու արտաքին քաղաքականությունների կապը ժողովրդա­վարության, ժողովրդավարացման և անվտանգության հետ» թեմայով դասախոսությամբ: 

Ինտերակտիվ ուսուցման միջոցով ունկնդիրները բացահայտեցին անվտանգության և ժողովրդավարության անխզելի կապը, ինչպես նաև ներքին ու արտաքին քաղաքականությունների անվտանգության դիտանկյունը:

Օր 2

Օրվա բանախոսը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի հետազոտող, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Սյուզաննա Բարսեղյանն էր: Նա ունկնդիրներին ներկայացրեց կիրառական հետազոտությունների մեթոդները սոցիալ-հասարակական գիտություններում և հանգամանորեն խոսեց հետազոտության իրականացման փուլերի, ծրագրի կառուցման և մեթոդաբանության մասին:

Ապա բանախոսը ներկայացրեց տվյալների հավաքման քանակական և որակական մեթոդները և դրանց կիրառման հնարավորությունները` կանգ առնելով լայնորեն կիրառվող երկու մեթոդների վրա՝ հարցում և բովանդակության վերլուծություն, որոնք ուղեկցվեցին հեղինակի իրականացրած հետազոտությունների արտաքին ու ներքին քաղաքականության խնդիրների օրինակներով:

Օր 3

Երրորդ օրվա բանախոսը ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանն էր, ով մանրամասնորեն ներկայացրեց ժողովրդավարության և անվտանգության միջև կապը, ժողովրդավարության առավելությունները կառավարման մյուս ձևերի նկատմամբ:

Բազմաթիվ օրինակներով ունկնդիրների համար փաստարկվեց, որ ժողովրդավարությունը, որպես կառավարման ձև, Հայաստանի համար այլընտրանք չունի, և որ ուժեղ ու մրցունակ պետություն կառուցելու միակ ճանապարհը ժողովրդավարության հաստատումն է: Դպրոցի մասնակիցները նույնպես հանգեցին այն համոզմանը, որ բնական պաշարներից սակավ Հայաստանը բացառապես ժողովրդավարական կառավարման միջոցով կարող է դառնալ զարգացած պետություն:

Օր 4

Մամուլի ազգային ակումբի նախագահ և ՄԱՀՀԻ գործընկեր Նարինե Մկրտչյանն իր դասախոսության շեշտը դրեց Հայաստանի անկախությանն սպառնացող վտանգների և մարտահրավերների ներկայացման վրա: Նա ՀՀ ինքնիշխանության մարտահրավերները պայմանավորեց երկու գործոններով՝ ներքին և արտաքին, որոնք ունեն նաև իրենց բաղադրիչները` պատմական-աշխարհագրական բաղադրիչ, բարոյահոգեբանական,  ռազմաքաղաքական, տնտեսական և այլն:

Նարինե Մկրտչյանը նաև ներկայացրեց, թե ինչպես են քարոզչական միջոցներով փորձում ՀՀ քաղաքացիների գիտակցության մեջ սերմանել այն կեղծ թեզը, որ Հայաստանն առանց Ռուսաստանի չի կարող գոյություն ունենալ, որ մեր միակ ռազմավարական գործընկերը կարող է լինել միայն Ռուսաստանը և այլն:    

Օր 5

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ, «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, դեսպան Դավիթ Շահնազարյանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները Ռուսաստան-Արևմուտք դիմակայության խորապատկերին: Նա նաև մանրամասն անդրադարձավ գերտերությունների և տարածաշրջանային տերությունների շահերին Կովկասյան տարածաշրջանում և նրանց վարած քաղաքականությանը Հարավային Կովկասի երկրներում՝ շեշտադրելով հատկապես Արևմուտքի և Հայաստանի շահերի ընդհանրությունը ժողովրդավարական, զարգացած և խաղաղ տարածաշրջան ունենալու հարցում:

Շահնազարյանը նաև խոսեց տարածաշրջանի երկրներում ժողովրդավարության պակասի պատճառով հակաժողովրդավարական զարգացումների, ընդվզումների մեծ ռիսկերի մասին:

Օր 6

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքական վերլուծաբան Գևորգ Մելիքյանն ունկնդիրների առջև հանդես եկավ մեդիագրագիտության առանցքային հարցերին ու տարածաշրջանային զարգացումներին նվիրված դասախոսությամբ: Բանախոսը հատուկ անդրադարձ կատարեց  Ռուսաստանում ու հետխորհրդային հանրապետություններում նկատվող ազգայնակա­նության վերելքին, որը խոչընդոտում է այդ երկրների ժողովրդավարացմանը` արտացոլվելով արտաքին ու ներքին քաղաքականություններում:

Մելիքյանն ունկնդիրներին բացատրեց, թե ինչպես պետք է ապատեղեկատվությունը տարբերակել տեղեկատվությունից և հետազոտության ընթացքում աշխատել աղբյուրների հետ, ինչը հատկապես կարևոր է արդի տեղեկատվական պատերազմների համատեքստում, երբ տեղեկատվության ներքո մատուցվող քարոզչությունը դառնում է նաև քաղաքականության գործիք, ինչպես դա նկատվում է հատկապես ռուսական քարոզչական դաշտում:    

Օր 7

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ներկայացրեց «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին. քաղաքական հետևանքներ»  թեման: Մեհրաբյանը խոսեց Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքա­կան համակարգերի նմանու­թյան, փոխկապվածության, ԵՏՄ մտնելուց հետո Ռուսաստանից Հայաստանի աճող կախվածության մասին:

Նա մանրամասն ներկայացրեց Կրեմլի վարած կայսերապաշտական քաղաքականությունը մեր տարածաշրջանում և դրան հակազդելու միջոցները: Մեհրաբյանն ունկնդիրների հետ վերլուծեց նաև այդ ամենի՝  ներքաղաքական կյանքի վրա ունեցած անդրադարձը` կարևորելով երիտասարդ սերնդի քաղաքական գործիչների առաքելությունը, քաղաքական գործընթացներում երիտասարդների մասնակցությունը հանուն Հայաստանի ինքնիշխանության, շահերի պաշտպանության ու ժողովրդավարական հեռանկարի:

Օր 8

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանն անդրադարձավ Իրանի միջուկային համաձայնությունից հետո Հայաստանի ու աշխարհի հետ վերջինիս հարաբերություններին, դրա հակառա­կորդ­ներին ու աջակիցներին, Հայաստանում ու Ադրբեջանում Իրանի ունեցած դերին: Դասախոսությունն առավել քան ամբողջական դարձրեցին այն հարցադրումները, թե Հայաստանն ի՞նչ ընդհանուր շահեր ունի Իրանի հետ և ինչո՞ւ պետք է աջակցի այդ գործընթացին, որից նոր հնարավորություններ են բացվում իր ինքնիշխանության ու ժողովրդավարացման հեռանկարները կյանքի կոչելու համար:

Բեգիջանյանն ունկնդիրների առջև խորքային վերլուծության ենթարկեց Իրանի ներքին ու արտաքին քաղաքականությունները, ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացի կայունությունն ու շարունակականությունը միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում:

Օր 9

Իններորդ օրվա բանախոսը «Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանն էր, ով երիտասարդներին ներկայացրեց ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությունը Հարավային Կովկասում, անդրադարձավ Հարավային Կովկասի երեք երկրների հետ այդ կառույցի ունեցած հարաբերություններին` ՆԱՏՕ-ի հետ այդ երկրների սպառնալիքների ընկալման և համապատասխան անվտանգության մեխանիզմների ստեղծման համատեքստում:

Նա նաև խոսեց ՆԱՏՕ-ի մուտքը Հարավային Կովկաս սահմանափակելու Ռուսաստանի իրականացրած ջանքերի մասին: Ենոքյանն ունկնդիրների հետ միասին քննարկեց Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը ոչ միայն ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացման, անվտանգության ոլորտի բարեփոխումների, այլ նաև միջազգային հարաբերությունների համակարգում Հայաստանի քաղաքական անվտանգության ապահովման տեսանկյունից:   

Օր 10

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը շարունակեց Ռուսաստանի եվրասիական նախագծի, Արևմուտք-Ռուսաստան դիմակայության թեման, սակայն՝ տնտեսական ու աշխարհատնտեսական դիտանկյունից: Նա ներկայացրեց Հայաստանի տնտեսական ցուցանիշները ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, որոնք, նրա պատկերացմամբ, լավատեսության հիմք չեն թողնում: Եղիազարյանն անդրադարձավ տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում Հայաստանին սպասվող մարտահրավերներին, մասնավորապես ապագայում Հայաստանի հնարավոր “էներգետիկ աղքատացման” ու էներգետիկ շրջափակման հարցերին, երբ ուրվագիծ կստանա ԵՏՄ միասնական էներգետիկ տարածությունը:

Տնտեսության տարբեր ոլորտներում ու տարածաշրջանային հաղորդակցական ծրագրերի իրականացման բնագավառում Իրան-Հայաստան օղակի մասին խոսելիս դոկտոր Եղիազարյանն անդրադարձավ տարբեր տերությունների շահերին և դիրքորոշումներին` հատկապես կանգ առնելով դրանցում անշահագրգիռ երկրների քաղաքականությունների վրա:

Օր 11

Ժողովրդավարության երեկոյան դպրոցի վերջին` 11-րդ օրվա բանախոսը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էր:

Նա խոսեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության մասին: Իրավապաշտպանի խոսքերով` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հետընթաց է նկատվում:

Իշխանյանը հատկապես կարևորեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համակարգային արատների վերացումը, որը հնարավոր է իրապես ժողովրդավարական քաղաքական համակարգ կառուցելու պարագայում: Այս համատեքստում ունկնդիրները և բանախոսը չշրջանցեցին օրեր անց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու առաջարկվող սահմանադրական փոփոխությունները՝ դրանք քննության ենթարկելով հատկապես մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից:

Իդեպ, ժողովրդավարության առաջին և երկրորդ երեկոյան դպրոցների շրջանավարտների կեսից ավելին ակտիվ մասնակցություն ունեցավ հանրաքվեի օրը՝ հանրապետության բազում ընտրատեղամասերում իրականացնելով դիտորդական առաքելություն:   

Ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժողովրդավարության երկրորդ երեկոյան դպրոցի բանախոսների կազմում ներառված էին նոր փորձագետներ և նոր հետազոտություններ, ՄԱՀՀԻ-ն առաջին թողարկման ունկնդիրներին նույնպես ներգրավեց հատկապես այդ դասախոսություններում:

Դեկտեմբերի 4-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցավ ժողովրդավարության երկրորդ երեկոյան դպրոցի շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ՄԱՀՀԻ   հոգաբարձուների խորհրդի նախագահ Անահիտ Բախշյանը և ՄԱՀՀԻ հիմնադիր ու հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ունկնդիրներին հանձնեցին վկայականները՝ հույս հայտնելով, որ Ինստիտուտի և շրջանավարտների համագործակցությունը ոչ թե ավարտվում, այլ սկսվում է: Հաջորդ դպրոցների շրջանավարտների հետ միասին նրանք կմասնակցեն ՄԱՀՀԻ բոլոր միջոցառումներին, կլինեն ինստիտուտի կայքի առաջին բաժանորդները՝ մուտք ունենալով նրա ավելի լայն բովանդակություն:

ՄԱՀՀԻ հետազոտական ծրագրերի ղեկավար Ս.Սաֆարյանը խոստացավ շրջանավարտներին հետաքրքրող թեմաներով դասախոսություններ կազմակերպել առաջիկայում, ինչպես նաև հայտարարեց, որ երիտասարդների կողմից կատարված ու հանրության համար հետաքրքիր նյութերը կտեղադրվեն ՄԱՀՀԻ կայքէջում:

Ժողովրդավարության երկրորդ երեկոյան դպրոցի շրջանավարտները ՄԱՀՀԻ թիմի հետ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի միջոցառումների թիմ